HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծանր ժամանակներ՝ հայ պանրագործների համար

Հայաստանում պանիր արտադրող ընկերությունների համար 2015 թվականը անբարենպաստ տարի էր։ Միջազգային շուկայում կաթի փոշու էժանացումը մեծ հարված հասցրեց պանրագործների բիզնեսին։ Այս շուկայում այսօր հետևյալ պատկերն է՝ արտադրական հզորությունների նվազում, վաճառքի տեմպերի թուլացում, եկամուտների և աշխատատեղերի կրճատում, լուրջ խնդիրներ հումքի ձեռքբերման, վարկերի մարման և աշխատակիցների վճարման հետ կապված։  Դրան էլ գումարած՝ արտահանումը դարձել է քիչ եկամտաբեր կամ անիմաստ։

 Ինչի՞ց սկսվեց

 «Լարի» պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Հետք»-ի հետ զրույցում ամփոփելով  2015 թվականը՝ նշեց, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը կաթի փոշու համաշխարհային գների անկումն է։ Նախորդ տարի, երբ անդրադարձանք այս թեմային, արդեն իսկ նշվում և կանխատեսվում էր, որ դա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել պանիր արտադրողներին, և որ դրանք ավելի են խորանալու։  Կաթի փոշու գնանկմանը զուգահեռ կտրուկ ավելացան դրա ներմուծման ծավալները դեպի Հայաստան։ Թեև պաշտոնական կառույցները դա չարձանագրեցին, սակայն Ա. Գիգոյանի խոսքով՝ կաթնամթերք արտադրող այն ընկերությունները, որոնք կաթը կարող են փոխարինել փոշով, օգտվեցին էժանացման առիթից և մեծացրին ներմուծման ծավալները, հետևաբար՝ նաև կաթի փոշու ծավալներն իրենց արտադրության մեջ։ Այդ մասին մամուլի միջոցով բարձրաձայնեց նաև Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Սա էլ, իհարկե, չխոստովանեցին արտադրողները։ Դրա արդյունքում նույն արտադրողները անասնապահ գյուղացիներից մթերվող կաթի գները նվազեցրին՝ պատճառաբանելով, թե իրենց արդեն ձեռնտու չէ կաթի մթերման նախկին գինը։ Մեկ լիտրի մթերման գինը հասավ հիմնականում 90-120 դրամի։ Համեմատության համար՝ դրանից մեկ տարի առաջ մթերվում էր մոտ 160-180 դրամով։ Ի դեպ, ներկա դրությամբ ևս, ըստ Ա. Գիգոյանի, 120 շուրջ դրամով է մթերվում։

Բայց այս համապատկերում պանիր արտադրողները տուժում են՝ ի տարբերություն, օրինակ, թթվասեր արտադրողների։ Հարցն այն է, որ պանրի արտադրության մեջ չի օգտագործվում էժան կաթի փոշի, իսկ մթերվող կաթի գնի նվազման պարագայում նրանք էժանացրել են նաև պանրի գինը։ Սա նորմալ է՝ էժանացել է հումքը, էժանացել է պանիրը։ Բայց  մրցակցության պայմաններից ելնելով՝ էժանացումն այն չափով է եղել, որ պանիր արտադրողների եկամուտները զգալի նվազել են։ Կաթի մթերման ցածր գնի դեպքում գյուղացիների մեծ մասը նախընտրել է ոչ թե կաթը վաճառել, այլ՝ դրանից պանիր պատրաստել և ավելի էժան գնով վաճառել, քան արտադրողները։ Փաստացի, պանիր պատրաստող գյուղացին ևս դարձել է արտադրողի մրցակից։ Դա պանիր արտադրողներին ստիպել է է՛լ ավելի նվազեցնել պանրի գինը։ Կոնկրետ թիվ նշել չենք կարող, քանի որ մեկը շատ է նվազեցրել, մյուսը՝ քիչ։ Գյուղացիների մի մասն էլ ընդհանրապես հրաժարվել է կաթ հանձնել գործարաններին, այդ թվում՝ պանրի, և ստիպված դիմել անասունները վաճառելու կամ մորթելու քայլին։ Դա էլ հումքի ձեռբերման խնդիր է առաջացրել պանիր արտադրողների համար եւ բացասականորեն ազդել պանրագործության վրա։ Էժանացնելով պանրի գինը՝ որոշ արտադրողներ գցել են դրա որակը։ Եվ այս տեսանկյունից հարցական է՝ սպառողը գնանկումից շահե՞լ է, թե՞ ոչ։

Այսօր էլ միջազգային շուկայում կաթի փոշու գները ցածր են։ «Մոտ մեկ շաբաթ առաջ ճշտեցի, որ  հիմա Եվրոպայում 1  տոննա բարձր որակի  կաթի փոշու վաճառքի գինը կազմում է միջինում 1,85 հազար եվրո։ Համեմատության համար՝ 4-5 տարի առաջ այն կազմում էր գրեթե 5 հազար եվրո։ Եթե կաթի փոշու միջազգային գները հիմա ցածր են, նշանակում է, որ շանսերը, թե ամռանը կաթի գինը Հայաստանում բարձր կլինի, խիստ նվազում են։ Իսկ երբ կաթի գինը նվազում է, տեսնում ենք, թե դա ինչ հետևանքներ է բերում։ Կաթի ոլորտն առհասարակ կախված է կաթի փոշու միջազգային գներից։ Ավելի կոնկրետ, ոչ թե ոլորտն է կախված, այլ՝ ոլորտի գնագոյացումը»,- նշում է «Լարի» պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Նշենք, որ Global Dairy Trade կոչվող համաշխարհային բորսայի տվյալները ևս վկայում են, որ կաթի փոշու համաշխարհային գները ցածր են։

Առանձին անդրադառնալով տեղական շուկայում պանրի որակին՝ Ա. Գիգոյանը նշում է, որ հիմա նույն, օրինակ, լոռի տեսակի պանրի տարբեր որակներ կան՝ պայմանավորված, թե որ ընկերությունն է այն արտադրել։ Ըստ նրա՝ լավ կլիներ, եթե ձևավորվեր բրենդ հասկացությունը, որն առայժմ բացակայում է հայկական պանրի շուկայում։ «Արտադրողներից մի քանիսը փորձում են բրենդ ձևավորել, իրենց անունը դարձնել ճանաչելի, բայց առայժմ չի հաջողվել»,- ասում է Ա. Գիգոյանը։

 Ի՞նչ է պահանջվում առաջիկայի համար

 Մեր հարցը՝ ի՞նչ է սպասվում պանրի շուկայում առաջիկայում, Ա. Գիգոյանն ուղղում է՝ ի՞նչ է պահանջվում առաջիկայի համար։ Միակ տարբերակն, ըստ նրա, այն է, որ արտադրողները զինվեն մեծ համբերությամբ ու սպասեն կաթի փոշու միջազգային գների «վարքագծին»։ «Ընդհանրապես, եթե հայաստանյան արտադրող ես, կապ չունի՝ ինչ ոլորտում, պետք է զինվես շատ մեծ համբերությամբ։ Այլ տարբերակ այս դեպքում չկա»,- նշում է նա։

Այսինքն՝ եթե առաջիկայում կաթի փոշու միջազգային գներն աճեն, Հայաստանում մթերվող կաթի գինը՝ ևս, ապա պանրի շուկայում վիճակը համեմատաբար կկայունանա։ 

Պաշտոնական վիճակագրությունն աճ է արձանագրում

Այս ամենի ֆոնին առնվազն անհասկանալի է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) պանրի շուկայում աճ է արձանագրել։ Ըստ վիճակագրության՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 18,6 հազ. տոննա պանիր, որը 1,5%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։ Իսկ այս տարվա հունվարին արտադրվել է ավելի քան 960 տոննա՝ 0,5%-ով ավելին, քան 2015-ի հունվարին։

Ա. Գիգոյանն այս ցուցանիշները արժանահավատ չի համարում։ «Պանիրը պլաստմասսայից չեն պատրաստում։ Նախորդ տարի պանրի հումքի հետ կապված խնդիրներ են եղել, որն ազդել է արտադրական հզորությունների վրա։ Ի՞նչ աճի մասին է խոսքը։ Որտեղի՞ց են այդ թվերը ներկայացվում, ես չգիտեմ»,- ասում է նա։

 «Պանրանման մթերք»-ի, արտահանման և ներմուծման մասին

Հայկական տեղական շուկայում սպառվող պանրի շուրջ 95%-ն, ըստ «Լարի» պանրագործների միության նախագահի, տեղական պանիրն է, միայն 5%-ն է ներմուծվող։ Դատելով ՀՀ մաքսային ծառայության տարբեր տարիներին ներկայացրած տվյալներից՝ ներմուծվում է հիմնականում Ֆրանսիայից, Նոր Զելանդիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Լեհաստանից։ 

Իսկ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ ՀՀ մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել 2015-ի տվյալները։ 2014-ին, օրինակ, արտահանվել է 1,540 տոննա` 4,878 հազ. դոլար մաքսային արժեքով: Վերջերս համացանցում աղմուկ բարձրացավ ՀՀ-ից Ռուսաստան արտահանված պանրի շուրջ։ Սոցիալական ցանցերից մեկում ռուսաստանցի մի օգտատեր տեղադրել էր լուսանկար, որում երևում էր, որ Ռուսաստանում վաճառվող հայկական պանրի պիտակի վրա գրված է «պանրանման մթերք» (сыроподобный продукт)։ Ու սկսեց քննարկվել այն հարցը, որ հրաժարվելով եվրոպական պանրից՝ Ռուսաստանն անորակ պանիր է ներմուծում Հայաստանից։

Ա. Գիգոյանը դա անգրագիտության արդյունք է համարում։ ««Պանրանման մթերքը» անգրագիտություն է, դիտավորություն։ Բայց դա չի կարող վնասել հայկական պանրի իմիջին։ Հայկական պանիրն առայժմ և հուսամ՝ հետագայում ևս, պատրաստվում է մաքուր կաթից։ Իրականում պիտակի վրա գրվածի հարցում տերմինի խնդիր կա։ Կան պանիրներ, որոնցում արհեստական յուղ է օգտագործվում։ Գուցե դա են նկատի ունեցել»,- նշում է նա։

Այսօրվա դրությամբ՝ հայկական պանրի համար արտահանման այլ շուկաներ չկան, իսկ դեպի Ռուսաստան արտահանումը դարձել է ոչ եկամտաբեր և անիմաստ։ Պատճառը ռուսական ռուբլու արժերկումն է, ռուսաստանյան տնտեսության մեջ արձանագրվող անկումներն ու այդ երկրում ապրող մարդկանց գնողունակության անկումը։ Այնուամենայնիվ, ռուսական շուկայի տատանումները ճակատագրական չեն Հայաստանում պանիր արտադրող գործարանների համար, քանի որ, ինչպես նշեցինք, արտադրանքի հիմնական մասը սպառվում է տեղում։ Այս ընթացքում, ըստ Ա. Գիգոյանի, պանրի գործարաններ Հայաստանում չեն փակվել՝ չնայած ֆինանսական դժվարություններին։

 Բանակցություններ ֆրանսիացիների հետ

Այս տարվա հունվարին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հանդիմանը քննարկվել է Հայաստանում ֆրանսիական տեխնոլոգիաներով պանիր արտադրող գործարան կառուցելու հարցը։ Ա. Գիգոյանի խոսքով՝ իրենց միությունը ևս քննարկել է այս հարցը ֆրանսիացիների հետ։ Բայց այն առայժմ քննարկումների փուլում է։ «Եղել են հանդիպումներ, այցելություններ և այլն։ Դրանք առայժմ քննարկումներ են։ Մենք չենք ասում՝ եկեք մեզ սովորեցրեք։  Ոչ մեկ չի գա սովորեցնի։ Մենք ասում ենք՝ հարգարժան ֆրանսիացի գործարարներ, քանի որ դուք զրկվել եք ռուսական շուկայից, եկեք համագործակցենք։ Համատեղ արտադրություն դնենք ձեր բրենդով, ձեր ներդրումներով։ Եկեք տեխնոլոգիաներ ներդրեք, համատեղ աշխատենք։ Հնարավոր է, որ երկու-երեք տարում կաթի արտադրությունը Հայաստանում աճի, ու ձեր տեսականին կարտահանենք նաև Ռուսաստան։ Դա փոխադարձ եկամտաբեր առաջարկ է եղել»,- նշում է Ա. Գիգոյանը։

Թե ինչ ընթացք կստանան այս ծրագրերը, ու կկառուցվի՞, արդյոք, գործարանը, առայժմ հայտնի չէ։ Ինչպես և հայտնի ու կանխատեսելի չէ, թե ինչպիսին կլինի տարին հայկական պանրի շուկայի համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter