
Սյունիքի մարզպետի պատասխանը. նա ծեծել է գործարար կնոջը
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրահում մոտեցել է հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանին, առանց որեւէ բան ասելու հարվածել՝ սկզբում ծնկով, ապա ձեռքով: Ըստ գործարար կնոջ՝ անմիջապես միջամտել եւ «գործողության» հետագա ընթացքը կանխել են սրահում գտնվող պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը եւ Սամվել Սարգսյանը:
Սիլվա Համբարձումյանի խոսքերով՝ երեկվանից իրեն զանգահարել են մարզպետի ընկերները՝ խնդրելով, որ Սուրեն Խաչատրյանին դատի չտա: Իսկ արդեն այսօր զանգահարել է անձամբ Սյունիքի մարզպետը, սակայն ինքը հեռախոսը չի վերցրել: Արդյունքում, մի փոքր ավելի ուշ հյուրանոցում սրահում օտարերկրյա հյուրերի հետ հանդիպումից հետո, երբ իր գործընկերները դեռ սրահում են եղել, Սուրեն Խաչատրյանը դիմել է ծեծի օգնությանը՝ տալով հայհոյանքներ: Գործարար կնոջ կարծիքով, մարզպետն այս կերպ փորձում է իրեն պարզապես վախեցնել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանը Լիճվքվազ-Թեյի հանքավայրից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, եւ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:
Ինքը՝ մարզպետը, ավելի ուշ նշել էր, որ ունի փաստաթուղթ, ըստ որի՝ մինչ նշյալ հանքավայրը կգներ Սիլվա Համբարձումյանը, ինքը նախկին տերերից այդ սարքավորումները գնել է: Մինչդեռ Սիլվա Համբարձումյանն ասում է, թե մարզպետը 15 մլն դոլարի ապրանքը գնել է ընդամենը 240 մլն դրամով, եւ հիշյալ փաստաթութղը հենց դրա մասին է, մինչդեռ իր կողմից բարձրաձայվող 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումն այդ ցուցակում չկա, դա ուղղակի գողացված է, եւ ինքը խոսել է հենց դրա մասին:
Սիլվա Համբարձումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօրվա միջադեպից դեռ ուշքի չի եկել. իրեն վատ է զգում, բայց եթե, այնուամենայնիվ, ինքը չգնա էլ ոստիկանություն հաղորդում տալու, իր փաստաբանն անպայման դա կանի, ամենայն հավանականությամբ՝ հենց այսօր: Գործարար կինը նշում է, որ պայքարելու է մինչեւ վերջ, որպեսզի Սյունիքի մարզպետը գողացած գումարը վերադարձնի եւ իրենից հրապարակային ներողություն խնդրի՝ «կեղտոտ բառերի համար»:
«Հետքն» առաջիկայում այս պատմությանը մանրամասն կանդրադառնա:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել