
«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահը՝ հացադուլի մեջ
«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը առողջական անբավարար վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: « «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրության համաձայն՝ Արա Կիրակոսյանի զարկերակային ճնշումը 85 է, զարկերակը՝ 60: Գտնվում է հացադուլի մեջ, ունի գլխապտույտ և ընդհանուր թուլություն: Վիճակը համապատասխանում է հացադուլի մեջ գտնվողի վիճակին:
Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի մասով քրեական գործի դատաքննությունն այսօր նշված հիմքով չկայացավ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում չեն կարող դատաքննություն իրականացնել և հետազոտել ապացույցները: Մ.Մարտիրոսյանը հետաձգեց նիստը մինչև մարտի 15-ը:
«Վատառողջ լինելու ճանապարհը դու ես մոգոնել, Ճարոյան, քո պաշտպանյալները վատանում են դատարանում»,- նիստի ավարտին Արա Կիրակոսյանի պաշտանին դիմեց դատավոր Մարտիրոսյանը:
«Չեն վատանում, ոնց են վատանում»,- արդարացավ Հակոբ Ճարոյանը:
«Կամ վատառողջ փախնում են հիվանդանոցից, գնում են արտասահմանները, ֆռֆռում են: Փացնելու ժամանակ հիվանդ էր, փախավ՝ լավացավ»,- շարունակեց դատավորը: Դատավորը նկատի ուներ գործով մյուս մեղադրյալին՝ Սուրեն Գաբրիելյանին, ով փախուստի մեջ է և գտնվում է Գերմանիայում:
Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէր, որ իր պաշտպանյալը հացադուլի մեջ է: Քիչ անց նա հայտնեց, որ Արա Կիրակոսյանն արդեն դուրս է եկել հացադուլից:
Հիշեցնենք՝ դատարանում քննվելու է «Հայբիզնեսբանկից» 8,980.000 եվրոյի լվացման գործը:
Մեկնաբանել