
Եվրոպական երինջների «արկածները» Հայաստանում
Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Աշոտ Գալստյանը որոշել էր իր գյուղացիական տնտեսությունը զարգացնել և 2013թ. գյուղատնտեսության նախարարության միջնորդությամբ ձեռք է բերել 25 գլուխ հոլշտին ցեղատեսակի հղի երինջ: Թեև տոհմային երինջներից թվով ինը հիվանդ են եղել, սատկել են, սակայն նախարարությունը պահանջում է երինջների գումարը և հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Աշոտ Գալստյանը միակը չէ, որ տոհմային երինջների ձեռքը կրակն է ընկել: Բոլորն էլ խաբվել են «գովեստի» խոսքերին, արդյունքում կանգնել լուրջ դժվարությունների առջև:
Ամեն ինչ սկսվեց կառավարության որոշումից
2007թ. մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, ըստ որի՝ նպատակ է դրվել առաջիկա տարիներին որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձևավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը:
Կառավարության մասնագետների կարծիքով՝ հոլշտինյան ցեղը աշխարհում ամենակաթնատու տավարի ցեղն է։ Այս ցեղի կենդանիների միջին կաթնատվությունը կազմում է 8-10 հազար լիտր: Հոլշտին ցեղատեսակի երինջները կարող են հարմարվել հարթավայրի բնակլիմայական պայմաններին, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում տավարի նախրի որակական կազմի փոփոխությունը նպատակահարմար է իրականացնել շվից և սիմենթալ ցեղերի հաշվին:
Ծրագիրը պետք է իրականացվեր 2008-2015 թթ. ընթացքում՝ երկու փուլով։ Ըստ այդմ՝ տոհմային երինջները ձեռք են բերվել և գյուղական ազգաբնակչությանը հանձնվել են լիզինգային եղանակով։ Հիմնավորումն այն էր, որ գյուղացուն հանձնվելու էր 3-6 ամսական հղիության շրջանում գտնվող երինջ: Ձեռք բերելուց ամենաուշը 6 ամիս անց, դրանց ծնելուց հետո, սկսվելու էր կաթնատվության շրջանը և գյուղացին իրացված կաթի գումարով ի վիճակի կլիներ մարել վարկը։
«Փաստորեն, երինջները ձեռք բերելուց հետո, 7-րդ ամսից սկսած, անասնատերը 4,5 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի վարկը։ Անասունները ձեռք բերելուց մինչև վարկի ամբողջությամբ մարման գործընթացը կավարտվի 5 տարվա ընթացքում։ Ձեռք բերված կենդանիներից անասնատերերը տարեկան կստանան առնվազն 4500-5000 լիտր կաթ, որի արժեքը լիովին բավարար է վարկի մարման համար»,-գրված է կառավարության որոշման հիմնավորումների մեջ։
Մեծ ակնկալիքներ, շատ խոստումներ, քիչ՝ եկամուտներ
Աշոտ Գալստյանի որդին՝ Վարդաբլուր համայնքի ղեկավար Արտավազդ Գալստյանը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ տարաժամկետ վճարման պայմանով գնել են 25 երինջ: Երինջներից 9-ը մի քանի ամսվա ընթացքում սատկել են, որից 5-ը՝մինչև ծնելը: Անասունները տարբեր ֆերմաներից են եղել և արտաքինից ակնհայտ տարբերվել են: Նրա խոսքերով՝ մի ֆերմայի անասունները ամբողջությամբ հիվանդ են եղել, իսկ երինջներից մեկը՝ չբեր, մինչդեռ Աշոտ Գալստյանը որպես հղի երինջ էր գնել:
Արտավազդ Գալստյանի ասելով՝ բերված օրվանից երինջները առողջական խնդիրներ են ունեցել: Սատկելուց հետո ուսումնասիրել են կենդանիների ներքին օրգանները: Պարզվել է, որ 6 ամիս առաջ նրանց մարմնում օտար մարմին է եղել և ամբողջությամբ ախտահարել է երինջների թոքերը: Բացի այդ, երինջների ոտքերը վնասված են եղել: Արտավազդ Գալստյանը պատմում է, որ կենդանիները նստում էին ու չէին կարողանում կանգնել, իսկ բժիշկները ոչ մի կերպ չեն կարողացել բուժել:
«Ամենասկզբից դիմեցինք գյուղնախարարություն, մեր մոտի անասնաբույժները չէին հասկանում, նրանք էլ ասացին, որ իրենց բժիշկներն էլ չեն հասկանում: Առաջին տարին անձամբ ես վարկը վերցրել վճարել ենք երինջների գումարը, իսկ երկրորդ տարին Աշոտ Գալստյանը չկարողացավ վճարել, դա հնարավոր էլ չէր անել»,-ասում է Վարդաբլուրի համայնքապետը և հավելում, որ հոլշտեն ցեղատեսակի անասունների տված կաթն ու կերած կերը համատեղելի չեն, շատ են ուտում:
Նրա խոսքերով՝ Աշոտ Գալստյանին գյուղնախարարությունից ասել էին, որ այդ ցեղատեսակի կովի կաթը չի մնալու՝ լիտրը 200 դրամով մթերվելու է: Գյուղացիներին նաև ասել են, որ տոհմային երինջները ծնելուց հետո օրական մոտ 30 լիտր կաթ են տալու, ինչը համայնքապետի ասելով, լրիվ սուտ է: Բացի այդ, գյուղնախարարությունից հավաստիացրել են, որ դրսից ներկրված անասունները 2 կմ կարող են արոտ գնալ, բայց իրականում Եվրոպայից բերված կովերը չեն կարողանում երկար քայլել:
«Իրենց ասած կաթը կովերը չեն տալիս: Մեր մոտ էլ ամռանը կաթը մթերում են 110 դրամով, իսկ ձմռանը՝ 140-150: Իսկ գյուղնախարարությունից ասում էին, որ այս կաթը բիոկաթ է, նվազագույնը 200 դրամով են մթերելու: Ասել էին, որ իրենք մթերող ունեն գալու են հենց դռան դիմացից տանեն: Մեկը եկավ երկու անգամ կաթը տարավ ու փողն էլ չէր տալիս, մի կերպ վերցրեցինք: Ամենաշատ կթվող կովը 1 հատ է եղել, կթվել է 32 լիտր, մյուսները՝ 22: Դրանց պետք է պարտադիր կոմբիկերներով պահես, խտացրած կերեր տաս»,-ասում է Վարդաբլուրի համայնքապետը:
Ովքե՞ր են ներկրում երինջները
Երինջների ներկրման ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին և ներառված չէ գյուղատնտեսության նախարարության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Ծրագրի շրջանակներում 2007-2015թթ. եվրոպական երկրներից ներկրվել է 2067 գլուխ տոհմային երինջ, որից 825 գլուխ՝ հոլշտին, 712 գլուխ՝ շվից և 530 գլուխ՝ սիմենթալ ցեղատեսակի:
Երինջներ գնողները գումարը վերադարձնում են 4 տարվա ընթացքում: Առաջին տարում ամբողջ գումարի 10 տոկոսն են վերադարձնում, երկրորդ տարում՝ 20, 3-րդ տարում՝ 30, իսկ 4-րդ տարում՝ 40 տոկոսը: Գյուղնախարարությունը գանձապետարանում ունի հատուկ հաշվեհամար, գումարները հավաքվում են այդ հաշվեհամարին ու այդ գումարներով նորից երինջներ են ձեռք բերվում:
Հայկական սցենար. Կնքել են պայմանագիր, հետո հիմնել ընկերություն
Վարդաբլուրի համայնքապետ Արտավազդ Գալստյանը պատմեց, որ երբ երինջները սատկել են, իրենք բողոքել են տարբեր ատյաններ: ՀՀ վերահսկիչ պալատից մասնագետներ են եկել և տեղում համոզվել, որ անասունները վատառողջ են: «Իրենց աչքով տեսան, բայց ոչ մի բան չարեցին»,-նշում է համայնքապետը:
Տոհմային երինջների ներկրման ծրագրին 2013թ. տարեկան զեկույցներում անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատը: Այսպես՝ 2012թ. տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ. գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի և անհատ ձեռնարկատեր Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ: Ընկերությունը երինջները ձեռք է բերել «Agro-Vest Plus s.r.o.» չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց և գումարը փոխանցելուց հետո: Չեխական ընկերության հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի և Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է:
Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն՝ մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1 մլն 371 հազար 195դրամ (ընդամենը 287 մլն 951 հազար դրամ` 210 երինիջի համար): Սա այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270 մլն 900 հազար դրամ: Կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբր կրել է 17 մլն դրամից ավելի վնաս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նշված տարում պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230 երինջ: «Agro-Vest Plus s.r.o.» չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար որպես գնորդ նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող` «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն:
Տոհմային երինջները դարձել են վերավաճառքի առարկա
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ Ֆուրման Գրիգորյանը ևս հայտնվել է դատարանում: Նա 2013թ. գնել է 5 հատ շվից ցեղատեսակի երինջ: Մոտ 800 հազար դրամ ծախս կատարելուց հետո հասկացել է, որ չի կարողանա պահել:
«Զանգեցի գյուղնախարարություն, ասացի, որ ի վիճակի չեմ պահել: Նրանք էլ գնորդ գտան՝ ոմն Արշակ, նա եկավ 8 հատ տարավ: Երեքն արդեն ծնել էին, իսկ երկուսը «բռակ» են եղել, վիժել են: Իմ միամտությունից օգտվեց Արշակը: Ես պայմանագիրը չեմ անվանափոխել, բայց Արշակից ունեմ ստացական: Հիմա սպասում եմ, որ Արշակը գա անվանափոխություն անի: Ես դիմել եմ գյուղնախարարություն, բոլորը տեղյակ են, որ գումարը Արշակն է տալու, ես կապ չունեմ»,-ասում էր Ֆ. Գրիգորյանը:
Նա ասում էր, որ դատական գործը կարճվել է, քանի որ նման դիմում է գրել դատարան, իսկ Արշակը պարտավորվել է պարտքը վճարել: Մինչդեռ datalex.am տեղեկատվական պորտալից տեղեկացանք, որ մարտի 3-ին նշանակվել է նախնական դատական նիստ: Ֆուրման Գրիգորյանը զարմացավ, որ իր դեմ դատական գործը շարունակվում է:
«Մեր մոտ անասնապահական գոտի է, մտածեցի՝ եթե լավ անասուններ են, բերեմ պահեմ, բայց չկարողացա: Եթե կաթի գինը չընկներ, գոնե մի կերպ կարդարացներ իրեն, բայց կաթը էժան են մթերում: Այդ երինջներին պետք է լուրջ կերակրես, ես այդ պայմանները չունեմ, բազմազավակ ընտանիք ունեմ: Ասացի՝ իմ վրայից հանեմ, պարտքերի տակ չընկնեմ, հիմա էլ ընկել եմ քաշքշուկների մեջ»,-ասում է Ֆուրման Գրիգորյանը:
Գյուղնախարարության պաշտոնյայի խոսքերը չեն համընկնում գյուղացիների պատմածի հետ
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն ասում է՝ թեև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել տոհմային երինջներ, սակայն «այնպես չէ, որ ցանկացածի առջև դռները բաց են, ասում ենք՝ եկեք տարեք»:
Ըստ նրա՝ նախարարությունում գործում է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է դիմումներով: Հանձնաժողովը պարզում է դիմումատուների ունակությունները, հնարավորությունները, գիտելիքները: Անպայման պետք է ունենան համապատասխան գոմային պայմաններ, կերային բազա և հողամաս, որ կարողանան մշակել, կերային կուլտուրաներ ստանալ: Ակնհայտ է, որ գյուղնախարարության պաշտոնյայի ներկայացրածը չի համապատասխանում այն իրականությանը, որում հայտնվել են շատ գյուղացիներ:
«Հանձնաժողովը, լինելով տեղերում, ուսումնասիրում է, եթե պայմանները բավարարում են, դիմումատուները դառնում են շահառու: Երբ երինջները հասնում են Հայաստան, շահառուներին հավաքում ենք, Ագրարային համալսարանի գիտնականները բացատրում են, թե ինչպես խնամել, պահել երինջներին: Մրցույթը հաղթող ընկերությունը իր տրանսպորտով կենդանիներին տեղափոխում է մինչև շահառուի ֆերմա: Այնտեղ հանձնում է շահառուին, և եթե 14 օրվա ընթացքում բարդություն առաջացավ, պատասխանատուն վաճառողն է»,-ասում է Գ. Բաղիյանը:
Նախարարի տեղակալը նշում է, որ երինջների տեղափոխման հենց առաջին օրվանից նախարարության աշխատակիցները լինում են տեղում, ուսումնասիրություններ, բժշկական միջոցառումներ են իրականացվում, որպեսզի կենդանիները չհիվանդանան: Սակայն լինում են դեպքեր, հիվանդություններ:
«Այն անասնապահները, որոնք ուշադրություն չեն դարձնում, որոնք կերային, խնամքի պայմանները չեն ապահովում, կենդանիների կաթնատվությունը չի ապահովվում: Այդ ցեղատեսակները տարեկան 8-10 հազար լիտր կաթնատվություն են ապահովում: Մեր պայմաններում, եթե 5-6 հազար լիտր ապահովում են, ուրեմն բարձր ցուցանիշ է, քանի որ հանրապետությունում կովի կաթնատվությունը 2200 լիտր է»,-ասում է փոխնախարարը:
Պաշտոնյայի խոսքերով՝ տոհմային ցեղատեսակներից տեղում ստացված կենդանիներն իրենց արդարացնում են: Օրինակ՝ 2012թ. Արզնու տոհմային տնտեսությունը տեղում ստացած երինջները արդեն վաճառել է Վրաստանի գյուղատնտեսներին: Վրացիները ևս եվրոպական կազմակերպություններից ձեռք են բերել երինջներ, սակայն, չհարմարվելով տեղի բնակլիմայական պայմաններին, ինչպես նաև հիվանդություններից կենդանիները սատկել են: Ըստ փոխնախարարի՝ այժմ վրացիները պայմանագրեր են կնքում Հայաստանի ֆերմերների հետ և այստեղից են երինջներ տանում:
«Հասել ենք մի աստիճանի, որ տեղում բազմացրած, տոհմային բարձր հատկանիշներ ունեցող կենդանիներին կարողանում ենք վաճառել: Շուրջ 300 գլուխ արդեն վաճառվել է: 1920 թվականից սկսած՝ առաջին անգամ է, որ Հայաստանից վաճառվում են տոհմային, սելեկցիոն աշխատանքներն անցած կենդանիներ»,-նշում է Գրիշա Բաղիյանը:
Նրա խոսքերով՝ ժամանակին եղել են խոսակցություններ, դժգոհություններ, բայց այդ դժգոհությունների հիմնական պատճառը գումար պահանջելու հետ է կապված: Երբ նախարարությունը սկսել է գումարը պահանջել, ձեռքբերողները սկսել են բողոքել, թե կենդանիները իրենց լավ չեն դրսևորել և այլն:
«Նույնիսկ այնպիսի հզոր տնտեսություն, որը 100 գլուխ երինջ է վերցրել, պահել է, 4 տարի հետո, երբ գումարը պահանջվել է, սկսել է պատճառաբանել, որ կենդանիներն իրենց լավ չեն դրսևորել: Հարց է առաջանում՝ եթե առաջին տարին լավ չէր, ինչո՞ւ այդ երինջներից նորից վերցրեցիր: Ծրագիրը շատ դրական է, իրեն արդարացնում է, գյուղատնտեսության նախարարության ամենահաջողված ծրագրերից մեկն է»,-ասում է Գ. Բաղյանը՝ հակադրվելով գյուղացիների բացասական կարծիքի հետ:
Մեկնաբանել