HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերի վարկային պորտֆելը նվազել է. ում են վարկ տալիս

Սեդա Հերգնյան 

Վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների համար բանկերից վարկ ստանալը համեմատաբար հեշտացել է։ Կան բանկեր, որոնցից հիմա միայն անձանգրով կարելի է վարկ ստանալ։ Դրանց տրամադրման գործընթացի պարզեցումները, մի շարք հանգամանքների հետ միասին, նպաստել են տարիների ընթացքում բանկային համակարգի վարկային պորտֆելի աճին։   Ընդ որում՝ այդ աճը կայուն դինամիկա է ունեցել։ 2014-ին հատել է 2 տրլն դրամի սահմանը։ Վերջին առնվազն 5  տարվա կտրվածքով, ըստ տարեվերջին գրանցված տվյալների,  միայն  նախորդ տարի է, որ բանկերի վարկային պորտֆելի նվազում է արձանագրվել։ 

ՀՀ կենտրոնական բանկի «Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերն ըստ ոլորտների (ամսական)» հրապարակման ցուցանիշների հաշվարկով՝ 2015  թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ 21 առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տլն 43,4 մլրդ դրամ։ Դրանից 1տրլն 336,7 մլրդ դրամը տրվել է արտարժույթով (մեծ մասը՝ դոլարով) և 706,7 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով։ 

2014-ի դեկտեմբերի վերջի դրությամբ վարկերի ընդհանուր ծավալը կազմել էր  2 տրլն 121,6 մլրդ դրամ։ Արդյունքում՝ առևտրային բանկերի վարկային պորտֆելը մեկ տարում կրճատվել է ավելի քան 78 մլրդ դրամով կամ 3,7%-ով։ Ընդ որում՝ դրամով վարկերը նվազել են  9,97 մլրդ դրամով (1,4%), իսկ արտարժույթովը՝ 68,22 մլրդ դրամով (մոտ 4%)։ Ընդգծենք, որ այս տվյալները նկարագրում են հենց դեկտեմբեր ամսվա վիճակը։ Տարվա ընթացքում վարկային պորտֆելը փոփոխությունների է ենթարկվում՝ տրվում են նոր վարկեր, իսկ նույն ընթացքում մյուս հաճախորդները մարում են նախկինում վերցրած վարկերը։ 

Ընթերցողները հավանաբար կհիշեն, որ նախորդ տարեսկզբին բանկերից վարկ ստանալը բավականին բարդացել էր,  և դա ևս  ազդեցություն է ունեցել վարկերի տարեկան ընդհանուր ցուցանիշների վրա։ Դրան էլ գումարվել են տնտեսության ընդհանուր վիճակի խնդիրները, որոնց շարքում նախորդ տարի առաձնացավ տրասֆերտների կրճատումը։ 

Բայց բանկերի կողմից տրված վարկերի ծավալների իրական աճը կամ նվազումը հասկանալու համար հարկավոր է կենտրոնանալ արտարժությով վարկերի ծավալների և դրամ-դոլար փոխարժեքի տատանումների վրա։ Բանն այն է, որ Հայաստանում արտարժույթով վարկերի գերակշիռ մասը տրվում է դոլարով։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումների՝ 2014  թվականին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415,92 դրամ, իսկ 2015-ին՝ 477,92 դրամ։ Մեկ տարում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 15%-ով։ Այսինքն՝ դոլարով վարկ ստացող քաղաքացիները ստացել են 15%-ով արժեզրկված գումար։ Օրինակ, եթե 2014-ին, միջին ցուցանիշի հաշվարկով, վարկային պորտֆելի 1 մլն դրամը 2,4 հազ. դոլար է կազմել, ապա  2015-ին՝ 2,1 հազ. դոլար։ Այս տեսանկյունից ստացվում է, որ իրականում արտարժույթով վարկերն ավելի շատ են նվազել, քան ԿԲ-ի ներկայացրած ցուցանիշներն են։ Իսկ եթե հաշվի չառնենք դոլարի թանկացումը, ապա ինչպես նշեցինք վերևում, արտարժույթով վարկերի ծավալը նվազել է մոտ 4,9%-ով։ 

Տեղեկատվության և կապի ոլորտին տրված վարկերի ծավալը զգալի աճել է 

Իսկ հիմա տեսնենք, թե բանկերը որ ոլորտներին են վարկեր տրամադրել։ Մեր հրապարակումներում նախկինում գրել ենք, որ կան ոլորտներ, որոնք ավելի նախընտրելի են բանկերի կողմից, եթե չասենք՝ վստահելի։  Բանկերը վարկերի տրամադրման ժամանակ նախընտրում են ներդրման համար առավել գրավիչ և արդյունավետ ոլորտները: Չենք կարող պնդել, որ այն ոլորտները, որոնք քիչ են վարկավորվում, բացարձակ վստահելի չեն։ Գուցե, ուրիշ պատճառներ ևս կան դրանց քիչ վարկավորման համար։ 

Այսպիսով, սպառողական, հիփոթեքային և առևտրի ոլորտին տրված վարկերը, 2015-ի ցուցանիշներով, կազմում են վարկային պորտֆելում տեղ գտած ոլորտների առաջին խոշոր եռյակը։  2013  թվականից սկսած սպառողական վարկերն առաջին տեղում են։ 

Հաճախ, եթե ոչ՝ միշտ, վարկ ստանալու անհրաժեշտություն է ունենում հիմնականում այն քաղաքացին, որն իր վաստակածով չի կարողանում բավարարել ընթացիկ կարիքները։ Սպառողական վարկերի ծավալների աճն այս տեսանկյունից բասացական է դիտվում։ Բայց դա հարցի մյուս կողմն է և հոդվածում այդ մասին չէ, որ խոսելու ենք։   

Իսկ 2013-ից առաջ առաջատարը մշակող արդյունաբերության ոլորտն էր։ 

Գյուղատնտեսության ցուցանիշի մեջ ներառվում են նաև անտառային տնտեսության և ձկնորոսության ցուցանիշները։ 

Առաջին երկու ոլորտների և մշակող արդյունաբերության վարկավորման ծավալները նախորդ տարի նվազել են։ Նվազումն ակնհայտ է, քանի այս դեպքում խոսքը միլիարդների մասին է։ Մասնավորապես, սպառողական վարկերի ծավալը կրճատվել է  ավելի քան 6%-ով, առևտրի ոլորտինը՝ 10,5%-ով, մշակող արդյունաբերությանը՝ ավելի քան 12%-ով։ Իսկ հիփոթեքային վարկերի մասով աճ է գրանցվել (մոտ 4%)։   

Թե մեկ տարում տնտեսության  մյուս ոլորտների վարկավորման ծավալներն ինչպես են փոփոխվել, ներկայացնում ենք ստորև գտնվող ինֆոգրաֆիկայով,  որտեղ կցված են նաև  2014-ի ցուցանիշները։ Յուրաքանչյուր ոլորտի ցուցանիշում ներառել ենք և ՀՀ դրամով, և արտարժույթով վարկերի ծավալները։

Ինչպես երևում է, նախընտրելի ոլորտներից նախորդ տարի ավելացել են  նաև կեցության և հանրային սննդի կարգավորման, տեղեկատվության և կապի ոլորտներին տրվող վարկերի ծավալները։ Զգալի աճ է գրանցել հատկապես տեղեկատվության և կապի ոլորտը.  ավելացել է 30 մլրդ դրամով և կազմել 41,7 մլրդ դրամ (աճը՝ ավելի քան 3,5 անգամ)։ 

Արտարժույթային վարկերը շարունակում են գերիշխել 

Հայաստանյան բանկերի կողմից վարկավորվող ոլորտների մեծ  մասին  տրվող վարկերի կազմում գերիշխում են արտարժույթային վարկերը, հիմնականում՝ դոլարային։ Ներկայացված առաջին ինֆոգրաֆիկայում դա պարզ երևում է։ Մի կողմից արտարժույթային տատանումներից խուսափելու համար քաղաքացիներին ավելի ձեռնտու է դրամով վարկ վերցնելը, սակայն մյուս կողմից էլ բանկերի համար ավելի շահավետ է արտարժույթով վարկ տալը, քանի որ վերջիններիս՝ դրսից ստացած վարկային միջոցները արտարժույթով են։  Վարկային պորտֆելում արտարժույթի գերիշխումը նշանակում է, որ բանկերը նախընտրում են արտարժույթային ռիսկերը  թողնել վարկառուների ուսերին։ Այդ ռիսկայնությունը  պարզ երևում է գյուղոլորտին տրված վարկերի օրինակով, քանի որ  գյուղացիների եկամուտները հիմնականում դրամով են, բայց այս ոլորտի վարկավորման մեծ մասը կատարվում է դոլարով։ 

Նախորդ տարեվերջի դրությամբ՝ վարկային պորտֆելում արտարժույթային վարկերը զբաղեցրել են ավելի քան  65%-ը։ 

Դատելով տվյալներից՝ միայն սպառողական վարկերի և  ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտին տրված վարկերի կազմում են նախորդ տարի գերիշիշխել դրամային վարկերը։   

Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե ինչ ծավալի վարկեր են տրամադրել Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները և որ ոլորտներն են վարկավորել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter