HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Ի զե՛ն»

Կարիք չկա ապացուցելու, որ ղարաբաղյան պատերազմը եւ շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը դեռեւս բազմաթիվ ձեւերով անդրադառնում են Հայաստանի հասարակության կյանքի վրա։

Երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում, իշխանության կառույցի մեջ ակներեւ է ղարաբաղյան գործոնի ընդգծված ներկայությունը։ Դրա մեկ արտահայտությունը ետպատերազմյան շրջանում պաշտպանության նախարարի` իշխանության մեջ առանձնահատուկ դեմք լինելու հանգամանքն է։

Բանակի տասնհինգամյա տարեդարձը հերթական առիթն էր լսելու այն մասին, որ հայկական բանակը անկախության շրջանի ամենամեծ ձեռքբերումն է։ Այս եւ նման պնդումները անուղղակիորեն հաստատում են պաշտպանության նախարարի կենտրոնական դերակատարությունը։ Նրա իրական իշխանությունը արտահայտվում է նաեւ նրա հավակնությունների մեջ` դառնալու վարչապետ եւ նախագահ։ Վազգեն Սարգսյանից հետո Սերժ Սարգսյանը երկրորդ նախարարն է, որը դառնում է վարչապետ եւ չի թաքցնում նախագահ դառնալու ցանկությունը։ Չեմ փորձում հավասարության նշան դնել այս երկուսի միջեւ։ Նրանք խիստ տարբեր մարդիկ են, անցել են տարբեր ճանապարհներ։ Թերեւս հենց այս տարբերության որոշ կողմերի բացահայտումը մեզ կօգնի հասկանալ ներկա իրադրությունը։

Ետընտրական այս շրջանում, երբ շատ է խոսվում ամեն տեսակի կեղծումների մասին, եւ դրանք հաճախ կապվում են ՀՀԿ-ի եւ ներկա վարչապետի հետ, տեղին է հիշել, որ առաջին կեղծված ընտրությունը 1996 թվականի նախագահական ընտրությունն էր։ Հասարակության ցանկությունն անտեսելու իր որոշումը պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը վավերացրեց փողոցներ դուրս բերված տանկերով եւ մեզ պարգեւեց առաջին ոչ լեգիտիմ նախագահին։

Այսօր էլ խոսվում է «վախի մթնոլորտի» եւ կեղծված ընտրությունների մասին։ Բայց այժմ ամեն ինչ շատ տարբեր է, տարբեր են ահաբեկման, պարտադրանքի ու համոզելու ձեւերը։ Իշխանությունների ձեռքի տակ է կեղծելու միջոցների մի վիթխարի զինանոց։ Անցած տասնամյակը մի ողջ դարաշրջան էր, որի ընթացքում ձեւավորվեց նոր հասարակություն։ Իսկ «նախընտրական աս ֆալտ», «ընտրակեղծիք», «ընտրակաշառք» եւ այլ նորագյուտ բառերն ու արտահայտությունները գալիք սերունդներին շատ բան կպատմեն այդ հասարակության մասին։

Այո, պաշտպանության նախարարի դերը մնում է տիրապետող, բայց ինչպե՞ս են փոխվել այն ձեւերն ու միջոցները, որոնցով այդ տիրապետությունը գործադրվում, պահպանվում եւ ընդլայնվում է, որոնցով արտահայտվում են հավակնությունները, ձեռք են բերվում նպատակները։ Ընտրարշավների բուռն ընթացքը, հասարակությանը հաճոյանալու անզուսպ ձգտումը ցույց տվեցին, որ անգամ ամենակոպիտ ձեւերով ձեռք բերված խորհրդարանական մեծամասնությունը կարոտ է գոնե նվազագույն հասարակական ներողամտության (եթե ոչ` համաձայնության)։ Թվում է, թե նպատակները, արժեքներն այսօր ոչ միայն պարտադրվում, այլեւ դառնում են բանակցության առարկա, որի նպատակը ավելի շատ գոնե փոխհամաձայնության պատրանք ստեղծելն է…

Զինվորը եւ իր զենքը

Արտաքին գովազդի դաշտում «ԱրմենՏել»-«ՎիվաՍել» պայքարից ազատ մնացած գրեթե ողջ տարածությունը զբաղեցնում են «Իմ զենքն իմ…. » փոխկանչով միավորվածները։ Իհարկե, հուզիչ է զենք վերցնելու այս բացսիրտ, անվարան պատրաստակամությունը, բայց զարմանում ես` մի՞թե հայրենիքը վտանգված է, որ համընդհանուր զորակոչ է հայտարարվել։ Իսկ եթե՝ ոչ, ապա ի՞նչ նպատակի է ծառայում այս աշխարհազորը, բանակի տարեդարձն ինքնին բավարա՞ր է այս միաձայն ռազմատենչությունը բացատրելու համար։

Զինվորական համազգեստի գույն հիշեցնող բաց կանաչ ֆոնին պատկերված է անանուն, բայց ոչ անհայտ գործիչը, պաստառի վերին անկյունում բանակի 15-ամյակին նվիրված զինանշան է ` «Հայկական բանակ» մակագրությամբ։ Ոչինչ չկա, որ հիշեցնի պատկերվածի մասնագիտական պատկանելությունը կամ որեւէ բան պատմի նրա մասին։ Այստեղ խաղարկվում է հայտնի, նշանավոր լինելու հանգամանքը, որ երգչին, դերասանին, գրողին կամ մեկ ուրիշի թույլ է տալիս ներկայանալ առանց անունի, որպես շարքային զինվոր։ Պերսոնաժը նույնացվում է «իր զենքի» հետ, որը նրա մասնագիտությունն է կամ ավելի ճիշտ ` կոչումը (ճիշտ զինվորական կոչումի պես)։ Բայց այդ «իր»-ը ոչ թե անհատականացման միջոց է, այլ մի բան, որը նրան դարձնում է շատերից մեկը ` զինվոր։ Մի շնչով արտաբերելի մակագրությունը թույլ է տալիս պատրաստի բանաձեւում տեղադրել «քո զենքի» անունը եւ տեղ զբաղեցնել շարքի վերջում։ Զինվորագրվելով` բոլորը` Ամենայն հայոց կաթողիկոսից մինչեւ Թաթան, դառնում են հավասար։ Դուք կարող եք ունենալ տարբեր զենքեր, բայց ոչ տարբեր կարծիքներ (բանակում տարակարծություն եւ այլակարծություն չի լինում)։ Ձեր մղումը մեկն է։ Սա է հասարակական-մշակութային գործչի (պիտի ասեի` մտավորականի, բայց այս նախագծում միտք ունենալու մենաշնորհը վերապահված է շախմատիստներին)` մեզ առաջարկվող նորմատիվային մոդելը։

Առավել ընդհանրական կոչը բոլորի անունից հայտարարում է. «Մեր զենքը մեր հավատքն է», որտեղ «մենք»-ը եւ «հավատք»-ը (երկուսն էլ ինքնին հասկանալի) փոխադարձաբար սահմանում են իրար։ Կան որոշ մարկետինգային ժեստեր նույնպես ` «Իմ զենքը ձեր ժպիտն է»։ Այս «ինտերակտիվ» կոչը միավորում է դիտող զանգվածին նույն «ձեր»-ի մեջ։ Հակառակը չի պատահում, հասկանալի պատճառներով լսարանը չի անհատականացվում։

Ուստի, կարծում եմ, ճիշտ չէ ազգի երեւելիների այս տողանցը մեկնաբանել որպես զուտ որոշակի մշակույթի ` լավ թե վատ, պրոպագանդում կամ գովազդ, ինչ-ինչ արժեքների հաստատման կամ օրինականացման փորձ։ Իրականում այս նախագծի նպատակը արդեն իսկ հաստատված արժեքների եւ կարողությունների զորահավաքը-զորաշարժը, գույքագրումը եւ վերադասավորությունն է, դրանք սեփական նպատակներին ծառայեցնելու ձգտումը։

Ազգային համերաշխության նոր մոդե՞լ

Այս անանուն զինվորների հրամանատարի անունը նույնպես չի տրվում։ Բայց մի՞թե չեք գուշակում, թե ով է նա։ Այս բանը հասկանալու համար ոչ մի զենք էլ պետք չէ ունենալ ` խորաթափանցություն, հեռատեսություն եւ այլն։ Իսկ գուցե գլխի ընկնելու, ըմբռնելու այդ պարզ կարողությունն էլ հենց «մե՛ր զենքն է», մնացածներիս համար նախատեսվածը, որ պետք է հոժարակամ ընդունել եւ ունենալ ` ամբողջովին խաղից դուրս չմնալու համար։ Ճիշտ է որ կոչումներ-տիտղոսների հարցը այնքան էլ պարզ չէ։ Վ. Սարգսյանին շատերը հիմա էլ Սպարապետ են ասում։ Բայց տարօրինակ սպարապետ չէ՞ իր երկրի քաղաքացիներին տանկերով ահաբեկողը։ Այնպես որ, վստահ չեմ, թե այս դեպքում «հրամանատար»-ը ճիշտ կոչում է։

Ահա մեր օրերի մի սիրախաղ-դիմակահանդես, որի մի կողմում հանրային ակնկալիքները բավարարելու եւ ներկայանալիության պատշաճ ունակություններից զուրկ քաղաքական գործիչն է, որը Հանրային ռադիոյով համբերատար պատասխանում է «ունկնդիրների հարցերին» եւ նախընտրական հանրահավաքներում վանկարկում ` «Քե՛զ համար, Հայաստան», իսկ մյուս կողմում ` անանուն զինվորի դիմակ հագած գործիչներ, որոնց ` իրենց լոյալությունը, եթե ոչ ` նվիրվածությունը արտահայտելու, ինչպես նաեւ ենթադրյալ հասարակական համաձայնությունը եւ միասնականությունը խորհրդանշելու, թե ներշնչելու հարմար ձեւ է մատուցվել։

Ինչ խոսք, «Քե՛զ համար, Հայաստան»-ը ոչ միայն ինքնատիպ չէ, այլ պարզապես հնաոճ է. հայրենիքի, հայրենասիրության պաշարները վաղուց մեծ շահույթով սպառվել են, եւ ուրիշները տարբեր ուղղություններով առաջ են անցել դեպի «ազգային միաբանություն», «օրինաց երկիր», «բարգավաճ հայրենիք», «արժանապատիվ ապագա» եւ այլն ` էլ չխոսելով բազմաչարչար ժողովրդավարության ամենատարբեր կերպարանափոխությունների մասին։ Բայց եթե անկախության ամենամեծ նվաճումը իսկապես բանակն է, եթե նրան զինվորագրվում է ազգի վերնախավը ներկայացնող այսքան հարգարժան մարդ, եւ հասարակությունն էլ քիչ-քիչ վերաճում է մի վիրտուալ բանակի… Գուցե իրո՞ք այնքան էլ վատ չի մտածված։

Լուս. Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter