HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոբ Դիլըն. «Պատերազմի վարպետները»

Նաիրա Հայրապետյան

Come you masters of war,

You that build all the guns

You that build the death planes

You that build the big bombs

You that hide behind walls

You that hide behind desks

I just want you to know

I can see through your masks… 

Հեռավոր 60-ականներին այսպիսի տողերով «պատերազմի վարպետներին» էր դիմում լեգենդար Բոբ Դիլընը: Նրանք աշխարհի առաջնորդներն են, որոնք նույնն էին երեկ և նույնն են այսօր: Ոչինչ չի փոխվել, 53 տարի առաջ գրված այս երգն ասես ճիշտ այսօրվա մասին է: Նրանք բոլոր զենքերի, հսկա ռումբերի հեղինակներն են, ովքեր  փախչում են իրենց ստեղծածից՝ վերջին փամփուշտից էլ արագ սլանալով: Նրանք քանդելու համար ստեղծելուց բացի ուրիշ ոչինչ չեն արել, «խաղում են աշխարհիս հետ այնպես, ասես իրենց փոքրիկ խաղալիքը լինի»…  

1961թ. ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Դեյվիդ Այզընհաուըրը ժողովրդին դիմեց իր հրաժեշտի ուղերձով: Ամերիկայի ամենահեղինակավոր գործիչներից մեկի խոսքում տպավորիչ մի կոչ կար, որն էլ, ըստ էության, հունից հանեց ամենահեղինակավոր երաժիշտներից մեկին: Նախագահը մտահոգություն էր հայտնում նոր մարտահրավերներին դիմակայելու հարցում և նախազգուշացնում, որ երկրի ուժերի կենտրոնացումը ռազմական արդյունաբերության կատարելագործման մեջ վտանգավոր հետևանքներ է թողնում: «Ընդհանուր ազդեցություններն ամենուր զգացվում են՝ տնտեսական, քաղաքական և նույնիսկ հոգևոր ոլորտներում, դաշնային կառավարության ամեն մի քաղաքում, ամեն մի գրասենյակում:- ասվում էր նախագահի ուղերձում,- Մենք գիտակցում ենք այս բնագավառի հրամայական անհրաժեշտությունը և, այդուհանդերձ, չպետք է թերագնահատենք դրա հետևանքները: Մեր ողջ ներուժը, աշխատանքը, եկամուտները ներգրավված են այստեղ:  … Մենք պետք է զգոն լինենք՝ դիմակայելու ոչ երաշխիքային ազդեցություններին և, ուզենք թե չուզենք, դա հնարավոր է ռազմաարդյունաբերական համալիրի միջոցով, բայց չպետք է թույլ տանք, որ այն վտանգի մեր ազատությունը և ժողովրդավարությունը» : 

Նորից անդրադառնալով ռազմաարդյունաբերական համալիրի կարևորությանը, նախագահը նշում է, որ միայն զգոն և պատրաստված հասարակություն ունենալով՝ Ամերիկան միաժամանակ կարող է և անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել իր ռեսուրսները: Նա կոչ էր անում խելամիտ զուգորդել նպատակն ու հնարավորությունը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Արդյունաբերության և զենքի ստեղծման ահռելի այդ համալիրը ահա այսպիսի համագործակցությամբ միայն կարող է հասնել ամերիկյան խաղաղ նպատակների իրագործմանը: Միայն այս դեպքում անվտանգությունն ու ազատությունը կարող են ծաղկել:

Ուրեմն խաղաղության և ապահովության միակ երաշխիքը ռազմաարդյունաբերական համալիրների ստեղծումն ու զարգացումն է, զենքն ու խաղաղությունը մշտապես նույն ազնիվ նպատակները կրողներն են եղել: Դրա վկաներն, ինչ խոսք, անթիվ, անհամար են: Քիչ անց մենք կհիշենք հեռավոր արևելքում՝ խաղաղ նպատակների և ամերիկյան բարի ցանկությունների վառ դրսևորումներից մեկին:

Ռազմաարդյունաբերական համալիր. հենց այս ռազմատենչ տերմինն էլ «հարվածեց» Բոբ Դիլընին: « Դուք, որ իմ ձեռքը զենք եք դնում, ապա վերադառնում ձեր պալատներն ու դիտում, թե որքանով է մահվան ցուցանիշը բարձրանում, թե ինչպես է երիտասարդ արյունը դուրս հոսում մարմնից՝ թաղվելով ցեխի մեջ… Թույլ տվեք հարցնել ձեզ՝ ձեր փողերը կհերիքե՞ն ետ գնելու ներում ձեզ համար, ետ բերելու ձեր հոգիները մեռած»,- նման տողերով «Masters of War» հանրահայտ երգում դիմում է երաժիշտը՝ բառերի մեջ խտացնելով իր ողջ ցասումն ու ընդվզումը այս ամենի նկատմամբ: Դառնությունը հաջորդ տողերում արդեն փոխվում է բացահայտ ատելության: Դիլանն  ի սրտե խոստովանում է, որ նա մահ է ցանկանում բոլոր այն մարդկանց, ովքեր խաղում են աշխարհի հետ մարդկային բազմաթիվ կյանքերի, չծնված բայց արդեն մեռած երեխաների հաշվին:

«…  And I hope that you die

And your death’ll come soon

I will follow your casket

In the pale afternoon

And I’ll watch while you’re lowered

Down to your deathbed

And I’ll stand o’er your grave

Til I’m sure that you’re dead »

Քննադատ Էնդի Գիլը երգը համարում է Դիլընի երգացանկի ամենաբացահայտ դատապարտումը, որը հասարակ բառերի տարափով հարցը սրեց այնպիսի աստիճանի, որ նույնիսկ դատապարտվող թիրախը զգաց նրա դառնությունը:

«Երգը, ըստ էության, խաղաղասիրության մասին էր՝ ընդդեմ պատերազմի,- հետագայում մեկնաբանում է Դիլընը,- այն խոսում է Այզընհաուերի՝ նախագահական լիազորություններից հեռանալուց առաջ նշած ռազմաարդյունաբերական համալիրի դեմ: Այդ ժամանակ այս ոգով էր ներծծված օդը, որն էլ նաև ես շնչեցի»:

Ըստ նրա, սրանք ժամանակներ էին, երբ մարդիկ առավելապես հավատում ու հետևում էին կոնգրեսականների, սենատորների խոսքին, բայց ոչ՝ հոգևոր արժեքների: Նիցշեյան «Աստված մեռած է» հանրահայտ արտահայտությունը իշխում էր նրանց մտածելակերպի և գաղափարախոսության մեջ՝ առանց խորապես ընկալելու դրա իսկական իմաստը: Մինչդեռ կեղծ ինտելեկտուալների և մշակութային արժեհամակարգի հետ ամենևին կապ չունեցող մարդկանց հետևող այս աղետալի երևույթը ստիպել էր երաժշտին խոսել, ավելի ճիշտ պայթել՝ այդ անլուր վիճակի հետևանքները մատնացույց անող աղաղակով:  

«Masters of War» երգը Դիլընն առաջին անգամ ձայնագրեց 1963թ. հունվարին, «Broadside» ամսագրի համար, որը պատրաստակամություն էր հայտնել տպագրել երգի բառերն ու երաժշտությունը իր փետրվարյան համարում: Այս ամսագրում տպագրվեց նաև փոքրիկ նկար, որը երգի ուղերձի նման պարզ և ուղիղ իմաստով պատկերում էր երկրագնդի վիճակը՝ Մի մարդ, ով պատրաստվում է ուտել մոլորակը իր դանակ-պատառաքաղով՝ իրեն նայող մի ամբողջ սոված ընտանիքի հայացքի առջև:   

Մի քանի ամիս անց «Masters of War» -ն արդեն թողարկվեց երգչի նոր ալբոմի կազմում: «The Freewheelin՚ Bob Dylan» խորագրով այս ալբոմը երաժշտի երկրորդ ստուդիական աշխատանքն էր: Այն ներկայացնում էր Դիլըն-երգահանին՝ ավանդական, ժողովրդական մեղեդիների ձևավորմամբ:  «Masters of War» -ը կրում էր «Nottamun Town»-ին համապատասխան ժողովրդական հնչյուններ: Անգլիական միջնադարյան շրջաններից հասած այս երգը շատ հայտնի էր ամերիկյան հյուսիային որոշ շրջաններում, մասնավորապես՝ Ապալաչներում:

Ժողովրդական քնքուշ «Nottamun Town»-ի, այսպես ասած,  փոխակերպումը «Masters of War» -ի նոր ալբոմի համար ձայնագրվեց 1963թ. ապրիլի 24-ին, «Columbia Records»-ի ստուդիայում: Նույն տարվա ընթացքում երաժիշտը մի քանի անգամ ներկայացրեց այն նաև բեմից, այդ թվում իր երեք խոշորագույն համերգների ընթացքում: Ամերիկյան հեղինակավոր փառատոններում և դահլիճներում հնչած այս կատարումներից մի քանիսը ևս հետագայում թողարկվեցին նոր ձևաչափով: Դրանց տարիներ անց հաջորդել են նոր տարբերակները՝ ժամանակին համահունչ գործիքավորմամբ և մատուցմամբ, սակայն օրիգինալ՝ ակուստիկ կատարումը Դիլընը գրեթե չնվագեց հետագայում: Միայն 30 տարի անց՝ 1994թ. Ճապոնիայում  կայացած համերգի ժամանակ նա կրկին մենակ մնաց բեմում կիթառի և իր բառերի հետ: Միջուկային զենքից կործանված Հերոսիման աշխարհը խժռող ռազմաարդյունաբերական համալիրների ամենացայտուն օրինակներից է, ուստի և ամենաճիշտ վայրը՝ այս ամենի մեջ եփվող զգացողություններիդ հետ մեն-մենակ լինելու:

1991թ. Բ. Դիլընին «Գրեմի» մրցանակ շնորհվեց՝ երաժշտական աշխարհում ունեցած իր մեծ ներդրման համար: Մրցանակաբաշխությանը նա ներկայացավ «Masters of War»-ի կատարմամբ:

«Ես երբեք չեմ երգում մարդկանց մահը տենչացող երգեր,- ասել է Դիլընը «Masters of War» -ի առիթով,- բայց այս մեկի դեպքում ես ուղղակի չկարողացա: Երգը պոռթկում է, լցված համբերության արտահայտություն, մի զգացում, երբ չգիտես, թե ի՞նչ կարող ես դու անել…»:

Մեկնաբանություններ (2)

փիլիսոփա
Բոբ Դիլանը սխալվում է, որովհետեւ արվեստագետ է: Պարբերական պատերազմներն ու կոտորածները բնական պրոցեսներ են: Դրա էմպիրիկ, անվիճելի ապացույցը հազարամյակների պատմությունն է: Ցավալի է, բայց իրավացի է նա, ում բոմբը մեծ է:
Զավեն Բոյաջյան
Գուցե կողմնորոշվեք՝ Բոբ Դիլանին Դիլան եք կոչում, թե Դիլըն, թե չէ մերթ Դիլան եք գրում,մերթ Դիլըն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter