HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից ամենաշատը պղինձ է արտահանվում. ո՞ր երկրներն են գնորդները

 Մաքսային ծառայությունը վերջապես հրապարակեց 2015 թվականին ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշները՝ ըստ ապրանքախմբերի և ըստ երկիր-ապրանք կտրվածքի։ Ավելի վաղ «Հետք»-ը ներկայացրել է նախորդ տարվա արտահանման և ներմուծման պատկերն ու փոփոխությունները։ Այդ տվյալները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումների հիման վրա են, որոնք ներկայացված չեն այն մանրամասնությամբ, ինչպես Մաքսային ծառայության հրապարակումներում։  Ուստի, առաջիկայում դեռ շատ կանդրադառնանք Մաքսայինի այս  նոր ցուցանիշներին, որոնց հիման վրա կարելի է մի շարք եզրահանգումներ անել Հայաստանի տնտեսության վերաբերյալ։

Այդուհանդերձ, Մաքսային ծառայության հրապարակման մեջ բացակայում են ՀՀ արտահանման և ներմուծման վերաբերյալ 2015 թվականի ընդհանուր ցուցանիշները։ Այսինքն՝ տվյալները մանրամասն ներկայացված են ըստ ապրանքախմբերի, բայց վերջում չկա դրանց գումարը։ Խոսքը հարյուրավոր ապրանքախմբերի մասին է, որոնց միայն մաքսային արժեքները գումարելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Այլ խոսքով, առայժմ չենք կարող ասել՝ ընդհանուր տվյալները համընկնու՞մ են ԱՎԾ-ի տվյալների հետ, թե՞ ոչ։

Պարզվում է՝ 2015 թվականին Հայաստանից արտահանված ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքը, ինչպեսև 2014-ին, պղինձն է։ Ավելի վաղ ներկայացրել ենք, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 309,2 հազ. տոննա պղնձի խտանյութ։ 2014-ի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 124 հազ. տոննայով կամ 67%-ով։ Այդ ժամանակ մեր հարցմանը, թե որքան է կազմել պղնձի արտահանման մաքսային արժեքը, ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանում ներկայացված թիվը դրամով էր։ Ըստ մեր հաշվարկների՝ այն կազմել էր 316,6 մլն դոլար։ Մաքսայինի նոր տվյալներով ևս դա նույն գումարն է։ Ստացվում է, որ Հայաստանից պղնձի խտանյութի արտահանման ծավալը մեկ տարում աճել է 67%-ով, բայց մաքսային արժեքի աճը կրկնակի քիչ է՝ 34%: Սա ինքնին նշանակում է, որ նախորդ տարի խտանյութն ավելի էժան է արտահանվել, քան 2014-ին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ նախորդ տարի Հայաստանի ընդերքն ավելի անարդյունավետ է «դատարկվել», քան 2014-ին։

Հայաստանից արտահանվում է նաև զտված՝ կոնվերտորային պղինձ և պղնձի ջարդոն։ 2015-ին առաջինի ծավալը կազմել է մոտ 12 հազ. տոննա, մաքսային արժեքը՝ 65,5 մլն դոլար, իսկ երկրորդինը՝ 2,2 հազ. տոննա, 6,2 մլն դոլար։ Մեկ տարում կոնվերտորային պղնձի արտահանման ծավալն աճել է 18%-ով, բայց արժեքը՝ նվազել մոտ 9%-ով։ Իսկ պղնձի ջարդոնի արտահանման ծավալն աճել է 12%-ով, արժեքը՝ 75%-ով։

Պղնձի արտահանման ու արտադրության տարիների դինամիկային և միջազգային շուկայի գներին անդրադարձել ենք նախորդ հոդվածում։ Հիմա տեսնենք, թե որ երկրներն են Հայաստանից պղինձ գնել և որքան են վճարել։ 

Չինաստանը խոշորագույն գնորդն է

 2015 թվականին Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի ամենախոշոր գնորդը Չինաստանն է, հաջորդում են Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան և Շվեյցարիան։ 2014-ին խոշոր գնորդներն էին Չինաստանը, Բուլղարիան ու Սերբիան։ Այդ տարի ևս առաջատարը Չինաստանն էր։ Դա պայմանավորված է նրանով, որ այս երկրում պղնձի նկատմամբ պահանջարկը բարձր է։

Արտահանված պղնձի խտանյութի համար Չինաստանը վճարել է 139  մլն դոլար։ 2014-ի համեմատ արտահանման ծավալն աճել է  23,5%-ով, բայց մաքսային արժեքը գրեթե նույնն է մնացել։ Նախորդ տարի Հայաստանից Չինաստան ընդհանուր արտահանումը, և՛ Մաքսային ծառայության և՛ ԱՎԾ-ի տվյալներով, 3,3%-ով նվազել է։ Պատճառը այլ ապրանքների արտահանման մասով գրանցված անկումն է։ Այսինքն՝ եթե արտահանված պղնձի ծավալները չաճեին, դեպի այս երկիր Հայաստանից ընդհանուր արտահանման անկումն ավելի մեծ կլիներ։

Իսկ Բուլղարիա արտահանված պղնձի խտանյութի մաքսային արժեքը կազմել է 78,5 մլն դոլար՝  7,2%-ով պակաս, քան 2014-ին։ Մինչդեռ ծավալն աճել է 28,2%-ով։

Նոր  խոշոր գնորդներ են Վրաստանը, Ռումինիան ու Շվեյցարիան։  2014-ին Հայաստանից այս երկրներ պղնձի խտանյութ չնչին քանակությամբ է արտահանվել։ 2015-ին դեպի Վրաստան արտահանման մաքսային արժեքը կազմել է 44 մլն դոլար, դեպի Ռումինիա՝ 38,3 մլն դոլար և դեպի Շվեյցարիա՝ մոտ 15 մլն դոլար։ Հիմնականում պղնձի արտահանման շնորհիվ է, որ 2015-ին Հայաստանից Վրաստան արտահանումն աճել է 37,6%-ով, իսկ դեպի Շվեյցարիա՝ մոտ 3 անգամ։

Նախորդ տարի, ըստ էության, Հայաստանից Ռումինիա արտահանման նոր սկիզբ է դրվել։ 2014-ին այս երկիր միայն 55 հազ. դոլարի ապրանքն է արտահանվել։ Իսկ 2015-ին այն, պղնձի արտահանման արդյունքում, կազմել է 38,4 մլն դոլար։

2014-ին Սերբիան ևս Հայաստանից մեծ ծավալի պղնձի խտանյութ է գնել՝ 13,3 մլն դոլարի, սակայն 2015-ին այդ ցուցանիշը  1 տոննայի չի հասնել:

Նախորդ տարի Հայաստանից պղնձի խտանյութ քիչ քանակությամբ գնել են նաև Նիդերլանդները (1,1 հազ. տոննա) և Իսպանիան (0,8 հազ. տոննա)։

Ստացվում է, որ 2015-ին Հայաստանում արտադրված պղնձի խտանյութից Սերբիան մեծամասամբ հրաժարվել է, փոխարենը երեք նոր շուկա է ի հայտ եկել՝ ի դեմս Վրաստանի, Ռումինիայի և Շվեյցարիայի։

Իսկ կոնվերտորային պղնձի գնորդը Գերմանիան է, պղնձի ջարդոնինը՝ Բրազիլիան ու ԱՄՆ-ը։

Այսպիսով, առնվազն հինգ տարի շարունակ Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքը պղնձի խտանյութն է։ Դատելով ամենաբարձր մաքսային արժեք ունեցող արտահանվող  ապրանքների ցանկից՝ հանքահումքային ապրանքները (առաջիկայում հերթով կանդրադառնանք դրանց) մեծ տեղ են գրավում արտահանման կազմում։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր ոչ կայուն հիմքերի վրա է, քանի որ այդ հանքահումքը վաղ թե ուշ վերջանալու է։ Իսկ թե արդյունաբերության այս տեպերով ու պայմաններով ուրիշ ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել աշխարհին, դժվար է ասել։

Մեկնաբանություններ (3)

Աննա
Հարգելի Սեդա, արդյո՞ք ուսումնասիրել եք, թե վիճակագրական պատշոնական տվյալներում նշված արտահանման հասցեներն իսկապես վերջնակետերն են, թե ոչ։ Հայտնի է, որ բուլղարական և ռումինական նավահանգիստներում բեռները փոխադրվում են այլ տրանսպորտամիջոցների և տեղափոխվում «ավելի վերջնական» հասցեատերերի։ Կարո՞ղ եք այդ մանրամասները ճշտել, թե իսկապես ուր է գնում հայկական պղինձը։ Շնորհակալություն
Աննա
Շնորհակալություն, իրականում ապրանքային շղթան հիմնական նավահանգիստներում փոփոխվում է, դրանք գնային, մաքսային, ապրանքի ծագման երկրի և այլ սպեկուլյացիաների համար է արվում։ Դրանք ակնհայտորեն հետաքննությունը կարող է պարզել։ Շնորհակալություն։
Սեդա
Հարգելի Աննա, մեր վիճակագրության մեջ արտացոլվում են այն երկրի հետ առևտրի տվյալները, որոնք ստանում են ապրանքն ու վճարում։ Այլ հարց է, որ ներմուծող երկիրը մշակում է հումքը և նորից արտահանում, կամ առանց մշակման է արտահանում։ Դա արդեն ոչ թե մեր վիճակագրության մեջ է հաշվարկվում, այլ՝ այդ երկրի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter