
Բաց նամակ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենին
Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին
ՀԲ-ի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ Ուինսթոն Յունին
«Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը (ՊՀ) 2016թ· հունվարի 22-ին «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գրասենյակում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված հայտարարության համաձայն` քննարկումը պետք է տեղի ունենար ժամը 11:00-ին, սակայն «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցները, քննարկումն սկսել էին ժամը 9:30-ին:
9:30-ին տեղի ունեցած «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի` շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության հաշվետվության քննարկման մասնակիցները Արարատի մարզի շահառու 13 համայնքների գյուղապետերն են եղել եւ իրենց հետ բերած մի քանի կանայք, նաեւ թիրախ համայնքի՝ Գառնիի գյուղապետը ՋՕԸ-ի աշխատակիցների հետ միասին:
10:40 րոպեին արդեն քննարկումն ավարտված էր, այն նկարահանում էին Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականը» եւ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի հանրային կապերի բաժինը: Նրանք ժամը փոխելու մասին հարկ չէին համարել տեղեկացնել անգամ Համաշխարհային բանկի փորձագետ՝ Վահագն Տոնոյանին: Նա մյուսների նման քննարկմանը մասնակցելու էր ներկայացել հայտարարության մեջ նշված ժամին:
«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով հետաքրքրվածները՝ Գառնի գյուղի բնակիչները, բնապահպանական կազմակերպությունները, բնապահպան քաղաքացիները, լրագրողները ներկայացել էին հայտարարված ժամին՝ 11:00-ին: Կազմակերպիչները մեր պահանջով հարկադրված եղան վերսկսել քննարկումը եւ լսել հարցադրումները: Այն հարցին, թե Քաղցրաշենի ծրագրի հանրային բոլոր քննարկումները մինչ այդ իրականացվել են Գառնիում եւ Արտաշատի տարածաշրջանի 13 շահառու համայնքների համար` Արտաշատ քաղաքում, ինչո՞ւ է որոշվել այս անգամ նրանց հավաքել Երեւանում, ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը պատասխանեց. «Հարցը, բացի շահառու համայնքներից, հետաքրքրում է ընդհանուր հանրությանը եւ նպատակը նրանց մասնակցելու հնարավորություն տալն էր»: Մեր երկրորդ հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են հայտարարված ժամից ավելի քան մեկ ժամ շուտ սկսել քննարկումը եւ չեն սպասել «այս հարցով հետաքրքրվածներին», նա ասաց, որ կարող են նորից քննարկել:
Ինչեւէ, քննարկումը վերսկսվեց, դահլիճը լքածների մի մասը՝ այդ թվում շահաու համայնքների ղեկավարները եւ նրանց հետ եկած մարդիկ, Գառնիի համայնքապետը, վերադարձան եւ մասնակցեցին քննարկմանը: Քննարկման մասնակիցները կրկին հնչեցրին մտահոգիչ հարցադրումներ, որոնց պատասխանը, սակայն կազմակերպիչները չունին:
Ըստ այդմ, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի 2015թ· հունվարի 22-ին տեղի ունեցած շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման վերաբերյալ առկա է երկու լրատվություն եւ երկու տեսագրություն:
Խնդրում ենք
պատասխանել, թե Համաշխարհային բանկը դրանցից ո՞րն է հիմք ընդունելու իբրեւ ՇՄԱԳ հանրային լսում՝ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հաղորդագրությո՞ւնը, որը վերաբերում է 9:30-ի հավաքին, թե՞ մամուլում հրապարակված ժամին՝ 11:00-ին, ծրագրով մտահոգ քաղաքացիների հետ քննարկումը: Այդ քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ լրատվամիջոցների այդ օրվա թողարկումներից հետեւյալ լիկերով՝
www.youtube.com/watch?v=rMhm3YLrVD8
www.youtube.com/watch?v=3E7i0SfPqV8
https://www.youtube.com/watch?v=C5x4t1fVDvs
http://www.azatutyun.am/content/article/27445002.html http://www.azatutyun.am/content/article/27440504.html http://www.azatutyun.am/content/article/27504112.html
Նշենք, որ Հայաստանի Կառավարության անունից հանդես եկող «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ը մինչ օրս շրջանցել է հիշյալ ծրագրի վերաբերյալ բոլոր հարցադրումները եւ դրանց մասնագիտական հիմնավորումներ գտնելու փոխարեն «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի» վերաբերյալ հանրության բացասական կարծիքը ձգտում է փոխել տարբեր խարդավանքների դիմելով: Երկրի ողջ վարչակազմը լծված է այդ գործին, ներգրավված է հանցավոր աշխարհը, որոնք Գառնիի բնակչությանը ճնշումների ենթարկելով ցանկանում են հասնել իրենց նպատակին:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի աշխատակիցները միասին մեկ անգամ Գառնի գյուղի ոռոգման ջուրը փակեցին եւ լցրին Ազատ գետը՝ իրենց ցանկալի ջրաքանակն արձանագրելու համար, քանի որ ջրաչափումներն սպասված արդյունքը չապահովեցին: Մեկ ուրիշ անգամ՝ հանրային լսում կազմակերպեցին եւ Կոտայքի մարզպետի հրահանգով Գառնի գործուղված մարզպետարանի աշխատակիցները որոշեցին ուսուցիչներին հավաքել մի սրահում եւ հարկադրաբար հավանության արժանացնել ծրագիրը, որը դարձյալ նրանց չհաջողվեց: Երրորդ անգամ՝ հունվարի 22-ին, փորձ արվեց գաղտագողի հանրային քննարկում անցկացնել՝ համայնքապետերին հրահանգելով ապահովել իրենց համայնքի բնակիչների ներկայությունն ու համաձայնությունը:
Ամեն անգամ բնակչությունն ակնկալում է, որ հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվեն արված առաջարկները, եւ մասնագետների հիմնավորումերը հնարավորություն կտան կամ՝ շարունակելու քննարկումը ծրագրի շուրջ, կամ՝ մոռանալ այն: Սակայն, արդեն մեկ տարուց ավելի քննարկմանը ներկայանում են «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի երկու շարքային աշխատակիցներ, որոնք պատասխան չունեն հարցադրումներից որեւէ մեկին եւ դրանով ավելացնում են բնակչության մտահոգությունները: Վերջին հերթապահ հանդիպումը գառնեցիները կանխեցին՝ փակելով գյուղ մտնող ճանապարհը: http://hetq.am/arm/news/64646/, www.youtube.com/watch?v=hkNq5fWBmZs
Գառնեցիները եւ բնապահպանները հիմնավորում են, որ գետում բավարար ջուր չկա, հատկապես ամռան ամիսներին, որը հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման համակարգը գործարկելուն: Գործարկելու դեպքում ամբողջությամբ ջրազրկվելու է Ազատ գետը՝ իր գեղատեսիլ կիրճով: Ուստի, առաջարկում են՝
1· կառուցել արեւային էլեկտրակայան, եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանի արտադրած էներգիան: Դա կլինի շատ ավելի շահավետ եւ էկոլոգիապես անվտանգ, քանի որ ոռոգման շրջանի ավարտից հետո արտադրվող հոսանքը կվճառվի եւ լրացուցիչ օգուտներ կբերի նախաձեռնողներին:
2· Փոխել 50 տարվա վաղեմության պոմպակայանները եւ դրանք արդիականացնել նոր տեխնոլոգիաներին եւ առկա ջրաքանակին համապատասխան պոմպերով, որոնք քիչ հոսանք են ծախսում:
3· Կառուցել այդ տարածքում նոր ջրամբարներ (սա մասնագետների առաջարկն է), որոնք հնարավորություն կտան ամբարել Արաքս գետը լցվող ջրերը եւ դրանք օգտագործել ոռոգման համար:
Այս առաջարկները չեն քննարկվել մասնագետների մասնակցությամբ, իսկ մասնագետները, տարբեր առիթներով, անդրադառնալով այս ծրագրին միմիայն բացասական կարծիք են հայտնել:
Խնդրում ենք կազմակերպել նոր քննարկում՝ ապահովելով ջրային ոլորտի լավատեղյակ մասնագետների, ֆիզիկոսների, աշխարհագրագետների մասնակցությունը, որպեսզի ի վերջո հիմնավորումներ տրվեն այն առաջարկներին, որոնք ավելի քան մեկ տարի հնչեցվում են հանդիպումների ժամանակ:
Դիմողներ՝
- Գառնի գյուղի բնակչության անունից՝ Սառա Պետրոսյան- լրագրող
- «Հետք» էլեկտրոնային օրաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան
- «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Գալստյան
- «ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զառաֆյան
- «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյան
- Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան
- Թրանփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյան
Մեկնաբանել