HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենին

Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին
ՀԲ-ի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ Ուինսթոն Յունին    

«Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը (ՊՀ) 2016թ· հունվարի 22-ին «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գրասենյակում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված հայտարարության համաձայն` քննարկումը  պետք է տեղի ունենար ժամը 11:00-ին, սակայն «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցները, քննարկումն սկսել էին ժամը 9:30-ին:

9:30-ին տեղի ունեցած «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի` շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության հաշվետվության քննարկման մասնակիցները Արարատի մարզի շահառու 13 համայնքների գյուղապետերն են եղել եւ իրենց հետ բերած մի քանի կանայք, նաեւ թիրախ համայնքի՝ Գառնիի գյուղապետը ՋՕԸ-ի աշխատակիցների հետ միասին:

10:40 րոպեին արդեն քննարկումն ավարտված էր, այն նկարահանում էին Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականը» եւ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի հանրային կապերի բաժինը: Նրանք ժամը փոխելու մասին հարկ չէին համարել տեղեկացնել անգամ Համաշխարհային բանկի փորձագետ՝ Վահագն Տոնոյանին: Նա մյուսների նման քննարկմանը մասնակցելու էր ներկայացել հայտարարության մեջ նշված ժամին:

«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով հետաքրքրվածները՝ Գառնի գյուղի բնակիչները, բնապահպանական կազմակերպությունները, բնապահպան քաղաքացիները, լրագրողները ներկայացել էին հայտարարված ժամին՝ 11:00-ին: Կազմակերպիչները մեր պահանջով հարկադրված եղան վերսկսել քննարկումը եւ լսել հարցադրումները: Այն հարցին, թե Քաղցրաշենի ծրագրի հանրային բոլոր քննարկումները մինչ այդ իրականացվել են Գառնիում եւ Արտաշատի տարածաշրջանի 13 շահառու համայնքների համար` Արտաշատ քաղաքում, ինչո՞ւ է որոշվել այս անգամ նրանց հավաքել Երեւանում, ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը պատասխանեց. «Հարցը, բացի շահառու համայնքներից, հետաքրքրում է ընդհանուր հանրությանը եւ նպատակը նրանց մասնակցելու հնարավորություն տալն էր»: Մեր երկրորդ հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են հայտարարված ժամից ավելի քան մեկ ժամ շուտ սկսել քննարկումը եւ չեն սպասել «այս հարցով հետաքրքրվածներին», նա ասաց, որ կարող են նորից քննարկել:

Ինչեւէ, քննարկումը վերսկսվեց, դահլիճը լքածների մի մասը՝ այդ թվում շահաու համայնքների ղեկավարները եւ նրանց հետ եկած մարդիկ, Գառնիի համայնքապետը, վերադարձան եւ մասնակցեցին քննարկմանը: Քննարկման մասնակիցները կրկին հնչեցրին մտահոգիչ հարցադրումներ, որոնց պատասխանը, սակայն կազմակերպիչները չունին:

Ըստ այդմ, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի 2015թ· հունվարի 22-ին տեղի ունեցած շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման վերաբերյալ առկա է երկու լրատվություն եւ երկու տեսագրություն:

Խնդրում ենք

պատասխանել, թե Համաշխարհային բանկը դրանցից ո՞րն է հիմք ընդունելու իբրեւ ՇՄԱԳ հանրային լսում՝ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հաղորդագրությո՞ւնը, որը վերաբերում է 9:30-ի հավաքին, թե՞ մամուլում հրապարակված ժամին՝ 11:00-ին, ծրագրով մտահոգ քաղաքացիների հետ քննարկումը: Այդ քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ լրատվամիջոցների այդ օրվա թողարկումներից հետեւյալ լիկերով՝

www.youtube.com/watch?v=rMhm3YLrVD8

www.youtube.com/watch?v=3E7i0SfPqV8

https://www.youtube.com/watch?v=C5x4t1fVDvs

http://ecolur.org/hy/news/water/disputes-around-qaghtsrashen-problematic-project-reached-yerevan/7956/

http://www.azatutyun.am/content/article/27445002.html http://www.azatutyun.am/content/article/27440504.html http://www.azatutyun.am/content/article/27504112.html

Նշենք, որ Հայաստանի Կառավարության անունից հանդես եկող «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ը մինչ օրս շրջանցել է հիշյալ ծրագրի վերաբերյալ բոլոր հարցադրումները եւ դրանց մասնագիտական հիմնավորումներ գտնելու փոխարեն «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի» վերաբերյալ հանրության բացասական կարծիքը ձգտում է փոխել տարբեր խարդավանքների դիմելով: Երկրի ողջ վարչակազմը լծված է այդ գործին, ներգրավված է հանցավոր աշխարհը, որոնք Գառնիի բնակչությանը ճնշումների ենթարկելով ցանկանում են հասնել իրենց նպատակին:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի աշխատակիցները միասին մեկ անգամ Գառնի գյուղի ոռոգման ջուրը փակեցին եւ լցրին Ազատ գետը՝ իրենց ցանկալի ջրաքանակն արձանագրելու համար, քանի որ ջրաչափումներն սպասված արդյունքը չապահովեցին: Մեկ ուրիշ անգամ՝ հանրային լսում կազմակերպեցին եւ Կոտայքի մարզպետի հրահանգով Գառնի գործուղված մարզպետարանի աշխատակիցները որոշեցին ուսուցիչներին հավաքել մի սրահում եւ հարկադրաբար հավանության արժանացնել ծրագիրը, որը դարձյալ նրանց չհաջողվեց: Երրորդ անգամ՝ հունվարի 22-ին, փորձ արվեց գաղտագողի հանրային քննարկում անցկացնել՝ համայնքապետերին հրահանգելով ապահովել իրենց համայնքի բնակիչների ներկայությունն ու համաձայնությունը:

Ամեն անգամ բնակչությունն ակնկալում է, որ հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվեն արված առաջարկները, եւ մասնագետների հիմնավորումերը հնարավորություն կտան կամ՝ շարունակելու քննարկումը ծրագրի շուրջ, կամ՝ մոռանալ այն: Սակայն, արդեն մեկ տարուց ավելի քննարկմանը ներկայանում են «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի երկու շարքային աշխատակիցներ, որոնք պատասխան չունեն հարցադրումներից որեւէ մեկին եւ դրանով ավելացնում են բնակչության մտահոգությունները: Վերջին հերթապահ հանդիպումը գառնեցիները կանխեցին՝ փակելով գյուղ մտնող ճանապարհը: http://hetq.am/arm/news/64646/, www.youtube.com/watch?v=hkNq5fWBmZs

Գառնեցիները եւ բնապահպանները հիմնավորում են, որ գետում բավարար ջուր չկա, հատկապես ամռան ամիսներին, որը հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման համակարգը գործարկելուն: Գործարկելու դեպքում ամբողջությամբ ջրազրկվելու է Ազատ գետը՝ իր գեղատեսիլ կիրճով: Ուստի, առաջարկում են՝

1· կառուցել արեւային էլեկտրակայան, եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանի արտադրած էներգիան: Դա կլինի շատ ավելի շահավետ եւ էկոլոգիապես անվտանգ, քանի որ ոռոգման շրջանի ավարտից հետո արտադրվող հոսանքը կվճառվի եւ լրացուցիչ օգուտներ կբերի նախաձեռնողներին:

2· Փոխել 50 տարվա վաղեմության պոմպակայանները եւ դրանք արդիականացնել նոր տեխնոլոգիաներին եւ առկա ջրաքանակին համապատասխան պոմպերով, որոնք քիչ հոսանք են ծախսում:

3· Կառուցել այդ տարածքում նոր ջրամբարներ (սա մասնագետների առաջարկն է), որոնք հնարավորություն կտան ամբարել Արաքս գետը լցվող ջրերը եւ դրանք օգտագործել ոռոգման համար:

Այս առաջարկները չեն քննարկվել մասնագետների մասնակցությամբ, իսկ մասնագետները, տարբեր առիթներով, անդրադառնալով այս ծրագրին միմիայն բացասական կարծիք են հայտնել:

Խնդրում ենք կազմակերպել նոր քննարկում՝ ապահովելով ջրային ոլորտի լավատեղյակ մասնագետների, ֆիզիկոսների, աշխարհագրագետների մասնակցությունը, որպեսզի ի վերջո հիմնավորումներ տրվեն այն առաջարկներին, որոնք ավելի քան մեկ տարի հնչեցվում են հանդիպումների ժամանակ:

Դիմողներ՝

  1. Գառնի գյուղի բնակչության անունից՝ Սառա Պետրոսյան- լրագրող
  2. «Հետք» էլեկտրոնային օրաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան
  3. «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Գալստյան
  4. «ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զառաֆյան
  5. «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյան
  6. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան
  7. Թրանփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter