
Ազնվամորի՞ն, թե՞ հէկը․ հագվեցիները հրաժարվում են բանակցություններից
Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներն ընդդիմանում են իրենց գյուղի վարչական տարածքից և Սեդվի գետից սնվող հէկի կառուցմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն նախատեսում էր երկու իրար հաջորդող հէկ կառուցել Լոռու մարզի Կաճաճկուտ գետի վրա: Հանձնաժողով էր ներկայացվել «Սեդվի 1» հէկի նախագծի և «Սեդվի 2» հէկի գործարար ծրագրի տեխնիկատնտեսական ցուցանիշները: ՀԾԿՀ-ն հէկերի կառուցման լիցենզիա է տրամադրել: Համաձայն դրա՝ հէկերը կառուցվելու էին 2014-2017թթ ընթացքում: Հզորությունը նախատեսված էր համապատասխանաբար 313 և 698 կՎտ՝ արտադրելով տարեկան 1,2 և 2,9 մլն կվտժ էլեկտրաէներգիա: Սակայն «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «Հետքի» հետ զրույցում պատմեցին, որ նախագիծը վերանայվել է, և այժմ ոչ թե երկու, այլ մեկ հէկ է կառուցվելու:
Հագվին Ալավերդի քաղաքից 15 կմ է հեռու: Համայնքի հողատարածությունները զրկված են ոռոգման ջրից, որի պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի եւ կարտոֆիլի մշակմամբ:
Հագվի համայնքի ղեկավար Հայկասար Մայիլյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ համայնքը որևէ թույլտվություն չի տվել հէկի կառուցման համար: Ավելին՝ փետրվարին գյուղում հանրային լսումներ են անցկացրել, որով գյուղացիները մերժել են հէկի կառուցումը: Այժմ փորձ է արվում երկրորդ և երրորդ անգամ հանրային լսումներ անցկացնել և ստանալ գյուղացիների համաձայնությունը:
Գյուղացիները երեք հիմնական պատճառ են նշում, որ հէկի կառուցումը կարող է լուրջ վտանգներ պարունակել իրենց համայնքի համար: Առաջին՝ այդ գետից է սնվում 20 հա այգիներ, որոնք ոռոգման այլ աղբյուր չունեն:
Երկրորդ՝ գյուղապետ Մայիլյանը պատմեց, որ Հագվիում 2000 գլխի համար նախատեսված խոզաբուծարան կա, որը խորհրդային տարիներին ջուր է ստացել գետից: Այս պահին խոզաբուծարանը չի գործում, բայց սեփականաշնորհված է, և տերերը ցանկություն են հայտնել նորից աշխատեցնել այն: Հէկի առկայությունը կվտանգի անասնապահությամբ զբաղվելու գյուղացիների ջանքերը:
Երրորդ՝ Հագվիի վարելահողերն անջրդի են, և միակ հնարավորությունը, որ ոռոգման համար կարողանան ջուր անցկացնել, այդ գետն է: «Այլ տարբերակ չունենք»,- վստահեցնում է գյուղապետ Հայկասար Մայիլյանը: Ոռոգման անցկացումը ֆինանսների հետ է կապված, սակայն վաղ թե ուշ պետք է արվի, որպեսզի գյուղի վարելահողերը ոռոգվեն:
Հայաստանում «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն գրանցվել է 2009 թվականին: Այս ընկերության հիմնական բաժնեմասը ԱՄՆ-ում գրանցված ընկերությանն է՝ «Հելլեսդոն» ՍՊԸ-ինը, բաժնեմաս ունի նաև Աքորիի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանը և Սարգիս Գաբայանը: Վերջինս հէկեր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր՝ Գրիգոր և տնօրեն՝ Ինեսա Գաբայանների որդին է:
Գրիգոր Գաբայանն ասում է, որ Հագվիի հետ հէկի առնչությունը միայն հավելյալ՝ «դոտացիոն» ջրի մասով է, ինչը կավելացնի ջրի ճնշումը հէկի համար: Իսկ ազդակիր համայնքներն ավելի շատ Կաճաճկուտն ու Աքորին են, որոնք արդեն տվել են իրենց համաձայնությունը: Հագվիի գյուղացիները, սակայն, համառորեն հրաժարվում են բանակցել իրենց հուզող խնդիրների շուրջ:
Գրիգոր Գաբայանն ասում է, որ պաշտոնապես լսումներ չեն եղել, իրենք նախնական լսումներ են անցկացրել իրենց նախաձեռնությամբ, որպեսզի պարզեն, թե հէկը ինչ ազդեցություն կարող է ունենալ համայնքների վրա:
«Որ ներկայացնում են, որ գյուղի և կայանի մեջ է բախումը, իրականում այդպես չէ: Բախումը երկու բիզնեսի մեջ է: Այնտեղ այդ ամենի կազմակերպիչը ոմն մարդ է, որն ունի 5 հա հողատարածք, որից 1 հա-ն է, որ այս պահին օգտագործվում է՝ մալինա է աճեցվում: Նրա առավելությունն այն է, որ այդ գյուղից է ու այդ շրջպատի աջակցությունն է ստանում»,- բացատրում է Գրիգոր Գաբայանը:
Վերջինս նշում է, որ այդ գետից «մալինայի տերն» օգտվում է առանց ջրթույլտվության և վճարումներ կատարելու: Այսինքն, ըստ Գաբայանների, մի տնտեսվարող սուբյեկտ անօրեն բիզնես է անում և փորձում է խանգարել մեկին, ով օրինական եկել ու ուզում է իր գործով զբաղվել: «Մենք չենք ասում՝ մենք ունենք ՋԹ, դուք գնացեք եսիմ ուր, մենք ասում ենք՝ էդ 6000 հեկտարի համար նորմատիվով ինչքա՞ն ջուր է հասնում, նորմատիվը բազմապատկենք երկուսով, մենք պատրաստ ենք տանք քեզ, բայց դու չես կարող ասել՝ էս գետն իմն է»,- ասում է Գրիգոր Գաբայանը:
Նա նշում է, որ իրենց համար խնդիր չէ նաև ջուր տալ 20 հա-ի համար, որի մասին խոսում է համայնքապետը: Ավելին, պատրաստ են նաև իրենց խողովակից նորմատիվներով սահմանված ջրի ծավալ տրամադրել գյուղին նույնիսկ գյուղի ունեցած ողջ 100 հա-ի համար: Գաբայանները հաշվարկել են, որ, ըստ նորմատիվների, դրա համար վայրկյանում 30 լիտր ջուր կպահանջվի: «Ինչի՞ մասին է կռիվը, էդ ոռոգման սեզոնի հինգ ամսում մենք իրենց 30 լիտրը չե՞նք տա: Չեն թողնում մենք հասնենք ասելուն»,- ավելացնում է Գ. Գաբայանը:
Սարգիս Գաբայանն էլ հավելում է, որ գյուղին ավելի ձեռնտու է, որ իրենք կառուցեն խողովակաշարը, իսկ գյուղը 7-8 կմ խողովակաշար անցկացնելու փոխարեն, իրենց խողովակաշարից օգտվելով, կարող է 2 կմ խողովակ անցկացնելով ջուրը գյուղ հասցնել: «Մենք առաջարկել ենք՝ թողնել էդ չոբանավարի ոռոգման գաղափարը, մենք իրենց կտանք մեր խողովակից ոռոգման համար ջուր և ստացել ենք պատասխան՝ ոչ, մեզ ձեզնից ոչ մի բան պետք չէ»,- հավելում է Սարգիս Գաբայանը:
«Ինչ-որ մի մարդ բունտի խումբ է սարքել, մեկի հրահրած դուդուկի տակ էս ամենը գնում է»,- ասում է Գ. Գաբայանը:
Սարգիս Գաբայանը նշում է, որ օրենքի շրջանակներում իրենց բոլոր հնարավորություններն օգտագործելու են: Հարկ եղավ, դիմելու են նաև դատարան, քանի որ նույնիսկ իր կողմից արված «տղավարի նստել ու զրուցելու» առաջարկները մերժվել են: «Ասում ենք՝ բոլոր խնդիրներին կա ռացիոնալ լուծում, եկեք նստենք, խոսենք: Ասում են՝ դուրս եկեք գյուղից»,- հիշում է Սարգիս Գաբայանը:
Գրիգոր Գաբայանն ասում է, որ կայանը առանց այն էլ փոքր է, և եթե «դոտացիոն» ջուրը չվերցվի, հէկը խղճուկ կստացվի: Սակայն հագվեցիները համաձայնություն տան, թե չէ, հէկը կառուցվելու է, քանի որ ընկերությունն արդեն ունի ջրթույլտվությունը: «Համաձայնություն չտան՝ պիտի հիմնավորեն: Ինչո՞ւ չկառուցվի, էս երկիրը միայն իրե՞նցն է,-հարցնում է Գ. Գաբայանը: -Պետք է գտնենք լուծումներ և հասկանանք՝ ոնց: Միայն օրենքի սահմաններում և գյուղին մաքսիմալ աջակցելու սահմաններում: Անօրեն գործողությունների դաշտ այս կայանը չի ուզում մտնել, ուզում է օրինական դաշտում, երկկողմանի շահի սահմաններում իրականացնի իր նախագծերը, ուրիշ բան չի կարող լինել»:
Սարգիս Գաբայանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են ամերիկյան «Հելլեսդոն» ընկերության սեփականատերերը, որի ներկայացուցիչը ինքն է: Վերջինս չցանկացավ հրապարակել նրանց անունները՝ պատճառաբանելով, որ սեփականատերերը ցանկանում են գաղտնի մնալ: Ս. Գաբայանը միևնույն ժամանակ օրինակ բերեց նույն ամերիկյան ընկերության կողմից շահագործվող «Իշխանասար» հէկը, որը «Էկոլուրի» հէկերի մոնիտորինգի արդյունքներով լավագույն ցուցանիշներ է ապահովել:
Գրիգոր Գաբայանն ասում է, որ հաշվի առնելով արդեն գործող հէկի փորձը, գյուղացիները որևէ մտավախություն չպիտի ունենան, որ էկոլոգիական թողք չի լինելու կամ ոռոգման ջուր չեն տալու գյուղացիներին:
«Իշխանասար» հէկը գործում է 2013թ.-ից Որոտան գետի վրա: Այն շահագործում է «Միեզերք» ՍՊԸ-ն: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Միեզերք» ՍՊԸ-ում ամերիկյան «Հելլեսդոնի» մասնաբաժինը ընդամենը 40 % է, նույնքան էլ տիրապետում է Թռչկան ջրվեժի պատմությունից հայտնի Ռոբերտ Օխանյանը, իսկ 20 %-ի փայատերը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, փոխգնդապետ Արտաշես Փարսադանյանի որդունն է՝ Դավիթ Փարսադանյանինը: Սարգիս Գաբայանն այստեղ տնօրեն է եղել 2009-2014թթ.:
Կաճաճկուտը Դեբեդ գետի ձախ վտակն է, որի երկարությունը 11 կմ է: Արդեն իսկ մեկ հէկ գործում է այս գետ վրա: «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» ՍՊԸ-ն շահագործում է «Կաճաճկուտ» հէկը, որի խողովակաշարի երկարությունը 2,7 կմ է: Սարգիս Գաբայանի խոսքով, ավելի քան 5 կմ էլ լինելու է իրենց հէկի խողովակաշարի երկարությունը: Միասին վերցված՝ գետի 8 կմ-ը (բացի բնապահպանական թողքից) կմտնի խողովակների մեջ, այսինքն՝ գետի 70 տոկոսից ավելին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել