HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնեցիները պահանջում են դադարեցնել շինարարական աշխատանքներն Ազատի կիրճում

Մետաքսե Պետրոսյան

Գառնեցիներն այսօր ավելի քան 3 ժամ փակել էին Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով անհապաղ դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները։ Հանգստյան օրերին զբոսաշրջիկների ու այցելուների հոսքը Գառնի-Գեղարդ սովորականից ավելի շատ է լինում, եւ ցուցարարներն այցելուներին թույլ չտվեցին մուտք գործել գյուղ:

Կարճ ժամանակամիջոցում մեքենաների մեծ կուտակում կար ավտոճանապարհին: Կոտայքի մարզի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ժողովրդից պահանջեցին բացել ճանապարհը: Ցուցարարները հայտնեցին, որ ճանապարհը կբացեն մի պայմանով՝ եթե կիճում դադարեցնեն շինարարական աշխատանքները, տեխնիկան դուրս բերեն տարածքից, նաեւ պահանջեցին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Գառնեցիներն այս պահանջով արդեն երկրորդ անգամն են փակում Գառնի տանող ավտոճանապարհը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ» ծրագրով Ազատ գետի ջուրը խողովակներով տեղափոխում է Արտաշատի վարչատարածքի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերը, որին դեմ են Գառնիի բնակիչները։ Գառնեցիները բոլոր հանրային լսումների ժամանակ մերժել են ծրագիրը, սակայն դա չխանգարեց, որ անտեսելով բնակչության տեսակետը եւ օգտվելով հանրապետությունում վերջին տասնօրյակին ստեղծված արտակարգ իրավիճակից, Կառավարությունն սկսի շինարարական աշխատանքները:

Կոտայքի մարզի ոստիկանության վարչության պետ Լաերտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք այս պահին մի խումբ ոստիկաններ են ուղարկել Ազատի կիրճ՝ իրավիճակին ծանոթանալու եւ աշխատանքները դադարեցնելու համար։ Նա ցուցարարներին առաջարկեց մի քանի հոգով միանալ ոստիկաններին եւ տեղում համոզվել, որ աշխատանքներն այս պահից եւեթ դադարեցվում են։  

Կիրճում շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Ֆոր Դիրեքշըն» ՍՊԸ-ն: Շինարարներն այդ տարածքում հատել էին ծառերը, հատվածաբար մասնատել էին «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքի շարունակությամբ գառնեցիներին պատկանող հողերը ոռոգելու համար անկացված ջրատար խողովակները։

«Ֆոր Դիրեքշըն» ընկերության ղեկավար Վաչե Դավթյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2015 թ․ իրենք մրցույթով շահել են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնելու իրավունքը,  «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հետ ունեն պայմանագիր, նաեւ՝ Գառնիի համայնքապետի թույլտվությունը տարածքում աշխատանքներ կատարելու վերաբերյալ եւ տվյալ գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Ներկայացրած արտոնագիրը տրված էր ԼՂՀ-ի համապատասխան նախարարության կողմից, ինչը խոսում է այն մասին, որ տվյալ կազմակերպությունը ՀՀ-ում նման գործունեություն ծավալելու իրավունք չունի։

Պրն Դավթյանին խնդրեցինք պարզաբանել, թե ում ֆինանսավորմամբ են իրենք աշխատում, պատասխանեց, որ աշխատում է իր սեփական միջոցներով, մինչեւ գումարը կփոխանցվի։

Պարզվեց, որ ոստիկանության վարչության պետի ուղարկած խումբը ճանապարհի կեսից վերադարձել էր։ Այդ ընթացքում ոստիկանները բացել էին ճանապարհը: Այնուամենայնիվ, գառնեցիներն իրենց վճռականությունը հայտնեցին պայքարելու մինչեւ հարցի օրինական հանգուցալուծումը։

Մեկնաբանություններ (1)

Մուկ-ուչ
//Ներկայացրած արտոնագիրը տրված էր ԼՂՀ-ի համապատասխան նախարարության կողմից, // (???) //...պատասխանեց, որ աշխատում է իր սեփական միջոցներով, մինչեւ գումարը կփոխանցվի։// (???) Երկիր կքանդվի, պատերազմ ու երկրաշարժ կպայթի, սրանց պնգլին չէ, իրենց արիշ-վերիշից դենը աշխարհ չկա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter