HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմանիսի հանքի աշխատողները 4 ամիս աշխատավարձ չեն ստացել

Գայանե Սարգսյան 

Այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս Ստեփանավանի հարևանությամբ գտնվող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքի աշխատողները աշխատավարձ չեն ստացել: 2015թ. հուլիսից աշխատողները գտնվում են հարկադիր պարապուրդում և վարձատրվում են 2/3-ի չափով: Նրանք պնդում են, որ ղեկավարներն ամիսներ շարունակ իրենց հորդորում են սպասել` հուսադրելով, թե ուր որ է հանքը կվերագործարկվի ու աշխատակիցները կանցնեն բնականոն աշխատանքի:

Հուսալքված աշխատողները, սակայն, այլևս չեն հավատում ո'չ հանքի վերագործարկմանը, ո'չ աշխատավարձերի վճարման խոստումներին: Դեռ մեկ շաբաթ առաջ անցկացրած առաջին բողոքի ցույցի ժամանակ նրանք զգուշացրել էին՝ աշխատավարձերը չվճարելու դեպքում փակելու են հանք տանող ճանապարհը:

 Աշխատողները երեկ տեղեկացել են, որ համատեղության կարգով Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքի նոր տնօրեն է նշանակվել «Գլոբալ Մեթըլզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Ղազարյանը: Վերջինս այսօր աշխատակիցներին հրավիրել էր հանդիպման՝ ֆաբրիկայի տարածքում: Աշխատողները, սակայն, աշխատատեղում հավաքվելու փոխարեն փակել էին հանք տանող ճանապարհը:

«Մեր նոր տնօրենի դեմ ոչ մի բան չունենք…Բայց հանքն իր ամբողջ գույքով պահելու ենք` որպես մեր աշխատավարձի դիմաց գրավ: Ոչ մի տնօրեն՝ հին, թե նոր, հանք չի գնալու: Սա մեր ունեցվածքն ա, մեր գյուղն ա, կպահենք էնքան ժամանակ, մինչև կստանանք մեր փողերը: Երբ կստանանք մեր 4 ամսվա ստանալիքը, տնօրենին ու մնացած աշխատողներին կանաչ ճանապարհ»,- վրդովված նշեց վարչատնտեսական բաժնի պետ Նազիկ Հովհաննիսյանը:

Աշխատողները մտավախություն ունեն, որ ֆաբրիկայի գույքը կարող են գաղտնի վաճառել, իսկ աշխատավարձերի վճարման հարցն անվերջ ձգվի:

«Եթե մենք թողնենք մի հատ գործիք ստեղից տանեն, մենք կընկնենք Կիրովականի քիմկոմբինատի օրը, որը քանդեցին, վաճառեցին: Հետո մարդիկ գնում են մարզպետի մոտ, մարզպետն ասում ա՝ ժողովուրդ ջան, գտեք մի բան, որ ծախենք, գումարը ձեզ տանք: Ու պարզվում ա` չունեն, սաղ վաճառած ա: Այսինքն՝ մենք խի՞ պետք ա թողնենք վաճառեն, որ հետո էլ դատարան տանք»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Ն. Հովհաննիսյանի որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, ժամկետային զինծառայող է: Զինվորի մայրը դժգոհում է՝ չորս ամիս է որդուն ոչ մի բան չի կարողացել ուղարկել:

«Ես զինվորի մայր եմ, իմ տղան հենց հիմա հայրենիքն ա պաշտպանում: Ու էլի շատ երեխաներ կան գյուղից Ղարաբաղի սահմանին: Չորս ամիս է` 5 դրամով չենք կարողացել օգնել մեր զինվորին,- ասում է նա ու ամոթանք տալիս,-ամոթ Սագամարին, հազար ամոթ»:

Որպես էներգետիկ աշխատող Ղազարոս Ղուբլարյանի պահանջը մեկն է. ղեկավարները հստակ ասեն, թե ինչ ճակատագիր է սպասվում Արմանիսի հանքին:

«Մեզ ոչ ազատում են աշխատանքից, ոչ կանչում են աշխատանքի: Մենք օդից կախված վիճակում ենք»,- դժգոհում է աշխատակիցը:

Որպես տնօրեն Արմանիսի հանք այցելող Կարեն Ղազարյանն այսօր չկարողացավ հասնել աշխատավայր: Աշխատակիցները պատ էին կազմել հանք տանող ճանապարհին:

«4 ամիս ինչի՞ ճանապարհը չէիք փակում, ինչի՞ ձեզ խաբող տնօրենից չէիք պահանջում: Ես երեկվանից եմ նշանակվել տնօրեն: Ստացվում է`  տարիներ շարունակ կեղեքող, թալանող, խաբողը հեչ, մարդը եկել ա, դուք նույնիսկ չեք ուզո՞ւմ լսեք»,- նկատեց Կ. Ղազարյանը:

Վերջինս վստահեցրեց, որ ինքը, ի տարբերություն նախորդ տնօրենների, եկել է Սագամարի ու սագամարցիների խնդիրը լուծելու:

«Մինչև հիմա եկել են տնօրեններ, անունները կարամ հերթով թվարկեմ, բոլոր տնօրենները, ովքեր եկել են, եկել են փառքով-պատվով, բոլորին պատիվ են տվել, միակ տնօրենը ես եմ, որ ընկել եմ, հազար ներողություն, այս ամբողջ զիբիլի մեջ: Զիբիլ, որովհետև կուտակված հսկայական պարտքեր, հսկայական պրոբլեմներ, հսկայական բոցթողումներ, հսկայական հարցեր ու պիտի փորձես էդ բոլորի պատասխանները տաս: Բոլորն եկել են իրանց համար մեքենաներով ու փողը կա, ամեն ինչը կա, ես եկել եմ խնդիր լուծելու»:

Վերջինս աշխատակիցներին խոստացավ՝ այսօրվանից սկսելու են աշխատավարձերի վճարման գործընթացը: Առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում պարտքն ամբողջությամբ մարվելու է:

Առաջիկայում Արմանիսի հանքում կլինեն նաև զանգվածային կրճատումներ: Նորանշանակ տնօրենի խոսքով` սա միակ տարբերակն է խնայողությունների անցնելու ու հանքի վերագործարկման հետագա պլանը կյանքի կոչելու համար: Իսկ այն, որ Արմանիսի հանքը վերագործարկվելու է, տնօրենը կասկածներ չունի: Վերջինս վստահեցրեց, որ բաժնետերերը հանքը փակելու մտադրություն չունեն, եթե ունենային, աշխատողներին 11 ամիս հարկադիր պարապուրդում պահելու ու աշխատավարձի 2/3-ի չափով վճարելու փոխարեն վաղուց կրճատած կլինեին:

Կ. Ղազարյանը վերագործարկումը հնարավոր համարեց միջազգային շուկայում մետաղի գների բարձրացման դեպքում: Մեր դիտարկմանը, թե մետաղի գների անկումային վիճակը կարող է երկարել, վերջինս պատասխանեց. «Մետաղի գները չբարձրանալու դեպքում երկրորդ տարբերակը կա, որ համատեղ մշակվում է: Հանքը միանշանակ աշխատելու է, կարող է սկզբում փոքր ծավալներով աշխատի, բայց աշխատելու է»:

                                                                                               

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter