HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական կոնյակը նոր խոշոր գնորդների կարիք ունի

Վերջին երկու տարում հայկական կոնյակի արտադրության և արտահանման ծավալներն անկում են ապրել։ Բայց դա չի խանգարել, որ այն շարունակի կաևոր տեղ ու դեր ունենալ ինչպես Հայաստանի ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում, այնպես էլ հանրապետությունից արտահանման ընդհանուր կազմում։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում, ըստ ֆիզիկական ծավալների, մոտ երկու անգամ ավելի շատ կոնյակ է արտադրվում, քան օղի, և երեք անգամ ավելի շատ, քան գինի։ Մաքսային ծառայության ցուցանիշներն էլ վկայում են, որ Հայաստանից վերջին տարիներին, ըստ մաքսային արժեքի, ավելի շատ կոնյակ է արտահանվում, քան, օրինակ, ոսկի, մոլիբդեն, ադամանդ ու թանկարժեք մետաղի հանքաքար։

Նախորդ տարի կոնյակի արտադրության ֆիզիկական ծավալը 9,4%-ով կրճատվել է։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Հայաստանի մաքսային ծառայությունը կոնյակի առևտուրը ներկայացնում է «Էթիլային սպիրտ, չբնափոխած, «80 ծավ.% սպիրտի խտությամբ» ապրանքախմբի ներքո, որը, ըստ էության, ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ներկայացնում է հենց միայն կոնյակի արտահանումը։ Ուստի՝ հոդվածում կոնյակի արտահանման վերաբերյալ ցուցանիշները հենց վերոհիշյալ ապրանքախմբի ցուցանիշներ են։ 2015-ին Հայաստանից կոնյակի արտահանման ֆիզիկական ծավալը նվազել է գրեթե 9%-ով։ Բայց շատ ավելի մեծ է ստացվող գումարի նվազումը։ Արտահանման մաքսային արժեքը կազմել է 105,85 մլն դոլար։ Մեկ տարում այս ցուցանիշը նվազել է 36%-ով կամ  59 մլն դոլարով։

 Հայկական կոնյակի ճնշող մեծամասնությունն ուղղվում է Ռուսաստան

Արտադրության և արտահանման անկումը բացատրվում է Ռուսաստանում տիրող տնտեսական զարգացումներով, այս դեպում՝ բացասական։ Խնդիրն այն է, որ Հայաստանում արտադրված կոնյակի 70%-ից ավելին արտահանվում է։ Խոշորագույն գնորդը Ռուսաստանն է, որը գնում է արտահանված հայկական կոնյակի շուրջ 80%-ը։ Հետևաբար, հայկական կոնյակի արտադրության և արտահանման վրա այս երկրում տիրող իրավիճակն ու տնտեսության ազդակները որոշիչ նշանակություն են ունենում։

Նախորդ երկու տարում ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության մասնագետների հաշվարկների՝ 2015-ին ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 29,7%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 16,5%-ով։ Ռուբլու արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գնանկմամբ։

Այդպիսով, Ռուսաստան կոնյակ արտահանելով՝ հայ գործարարները ստանում են արժեզրկված ռուբլի, ինչը զգալի վնաս է հասցնում նրանց եկամուտներին։ Իսկ նրանք, որոնք կոնյակը դոլարով են վաճառում, դժվարությամբ են ստանում իրենց գումարները, քանի որ գնորդներն ի վիճակի չեն լինում ժամանակին վճարել։ Այսինքն՝ հայ արտադրողները մեծապես տուժում են։ Դրան էլ գումարած տեղական շուկայում առկա խնդիրները։

Տարեվերջյան ասուլիսում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել է. «Գների անկումը պայմանավորված է նրանով, որ ռուսական շուկայում կոնյակի գները չաճեցին, ռուբլին կրկնակի նվազեց, իսկ ՌԴ կառավարությունն արգելեց, որպեսզի համաչափորեն բարձրացվեն ապրանքների գները, այսինքն՝ նույն ապրանքը 70% էժան վաճառվեց ռուբլու անկման համեմատ։ Եթե մերոնք փորձեին չշարունակել մատակարարել կոնյակ ռուսական շուկային, կկորցնեին այն տեղը, որը գրավել էին վերջին 5-7 տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Հայկական կոնյակը ունի լուրջ մրցակիցներ, 2-4 տարեկան կոնյակների շրջանում մրցակից է ադրբեջանական կոնյակը, իսկ միջին ու բարձր տարիքի շրջանում՝ ֆրանսիականը, որը չի բարձրացնում գները և դժվար վիճակի մեջ դնում հայկական կողմին»։ Ավագ Հարությունյանն ընդգծել է, որ գրեթե ողջ տարի կոնյակ արտադրողները աշխատել են ոչ միայն առանց շահույթի, այլ նաև՝ վնասով։ Նույն խնդիրերն առկա են նաև գինու շուկայում։

Չնայած գրանցված զգալի անկմանը, կոնյակի արտահանումն իր ծավալներով 2015-ին զիջել է միայն պղնձին ու ծխախոտին։

Հետևյալ ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք կոնյակի մասնաբաժինը հայկական ալկոհոլային խմիչքների արտադրության կազմում, արտադրության և արտահանման տարիների դինամիկան ու արտահանման շուկաները.

Loading...

Loading...

Հայկական կոնյակը նոր խոշոր գնորդների կարիք ունի

Ըստ տարբեր ուսումնասիրությունների ու գնահատականների՝ Հայաստանում սպառվող կոնյակի գերակշիռ մասը տեղականն է, և շուրջ 5%-ն է միայն ներմուծվում։ Դա խոսում է այն մասին, որ հայկական կոնյակն իր որակով և գնով ավելի մրցունակ է տեղական շուկայում, քան ներմուծվածը։ Իսկ դրսի շուկաներից, փաստորեն, առավել մրցունակ է Ռուսաստանը, որտեղ էլ առաքվում է ՀՀ-ից արտահանվող կոնյակի ճնշող մեծամասնությունը։ Հայկական կոնյակի արտահանման աշխարհագրությունը մեծ չէ։

Ռուսաստան արտահանված հայկական կոնյակի ծավալը 2015-ին, նախորդ տարվա համեմատ, նվազել է մոտ 1,3 մլն լիտրով (12,1%-ով), իսկ արտահանումից ստացվող գումարը պակասել է 52,4 մլն դոլարով (մոտ  40%-ով)։ Այսինքն՝ գլխավորապես հենց այս նվազման «շնորհիվ» է, որ ՀՀ-ից կոնյակի արտահանումը նախորդ տարի 59 մլն դոլարով պակասել է։ Կրճատվել է նաև դեպի Ուկրաինա, Բելառուս և Վրաստան արտահանումը։ Իսկ դեպի Իրաք, Չեխիա, ԱՄՆ և Լիտվա արտահանումն աճել է։

Բայց, ինչպես երևում է արտահանման քարտեզում, հայկական կոնյակի համար, փաստորեն, դեռևս չի հաջողվել գտնել այնպիսի շուկաներ, որոնք կարող էին լրացնել ռուսական շուկայից կախվածություն ունենալու հետևանքով առաջացած բացը։ Ու քանի դեռ նոր խոշոր շուկաներ ի հայտ չեն եկել՝ որպես հայկական կոնյակի խոշոր գնորդներ կամ եղած շուկաները չեն մեծացրել ներկրման ծավալները, այս խմիչքի արտադրությունը Հայաստանում մեծապես կախված կմնա Ռուսաստանի տնտեսական զարգացումներից։

Դեռևս 3-4 տարի առաջ շատ էր խոսվում այն մասին, որ հայկական կոնյակը կարող է հաջողություններ գրանցել չինական շուկայում։ Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մի քանի առիթով ընդգծել է Հայաստանից կոնյակի արտահանման և նոր շուկաներ գրավելու կարևորությունը։ Նախարարությունն այդ ժամանակ հայկական կոնյակի արտահանման պոտենցյալ շուկաների շարքում առանձնացրել էր Չինաստանն ու Հարավարևելյան Ասիայի երկրները։ Հատկապես շեշտվում էր Չինաստանը, քանի որ համարվում էր, որ հայկական կոնյակը համապատասխանում և համադրելի է չինական խոհանոցի հետ ու կարող է որակական առանձնահատկություն ունենալ մյուս երկրների կոնյակների համեմատ։ Բայց այդ ժամանակ էլ գինեգործները մեծ հույսեր չէին կապում չինական շուկայի հետ, քանի որ այստեղ մրցակցությունը մեծ է, տեսականին՝ լայն։ Տարիների համառ աշխատանք է հարկավոր, որ չինացիները ծանոթանան հայկական կոնյակին ու գնահատեն դրա որակը։ Խոսքն, իհարկե, բարձր որակի կոնյակի մասին է, ոչ թե՝ կեղծված։ Գինեգործները, փաստորեն, ավելի իրատես էին։ Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանից Չինաստան է արտահանվել ընդամենը 19 հազ. լիտր կոնյակ։ Թեև այս շուկան ամենահեռանկարայիններից է կոնյակի համար, սակայն ասել, որ այստեղ սպասում են հայկական կոնյակին, գոնե ներկայում, չափազանցություն կլինի։

Ներկայի մասին 

2015-ի տարեվերջյան տվյալներով՝ Հայաստանում կոնյակի (բրենդիի) արտադրությամբ, ըստ ԱՎԾ-ի, զբաղվում է 26 ընկերություն։ Խոշորագույնը «Երևանի կոնյակի գործարան»-ն է։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 3,4 մլն լիտր կոնյակ՝ կիսով չափ ավելին, քան 2015-ի նույն ժամանակահատվածում։ Առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշը սովորաբար որոշիչ նշանակություն չի ունենում, բայց եթե այս տեմպով շարունակվի, տարեկան աճն ապահովված կլինի։ Իսկ արտահանման վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք։

Թե ինչ է սպասվում հայ կոնյակագործներին, դժվար է ասել։ Կոնյակագործներն իրենք էլ չունեն այս հարցի պատասխանը։ Քանի որ ներկա դրությամբ ռուսական շուկայից կախվածության աստիճանը շարունակում  է մեծ մնալ, հետևաբար ամեն ինչ կախված կլինի ռուբլու «վարքագծից»։  

Առաջիկայում կանդրադառնանք նաև Հայաստանից արտահանվող կոնյակի որակին ու գնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter