HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից 2015-ին արտահանվել է 97 մլն դոլարի ոսկի

Հայաստանից 2015թ․-ին արտահանվել են 2,8 տոննա ոսկի և արծաթ պարունակող ձուլակտորներ, որոնց մաքսային արժեքը կազմել է մոտ 97 մլն դոլար։

Ոսկին համարվում է Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքներից մեկը: Հատկապես  2009 թվականից ոսկու արտահանման ծավալները զգալի են դարձել։  Դրանից  ստացվող եկամուտները մեծ են և կարևոր նշանակություն ունեն հայաստանյան տնտեսության համար։  Այդ պատճառով էլ, ինչպես պղնձի և մոլիբդենի, այնպես էլ՝ ոսկու համաշխարհային գների նկատմամբ  Հայաստանի տնտեսությունը զգայուն է։

Հետևաբար, 2015 թվականին ևս համաշխարհային շուկայում ոսկու գնային տատանումներն ամբողջ տարին հայ տնտեսագետների, ոլորտի պատասխանատուների ու լրագրողների ուշադրության կենտրոնում են եղել։ Չնայած ստացվող եկամուտները մեծ են, սակայն ավելորդ չենք համարում ևս անգամ շեշտել, որ հանքարդյունաբերությունը մի կողմից անդառնալի վնաս է հասցնում բնությանը, մյուս կողմից էլ՝ մեծացնում Հայաստանի տնտեսական  կախվածությունը  մետաղների համաշխարհային շուկայից։

Արտահանվել է ավելի քան 2,8 տոննա ոսկի

Համաշխարհային շուկայում ոսկու միջին գինը 2015  թվականին նվազել է։ Ըստ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի (London Bullion Market Association, LBMA)՝ 2014-ի համեմատ միջինում այն նվազել 8%-ով և մեկ տրոյական ունցիայի դիմաց (31,1 գրամ)  1266  դոլարից հասել 1160 դոլարի։

Չնայած դրան՝ 2015  թվականին Հայաստանն ավելի թանկ գնով է ոսկի արտահանել, քան  2014-ին։ Ֆինանսների նախարարությունից «Հետք»-ը տեղեկացավ, որ նախորդ տարի արտահանվել են ավելի քան 2,8 տոննա ոսկի և արծաթ պարունակող ձուլակտորներ, որոնց մաքսային արժեքը կազմել է մոտ 97 մլն դոլար։

2014-ի համեմատ արտահանված ոսկու ծավալը նվազել է  0,8 տոննայով։  Սակայն դա չի խանգարել, որ դրա արտահանումից ստացվող եկամուտներն աճեն։  Ֆիզիկական ծավալի նվազմանը զուգահեռ մաքսային արժեքն աճել է ավելի քան 15 մլն դոլարով։ Ստացվում, որ եթե  2014-ին Հայաստանից արտահանված մեկ կգ ոսկու արժեքը կազմել է 22,6 հազ. դոլար, ապա 2015-ին՝ 34,3 հազ. դոլար։  

Ոսկին Հայաստանից արտահանվում է «Դորե» ձուլվածքի տեսքով, որում ոսկու պարունակությունը 70%-ից ավելին է։

Տվյալները՝ ՀՀ  մաքսային ծառայության

Այսպիսով, վերջին 5 տարում  Հայաստանից ոսկու արտահանման ամենամեծ ֆիզիկական ծավալը գրանցվել է 2014 թվականին, իսկ ամենամեծ մասքային արժեքը՝ 2015-ին։

Ինչպես նախորդող տարիների, այնպես էլ՝ 2015-ի տվյալներով հայկական ոսկու հիմնական գնորդը  Կանադան է։ Որոշակի քանակությամբ առաքվում է նաև  Շվեյցարիա: Քանի որ Հայաստանում ոսկու վերջնական արտադրություն չի իրականացվում, այն ամբողջական մշակման է ենթարկվում դրսում, հիմնականում՝ Կանադայի Johnson Matthey գործարանում։ Հետո վերավաճառվում է Լոնդոնի բորսայում:

Հիմնական արտահանողը  ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին պատկանող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն։ Շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ունի Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները:

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ը Հայաստանի խոշոր ներդրողներից և հարկատուներից  մեկն է: Ուշագրավ է, որ արտահանումից ստացվող գումարի աճի  ֆոնին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը 2015 թվականին  ոչ միայն չի ավելացրել ՀՀ պետբյուջե վճարած հարկերի չափն, այլև՝ ոչ մեծ չափով նվազեցրել է։ Տարվա խոշոր հարկատուների ցանկում այն 28-րդ տեղում է՝ մոտ 3,861 մլրդ դրամի հարկերով։ 2014-ի համեմատ հարկերի չափը նվազեցրել է 35 մլն դրամով։ «Հետք»-ը հարկերի վերաբերյալ մեկ ամիս առաջ հարցում է ուղարկել «Գեոպրոմայնինգ գոլդ»-ին՝ հետաքրքրվելով, թե որն է նվազման պատճառը, սակայն ընկերությունից դեռևս պատասխան չկա։ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցումն ուղարկել են  «Գեոպրոմայնինգ»-ի համապատասխան բաժին, բայց իրենց դեռևս ոչինչ չեն պատասխանել։ Ստացվում է, որ մեկ ամիս է՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը իր գործընկերներից չի կարողանում ստանալ հարցի պատասխանը։ Այն ստանալու դեպքում կհրապարակենք։

Հայաստանում ոսկու մշակմամբ զբաղվում է նաև  Մասիսում գտնվող  «Ասսաթ» հանքարդյունահանման և ոսկու կորզման ձեռնարկությունը։ Բայց արտադրության և հատկապես արտահանման ծավալները փոքր են։

Ամուլսարի ճակատագիրը

Հայաստանում ոսկու խոշոր հանքավայրերն են  Սոթքը և  Ամուլսարը։ Առաջինն, ինչպես նշեցինք, շահագործում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը։ Իսկ Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի հետ կապված աշխատանքներ է տանում «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որի  բաժնետոմսերի 100%-ը պատկանում է միջազգային շուկայում գործող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերությանը»։ 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը լիցենզիայի է հատկացրել «Գեոթիմ»-ին։ Իրականացված հետախուսական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16,4 տոննա ոսկեբեր  հանքանյութ։

Նախորդ տարի հայտարարվել էր, որ պլանավորվում է ապահովել Ամուլսարի ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և անցնել շինարարության փուլին։ Բայց այն հետաձգվեց և ըստ հավանականության՝ շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի։ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի «Ամուլսարի ոսկու հանքի ծրագիր» ամփոփագրում նշվում է, որ ծրագիրը տևելու է 13 տարի, այդ թվում՝ 2 տարի շինարարության ժամանակահատված և 11 տարի ակտիվ հանքարդյունահանման և մշակման ժամանակահատված, որից հետո տեղի է ունենալու հանքի փակումը:

Ամուլսարի շահագործման դեմ ևս Համահայկական բնապահպանական ճակատը հանդես եկավ բազմաթիվ հայտարարություններով, բողոք-ցույցերով, հոդվածներով և այլն։  Բայց հանքի ճակատագիրը, փաստորեն, հիմա «Գեոթիմ»-ի ձեռքերում է։ Ինչ տնտեսական, բնապահպանական և առողջապահական օգուտներ ու վնասներ կառաջացնի հանքի շահագործումը, ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս, տնտեսական օգուտների մասով կարող ենք կարող ենք ասել, որ որոշիչ դեր կունենան առաջիկա տարիներին ոսկու միջազգային գները։

Տարբեր կառույցներ 2016-ի համար որոշակի կանխատեսումներ են ներկայացրել։

Կանխատեսումներ 2016-ի համար

Համաշխարհային շուկայում ոսկու գները վերջին երեք տարում նվազել են։  Իսկ մինչև  2013 թվականը, առնվազն 10 տարի, հիմնականում աճ է գրանցվել։ 2011 թվականի կեսերից, ըստ տարբեր աղբյուրների ու բորսաների, մեկ տրոյական ունցիայի (31,1 գրամ) գինը մոտեցել է 1900 դոլարի շեմին։ Մինչդեռ 10 տարի առաջ  300 դոլարի մակարդակում է  գտնվել։

Ոսկու միջազգային գների վրա ազդող գործոնները շատ են։ Դրանց մի մասը զսպող ազդեցություն է ունենում, մյուսը՝ նպաստում գնաճին։

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի մասնագետները կանխատեսում են, որ 2016 թվականին ևս ոսկու համաշխարհային գների անկում կգրանցվի։ Կառույցի վերլուծաբանները նշում են, որ նվազումը կկազմի  4,9%։  Գնի վրա, ըստ նրանց, որոշիչ նշանակություն կունենան ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի (Federal Reserve System)  տոկոսադրույքների բարձրացումն ու դոլարի արժևորումը։

Ընդհանուր առմամբ, կառույցների գնահատականները տարբեր են։ Օրինակ՝ Ամերիկյան ներդրումային «Մորգան Սթենլի» (Morgan Stanley) բանկի կանխատեսմամբ՝ 2016-ին ոսկու համաշխարհային միջին գինը կկազմի 1100 դոլար։

Ավելի բարձր են բրիտանական «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի  (HSBC) գնահատականները։ Այս բանկի մասնագետները կանխատեսում են, որ 2016-ին ոսկու միջին գինը կկազմի 1205 դոլար։  

Ընդ որում, չի բացառվում, որ տարվա առաջին կիսամյակի միջինացված տվյալով ոսկու համաշխարհային  գինը նվազի և հասնի մինչև  800-900 դոլարի։ Դրա հետ մեկտեղ՝ որոշակի աճ է սպասվում երկրորդ կիսամյակում։ Լավատեսական կանխատեսումները պայմանավորված են առաջին  կիսամյակում ոսկու գնանկման հետևանքով ասիական շուկաներում պահանջարկի սպասվող աճով։ Դա պայմանավորված է հատկապես Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ, որն ակնհայտ էր 2015  թվականին։ Կա տեսակետ, որ տնտեսության վատթարացման ժամանակ բնակչության հետաքրքրությունն ու պահանջարկը ոսկու նկատմամբ կտրուկ աճում է։  Իսկ պահանջարկի մեծացումը կարող է գնաճի հանգեցնել։ Եթե այդ կանխատեսումներն իրականանան, ապա  տարեկան միջին գինը կարող է գերազանցել 2015-ի ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter