HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Բնակչության թիվը նվազել է Հայաստանի բոլոր մարզերում

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի բնակչությունը միջինում ամեն ամիս նվազել է 1400-ով, ինչը ավելին է, քան Ծաղկաձոր քաղաքի բնակչությունը: Ավելին` նվազել է բոլոր մարզերի բնակիչների քանակը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակել է հանրապետության մշտական բնակչության թվաքանակը` ապրիլի 1-ի դրությամբ: Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, բնակվում է 2 994 400 մարդ: Երեք ամիսների ընթացքում երկրի բնակչությունը նվազել է 4200 մարդով:

Ամենից շատ նվազել է Լոռու մարզի բնակչությունը՝ 900 մարդ: Լոռիում նաև մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. մահացածների թիվը 150-ով գերազանցել է ծնվածների թվին: Մնացած 750-ը երկրից հեռացածներն են: Նախորդ երեք ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Լոռու, Շիրակի և Արագածոտնի ամեն 1000 բնակչից մեկնել են 3-ը:

Լոռու և Շիրակի մարզերում ամբողջ գյուղերի չափ բնակչություն է նվազել

Նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանի բնակչությունը նվազել է 12 300 մարդով (0,4%-ով): Սակայն, ի տարբերություն 2016թ-ի առաջին երեք ամիսների, երբ բոլոր մարզերի շարքում նվազել է նաև Երևանի բնակչության թիվը, 2015թ-ի ապրիլի համեմատ՝ մայրաքաղաքի բնակիչներն ավելացել են 1900-ով:

Փոխարենը՝ 3200-ով նվազել է Շիրակի, 3000-ով էլ՝ Լոռու մարզերի բնակչությունը: Սա կազմում է Շիրակի բնակչության 1,3%-ը և Լոռու բնակչության 1.2%-ը, և հավասար է նրան, որ, օրինակ, Շիրակի մարզից գաղթի Պեմզաշեն գյուղի, իսկ Լոռու մարզից՝ Մարգահովիտ գյուղի ամբողջ բնակչությունը:


Create column charts

ԱՎԾ-ն ընթացիկ այս հաշվարկները կազմում է՝ հիմնվելով 2011թ-ի մարդահամարի, բնակչության բնական հավելաճի (մահերի և ծնունդների տարբերության, այս դեպքում՝ 1,5 հազար մարդ) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (հաշվառվածների և հաշվառումից հանվածների, այս դեպքում՝ -5,7 հազար մարդ) համեմատության վրա: Ընդ որում, հրապարակվում է ոչ թե առկա, այլ մշտական բնակչության թվաքանակը, որի կազմում հաշվառվում են նաև այդ պահին ժամանակավոր բացակայողները:

Միաժամանակ, Միգրացիոն պետական ծառայությունը 2016թ-ի հունվար-մարտ ամիսների համար արձանագրել է միգրացիայի բացասական սալդո (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը ժամանումների թվին), որը կազմել է 19 165 մարդ:


Create your own infographics

Երևանի կենտրոնում ավելի շատ մարդ է բնակվում, քան ամբողջ Տավուշի մարզում

Հայաստանի բնակչության 36%-ը բնակվում է գյուղերում, 64%-ը՝ քաղաքներում: Պաշտոնական վիճակագրությամբ՝ Երևանում է ապրում Հայաստանի բնակչության 36%-ը և քաղաքաբնակների կեսից ավելին (56%-ը):


Create column charts

Համեմատության համար նշենք, որ Երևանի Կենտրոն համայնքում ավելի շատ մարդ է բնակվում, քան ամբողջ Տավուշի մարզում:

լուսանկարը՝ Անի Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter