
Լոռու մարզպետն ամփոփեց 2015թ.-ի ձեռքբերումներն ու բացթողումները
Գայանե Սարգսյան
«2016-ը հատկապես արդյունաբերության համար լուրջ մարտահրավերների տարի է լինելու»
Փետրվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում պատասխանեց մարզի լրագրողներին հուզող հարցերին:
Hetq.am - 2015թ.-ի մոնիթորինգի արդյունքներով մարզը մի քանի ուղղություններով հետ է մնում Լոռու մարզի քառամյա ծրագրով նախատեսված պլանից: Հատկապես ո՞ր ուղղություններով ենք հետ մնում ու ինչո՞վ է դա պայմավորված:
- Մի քանի ուղղություներում հաշվարկի մեթոդաբանությունը փոխվել է: Զուտ առևտրի ոլորտում մենք 200 և ավել տոկոս աճ ունենք: Այս առումով բոլորիդ մոտ հարց կառաջա. ինչպե՞ս է հնարավոր նման ծանր սոցիալական վիճակում առևտրի և սպասարկման բնագավառում 200 և ավել տոկոս աճ ապահովել: Աճը կապված է հիմնականում հաշվարկների մեթոդաբանության հետ: Եթե նախկինում ընկերությունը գործում էր Երևանում, բայց ապրանքաշրջանառությունն իրականացնում էր հանրապետության կտրվածքով, այդ ցուցանիշներն ամբողջությամբ երևում էր Երևանում: Հիմա եթե տվյալ ընկերությունը մարզում որևէ շրջանառություն է իրականացնում, հաշվարկներն իրականացվում են տվյալ մարզում: Դա է հիմնական պառճառը, որ այս ոլորտում մենք նման աճ ենք արձանագրել:
Ընդհանուր առմամբ տարեկան պլանով նախատեսված մեր աշխատանքներից նվազել է նաև շինարարության ծավալը: Գիտենք, որ շինարարությունը նաև լուրջ աշխատատեղեր էր ստեղծում, աշխատատեղերի թիվը նվազել է, և այս ոլորտում մենք լուրջ նվազման ցուցանիշ ենք արձանագրել: Սա, իհարկե, չի կարող մեզ չանհանգստացնել: Բայց, օրինակ, ճանապարհաշինության մասով մենք չնախատեսված, աննախադեպ ծրագրեր կարողացանք իրականացնել և շուրջ 5 մլրդ 500 մլն դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացրինք 2015թ.-ին: Ճանապարհաշինության մասով 2016թ.-ն էլ արդյունավետ կլինի. միայն Վանաձոր-Բագրատաշենի ճանապարհաշինությունը այդ ոլորտի մեր ցուցանիշը կտրուկ կբարձրացնի:
Փորձելու ենք միջազգային կազմակերպությունների ու մասնավորի միջոցով ներդրումային ծրագրեր իրականություն դարձնել, որովհետև 2016թ.-ին շատ բան սպասել պետբյուջեից, ինձ թվում է ճիշտ չի լինի: 2016-ը, ինչպես և 2015-ը մեզ համար լուրջ մարտահրավերներով լի տարի է լինելու: Լոռու մարզպետարանը փորձելու է առաջիկա մեկ-երկու տարիներին լուրջ աշխատանքներ իրականացնել նաև միջազգային կառույցների հետ, ովքեր ի վիճակի են համայնքային և պետական բյուջեներին օգնության ձեռք մեկնել:
Արտաքին կապերի առումով լուրջ աշխատանքներ են իրականացվում: Շուրջ 43 միջազգային կառույցների ու հիմնադրամների հետ Լոռին 2015թ.-ին աշխատանքներ է իրականացրել: Աշխատանքները շարունակական են: Կարող եմ որպես օրինակ բերել Տաշիր բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքները:Վանաձորում 2017թ.-ի գարնանը կավարտվեն բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որտեղ ծննդատան մասնաշենքի շինարարության ամբողջ ծախսը Տաշիր բարեգործականն է իրականացնում, Ստեփանավան ու Տաշիր համայնքներում մանկապարտեզներ են կառուցել, այժմ մանկապարտեզներ են կառուցում նաև Սպիտակում ու Ալավերդիում:
Փորձելու ենք շինարարության բացը լրացնել նաև մեր թեկուզ փոքր ներդրումներ կատարող գործընկերների հետ: Օրինակ, Դիակոնիա կազմակերպությունը, որը նախկինում միայն սոցիալական փոքր ծրագրեր էր իրականացնում, 2015թ.-ին շուրջ 100 մլն դրամի ծրագիր իրականացրեց, ընդ որում նաև կապիտալ շինարարության ծրագիր:
Միայն Թումանյանում այս տարի 17.5 մլն դրամի ներդրում է իրականացվել տարեցների համար զբաղվածության կենտրոն կառուցելու համար, որը ամռան ամիսներին կծառայի նաև որպես ամառային ճամբար խոցելի խմբերի երեխաների համար:
Ուզում եմ ևս մի խոշոր ծրագրի մասին խոսել: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից մի քանի համայնքներում փոքր Սմարթ կենտրոններ են կառուցել, իսկ կարևորագույն ծրագիրը, որը հանրապետությունում եզակի է իր տեսակով, դա Սմարթ կենտրոնի կառուցումն է Դեբեդի հովտում: Ընդհանուր առմամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը 5 մլն դոլարի ներդրում է կատարելու մեր մարզում:
Hetq.am - Նշեցիք, որ 2015-2016 թվականները մարզի համար դժվար տարիներ են, բայց որոշ համայնքների ղեկավարներին այդ հանգամանքը կարծես չի կաշկանդում: Համայնքներ ունենք, որտեղ խրախուսումների ու պարգևատրումների համար բավականին մեծ գումար է ծախսվում: Օրինակ, Վանաձորում այս տողով 2015թ.-ին 20 մլն դրամից ավել գումար է ծախսել: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
- Ես կողմնակից եմ, որ լավ աշխատողները խրախուսվեն, որովհետև խրախուսվելով նրանք ավելի լավ են աշխատում, իսկ թվային այն, ինչ դուք ներկայացրիք, այնքան էլ տեղյակ չեմ: Բոլորդ գիտեք, որ համայնքներում վարչական ստուգումներ անց են կացվում երեք տարին մեկ և այդ ժամանակ մենք նոր միայն որոշակի ինֆորմացիայի տիրապետում ենք: Այսինքն, եթե համայնքի ավագանին որոշում է կայացնում պարգևատրել ինչ-որ մեկին, եթե բյուջեով նախատեսված է այդ պարգևատրման տողը, այստեղ մենք որևէ անելիք չունենք: Ուղղակի մենք պետք է հետևողական լինենք՝ արդյոք այդ մարդիկ արժանի՞ էին այդ մեծ չափերի հասնող պարգևատրումներին, արդյոք տվյալ համայնքում շատ ավելի խիստ կարևոր աշխատանք չկա՞ր, որ այդ գումարի սահմանում իրենք ի վիճակի էին իրականացնել, կամ արդյոք խիստ սոցանապահով ընտանիքներ չկա՞յին, որոնց կարող էր այդ գումարն ավելի անհրաժեշտ լինել:
Այս տարի մարզի 37 համայնքում վարչական ստուգումներ ենք իրականացնելու: Ես անպայման հատուկ կպահանջեմ, որ ձեր ասած ֆինանսական ծախսերին շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնեն:
- Արդյունաբերության ոլորտի հետ կապված ի՞նչ ցուցանիշներ ու ի՞նչ ծրագրեր կան:
- Քանի որ մարզը հիմնականում արդյունաբերական է, բնականաբար, մեզ չափից դուրս անհանգստացնում է արդյունաբերության վիճակը, որովհետև ճիշտ է, 2015-ի ցուցանիշները գոհացուցիչ են, շուրջ 202 տոկոս աճ ենք արձանագրել, բայց դա հիմնականում կապված էր Թեղուտի շահագործման հետ: Այս առումով 2015 թ.-ի երկրորդ կեսին տեսանք, որ արդյունաբերության ոլորտում լուրջ խնդիրներ ունենք, որը հիմնականւոմ կապված էր համաշխարհային շուկայում մետաղի գների անկման հետ, և այդ տենդենցը շարունակվում է: Ցավոք, մետաղի գների աճի տենդենցը մինչ օրս չի երևում և դժվար է արդյունաբերության ճակատագրի մասին խոսել: Ուղղակի ասեմ, որ ինչպես 2015-ը, այնպես էլ 2016-ը հատկապես արդյունաբերության համար լուրջ մարտահրավերների տարի է լինելու: Եվ այդ առումով մենք արդեն տարեվերջին զգացինք բացասական ազդեցությունը. Ստեփանավանում աշխատողների շուրջ 90 տոկոսն անորոշ ժամանակով տուն է ուղարկվել. սեփականատերերի հետ հստակ չկարողացանք հասկանել, թե աշխատողների ճակատագիրը ինչպիսին է լինելու: Համենայն դեպս, նրանք էլ շահագրգռված են իրենց մասնագետներին չկորցնել ու փորձում են կապը պահել, որ հնարավորության դեպքում նորից վերաբացվեն:
Ինչ վերաբերում է Ախթալա, Շամլուղ, Ալավեդի, Թեղուտ համայնքներում հանքաարդյունաբերությանը, պետք է ասեմ, որ այնտեղ էլ վիճակն այնքան բարվոք չի, և մենք եկանք ընդհանուր հայտարարի, որ հիմնարկ-ձեռնարկությունները չփակվեն, այլ գոնե կրճատումներ լինեն: Հիմա կրճատումների գործընթաց է Ալավերդում, Ախթալայում, Թեղուտում: Այնպես որ, այս տարի մի փոքր ցավոտ կլինի արդյունաբերության ու աշխատատեղերի կրճատման մասով: Բայց ես լավատես եմ, որ գոնե առաջին եռամսյակից հետո համաշխարհային շուկայում մետաղի գները կբարձրանան ու արդյունաբերության ոլորտում վիճակը կլավանա:
-Ի՞նչ նորություն կա Վանաձոր-Քիմպրոմի և Վանաձորում կառուցվելիք էլեկտրակայանի հետ կապված:
-Չեմ ուզում ժամանակից շուտ առաջ ընկնել ու որևէ հայտարարություն անել: Կան միայն բանակցություններ, որ հնարավոր է ՋԷԿ-ը վերակառուցվի և էլեկտրակայանը բացվի: Հիմա բանակցությունների փուլում ենք, բայց շատ շուտով հստակ տեղեկատվություն կտանք, թե ինչ ներդումների մասին է խոսքը և կոնկրետ որ կազմակերպությունը կամ որ ֆինանսական խողովակներն են ներդրում կատարելու: Ինչ վերաբերում է Քիմպրոմին, որևէ դրական բան չեմ կարող ասել:
- Ե՞րբ կտրվի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության մեկնարկը:
- Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության մասով ընդհանուր առմամբ 120 մլն դոլարի ներդրումային ծրագիր է նախնական կանխատեսվում: Մարտի սկզբին աշխատանքների իրականացման համար մրցույթ կհայտարարվի, շինաշխատանքները կարծում եմ, կսկսվեն մրցույթն ամփոփելուց մեկ ամիս անց: Ճանապարհի շինարարության հետ կապված մարզպետարանում մի քանի անգամ խորհրդակցություն է հրավիրվել շահառու համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որպեսզի նրանց միջոցով փոխհատուցման մասին տեղեկացվեն այն բնակիչները, որոնց տնամերձը կամ հողատարածքն ընկնելու է այս ճանապարհահատվածի մեջ: Փոխհատուցվելու են նույնիսկ նրանք, որոնք սեփականության վկայականներ չունեն, այսինքն՝ մարդիկ օգտագործում են տվյալ հողատարածքը տարիներ շարունակ և կարող են հիմնավոր փաստերով դա ապացուցել:
Շինարարությունը մեր մարզի համար ամենակարևորագույն ճանապարհաշինական աշխատանքն է լինելու: Ես չգիտեմ, երբևիցե նման մեծածավալ աշխատանք կիրականացվի, թե՝ ոչ: Ճանապարհի կարևորությունը բոլորս էլ հասկանում ենք. Վրաստանը Հայաստանի հետ կապող միջպետական ճանապարհը գիտեք՝ ինչ ծանրաբեռնված է: Միայն թունելների մասով մենք օրվա ընթացքում մի քանի խցանում ենք ունենում: Միաժամանակ երկու մեծ մեքենաներ ի վիճակի չեն թունելի միջով անցնել ու շատ դեպքերում միաժամանակ մտնում են թունել ու խցանում առաջացնում:
-Լոռին աղքատության ու արտագաղթի ցուցանիշով առաջատարներից է: Ինչո՞վ եք սա պայմավորում:
- Ինչ վերաբերում է աղքատության տոկոսին, Լոռու մարզում լուրջ խնդիր ունենք ու լուրջ անելիքներ: Աղքատության տոկոսի բարձրացմանն ու արտագաղթին նպաստեց հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակը: Աշխահաքաղաքական բացասական ազդեցությունն առաջինն զգում են արդյունաբերական մարզերը: Եվ բնականաբար մեր մարզը, լինելով արդյունաբերական, առաջին հարվածը ստացավ: Նույնը եղավ նաև 2008թ.-ին. երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եղավ, Լոռու մարզն առաջին իսկ օրից զգաց դրա ազդեցությունն իր վրա: Եվ բնականաբար, այս աշխարհաքաղաքական վիճակը՝ նավթի գներ, համաշխարհային շուկայում մետաղի գների անկում, չէր կարող չազդել աղքատության ու արտագաղթի տեմպերի վրա…
Սա խոսում է այն մասին, որ տնտեսությունը պետք է լինի բազմաճյուղ, որովհետև մենք այլ տարբերակ չունենք: Փորձը ցույց է տալիս, որ արդյունաբերությունից կախված մնալով, ցանկացած համաշխարհային ճգնաժամ անմիջապես իր բացասականն ազդեցությունն է ունենում:
Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը մեզ համար դարձել է գերակա խնդիր, որը փորձելու ենք լուծել տուրիզմի զարգացման միջոցով, որը տնտեսության մեջ շատ արագ է զարգանում ու զարգացման մեծ հեռանկարներ ունի մեր մարզում:
- Հանրապետական կուսակցության ծրագրերը վերջին շրջանում մանավանդ մարզկենտրոն Վանաձորում անհաջողության են մատնվում: Մասնավորապես, հանրաքվեի արդյունքում Հանրապետական կուսակցությունը պարտություն կրեց: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:
- Նախ, եթե խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, մարզում մենք ընդհանուր առմամբ լուրջ հաղթանակ տարանք ու «այո»-ի շուրջ 19.000 քվեաթերթիկներով մենք առաջ էինք: Վանաձորում, իհարկե, ունեցանք պարտություն: Դա ինչ-որ տեղ ես համարում եմ ոչ միայն հանրապետականների պարտությունը, որովհետև սահմանադրական բարեփոխումների մասով ոչ միայն հանրապետականն էր շահագրգռված, այլ նաև այլ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Բարգավաճ կուսակցությունը, Դաշնակցությունը: Այնպես որ թողնել այս պարտությունը միայն հանրապետակնների վրա, կարծում եմ ճիշտ չի լինի:
Բայց մենք բնականաբար, պետք է հետևություն անենք. ինչո՞ւ մնացած համայնքներում «այո»-ի քվեաթերթիկները շատ ավելին էին, քան Վանաձորում: Եթե համեմատենք սոցիալական վիճակը, ապա պետք է ասեմ, որ Վանաձորում սոցիալական վիճակն այդքան էլ չի տարբերվում մյուս համայնքներից: Շատ հաճախ ամեն ինչ կապում ենք սոցիալական վիճակի հետ, բայց տեսանք, որ ունենք նույն սոցիալական կարգավիճակում գտնվող համանքներ, որտեղ «այո»-ն հաղթեց: Դրա համար մենք պետք է մեր քաղաքական ուժով հետևություն անենք Վանաձորի մասով, փորձենք հասկանալ մեր պարտության պատճառները: Անկեղծ՝ ես «ոչ» քվեարկողներից երբեք չեմ դժգոհում, փորձում եմ հասկանալ իրավիճակը և իրավիճակը գնահատելով ես գտնում եմ, որ ցանկացած պաշտոնյա, այդ թվում նաև ես, պետք է ավելի ճիշտ աշխատենք, ավելի լավ աշխատենք, որպեսզի մեր աշխատանքն ինչ-որ չափով հույս ներշնչի մեր ընտրողների, մեր բնակիչների համար և նրանք հույսով հավատով մեր խոսքը լսեն:
- Որքանո՞վ է կարևոր համայնքների խոշորացումը ու ի՞նչ կտա այն խոշորացման փնջում ընդգրկված համայնքներին:
- Ես միշտ այն եզակի համայնքի ղեկավարներից եմ եղել, ով կողմնակից է եղել համայնքների խոշորացմանը: Հիմա էլ պնդելու եմ նույնը: Ես այն մազպետներից եմ, ով կողմնակից է համայնքների խոշորացմանը: Համայնքների խոշորացումը ինքնանպատակ չի արվում, այն արվում է կոնկրետ տվյալ համայնքների բնակիչների համար: Շատ դեպքերում համայնքների խոշորացումը սխալ են մեկնաբանում, դրա համար բնակիչների մոտ տարակարծություններ են առաջանում: Համայնքների խոշորացման հիմնական նպատակը ռեսուրսների կենտրոնացումն է մի տեղում, որովհետև կենտրոնացված ռեսուրսներով կառավարելն ավելի արդյունավետ լինում: Կարելի է ուղղակի ուսումնասիրել եվրոպական զարգացած երկրների փորձն ու հասկանալ, թե համայնքների խոշորացումը որքան կարևոր ծրագիր է:
Բնականաբար, ճիշտ չներկայացնելու դեպքում խոշորացող համայնքների ու հատկապես փոքր համայնքների բնակիչների մոտ կարող է որոշակի դժգոհություն առաջանալ: Հիմա մենք որպես խոշորացող համայնքի մոդել ունենք Թումանյան համայնքը: Սա կարելի է ընկալել որպես պիլոտային ծրագիր: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ Թումանյանն իր տեսակով դառնա օրինակելի համայնք ու օրինակ ծառայի մյուս համայնքների համար: Մեզ համար շատ կարևոր է, որ որպես խոշորացված համայնք այն իր տեսակով լինի յուրահատուկ, որ երբ խոշորացման ծրագիր իրականացնենք մյուս համայնքներում, մարդիկ հասկանան խոշորացված ու չխոշորացված համայնքների տարբերությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել