HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեզմանատան հարեւանությամբ ապրողները

Մարիանուշ Մելքոնյանի սեփական տան ու Սիլիկյան գերեզմանատան բաժանող գիծը երթևեկելի մի փողոց է: Տիկին Մարիանուշը հիշում է, որ իր ամուսնանալուց հետո՝ 1982 թվականից է տարածքը գերեզմանատան վերածվել. «Առաջ որ եկա, էսքան գերեզման չկար: Էդ տարածքում հողամաս էր, կոլխոզի բաղերն էին, հետո ով մահացավ, բերին էդ տեղում թաղեցին: Կամաց-կամաց էդ բաղերը գերեզման դարձան: Օրինակ՝ տղայիս գերեզմանում նախկինում կուկուռուզ էինք ցանում, մշակում: Ճիշտ ա, դժվար ա ամեն օր քթիդ տակ թաղում տեսնելը, բայց հաշտվել ենք իրավիճակին»,- ասում է Մարիանուշը:

Սիլիկյան գերեզմանատունը բնակելի սեփական տներից մի քանի մետր է բաժանում: Սիլիկյան թաղամասի բնակիչները գերեզմաններին կից՝ իրենց սեփական տների այգիներում բերքատու ծառեր և բանջարեղեններ են աճեցնում: Մի քանի կիլոմետր ձգվող գերեզմանատանը գրեթե բացակայում են կանաչապատ տարածքներն ու ծառերը, գերեզմանատան դիմաց էլ  գործում է  քարի արտադրամաս:

Մեզ հետ զրուցած այլ բնակիչներ իրավիճակի լուծում են համարում գերեզմանատան և տների միջև պատնեշի կառուցումը, սակայն խախտված նորմերը վերականգնելու համար քաղաքապետարան չեն դիմել: Նրանցից ոմանք կարծում են, որ անարդյունքն է, ոմանք  էլ արդեն հարմարվել են այդ պայմաններին:

Ընդլայնված գերեզմանատներ և չբավարարող հողատարածքներ 

Երևանում տեղակայված են 21 գերեզմանատներ:

Գերեզմաններ
Create pie charts

Մեր հարցմանը ի պատասխան Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ այդ 21 գերեզմանատներից բնակելի կառուցապատման և գերեզմանատների միջև նորմատիվ հեռավորությունները ապահովված չեն Նուբարաշենի, Սպանդարյանի, Դավթաշենի, Մուշավան-Ջրաշենի, Քանաքեռի և Զեյթունի գերեզմանատներում: Սակայն քաղաքապետարանը չի հաղորդում Սիլիկյան գերեզմանատան խախտման մասին:

2005թ-ին հաստատված և ներկայումս գործող Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծի հենակետային տվյալների համաձայն՝ քաղաքի սահմաններում գտնվող գերեզմանատների տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 556,9 հա, որը Երևանի ընդհանուր մակերեսի 2,46%-ն է:

2011 թվականի ճշգրտված տվյալներով՝ քաղաքի սահմաններում գտնվող գերեզմանատների գումարային մակերեսը կազմում է 539,5 հա (այն քաղաքի ընդհանուր մակերեսի 2,42% հա-ն է): Այսինքն՝ դեռևս հինգ տարի առաջ գերեզմանատների ընդհանուր՝ 556,9 հա մակերեսից 539,5 հա արդեն իսկ զբաղեցված էր:

Ըստ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի Հոդված 10-ի 3-րդ կետի՝ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2,5 քառ. մետր մակերեսով (2,5x1.0 մմ): 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Օրենքով սահմանված հողատարածքի չափից ավելի տարածքներ զբաղեցնելու պատճառով, այսօր երևանյան գերեզմանատները հողատարածքների, նոր գերեզմանոցներ կառուցելու պահանջ ունեն: Այդ իսկ պատճառով, Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի հյուսիս-արևմտյան հատվածում կառուցել նոր գերեզմանատուն (53 հա մակերեսով)՝ իրեն կից դիակիզարանով։

Գերեզմանատների շահագործման խախտված նորմերը

Համաձայն ՀՀ կառավարության 23 նոյեմբերի 2006 թվականի N 1910-Ն որոշման՝ գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա:

Գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40 մետր հեռավորության վրա: Սակայն Սիլիկյան թաղմասի բնակչուհի Ռուզաննա Ստեփանյանի բերքատու այգին գերեզմանատնից գրեթե 15 մետր հեռավորության վրա է:

Սեփական տների և բնակելի թաղամասերի կառուցապատման հետևանքով այս նորմերը խախատվել են: Սահմանված հեռավարությունը չպահպանելը և՛ էկոլոգիական, և՛ առողջապահական վտանգներ է առաջացնում, որին նպաստում է գերեզմանատներում և հարակից տարածքներում կանաչապատ և անտառապատ տարածքների բացակայությունը: 

Դիանա Ղազարյան, Հերմինե Վիրաբյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ ուսանողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter