
Տնտեսական «անորակ» աճը
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) ավելի վաղ հայտնել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է։ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին (ՏԱՑ) 2015 թվականի նույն ժամանակաշրջանի
համեմատ 5,6%-ով աճել է։ Աճին մեծապես նպաստել են արդյունաբերության՝ 8,9% և ծառայությունների՝ 10% աճը։ Աճել է նաև գյուղատնտեսությունը՝ 3,3%-ով։ Իսկ շինարարության և առևտրաշրջանառության ծավալներն անկում են ապրել՝ համապատասխանաբար 2,2%-ով և 1,1%-ով։
Ըստ ծավալների՝ առաջին տեղում առևտրաշրջանառությունն է (ընթացիկ գներով՝ 434,5 մլրդ դրամ), երկրորդում` արդյունաբերությունը (305,3 մլրդ դրամ), երրորդում` ծառայությունները (271,7 մլրդ դրամ)։ Հաջորդում են գյուղատնտեսությունն (71,2 մլրդ դրամ) ու շինարարությունը (42.1 մլրդ դրամ)։
Ու քանի որ աճ գրանցած երեք ոլորտներից գյուղատնտեսությունը թե ծավալներով և թե գրանցած աճով ակնհայտորեն զիջում է արդյունաբերությանն ու ծառայություններին, իսկ այդ երկու ոլորտներում գրանցված աճը զգալի է, ստացվում է, որ տնտեսական ակտիվության աճի համար գլխավորապես «պարտական» ենք արդյունաբերությանն ու ծառայությունների ոլորտին։
Օրերս էլ ԱՎԾ-ը ներկայացրեց մեկ այլ հրապարակում, որը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել և հասկանալ՝ ի՞նչ աճի մասին է խոսքը։ Առավել հետաքրքիրն այստեղ, կարծում ենք, ծառայությունների ոլորտն է։
Խաղատնային աճ
Հայաստանի ծառայությունների ոլորտում այսօր առավել մեծ կշիռ ունի ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (զբաղեցնում է ոլորտի ընդհանուր ծավալի 21%-ից ավելին), հետո՝ մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտը (20%-ից ավելին), իսկ երրորդում տեղեկատվություն և կապն է (18%-ից ավելին)։ Երեքը միասին ապահովում են ոլորտի մոտ 60%-ը և որոշիչ նշանակություն ունենում նույն ոլորտի ընդհանուր ծավալի աճի կամ նվազման հարցում։ Նշենք, որ մնացած 40%-ն ապահովում են 8 ոլորտներ, որոնց մեջ համեմատաբար մեծ կշիռ ունի տրանսպորտը (ավելի քան 13%): Հիմա հասկանանք, թե առաջին երեք խոշոր ոլորտներում ինչ փոփոխություններ են գրանցվել այս ընթացքում։
Այսպիսով, ֆինանսական և ապահովագրական գործունեության ենթաոլորտն այս տարվա հունվար-մարտին, 2015-ի նույն ամիսների համեմատ, գրանցել է 2,8% աճ, իսկ տեղեկատվություն և կապ ոլորտը՝ 3,1%: Հաշվի առնելով այս ենթաոլորտների ունեցած կշիռը՝ կարող ենք ասել, որ դրանց գրանցած աճը փոքր չէ։ Բայց շատ ավելի «տպավորիչ» է մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտի գրանցած աճը՝ 46,1%: Այսինքն՝ ծառայությունների ոլորտում գրանցված աճի համար էլ գլխավորապես «պարտական» ենք այս ենթաոլորտին։ Բայց դժվար թե գտնվեն ընթերցողներ, որ կկարծեն, թե մշակութային կյանքն է ծաղկել երկրում և դրա համար է նման չափի աճ գրանցվել։
Իրականում աճին նպաստել է զվարճությունների և հանգստի ոլորտում գրանցված աշխուժությունը։ Արդեն մի քանի ամիս է՝ խոսվում է այն մասին, որ դա էլ իր հերթին գրանցվել է խաղատների և բուքմեյքերական ընկերությունների հաշվին։ Առավելապես ոչ թե դրանց թվի ավելացման հաշվին է աճ գրանցվել, այլ՝ հաճախորդների թվի ավելացման։ Այդ մասին համոզվելու համար, բացի պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից, բավական է նաև խոսել ոլորտում աշխատող մի քանի մարդու հետ։
Խաղատներին, բուքմեյքերական ընկերություններին ու նրանց վճարած հարկերին առանձին կանդրադառնանք։
Արդյունաբերությունն աճել է հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության աճի հաշվին
Նույն վիճակն է նաև արդյունաբերության ոլորտում, որը ևս «տպավորիչ» աճ է գրանցել՝ 8,9%:
Այս ոլորտում առավել մեծ բաժին ունի մշակող արդյունաբերությունը, որը սակայն 0,5% անկում է գրանցել։ Այդ անկումն ավելի մեծ կլիներ, եթե այն որոշ չափող չզսպեր ծխախոտի արտադրության 51,4% աճը։ Դա մասամբ փրկել է իրավիճակը, քանի որ ծխախոտի արտադրությունը զգալի մասնաբաժին ունի մշակող արդյունաբերության կազմում (ավելի քան 19%): Իսկ սննդի արտադրությունն, օրինակ, որին բաժին է հասնում մշակող արդյունաբերության մեկ երրորդը, 5,4% անկում է գրանցել։
Ծավալների մեծությամբ արդյունաբերության մեջ երկրորդ տեղում հանքարդյունաբերությունն է։ Աճն այս ոլորտում շարունակվել է և կազմել 27,7%: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի արդյունաբերությունը գրանցած 5,2% աճն ապահովել է գլխավորապես հանքարդյունաբերությունը։
Այս եռամսյակում էլ արդյունաբերությունն աճել է գլխավորապես հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության, բաշխման հաշվին։ Էլեկտրանէներգիայի արտադրության մասնաբաժինը ևս զգալի է այս ոլորտում։ Այն զբաղեցնում է արդյունաբերության մոտ 25%-ը և այս եռամսյակում 28% աճ է գրանցել։ Իսկ մշակող արդյունաբերությունը, որի աճի դեպքում բացվում են նոր աշխատատեղեր, ներդրվում նոր տեխնոլոգիաներ և այլն, անկում է ապրում Հայաստանում այն դեպքում, երբ առանց այդ էլ աղետալի վիճակում է։ Փոխարենն աճում են հանքարդյունաբերությունն ու խաղատնային բիզնեսը, որոնք երկրի տնտեսության համար, մեղմ ասած, հեռանկարային դռներ չեն բացում։
Ինչ է ստացվում. այն երկու ոլորտները, որոնց հաշվին էլ հիմնականում ՏԱՑ-ի 5,6% աճ է գրանցվել, աճել են ոչ թե բոլոր ենթաոլորտների համաչափ աճի հաշվին, այլ՝ մեկ-երկու։ Սա այն դեպքն է, որին ականատես ենք եղել բազմաթիվ անգամ՝ աճում է տնտեսության ընդամենը մի քանի ենթաոլորտ և վիճակագրության հաշվարկների արդյունքում «պատրանք» է ստեղծվում, թե ամբողջ տնտեսությունն է աճել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել