
Իմ հարցազրույցը բրիտանացու հետ, որը 11 տարի բանտում է եղել չգործած սպանության համար
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այս անգամ իմ հարցերին պատասխանել է անգլիացի Մայքլ Օ՛Բրայենը, որը 11 տարի պատիժ է կրել անգլիական բանտում՝ լինելով անմեղ: Նա շուտով գալու է Հայաստան, որպեսզի պատմի իրեն պատահածի, դեպի արդարացման դատավճիռ տանող դժվարին ճանապարհի մասին: Նա իրավաբանություն է սովորել բանտում, հետո նաև ազատության մեջ, դարձել է օրենքների փոփոխության հեղինակ: Ահա թե ինչ նամակ էի գրել նրան ու ինչպիսի ոգևորող պատասխան եմ ստացել:
Հարգելի Մայքլ Օ՛Բրայեն, ջերմ ողջույններս Ձեզ
Ես ցմահ բանտարկյալ եմ Հայաստանից, 20 տարի բանտում եմ չգործած հանցանքի համար: 1996 թ-ին 20 տարեկանում դատապարտվել եմ պատժի առավելագույն չափի, մեղադրվել եմ համակուրսեցուս սպանության մեջ: 20 տարի պայքարում եմ քրեական գործի վերաբացման, մեկ ցուցմունքի վրա հիմնված դատավճռի բեկանման և իմ անմեղության ապացուցման համար: Չեմ էլ հիշում, թե 20 տարվա մեջ քանի դատական վիճարկումներ եմ ունեցել, բայց անօգուտ: Այստեղ իշխանությունը, դատարանը չեն ընդունում, որ բանտերում կան նաև սխալ դատապարտվածներ, անմեղ քաղաքացիներ:
Բանտում նստած ծանոթանում եմ անմեղ դատապարտվածների կենսագրականներին, արդարացման դատավճիռներին նախորդած համառ պայքարին: Կարդացել եմ նաև Ձեր գործի մասին ու ինչ-որ տեղ նմանություն տեսել: Դուք էլ եք դատապարտվել 20 տարեկանում մեկ անձի սպանության մեղադրանքով: Ձեր դատավճռում էլ է դրվել ցուցմունք և ոչ թե գիտական ապացույցներ: Դուք էլ եք բանտում սկսել իրավագիտություն սովորել, ապա ազատվելուց հետո շարունակել իրավաբանական կրթությունը: Իմացա, որ նաև գրչեղբայրներ ենք: Անպայման կկարդամ Ձեր գրած ինքնակենսագրական գրքերից «Արդարադատության մահը»:
![]() |
![]() |
Մայքլ Օ՛Բրայենը ցույց է տալիս իր «Արդարադատության մահը» գիրքը |
Ես էլ եմ ինքնակենսագրական գրքեր հեղինակել: Կուզեի կարդայիք իմ «Դեպի Ցմահ ազատություն պատմվածքը»: Հեռակա սովորում եմ Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, շուտով կփոխադրվեմ 4-րդ կուրս: Հեռակա աշխատում եմ hetq.am կայքում որպես «բանտային թղթակից»: Գրում եմ բանտային նամակներ, նաև հարցազրույցներ անում: Վերջերս հարցազրույց էի արել ԱՄՆ քաղաքացի Ջեֆֆրի Դեսկովիչի հետ, որը 16 տարի էր անցկացրել բանտում՝ լինելով անմեղ: Նա էլ է իրավաբանություն սովորել, այժմ ինքն է օգնում բանտում գտնվող անմեղներին:
Հուսով եմ` կնդունեք հարցազրույցի հրավերս:
Գործընկերներս սովորեցրել են, որ հարցերը պետք է հնարավորինս կարճ ձևակերպել, բայց դեռ չի ստացվում:
Շնորհակալություն Ձեզ և դոկտոր Մայքլ Նոթթոնին` Հայաստան այցելելու և իրական արդարադատություն իրականացնելու դժվարին գործում կարևոր ներդրում ունենալու համար: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ
Հուսով եմ`կհանդիպենք ազատության մեջ…
Այստեղ Մայքլ Օ՛Բրայենի պատասխանն է
Հարգելի Մհեր,
Շնորհակալություն նամակիդ համար: Քո պատմությունը հետաքրքրաշարժ ու տխուր է միևնույն ժամանակ, քանի որ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում լինել բանտում չարածի համար: Մեր երկրում մեկ անձի վկայությունը կամ ցուցմունքը, հատկապես սպանության գործերով, անթույլատրելի ապացույց է, և դու երբևէ դատապարտված չէիր լինի այստեղ: Ես սարսափած եմ, որ դու դատապարտվել ես նման «փխրուն»ապացույցով:
Չնայած Մեծ Բրիտանիայում համակարգը հեռու է կատարելությունից, այնուամենայնիվ կան դատական սխալների բողոքարկման մեխանիզմներ:
Մեր պատմությունները շատ նման են նրանով, որ չկան հանցանքում մեր մասնակցությունը վկայող փորձագիտական ապացույցներ: Իմ կարծիքով, սա հանդիսանում է հստակ համոզմունք, որ մենք անմեղ ենք:
Մտահոգված եմ իմանալով, թե ինչքան բան եք արդեն արել 20 տարիների ընթացքում: Հույս ունեմ, որ մեր այցելությունը և հանդիպումները արդարադատության նախարարությունում կօգնեն հանուն ազատության քո պայքարում: Երբևէ հույսդ չկորցնես ու չդադարեցնես անունդ մաքրելու պայքարը անկախ նրանից, որ ամեն ինչ անհույս է թվում: Վաղն ուրիշ օր է լինելու, և հավատը արդարադատության հանդեպ վերջապես կհաղթի:
![]() |
Օ՛Բրայենի ազատության տարիքը՝ 31 տարեկան |
Հետաքրքիր է, որ բանտերում հայտնված անմեղ մարդիկ սկսում են սովորել իրավագիտություն: Երբեմն դա առաջ գնալու միակ ճանապարհն է: Ես սովորում էի գիշեր-ցերեկ, գրում էի բոլոր լրագրողներին և բարձրաձայնում իմ քրեական գործի մասին՝ ստանալով հանրության աջակցությունը: Ես այն երջանիկներից մեկն էի, որը կարողանում էր դա անել: Ոչ բոլոր բանտարկյալներն էին կարողանում այդպես անել:
Տեղեկացված եղիր իրավական հետազոտությունների մասին, դա կօգնի: Դու կարող ես նույնիսկ գտնել այլ նմանատիպ գործեր և ուժեղացնել քո փաստարկները:
Ինչ վերաբերում է հարցերին, ապա կպատասխանեմ դրանց:
-11 տարի եղել եք բանտում չկատարած սպանության համար: Մեղադրական դատավճռից առաջ երբևէ պատկերացնո՞ւմ էիք, որ անմեղ քաղաքացուն կարող են դատապարտել:
- Մինչ սխալ դատապարտումս չէի հավատում, որ այդպիսի բան կարող է լինել: Ես չգիտեի, որ դատական սխալներ լինում են, մինչև որ դա տեղի ունեցավ իմ աչքի առաջ:
![]() |
Օ՛Բրայենի քույրը եղբոր գործի վերաբացման հանրային ակցիայի ժամանակ |
-Հանրությունն ինչպե՞ս էր ընդունում Ձեզ դատապարտվելիս, բանտում և արդարացման դատավճռից հետո: Նկատի ունեմ այն, որ անմեղ մարդուն պիտակում են որպես հանցագործ: Ինչպե՞ս եք հաղթահարել հոգեբանական այդ դժվարությունները:
-Իմ շրջապատի մարդկանցից շատերն ինձ լավ գիտեին և սարսափած էին, երբ ես դատապարտվեցի: Նրանք ի սկզբանե գիտեին, որ ես չեմ կարող նման հանցանք գործել, այնպես որ այդ հարցում բախտս բերել էր: Նրանք կողքիս էին ամենասկզբից: Նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ դատապարտեցին ու տարան բանտ, անգամ բանտի աշխատակիցները համոզված էին, որ անմեղ եմ ու ցնցված էին նման դատավճռից:
Ես մաքրեցի իմ անունը շնորհիվ նրա, որ բոլոր լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում էին պահում մեր գործը: Իսկ ազատվելուց հետո փողոցում մարդիկ կանգնեցնում էին ինձ, սեղմում ձեռքս ու ասում, որ հավատում էին իմ անմեղությանը: Ես ունեցել եմ հանրության հրաշալի աջակցություն:
Բայց մինչ օրս բանտում ապրածիս պատճառով ունեմ հոգեբանական խնդիրներ: Այնտեղ ձեռք եմ բերել երկարատև հիվանդություն, որը կոչվում է Հետտրավմատիկ սթրես: Խմում եմ դեղեր, որոնք ինձ օգնում են ազատվել բանտային հիշողություններից:
Մեծ Բրիտանիայի բանտերը բռնարարքների վայրեր էին: Ես մի բանտում էի, որտեղ մի դատապարտյալը մահանում էր մյուսի ձեռքերի վրա:
-Ե՞րբ որոշեցիք, որ բանտում պետք է սկսել իրավագիտություն սովորել և ինչո՞ւ:
- Երեք տարի պատիժը կրելուց հետո որոշեցի սովորել իրավագիտություն: Գիտեի, որ պետք է ինքնակրթվեմ, որպեսզի հնարավորություն ունենամ հասնել սխալ դատավճիռը բեկանմանը:
-Ինչպե՞ս ապրեցիք անազատության 11 տարիները, կպատմե՞ք բրիտանական բանտի մասին: Ինքս կարդացել եմ բրիտանական բանտերի վերականգնողական ծրագրերի, բանտային A-D ռեժիմների փոփոխության մասին:
-Բանտային 11 տարիներին ես զբաղված եմ եղել իրավունքի մասին գրքեր ու մամուլ կարդալով: Հիմա բրիտանական բանտերը, համեմատած այլ երկրների բանտերի հետ, առավել մարդասիրական են: Այնտեղ թույլատրվում է խցերում աշխատել, նայել հեռուստացույց և գնալ սպորտդահլիճ: Ունենք կարգապահական համակարգ: Եթե դու խախտեցիր այն, քո բանտային աշխատավարձը դադարեցնում են վճարել ու տանում են մենախուց:
-Ինչպե՞ս դատական համակարգերում լսեցին Ձեր ձայնը, ինչպե՞ս տեղի ունեցավ գործի վերաբացումը, ո՞վ էր Ձեզ օգնում ազատության մեջ:
![]() |
Օ՛Բրայենը ազատության առաջին պահերին. նրան դիմավորում էընտանիքը |
-Անմեղությանս մասին իմ ճիչը լսելի դարձավ լրագրողներին, որոնք հետաքննեցին իմ գործը և տեսան դատական սխալները: Նրանք նկարահանեցին մի քանի դոկումենտալ ֆիլմ մեր գործի մասին, որոնց շնորհիվ գործը նորից մտավ Վճռաբեկ դատարան, որտեղ արդեն դատավճիռը բեկանվեց:
Եթե չլինեին այդ լրագրողները, իմ փաստաբանն, ով հավատում էր իմ անմեղությանը, երբեք չէր կարողանա ապացուցել իմ անմեղությունը: Բացի այդ, ես ունեի իմ ընտանիքի, ընկերների աջակցությունը, որոնք օգնեցին, որ իմ ձայնը ներսից լսելի դառնա:
-«Արդարադատության մահը» Ձեր գրքի վերնագիրը մտքիցս դուրս չի գալիս: Ո՞րն է Ձեր ինքնակենսագրականի գլխավոր ասելիքը հանությանը:
-Իմ գրքի հիմնական գաղափարն այն է, որ ցույց տամ մյուսներին, որ կարող են պայքարել իրենց ազատության համար և նրանք էլ կարող են հասնել սխալ դատավճիռների բեկանման: Գրքով ես ուզում եմ ոգեշնչեմ նրանց ու թիկունք լինեմ:
-Գիտեմ, որ օրենքների փոփոխության հեղինակ եք դարձել Մեծ Բրիտանիայում: Ի՞նչ օրենքներ են փոխվել Ձեր շնորհիվ:
-Օրենքները, որոնք ես փոխել եմ, վերաբերում են միանման փաստի առկայությանը, որը կարող է օգտագործվել բրիտանական դատարաններում՝ ցույց տալու համար այն վարքագիծը, որն ինչ-որ մեկը կիրառել է շատ տարիներ առաջ: Օրինակ, ոստիկանը պնդել է, որ մի շարք գործերում նա լսել է ինքնախոստովանություն 1983-87 թթ-ին: Հետագայում ապացուցվել է, որ դա սխալ է եղել:
Լրագրողների հասանելիությունը բանտարկյալներին
Մաստիտային կասկածյալների վկայությունները
Հուսով եմ, որ օգտակար եղա:
Ձեր գործն ինձ շատ անհանգստացրեց: Կանեմ ամենն, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ Ձեզ: Եղեք ուժեղ: Հույս ունեմ կհանդիպենք, երբ Դուք ազատ մարդ լինեք:
Լուսանկարները տրամադրել է Մայքլ Օ՛Բրայենը
Որոշները նրա գործի մասին պատմող վավերագրական ֆիլմից են
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել