
Ոստիկանները վիրավորվել են «SOS» նախագծում օգտագործված բառերից
Ամալյա Մարգարյան
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեթյուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ոստիականությունն ընդդեմ «SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆջյանի քաղաքացիական գործով հերթական նիստը:
Նիստը սկսելուց առաջ, դահլիճում ներկա գտնվող լրագրողների առկայության պատճառով, դատավորը հարցրեց կողմերի համաձայնությունը և առարկությունը լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ: Պատասխանող կողմը չներկայացրեց որևէ առարկություն, նշելով որ հրապարակային դատաքննության ժամանակ նման սահմանափակում դատարանի կողմից կարող է իրականացվել օրենքի որոշակի կետերի հիման վրա, իսկ այդ պահին կատարվող նիստը հանրային հետաքրքրություն ունի, սակայն հայցվոր կողմը առարկեց: Դատավորի որոշմամբ, նիստի ընթացքում կատարվեց միայն լուսանկարահանում:
Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ միջնորդությամբ, որտեղ ներկայացվում էր դատարանի կողմից ներկայացված ապացուցման բեռի բաշխման մեջ կատարել լրացումներ:
«Խնդրում եմ պատասխանողի վրա սահմանել ապացուցման հետևյալ բեռը, որ ՀՀ ոստիկանությունը իր գործարար համբավը հասարակության շրջանում բացասական կարգով փոփոխության է ենթարկել, բացառապես «SOS» G7 վերնագրով 11-րդ թողարկումից հետո: Իսկ համահայցվորներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի համար ապացուցել այն հանգամանքը, որ վերջիններիս պատիվը որպես հասարակական գնահատական կրկին բացասական գնահատականի է արժանացել կամ վերագնահատվել է բացառապես «SOS» «G7» տեսանյութի տարածումից հետո», - ներկայացրեց Հայկուհի Հարությունյանը:
Նա նաև ավելացրեց, որ դատարանի կողմից ապացուցման բեռը բաշխման ընթացքում պատասխանող կողմը ապացուցի, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված բռնությունները սոցիալական կայքերի միջոցով տարածված տեղեկատվությունը և այդ հիմքով ոստիկանությանը պատասխանատվության ենթարկելու հանգամանքը հանդիսացել է հանրային հետաքրքրության առարկա: Եվ ավելացրեց, որ Վիլեն Գայֆեջյանը ներկայանում է ոչ թե որպես առանձին անհատ, այլ ներկայացնում է «SOS» նախագծի հաղորդավար:
Վիլեն Գայֆջյան
Սրան ի պատասխան հայցվոր կողմը նշեց, որ իրենք պատասխանատվության են կանչել այն անձին, որն իր գործողությամբ և արարքով ոտնահարել է հայցվոր կողմի իրավունքը և ավելացրեց, որ միջնորդության մեջ նշված սոցիալական ցանցերում չկան պարոն Գայֆեջյանի կողմից հնչեցված արտահայտությունները.
«Մեր իրավունքն է ոտնահարվել պատասխանողի կողմից, ինտերնետային հրապարակումների մասով չկան այն հայհոյախոսությունները, որոնք թույլ է տվել պրն. Գայֆեջյանը տեսանյութի ընթացքում, այնտեղ չկան դատողություններ, դա հեղինային խոսք է, ուստի այդ հրապարակումները պատասխանող կողմի հայցով չեն կարող հաշվել»:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանի կարծիքով, սակայն, Վիլեն Գայֆեջյանն արտահայտել է իր սեփական կարծիքը. «Նա անցել է բարոյականության սահմանագիծը, մենք այստեղ ենք կանչել նրան, որ պատասխանատվության ենթարկվի հենց այդ բառերի համար: Այս տեսանյութով տարածված նյութն իր սրությամբ բարոյականության սահմանն է անցնում»:
Կողմերին լսելուց հետո դատավորը մերժեց Հայկուհի Հարությունյանի ներկայացրած միջնորդությունը, սակայն նոր միջնորդություն և նոր փաստեր ներկայացնելուց հետո, դատարանը հետաձգեց դրանց քննարկումը, որպեսզի կողմերը ավելի հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները և ծանոթանան միջնորդությանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին ժամը 15.00:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը եւ Հովհաննես Քոչարյանը դատական հայց են ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Ոստիկանները վիրավորվել են, հաղորդաշարի 2015թ-ի մայիսի 24-ի 11-րդ «G7» թողարկումից, որտեղ ըստ հայցադիմումի, ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև հաղորդավարը ոստիկանության աշխատակիցներին անվանել է «Շան տղերք»:
Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի
Մեկնաբանել