HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թանկարժեք մետաղների հանքանյութն ամրապնդել է դիրքերը ՀՀ արտահանման կազմում

2015 թվականին Հայաստանից մոտ 6,5 հազ. տոննա թանկարժեք մետաղների հանքանյութ (հանքաքար և խտահանք) է արտահանվել, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 31,6 մլն դոլար։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ Ֆինանսների նախարարությունից։   

Սա երրորդ տարին է, ինչ Հայաստանից զգալի քանակությամբ թանկարժեք մետաղների հանքանյութ է արտահանվում։ Այն այժմ ընդգրկված է Հայաստանից արտահանված մաքսային ամենաբարձր արժեք ունեցող ապրանքների խմբում։  Մեծ քանակությամբ թանկարժեք մետաղների հանքանյութ Հայաստանն արտահանել է նաև 2012 և 2014  թվականներին։ 2005 թվականից հետո ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը փաստում է, որ բացի նշված երեք տարիներին, այն ցածր դիրք է ունեցել ՀՀ արտահանման ցանկում։  Բայց վերջին երկու տարում, փաստորեն, ամրապնդել է դիրքերը։ 

«Թանկարժեք մետաղ» եզրույթը, ըստ ՀՀ մաքսային ծառայության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի, նշանակում է արծաթ, ոսկի և պլատին (լուսնոսկի): Դրանց հանքանյութերը, որոնց մասին խոսում ենք հոդվածում, սովորաբար օգտագործվում են մետաղագործական արդյունաբերության մեջ։ 

2014 թվականի համեմատ արտահանված թանկարժեք մետաղների հանքանյութի ծավալն աճել է ավելի քան 680 տոննայով։ Բայց  մաքսային արժեքը նվազել է 1,16 մլն դոլարով։ Դա նշանակում է, որ նախորդ տարի արտահանված հանքանյութի արժեքն ավելի ցածր է եղել, քան 2014-ին։ 

Տվյալները՝ ՀՀ մաքսային ծառայության

2011 և 2013  թվականներին արտահանման ծավալները չնչին են եղել ու զրոյական նշանակություն ունեցել։ Ենթադրաբար, դրանք որպես փորձանմուշ են արտահանվել։ 

Հայաստանից թանկարժեք մետաղի հանքանյութն առաքվում է հիմնականում Չինաստան,  ոչ մեծ քանակությամբ նաև՝ Շվեյցարիա, Ճապոնիա, Մալայզիա:   Չինաստանում թանկարժեք մետաղների շուկան զարգացած է և ունի մեծ պահանջարկ։ 

Ֆինանսների նախարարությունը, սակայն, չի հայտնում, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են  Հայաստանից թանկարժեք մետաղի հանքանյութ արտահանում։ Դա հարկային գաղտնիք է համարվում։

Կախվածություն հանքահումքից 

Թանկարժեք մետաղների հանքանյութի արտահանման ծավալների վերջին երկու տարվա աճն ազդել է ՀՀ արտահանման ընդհանուր ցուցանիշում հանքահումքային արտադրանքի տեսակարար կշռի մեծ մնալուն։ Դա էլ իր հերթին մեծ է պահում հանքահումքից Հայաստանի տնտեսության կախվածությունը։ Թեև հարկավոր է նշել, որ այդ հարցում  առավել կարևոր դեր ունեն պղինձը, ոսկին ու մոլիբդենը։ Դրանց արտահանումը դասակարգվում է առանձին ցուցանիշներով։ 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015  թվականին Հայաստանից կատարված արտահանման կազմում հանքահումքային արտադրանքը զբաղեցրել է  ավելի քան   31%-ը։ Համեմատության համար՝  2014  թվականին այդ ցուցանիշը կազմել է 25%, 2013-ին՝ 27,5%-ը,  2012-ին՝  29%-ը, 2011-ին՝ 30%-ը։

Նույն աղբյուրի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 1,487 մլրդ դրամի ապրանք, որից ավելի քան 462 մլն դրամը հանքահումքային արտադրանքն է։  Ստացվում է, որ թանկարժեք մետաղների հանքաքարը 2015 թվականին զբաղեցրել է  Հայաստանի արտահանման 2,1%-ը, իսկ հանքահումքային ապրանքախմբի՝  6,8%-ը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter