
Ռուսերենի թարգմանիչ չկա՞
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ձերբակալված ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի մասով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել թարգմանիչը:
Սա արդեն 3-րդ նիստն էր, որ հետաձգվեց թարգմանչի չներկայանալու պատճառով: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ թարգմանչին ծանուցելն իրենց պարտավորությունը չէ, դատական դեպարտամենտն է ապահովում թարգմանչի ներկայությունը: Եվ իրենք գրությամբ կդիմեն դեպարտամենտին, որպեսզի թարգմանչով ապահովեն:
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչու դատական դեպարտամենտը չի կարող ապահովել թարգմանչի ներկայությունը այս գործով նիստերին:
Արման Խաչատրյան «Հետքին» պարզաբանեց, որ թարգմանչի բացակայությունն այսօրվա նիստին տեխնիկական բնույթ է կրել: «Ինչ է տեղի ունեցել. նիստերի քարտուղարի և թարգմանչական ծառայության միջև տեխնիկական խնդիր է առաջացել, չեն կարողացել ժամը ճիշտ հասկանալ, այլապես դեպարտամենտը թարգմանչական ծառայության հետ բացարձակ խնդիր չունի, ամեն ինչ նորմալ է, և մյուս նիստին թարգմանիչ հաստատ կլինի»,- ասաց Արման Խաչատրյանը:
Այսօր դատարան էին ներկայացել դատավարության բոլոր կողմերը, այդ թվում՝ դատարան էր բերվել նաև Վլադիմիր Սաչկովը:
Հիշեցնենք՝ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Այսինքն՝ Սաչկովը, լինելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել»-ի բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:
«Հայկական իշխանությունները հերթական անգամ խախտում են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ ողջամիջ դատաքննություն իրականացնելու մասով: Ստացվում է, որ իմ ամուսնու համար մեկ տարին և 10 ամիսը բավարար ժամանակահատված չէ, որպեսզի սկսեն դատաքննությունը և հնարավորություն տան մարդուն իր անմեղությունն ապացուցելու»,-«Հետքին» ասաց Սաչկովի կինը՝ Եկատերինա Ազյոման:
Վ.Սաչկովի կինը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ:
Լուսանկարում՝ ձախից՝ փաստաբաններ Բաղդասարյանն ու Ռշտունին, Վլադիմիր Սաչկովը՝ աջից:
Մեկնաբանել