
Վրացական խորամանկությու՞ն. ինչպես է աշխատում «Արմենիան»
«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը փաստացի իր մայր ընկերության՝ «Georgian Airways»-ի միջոցով Երեւանից ուղեւորներ է տեղափոխում Վրաստան, այնտեղից էլ՝ տարբեր ուղղություններով: Մինչեւ ընկերության չվերթների իրականացումը որոշակի կասկածներ կային, որ սա լինելու է թղթային ընկերություն, որն ընդամենը տոմս է վաճառելու Հայաստանում վրացական օպերատորի համար, այսինքն՝ վրացական կողմի համար դառնալու է ուղեւորների մատակարար, չնայած շեշտենք, որ «Georgian Airways»-ը 2003-ից ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, որի գործը հենց այն պիտի լիներ, ինչ հիմա անում է «Արմենիան»:
Հիշեցնենք, որ «Արմենիայի» տերերից Թամազ Գաիաշվիլին մարտին հայտարարել էր, թե ապրիլի 21-ին առաջին թռիչքը լինելու է Մոսկվա եւ Թել Ավիվ: Փաստերով ցույց տանք, թե ինչպես է օդանավ չունեցող ընկերությունն «իրականացրել» իր խոստումը:
Երեկ վրացական «Georgian Airways»-ի «Boeing 737» օդանավը (գրանցման համարը՝ 4L-TGM, լուսանկարում) Թբիլիսիից ժամանել է Երեւան 21:24-ին: Այն իրականացնում էր վրացական ընկերության TGZ 725 չվերթը: «Զվարթնոցի» չվացուցակում սրա հետ իբրեւ համատեղ չվերթ նշվել է «Արմենիայի» NTG 725 թռիչքը: Օդանավը պիտի վայրէջք կատարեր 20:35-ին, սակայն մեկ ժամ ուշացել է:
Այդուհանդերձ, 21:56-ին՝ գալուց կես ժամ անց, ինքնաթիռը Երեւանից վերադարձել է Թբիլիսի (չվերթներ TGZ 726 եւ NTG 726):
Շատ չանցած՝ 23:15-ին, նույն օդանավը Վրաստանի մայրաքաղաքից մեկնել է Թել Ավիվ (չվերթ A9 1789, սա «Արմենիայի» հետ համատեղ չվերթ չի եղել): Այսօր լույս գիշերը՝ 05:01-ին, վրացական ընկերության օդանավը A9/TGZ 1790 չվերթով Թել Ավիվից ժամանել է Երեւան (սա նույնպես համատեղ չվերթ չի եղել):
Ստացվում է, որ վրացական կողմը իրար է կապեր Իսրայելն ու Հայաստանը, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրների միջեւ գործում է օդային տարածքի 5-րդ ազատության իրավունքը, ինչը Հայաստանի իշխանությունների հռչակած «բաց երկնքի» քաղաքականության առանցքային կետերից է: Այնինչ, մինչ օրս պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չի հրապարակվել ՀՀ-ի ու Վրաստանի միջեւ 2008-ին կնքված համաձայնագրի փոփոխության վերաբերյալ: Իսկ դրանով 5-րդ ազատություն ամրագրված չէ: Երեւան ժամանելուց քիչ անց՝ 05:48-ին, արդեն համատեղ չվերթով (TGZ 1722 եւ NTG 1722) վրացական «Boeing 737»-ը վերադարձել է Թբիլիսի:
Ասվածից հետեւում է, որ վրացական օդանավը եկել է Երեւան, այստեղից վերցրել Իսրայել մեկնողներին, գնացել Թբիլիսի ու այնտեղից թռել Թել Ավիվ, իսկ այնտեղից Թբիլիսի վերադառնալիս կանգառ է արել Երեւանում:
Այսքանից հետո հետաքրքիր է, թե ինչպես է «Արմենիան» կյանքի կոչելու իր տերերի մեծ խոստումները Ռուսաստանի, Ասիայի ու Եվրոպայի տարբեր քաղաքներ կատարվելիք թռիչքների մասին: Եթե «Արմենիայից» տոմս առնողները «Georgian Airways»-ի միջոցով պիտի Թբիլիսի թռչեն ու այնտեղից նոր միայն՝ իրենց ուղղությամբ, ապա արդեն այսօր պարզ է դառնում, թե ինչպես են վրացիները հայկական շուկան փորձում քաշել դեպի Թբիլիսի եւ վերջինս դարձնել տարածաշրջանային հաբ: Բայց եթե իսկապես այդպես է, կարո՞ղ են վրացիները դիմանալ հայկական ուղեւորահոսքը գրեթե ամբողջությամբ իրենց ձեռքն առած ռուսական ընկերությունների մրցակցությանը, որոնք համեմատաբար փոքրերին դուրս մղելու հիանալի փորձառություն ունեն հենց նույն Հայաստանում:
Հ.Գ. Չնայած համատեղ թռիչքները «Արմենիայի» մասով համարակալվում են ICAO-ի NTG կոդով, այս կոդը տրվել է 2000-ին հիմնադրված «Servicios Integrales de Aviacion SA de CV» մեքսիկական ընկերությանը, որը հայտնի է «FlyMex» անվամբ: Ընկերությունը բազավորվում է մեքսիկական Տոլուկայում եւ կատարում է չարտերային թռիչքներ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել