
Քրոջ 18 տարվա պայքարը բերել է եղբոր արդարացմանը
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Այս անգամ Մհեր Ենոքյանը հարցազրույց է վարել ԱՄՆ-ում 1990-ականների սկզբին հիմնված, դատական սխալների ուղղմամբ զբաղվող «Անմեղության ծրագիր» կազմակերպության իրավաբաններից Բեթթի Էն Ուոթերսի հետ: Նա եղել է 29 տարեկան, երբ եղբայրը` Քեննեթ Ուոթերսը մեղավոր է ճանաչվել Կատերինա Բրոյի դաժան սպանության մեջ և 1983-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման: Քրեական գործի վերաբացման,եղբոր արդարացման նպատակով քույրը` Բեթթի Էն Ուոթերսը սովորել է իրավագիտություն, ապա դարձել եղբոր փաստաբանը և իրեղեն ապացույցների ԴՆԹ թեստի շնորհիվ 2001 թ-ին հասել է Քեննեթ Ուոթերսի արդարացման դատավճռին:
Ողջույն, տիկին Ուոթերս
Ձեզ գրում եմ Հայաստանից: Իմ ճակատագիրը նման է Ձեր եղբոր՝ Քեննեթ Ուոթերսի ճակատագրին: 1996 թ.-ին՝ 20 տարեկանում, Հայաստանի Գերագույն դատարանը ինձ դատապարտեց մահապատժի՝ մեղադրելով համակուրսեցուս սպանության մեջ: Մինչ օրս՝ արդեն 20 տարի, փորձում եմ հասնել գործի վերանայման՝ պնդելով, որ ես չեմ կատարել սպանություն, բայց հայաստանյան արդարադատությունը չի լսում ձայնս:
Խցում մի թղթապանակ ունեմ, որի անունը դրել եմ «Հույսի թղթապանակ»: Այն ինձ առաջ շարժվելու, չնահանջելու հույս է տալիս: Հավաքում եմ նյութեր, լուսանկարներ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում արդարացման դատավճիռներով ազատություն ստացածների մասին: Այնտեղ կա նաև Ձեր եղբոր անունը, ով նույնպես դատական սխալի զոհ էր դարձել, բայց Ձեր համառության շնորհիվ արդարացվել է 18 տարի անց: Եթե արդարացվածների նկարները փակցնեմ խցի պատերին, գուցե մռայլ պատերն ամբողջությամբ ծածկվեն նրանց երջանիկ դեմքերով:
![]() |
«Դատավճիռ» ֆիլմի ազդագիրը |
Այստեղ՝ բանտում, նայել եմ Ձեր 18-ամյա պայքարի մասին պատմող «Դատավճիռ» ֆիլմը: Իմացել եմ, որ Ձեր եղբորը բանտից ազատելու, արդարության վերականգնման նպատակով սովորել եք իրավագիտություն, դարձել փաստաբան, պաշտպանել Ձեր եղբոր շահերը, գտել իրեղեն ապացույցները և հասել արդարացման դատավճռի:
Սովորելով իրավագիտության ֆակուլտետում՝ խորացնում ու խորացնելու եմ հմտություններս մի ոլորտում, որը դեռ չկա մեր երկրում: Խոսքը քրեագիտական գենետիկայի մասին է: Ցավոք, դեռ Հայաստանում իրեղեն ապացույցները դատավճիռներից հետո ոչնչացվում են օրենքով, և մենք չենք կարողանում գենետիկական փորձաքննություններ անել: Լինելով դատական սխալի զոհ՝ աշխատելու եմ այն գործիքների զարգացման ուղղությամբ, որոնք գրեթե անհնար կդարձնեն անմեղ մարդու դատապարտումը:
Քանի որ ինձ աշխատանք է առաջարկել hetq.am ինտերնետային թերթը, ցանկանում եմ հարցազրույց ունենալ Ձեզ հետ: Կարծում եմ` կընդունեք հրավերս:
Շնորհակալ եմ հարցազրույցի համար
Ամենաջերմ մաղթանքներով` Մհեր
Ահա հարցերս.
- Ինչպե՞ս Դուք կարողացաք ձեր եղբոր ճակատագրում վերականգնել արդարությունը: Ֆիլմը և իրականությունն որքանո՞վ են համընկնում:
- Իմ եղբոր դատապարտումից հետո ջանում էի ապացուցել նրա անմեղությունը: Ընդունվեցի քոլեջ ու իրավաբանական դպրոց: Նպատակը եղբորս արդարացումն էր: 1999 թ-ին ես գտա դեպքի վայրից վերցված արյան նմուշները և հասա դատական որոշման, որպեսզի պահպանվի իրեղեն ապացույցը ԴՆԹ թեստի հնարավոր անցկացման համար: Այս գործով 2000 թ-ից ես սկսեցի աշխատել Անմեղության ծրագրի հետ: Միասին մենք հասանք նրան, որ Միդլսեքսի շրջանային դատախազը համաձայնություն տվեց անկախ փորձագիտական լաբորատորիայում անցկացնել իրեղեն ապացույցի ԴՆԹ փորձաքննություն: Արդյունքը բացառեց Քեննիի մեղքը՝ ապացուցելով, որ նա հանցագործ չէ: Դրանից հետո նրա դատավճիռը բեկանվեց: Իմ եղբայրը, ով մոտավորապես 18 տարի էր անցկացրել բանտում չգործած հանցանքի, սպանության համար, ազատ արձակվեց: 2001 թ-ի մարտի 15-ին իմ եղբոր վրայից ամբողջությամբ հանվեցին բոլոր մեղադրանքները և նրա արդարացումը հաստատվեց պաշտոնապես:
- Ձեր եղբոր արդարացման դատավճռից հետո քանի՞ մարդու եք օգնել վերականգնել արդարությունը:
- Դժվարանում եմ կոնկրետ ասել, թե քանի մարդու եմ օգնել հասնելու դատական սխալի ճանաչման: 2001 թ-ից մասնակցել եմ տարբեր միջազգային ֆորումների, այցելել եմ դատական սխալների զոհերի: Ես ելույթներ եմ ունեցել ԱՄՆ-ի տարբեր վայրերում, Կանադայում, Ավստրալիայում և Իռլանդիայում: Շատ մարդիկ այդ ելույթներից հետո ասում էին, որ մինչ այդ պատկերացում անգամ չունեին, որ իրենց երկրում նման բաներ են կատարվում: Ելույթներ եմ ունեցել նաև տարբեր օրենսդրական մարմիններում՝ օգնելով պահպանել իրեղեն ապացույցները, ասելով, որ դա շատ կարևոր է ամեն կոնկրետ գործի պարագայում: Իմ եղբոր գործով ապացույցները կարող էին ոչնչացված լինել օրենքով, և միայն բախտի բերմամբ էին դրանք պահպանված: Հենց շնորհիվ այդ ապացույցների՝ մենք կարողացանք ապացուցել Քեննիի անմեղությունը: Կարծում եմ՝ Դուք պատկերացնում եք, թե ինչպես էի անհանգստանում, որ այդ ապացույցները վերացված չլինեին:
Բացի այդ, ես ներգրավված էի մի գործում արդեն 13 տարի: Այդ քաղաքացու դատավճիռը բեկանվեց անցյալ տարի Գերագույն դատարանի կողմից: Մոտ շաբաթների ընթացքում կիմանանք արդյունքների մասին: Այս գործը սկսվեց որպես ԴՆԹ-ով գործ, բայց ավարտվեց որպես առանց ԴՆԹ-ով գործ: Այս գործը ցույց տվեց ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները, անմեղության մասին վկայող ապացույցների քողարկումը և այլ խախտումներ:
- Ավարտեցի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսը: Մեր երկրում քրեական դատավարությունում ապացույցների ցանկի 6 կետը վերաբերում է ցուցմունքներին, իսկ փորձագետի եզրակացությունը և իրեղեն ապացույցները որպես ապացույց մի տեսակ երկրորդական դեր են խաղում: Ապացույցների «թագուհի» է շարունակում դիտվել ինքնախոստովանական ցուցմունքը: Ի՞նչ կարծիքի եք այս հարցի կապակցությամբ:
- Ապշեցուցիչ է, բայց սխալ դատապարտված, ապա տարիներ անց արդարացված ամեն չորս անձանցից մեկը դատապարտված է եղել ինքնախոստովանական կամ սուտ ցուցմունքի հիմքով: Ինքնախոստովանական ցուցմունքներ տալու պատճառները տարբեր են, բայց, որպես կանոն, ոստիկանությունը մարդկանց առաջարկում է ընդունել մեղքը, քան պնդել անմեղությունը:
- Հայաստանում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործերի վերաբացում գրեթե տեղի չի ունենում: Դատական սխալների հավանականությունը մնում է միայն տեսական մակարդակի վրա, իսկ իրական կյանքում տեսնում ենք, որ մեր դատաիրավական համակարգը չի ընդունում այն, որ հնարավոր է դատական սխալի հետևանքով անմեղ մարդը հայտնված լինի բանտում: Եթե նայենք այս ցուցանիշին, ապա ստացվում է, որ Հայսատանի դատաիրավական համակարգն ամենակատարյալներից մեկն է, քանի որ մեզ մոտ դատավորները երբեք չեն սխալվում և անմեղ մարդիկ բանտերում չեն հայտնվում: Կարծում եմ, որ մի օր այս «անսխալականության» բարդույթը կհաղթահարվի և կգիտակցեն, որ ամենևին էլ չի սասանվի արդարադատությունը, եթե ընդունեն իրենց սխալները: Ի՞նչ եք կարծում, սա մտածելակերպի կամ միգուցե մենթալիտետի հարց է:
- Գենետիկական փորձաքննությունների շնորհիվ ձեռքբերված արդարացման դատավճիռները օգնում են ցույց տալ հասարակությանը, որ դատական սխալներն առկա են:
Ես մշտապես պատրաստ եմ անել հնարավորը` աջակցելու դատական սխալների զոհերին: Հույս ունեմ, որ Դուք կլինեք այն փոփոխությունը, որի կարիքը Հայաստանի համակարգը զգում է դատական սխալների հարցում: Դատական սխալների հարցը համաշխարհային, համամարդկային պրոբլեմ է, որի առկայությունը որևէ պետություն չի կարող բացառել:
Լուսանկարները innocenceproject.org-ի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել