
Ապահովագրական ընկերությունների դեմ Հաշտարարին ուղղված բողոքների թիվն աճել է, բանկերինը՝ նվազել
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը ստացել է 1156 բողոք, որից 409-ը ընդունվել է քննության։ Մնացածը ենթակա չեն եղել քննության կամ առանց քննության բավարարվել են այն կազմակերպության կողմից, որոնց դեմ ուղղվել են բողոքները։ Մի մասի դեպքում էլ հաճախորդներին խորհուրդ է տրվել պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայել է նրա` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:
Ինչպես տեղեկանում ենք Հաշտարարի ֆինանսական հաշվետվություններից, քննության ընդունված բողոքների գերակշիռ մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ, ոչ մեծ մասն էլ՝ բանկերի։
2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ Հաշտարարին դիմողների թիվն աճել է 17,5%-ով։ Քննության ընդունված բողոքների քանակն էլ ավելացել է 20,6%-ով, ինչը պայմանավորված է ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների ավելի քան կիսով չափ աճով։ Իսկ բանկերի դեմ բողոքների թիվը նվազել է 44,2%-ով։ Թե ինչով է պայմանավորված ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թվի աճը և բանկերի դեմ բողոքների թվի նվազումը, միանշանակ ասելը դժվար է, քանի որ նպաստող հանգամանքները շատ են։ Օրինակ՝ տվյալ ընկերությունների կողմից նոր նախագծերի ներդրումը, հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ընկերությունների կողմից աշխատանքի թերացումը, հաճախորդների թվի աճը կամ նվազումը և այլն։
Այս տարվա հունվար-մարտին ապահովագրական ընկերությունների դեմ քաղաքացիները բողոքել են հիմնականում ԱՊՊԱ-ին առնչվող հարցերով՝ ընդհանուր 351 բողոքից 315-ը։ Իսկ բանկերի դեմ բողոքների գերակշիռ մասը վերաբերել է վարկերին՝ ընդհանուր 53 բողոքից 37-ը։
Այսինքն՝ ներկայում ևս Հաշտարարին ամենաշատը բողոքում են վարկերին ու ԱՊՊԱ-ին վերաբերող հարցերով։
Հունվար-մարտ ամսիներին, ըստ Հաշտարարի, հանգուցալուծված պահանջ-դիմումների թիվը կազմել է 335։
Հիշեցնենք, որ վերջին հինգ տարում ապահովագրական ընկերությունների դեմ Հաշտարարի ստացած բողոքների թիվը զգալի աճել է՝ մեծամասամբ կապված ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել