HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորի գործով միակ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում

Ամալյա Մարգարյան 

«Ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ի՞նչ խարդախության մասին է խոսքը, երբ Հայրապետյանն ինքն է մոտեցել ինձ, ծանոթացել և առաջարկություններ արել»,- այսօր ցուցմունք տալով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ հայտարարեց օֆշորի գործով միակ մեղադրյալ, նախկին ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու մեջ:

Աշոտ Սուքիասյանը մոտ երկուսուկես ժամ տևած ցուցմունքի ընթացքում նախ մանրամասն պատմեց, թե ինչպես է ծանոթացել գործարար, այս գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանի հետ, ինչպես են միասին ծրագրեր կազմել, ինչպես է ինքը Աֆրիկայում նոր կապեր հաստատել:

 «Փայլակ Հայրապետյանն ամեն ինչից տեղյակ է եղել ի սկզբանե, պարզապես պայմանագրեր չի կնքել, որպեսզի խարդախության մեղադրանք ներկայացնի ինձ, իսկ փողերի լվացման հետ կապված, որտե՞ղ է երևում, որ դրանք իմ փողերն են կամ Հայրապետյանի փողերն են, այդ գումարները տնօրինվել են միասին»,-ասաց  Աշոտ Սուքիասյանը:

Դատարանի դահլիճում ամբաստանյալը պարզաբանեց նաև, թե ինչու է իր անունով գրավադրել Հայրապետյանի գույքը՝ ավելացնելով, որ տուժողը վարկային վատ պատմություն է ունեցել, և ինքը փակել է նրա պարտքերը: Տուժող Փայլակ Հայրապետյանն էլ արձագանքեց, թե՝ դա սուտ է:

«Ինչ ասում եմ, ասում է՝ սուտ է, ասում եմ գուցե Հայրապետյան էլ ասեմ, ասեք՝ սուտ է»,-ասաց Աշոտ Սուքիասյանը:

Նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը կողմերին զգուշացրեց ձեռնպահ մնալ անձնական վիրավորանքներից. «Մենք նիստ ենք անո՞ւմ, թե՞ եկել ենք այստեղ ռազբորկա անելու»:

Ցուցմունքը ներկայացնելուց հետո ամբաստանյալը պատասխանեց իր փաստաբան Յուրա Խաչատրյանի հարցերին, ով հետաքրքրվեց, թե ինչպես կստացվեր Աշոտ Սուքիասյանի բիզնեսը և ինչը խանգարեց նրան:

 «Իմ բիզնեսը կստացվեր, եթե չլիներ Հայրապետյանը և եթե բանկը մասնաբաժիններով չտրամադրեր վարկը: Գործը կար, աշխատում էինք, եկամուտներ կային, հումք էինք բերել»,-ասաց Ա. Սուքիասյանը:

Փաստաբանը հարցրեց նաև, թե  այդ  գումարները որտեղ են հիմա, եթե ամբաստանյալի հաշիվները զրոյացված են, իսկ ընտանիքը վարձով է մնում, ինչին Ա. Սուքիասյանը պատասխանեց. «Գումարը գործի մեջ է դրված, ուղղակի ինձ շատ խանգարեցին, թե չէ գործը հրաշալի գործ էր, 10 տարի ժամկետ ունեի, այսինքն՝ վարկը 3-ից 4 տարվա ընթացքում կփակեի»:

Հիշեցնենք, որ թեև Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է իր ունեզրկման մեղավորների անունները, այդուհանդերձ գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։ Նիստի ընթացքում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունները չշոշափվեցին:

Հաջորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը կպատասխանի տուժող Փայլակ Հայրապետյանի և նրա ներկայացուցիչների հարցերին: Նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter