HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիայից Հայաստան՝ հեծանիվով

Ազատուհի Խաչատրյան

-Շատ աղջիկների եմ առաջարկել, բայց ոչ ոք չհամաձայնեց ինձ հետ հեծանիվով ճամփորդել,- ասում է Դիմիտրին ու ավելացնում,- նրանք «Մերսեդես» են սիրում, ոչ թե հեծանիվ (ծիծաղում է- հեղ.):

34-ամյա Դիմիտրին, ում իր երկրում Դիմի են ասում, 9 ամսում հեծանիվով 17 երկրի սահման է հատել՝ անցնելով 12 հազար կիլոմետր: Սկզբնակետը Շվեյցարիան էր՝ իր հայրենիքը, այժմ Հայաստանում է, բայց վերջնակետին դեռ չի հասել. չգիտի՝ որ երկիրը կլինի դա:

Ի՞նչ էր անում մինչ ճամփորդելը

-Կրթական մի քանի աստիճան ունեմ: Սոցիոլոգիայի և կրոնների գիտության մասնագետ եմ, նաև ֆրանսերենի ուսուցիչ: Ուսումս ավարտելուց հետո մեկնել եմ Բանգլադեշ աշխատելու, հետո որոշ ժամանակ աշխատել եմ Ռուսաստանում՝ Պյատիգորսկ և Ստավրոպոլ քաղաքներում:

Ի՞նչ կա սարի ետևում

-Առաջին անգամ հեծանվով 21 տարեկանում ճամփորդեցի՝ Պորտուգալիայից Շվեյցարիա: Ինձ դուր եկավ այդ տեսակ ուղևորությունը. ավելին ես տեսնում ու սովորում, քան ինքնաթիռով կամ ավտոբուսով ճամփորդելիս:

Այս անգամ ուզում էի տեսնել՝ ինչ կա սարի ետևում: Անցնում ես այդ սարը, հետո մյուսն ես ուզում տեսնել ու էդպես շարունակ… Դեռ չգիտեմ, թե հետո ուր կգնամ: Կենտրոնական Ասիայի երկրներով եմ հետաքրքրված:

Ի՞նչ կա Դիմիի պայուսակներում

-Երեք սեզոնի հագուստ, սնունդ, դեղատուփ, որը սկզբում շատ մեծ էր, որովհետև հայրս բժիշկ է ու ստիպեց, որ շատ դեղորայք վերցնեմ: Հետո դեղատուփս ավելի փոքրացավ: Իրականում ես ուժեղ եմ ու դեղերի կարիք չեմ ունեցել (ծիծաղում է- հեղ.): Վերցրել եմ գիրք ու համակարգիչ, որում գրում եմ ուղևորություններիս մասին: Բլոգ ունեմ, որտեղ տեղադրում եմ նյութերս. հայրս սիրում է կարդալ դրանք:

Ունեմ նաև հեծանիվս վերանորոգելու գործիքներ. շատ ծանր են: Նախընտրում եմ վարպետների մոտ տանել, քան ինքս սարքել: Այդպես ավելի արագ է: Օրինակ՝ Վրաստանում հեծանիվս փչացել էր: Գտա վարպետի, որը հայ էր: Ի դեպ, շատ հպարտ էր: Երբ տեսավ վնասված անիվը, մոտ քսան րոպե վիճում էր ինձ հետ, թե ինչու եմ այդքան օդ լցրել մեջը: Մեղադրում էր ինձ (ծիծաղում է- հեղ.): Հետո սարքեց ու ասաց, որ այստեղ ճանապարհը Ֆրանսիայի ու Շվեյցարիայի նման հարթ չէ, անիվը պետք է մի քիչ թույլ լինի, որ չպայթի: 

Եվ ամենակարևորը՝ վրան ու ուտելիք պատրաստելու հարմարանքներ: Հաճախ եմ վրանում գիշերում: Պետք է անվտանգ տեղ ընտրել, որտեղից քարեր չեն գլորվի քեզ վրա, կամ գետի ջուրը չի բարձրանա: Իսկ մարդկանց հետ խնդիր չունենալու համար պետք է կամ գնալ այնտեղ, որտեղ քեզ չեն տեսնի, կամ որտեղ քեզ շատերը գիտեն: Բայց քիչ է հավանական, որ կգողանան հեծանիվը , այլապես ես կվաճառեմ իմ ամրոցը (հեղ. ծիծաղում է): Կենդանիներից վտանգ չի սպառնում, բայց մի անգամ Չեխիայում վրանիս մոտ վարազ էր եկել, հենց տեսավ ինձ, ուժեղ ձայներ արձակեց: Վախեցա ու փակեցի վրանիս դուռը: Ինքնապաշտպանության միջոցներ վերցնելը ավելորդ եմ համարում: Երբ դանակ լինի հետս ու մարդիկ տեսնեն, այդպես ավելի շատ խնդիրներ կունենամ:

Մոտ երեսուն կիլոգրամ են կշռում իրերս: Դրանք պետք է ուղղակի տարբեր կողմերից կապել հեծանիվին: Ես ճանապարհին մեկին տեսա, որ 60-կիլոգրամանոց պայուսակ ուներ, մենակ չէր կարողանում վերցնել, ես եմ օգնել նրան:

Ամբողջը հեծանիվո՞վ

-Ոչ, Թուրքիայում Բոսֆորի նեղուցը նավով եմ անցել: Կամուրջ կար, որի վրայով չէր թույլատրվում հեծանիվ քշել: Կարծեմ մի հեծանվորդ անցել է, որի համար նրան բանտ են նստեցրել: Իմաստը չէի տեսնում հանուն սկզբունքների նման ռիսկային քայլի գնալու (ծիծաղում է- հեղ.):

Երկիրը լքելու ու ճամփորդելու պատճառներից

-Շվեյցարիայում շատ բաներ ինձ դուր չեն գալիս: Ինձ ձանձրացրել է այնտեղի կարգ ու կանոնով կյանքը, որտեղ մարդիկ մի բանի վրա են սևեռված: Ինձ հանդիպած մարդիկ ասում են՝ «там лучше» ու զարմանում են, որ ուզել եմ հեռանալ այդ երկրից:

Շվեյցարիան ունի հզոր տնտեսություն, և հետևաբար մարդիկ մտածում են, որ իրենք ավելի լավն են: Բայց ես չեմ կարծում, որ նրանք ավելի հպարտ են, քան մարդիկ Հայաստանում (ծիծաղում է- հեղ.): Ես գիտեմ մարդկանց, ովքեր դժվար են համարում ապրել ամսական 10 հազար դոլարով: Նրանք առնում են տուն, մեքենա, բայց ոչ հեծանիվ (ծիծաղում է- հեղ.) և չափվում, թե ինչ ունեն մյուսները:

Ես կարծում եմ, որ նրանք շատ են սևեռվում տնտեսական հարցերի վրա և մոռանում են մշակույթի մասին: Հայաստանը մշակույթը պահպանելու լավ օրինակ է: Ամեն երկրում էլ մարդիկ մի բանի վրա կենտրոնանում են:

Ի՞նչ չեն ասում մարդիկ Դիմիին

-Ճանապարհին ինձ հաճախ են հարցնում. «Արժի՞ որ: Ինչու՞ մենակ: Ամուսնացած չե՞ս»:

Ֆրանսիական ասացվածք հիշեցի, ասում է՝ «Տղամարդն առանց կնոջ նույնն է, ինչ կարմիր ձուկը հեծանիվով»:

Հայաստանում մարդիկ ավելի լավ են ընկալում հեծանիվով ճամփորդելու իմ գաղաղափարը: Ասում են՝ «молодец, молодец», իսկ Թուրքիայում չէին հասկանում: Այնտեղ մեքենաները կանգնում էին և ասում՝ արի, դիր հեծանիվդ մեքնենան, գնանք:

«Սկսեցի շատ բան սովորել»

-Հենց անցնում ես Շվեյցարիայի ֆրանսիական հատվածի սահմանը, տեսնում ես փոփոխությունը, որովհետև անցնում ես գյուղից գյուղ, ոչ թե քաղաքից քաղաք: Այս տարբերությունը զգում ես անգամ մարդկանց՝ քեզ նայելու, քեզ հետ խոսելու հարցում:

Կրոնական հարցով բավական տպավորիչ էր Թուրքիան, երևի այն պատճառով, որ պատրաստ չէի: Ես ուզեցի այնտեղ տեսնել որոշ փոքրամասնությունների՝ ասորիների և մուսուլմանական խմբերի: Ըստ օրենքի՝ կա կրոնական ազատություն, բայց գործնականում, դու իրավունք չունես եկեղեցի կառուցելու. Դրանք շատ քիչ են ու միայն Ստամբուլում: Ես եղա Կապադովկիայում, որտեղ հույներ են ապրել, և հունական ուղղափառ եղեկեցիներ կան: Շատ սիրուն է, բայց ուղղակի թանգարան է. դա շատ տխուր է: Ես լսեցի, թե ինչպես է զբոսավարը ասում, որ այդ քարանձավներում մարդիկ են ապրել մինչ 1924 թ.: Մոտեցա նրան ու հարցրի՝ իսկ ի՞նչ է եղել հետո: Նա ասաց. «Օ՜, սարն է հոսել ներքև, և մարդիկ ստիպված են եղել հեռանալու»: Սա շատ անիրական է հնչում:

Տեսեք, այնտեղ են գնում տարեկան միլիոնավոր տուրիստներ, բայց սարի մի կեսը հոսում է. դա անվտանգ չէ: Ասացի՝ արդյո՞ք դուք նրանց դուրս եք վռնդել երկրից: Նա ասաց. «Ոչ, դա կրոնական հարց չէ. Թուրքիան նրանց հայրենիքը չէր, նրանք ուզեցին գնալ ապրելու իրենց հայրենիքում»: Բայց դա եղել է տասը դար հետո, անգամ Կապադովկիայի ու Հունաստանի հույների լեզուներն են տարբեր: Բոլոր երկրներն էլ ունեն իրենց սխալները, անգամ Շվեյցարիան, և ուզում են թաքցնել դա: Կարծում եմ՝ սրանից կարելի է դասեր քաղել: Մարդիկ սովորում են դպրոցներում, համալսարանում և պետք է սովորեն քննադատորեն մոտենալ հարցերին: Այո, դա գեղեցիկ է, բայց ինչ-որ բան պակասում է այնտեղ: Գիտեմ, որ քրիստոնյաները երկար ժամանակ են գոյատևել Օսմանյան կայսրության մեջ: Մարդիկ խուսափում են խոսել այդ մասին, բայց դա է հետաքրքիրը: Տեղանքի սիրունությունը բավարար չէ ինձ համար: Սկզբում գուցե, երբ Պորտուգալիայից Շվեյցարիա քշեցի հեծանիվով, բայց միայն այդ ժամանակ: Որովհետև քշելուց բացի ես նաև սովորում էի: Այո, լեռները սիրուն են, բայց երբ տեսնում ես հարյուր հազարավոր լեռներ… (ծիծաղում է):

Դիմիին հանդիպած Հայաստանի մարդիկ

-Երբ մտա Հայաստան, առաջին բանը որ ինձ ասացին այն էր, որ այստեղ շատ ցուրտ է: Գիշերեցի Արթյուղի (հեղ. Արթուր) մոտ, ով դահուկասահքով է զբաղվում: Նա ինձ պատմեց, որ ինքը չի կարողացել մասնակցել միջազգային մրցույթի, որովհետև միջոցներ չուներ: Հետո պարզվել է, որ դահուկասպորտի ֆեդերացիայի միջոցով դրա համար գումար է փոխանցվել արտասահմանից, բայց էդպես էլ իրեն չի հասել: Արթյուղը ինձ պատմեց նաև, որ հայերը առաջինն են քրիստոնեություն ընդունել, ասաց ցեղասպանության մասին:

Նկատել եմ, որ այստեղ մարդիկ ուզում են քեզ սովորեցնել: Մի կին էլ Գյումրիում ինձ ասում էր ընտանիքի կարևորության մասին: Նա տասը տարի իր ամուսնու հետ ապրելուց հետո բաժանվել էր, քանի որ մինչ ամուսնանալը երեք ամիս էր շփվել նրա հետ՝ դպրոցից տուն ճանապարհին: Նա ինձ ցույց տվեց իր աղջկա նկարը, ով հիմա Գերմանիայում է, ու ասաց, որ մենք լավ զույգ կլինենք:

Իսկ Երևանում տաքսիստն ինձ ասաց՝ «люди здес или таксуют, или таргуют»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter