Հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց գաղտնազերծելու բանալին՝ ըստ «Ժառանգության»
Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ գաղտնազերծմանը՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են գաղտնազերծել մինչև 1991 թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:
Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծումը, նրանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև կանխել այդպիսի անցյալով անձանց ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունները:
Նախատեսվում է, որ գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձինք, ովքեր բացահայտվել կամ խոստովանել են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, կամավոր կհրաժարվեն զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց:
Եթե նրանք մերժվեն այդ առաջարկությունը, ապա կհրապարակվի այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, որը նաև կներկայացվի համապատասխան մարմնին՝ պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով:
«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի հետապնդած նպատակներն են Հայաստանի ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթների ու սկզբունքների իրականացումը՝ պետության և հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով՝ ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց և դրանց փորձերից:
«Ժառանգությունը» հայտնում է, որ նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել ու վերլուծվել այս ոլորտում միջազգային փորձը, մասնավորապես Լիտվայի, Լեհաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սերբիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ալբանիայի և Հունգարիայի օրենսդրությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել