HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոշեցի քույրերը երազում են տան մասին, որի առաստաղից փայտ ու հող չի թափվի

Նարինե Վարդանյան

«Էս էլ մեր խրճիթը,- ասում է Օվսաննան, երբ հասնում ենք գյուղի ծայրին գտնվող մենավոր տանը »:

Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակչուհի Օվսաննա Մաթևոսյանը փոքրիկ ու խարխուլ տանն ապրում է հաշմանդամ եղբոր և երկու անչափահաս աղջիկների՝ 17-ամյա Գեղեցիկի և 15-ամյա Վարդիթերի հետ: Այս տունը նրա հայրական տունն է, նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնու մահվանից հետո՝ 10 տարի առաջ:

Տան դուռը բաց է թողնում, որպեսզի լույս լինի տանը և ստիպված չլինի ցերեկով էլեկտրականություն միացնել:
Տան հատակի փայտերի մեջ մեծ ճեղքեր են, տանիքը տեղ-տեղ  քանդված է։

«Չորս-հինգ տարի ա ՝ էս վիճակում ենք: Տախտակ-բան ենք դնում, բայց որ անձրև ա գալիս, տուն ա լցվում: Պատալոկից կաթում ա, լագյաններ ենք դնում, որ տունը շատ ջուր չդառնա»,- ասում է երեսունչորսամյա Օվսաննան:

Հարևաններն իրենց տան պատուհանների ապակին փոխել են, հինը տվել Օվսաննային, հիմա պատուհաններից մեկից քամին քիչ է փչում:

Օվսաննան պատմում է,  որ իրենց բոլոր ծննդյան օրերին իրենց միակ բարեկամը տան համար իրեր է գնել որպես նվեր, մի անգամ՝ ծածկոցներ, մի անգամ բաժակներ, սփռոց...

«Իմ ստացածով հազիվ երեխեքին դպրոց եմ ուղարկում, քանի տարի ա՝ գյուղի երեխաների դասագրքերի գումարը գյուղապետարանն ա տալիս, գոնե երեխեքս գրքերն ունենում են»․-ասում է Օվսաննան:

Օվսաննան գյուղի հյուրատանն է աշխատում, ամեն օր երեկոյան վառում է հյուրատան վառարանը, ամիսը 10 հազար դրամ է ստանում այդ աշխատանքի դիմաց, բայց դրանով կարողանում է կատարել կոմունալ վճարումները:

Երեխաները 28 հազար դրամ նպաստ են ստանում, միասին ընդամենը 38 հազար դրամ եկամուտ ունեն: Այդ գումարով երեխաների դպրոցի ծախսերն է հոգում, ասում է՝ մնացած ծախսերը պարտքով է անում:

«Մենք էստեղ ոչ մեկ չունենք, մի հեռու բարեկամ ունենք մենակ, ինչով հասցնում, օգնում է, բայց դե  իրանց ընտանիքն էլ է չունևոր»․- ասում է Օվսանան:

 Նա ասում, որ օգնության համար ոչ մեկին  ոչ մեկի չի դիմել, սպասել է, որ գյուղապետը մի բան կանի: Ասում է՝ միայն վերջերս գյուղապետի միջնորդությամբ դիմել են Դիլիջանի նոր ընտրված համայնքապետին, մինչև ընտրվելը խոստացել է, որ կօգնի, գոնե տանիքը կվերանորոգի: Հիմա սպասում են խոստումը կատարի:

Տան հատակի ճեղքերն այնքան խոշոր են, որ տան երկու կատուները տեղավորվում են դրանց մեջ:
Աղջիկները պատմում են, որ փոքր կատուն սկզբում ընկնում էր փայտերի արանքները, մլավում, մի կերպ հանում էին, իսկ հիմա սովորել է, մի ճեղքից մտնում է, մյուսից դուրս գալիս:

Աղջիկներին հարցնում եմ՝ ի՞նչ եք ուզում, միանգամից պատասխանում են՝ մեր սենյակն ունենանք:

_Միասի՞ն:
«Չէ՜, չէ,  առանձին,- ասում է փոքրը,- հոգնել ենք իրարից, բայց միասին էլ լինի, կլինի, մենակ թե՝ լինի»:

«Վարդ, բացի տնից էլ ի՞նչ կուզեիր ունենալ»,- հարցնում եմ նրան:

«Ինձ համար դա արդեն մի մեծ բան ա»,- ասում է Վարդիթերը:

«Մեր երկուսի երազանքն էլ էդ ա, որ տաք լինի տանը, հատակը ծակ չլինի, առաստաղից  էլ ամեն անգամ փետ ու հող չթափվի»,- ասում է Գեղեցիկը:
Բոլորս նայում ենք առաստաղի մեծ անցքին, իսկ Վարդիթերն արագ ցրում է տխուր մթնոլորտը.
«Մենք արդեն հումոր ենք անում՝ մի օր  դպրոցից գալիս տեսնելու ենք՝ ծաղիկը տանիքով դուրս ա եկել»:

Օվսաննայի եղբայրը՝ Ռուբենը, երեսուն տարեկան է, Օվսաննան ասում է՝ մանկամտություն ունի, բայց հաշմանդամության կարգ չունի, որովհետև գումար չունեն, որ տանեն հիվանդանոց, կարգ հանեն, թոշակ ստանա: Մեր այցի ժամանակ Ռուբենը գնացել էր անտառ փայտ բերելու, Օվսաննան ասում է՝ աշխատասեր ու խելոք է եղբայրը, ինչ խնդրում է՝ անում է, բայց շատ ուժեղ չի ֆիզիկապես, փայտ բերելու համար էլ շատ հեռու է գնում, վախենում է մոտիկ տեղերից բերի, վախենում է՝ տուգանեն, դրա համար գնում է անտառի խորքերը, որտեղ ընկած ծառեր կան: Փայտը ձեռքով է բերում, մեջքին գցած: Ամեն օր:

«Չարչարվում ա խեղճ ախպերս, բայց դե ինչ անենք, ամառ-ձմեռ փայտ ենք վառում »:

Ռուբենի մահճակալն է, ամառները պատը ոչ թե խոնավանում է, այլ կաթկթում:

«Հիմա սառած է պատը, լավ է »,- ասում է Օվսաննան:

Վարդիթերի նշագեղձերը հաճախ են բորբոքվում, ստիպված է լինում բացակայել դպրոցից, բայց ասում է՝ դպրոցում ավելի լավ է զգում, գոնե չոր է:

Գյուղի տարբեր խանութներում մոտ 250 000 դրամի պարտք ունեն, խանութպանները գիտեն, որ նպաստառու են, տալիս են, ինքն էլ քիչ-քիչ մարում է պարտքերը, բայց ինչքան մարում է, այնքան ավելանում է մի քանի օրից:

«Երևի մի օր կլինի, կտամ, կպրծնեմ»,- ասում է Օվսաննան:

Տան դուռը ճեղքեր ունի, երեխաներն ասում են՝ ձմեռը քամին է մտնում, ամռանը՝ օձ ու մուկ: Ասում են՝ չեն վախենում, սովոր են:

Վարդիթերն ասում է՝ դասարանցիներից է ամաչում մի քիչ:
«Ես որ համակարգիչ կամ հեռախոս չունեմ, ու իրենք ինտերնետում մի բան են տեսած լինում, գալիս են պատմում, ասում են՝ տեսե՞լ ես, ես էլ ամաչում եմ, խաբում, ասում եմ՝ հա, տեսել եմ...,- ծիծաղում է,- արագ-արագ ասում եմ՝ շատ հետաքրքիր բան էր»:

Վարդիթերն ասում է՝ չի նեղվում, գիրք է կարդում փոխարենը, բանաստեղծություններ է սիրում, ամենից շատ՝ Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները:

Տասնհինգ տարեկան աղջիկը մի թաքուն երազանք ունի, ուզում է պարի գնալ: Ասում է՝ հայկական պարեր է երազում սովորել, ուզում է տարազով պարել: Հեռուստացույցով է տեսել տարազով պարող աղջիկներին, սիրել է շատ, բայց գյուղում պարի խմբակ չկա: Դիլիջանում կա, բայց ամսավճարը հինգ հազար դրամ է, բացի այդ՝ տրանսպորտ չկա Գոշից Դիլիջան:
Վարդիթերը մի ժամանակ Դիլիջանի Թումո կենտրոն էլ էր ցանկանում գնալ, բայց մայրիկին այդպես էլ չի ասել, գիտի, որ գումար չկա:

Օվսաննայի տնից իջնելու համար պետք է հաղթահարել մոտ հինգ հարյուր մետրանոց զառիվայրը: Վարդիթերն ուղեկցում է ինձ, պատմում է, թե ինչպես է դպրոց գնալիս անձրևոտ ու ձյուն օրերին հագուստն ու կոշիկները ցեխոտվում: Ասում է՝ ինձ կոշիկ չի դիմանում, շուտ պոկվում է: Հետո հպարտությամբ ցույց է տալիս իր նոր կոշիկները՝ բարեկամն է առել:

«Ուրիշի հինը չի, ինձ համար են առել»,- ասում ու ցատկում է դեպի իրենց տուն տանող զառիվայրը գյուղից բաժանող  գետակի վրայով: Նոր գնված երկարաճիտք կոշիկները թրջվում են, բայց նա ժպտում է։

Մեկնաբանություններ (1)

Lilit
Մայրաքաղաքի քաղաքապետարան դիմեք, նամակների բաժին դիմեք կառավարության, բանկային հածիվ բացեք նկարագրելքվ ձեր խնդիրը....Տվյալներ ինտերնետում գրեք և դիմեք https://www.facebook.com/armine.karapetyan.5811 անապահիվ մարդկանց ծումբ ֆեյսբուկ սոց կայքում... Կա նաև այս էջը https://www.facebook.com/%D5%95%D5%A3%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-helping-poor-families-%D0%BF%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B3%D0%B0%D0%B5%D0%BC-%D0%BD%D1%83%D0%B6%D0%B4%D0%B0%D1%8E%D1%89%D0%B8%D0%BC%D1%81%D1%8F-1432865580265958/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter