HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական «անորակ» աճը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) ավելի վաղ հայտնել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է։ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին (ՏԱՑ) 2015 թվականի նույն ժամանակաշրջանի 
համեմատ 5,6%-ով աճել է։ Աճին մեծապես նպաստել են արդյունաբերության՝ 8,9% և ծառայությունների՝ 10% աճը։ Աճել է նաև գյուղատնտեսությունը՝ 3,3%-ով։  Իսկ շինարարության և առևտրաշրջանառության ծավալներն անկում են ապրել՝ համապատասխանաբար 2,2%-ով և 1,1%-ով։
Ըստ ծավալների՝ առաջին տեղում առևտրաշրջանառությունն է (ընթացիկ գներով՝ 434,5 մլրդ դրամ), երկրորդում` արդյունաբերությունը (305,3 մլրդ դրամ), երրորդում` ծառայությունները (271,7 մլրդ դրամ)։ Հաջորդում են գյուղատնտեսությունն (71,2 մլրդ դրամ) ու շինարարությունը (42.1 մլրդ դրամ)։
Ու քանի որ աճ գրանցած երեք ոլորտներից գյուղատնտեսությունը թե ծավալներով և թե գրանցած աճով ակնհայտորեն զիջում է արդյունաբերությանն ու ծառայություններին, իսկ այդ երկու ոլորտներում գրանցված աճը զգալի է, ստացվում  է, որ տնտեսական ակտիվության աճի համար գլխավորապես «պարտական» ենք  արդյունաբերությանն ու ծառայությունների ոլորտին։ 
Օրերս էլ ԱՎԾ-ը ներկայացրեց մեկ այլ հրապարակում, որը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել և հասկանալ՝ ի՞նչ աճի մասին է խոսքը։ Առավել հետաքրքիրն այստեղ, կարծում ենք, ծառայությունների ոլորտն է։ 

Խաղատնային աճ

Հայաստանի ծառայությունների ոլորտում այսօր առավել մեծ կշիռ ունի ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (զբաղեցնում է ոլորտի ընդհանուր ծավալի 21%-ից ավելին), հետո՝ մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտը (20%-ից ավելին), իսկ երրորդում տեղեկատվություն և կապն է (18%-ից ավելին)։ Երեքը միասին ապահովում են ոլորտի մոտ  60%-ը և որոշիչ նշանակություն ունենում նույն ոլորտի ընդհանուր ծավալի աճի կամ նվազման հարցում։ Նշենք, որ մնացած  40%-ն ապահովում են 8 ոլորտներ, որոնց մեջ համեմատաբար մեծ կշիռ ունի տրանսպորտը (ավելի քան 13%): Հիմա հասկանանք, թե առաջին երեք խոշոր ոլորտներում ինչ փոփոխություններ են գրանցվել այս ընթացքում։ 
Այսպիսով, ֆինանսական և ապահովագրական գործունեության ենթաոլորտն այս տարվա հունվար-մարտին, 2015-ի նույն ամիսների համեմատ, գրանցել է 2,8% աճ, իսկ տեղեկատվություն և կապ ոլորտը՝ 3,1%: Հաշվի առնելով այս ենթաոլորտների ունեցած կշիռը՝ կարող ենք ասել, որ դրանց գրանցած աճը փոքր չէ։ Բայց շատ ավելի «տպավորիչ» է մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտի գրանցած աճը՝ 46,1%: Այսինքն՝ ծառայությունների ոլորտում գրանցված աճի համար էլ գլխավորապես «պարտական» ենք այս ենթաոլորտին։ Բայց դժվար թե գտնվեն ընթերցողներ, որ կկարծեն, թե մշակութային կյանքն է ծաղկել երկրում և դրա համար է նման չափի աճ գրանցվել։
Իրականում աճին նպաստել է զվարճությունների և հանգստի ոլորտում գրանցված աշխուժությունը։ Արդեն մի քանի ամիս է՝ խոսվում է այն մասին, որ դա էլ իր հերթին գրանցվել է խաղատների և բուքմեյքերական ընկերությունների հաշվին։ Առավելապես ոչ թե դրանց թվի ավելացման հաշվին է աճ գրանցվել, այլ՝ հաճախորդների թվի ավելացման։ Այդ մասին համոզվելու համար, բացի պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից, բավական է նաև խոսել ոլորտում աշխատող մի քանի մարդու հետ։

Խաղատներին, բուքմեյքերական ընկերություններին ու նրանց վճարած հարկերին առանձին կանդրադառնանք։

Արդյունաբերությունն աճել է հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության աճի հաշվին

Նույն վիճակն է նաև արդյունաբերության ոլորտում, որը ևս «տպավորիչ» աճ է գրանցել՝ 8,9%: 
Այս ոլորտում առավել մեծ բաժին ունի մշակող արդյունաբերությունը, որը սակայն 0,5% անկում է գրանցել։ Այդ անկումն ավելի մեծ կլիներ, եթե այն որոշ չափող չզսպեր ծխախոտի արտադրության 51,4% աճը։ Դա մասամբ փրկել է իրավիճակը, քանի որ ծխախոտի արտադրությունը զգալի մասնաբաժին ունի մշակող արդյունաբերության կազմում (ավելի քան 19%):  Իսկ սննդի արտադրությունն, օրինակ, որին բաժին է հասնում մշակող արդյունաբերության մեկ երրորդը, 5,4% անկում է գրանցել։

Ծավալների մեծությամբ արդյունաբերության մեջ երկրորդ տեղում հանքարդյունաբերությունն է։ Աճն այս ոլորտում շարունակվել է և կազմել 27,7%: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի արդյունաբերությունը գրանցած 5,2% աճն ապահովել է գլխավորապես հանքարդյունաբերությունը։ 
Այս եռամսյակում էլ արդյունաբերությունն աճել է գլխավորապես հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության, բաշխման հաշվին։ Էլեկտրանէներգիայի արտադրության մասնաբաժինը ևս զգալի է այս ոլորտում։ Այն զբաղեցնում է արդյունաբերության մոտ 25%-ը և այս եռամսյակում 28% աճ է գրանցել։ Իսկ մշակող արդյունաբերությունը, որի աճի դեպքում բացվում են նոր աշխատատեղեր, ներդրվում նոր տեխնոլոգիաներ և այլն, անկում է ապրում Հայաստանում այն դեպքում, երբ առանց այդ էլ աղետալի վիճակում է։ Փոխարենն աճում են հանքարդյունաբերությունն ու խաղատնային բիզնեսը, որոնք երկրի տնտեսության համար, մեղմ ասած, հեռանկարային դռներ չեն բացում։
Ինչ է ստացվում. այն երկու ոլորտները, որոնց հաշվին էլ հիմնականում ՏԱՑ-ի 5,6% աճ է գրանցվել, աճել են ոչ թե բոլոր ենթաոլորտների համաչափ աճի հաշվին, այլ՝ մեկ-երկու։ Սա այն դեպքն է, որին ականատես ենք եղել բազմաթիվ անգամ՝ աճում է տնտեսության ընդամենը մի քանի ենթաոլորտ և վիճակագրության հաշվարկների արդյունքում «պատրանք» է ստեղծվում, թե ամբողջ տնտեսությունն է աճել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter