HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետընտրական վենդետտա Ալավերդիում

Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում երեկ խորհրդավոր լարվածություն էր: Այստեղ էր մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ին, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, Վարդան Փիրուզյանի հրազենային կրակոցներից սպանվել Վարդան Ավագյանը, իսկ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել էր հիվանդանոցում:

Շենքի բակում հանդիպեցինք Վարդան Փիրուզյանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: «Իմ փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ ես առանց իրեն տեղյակ պահելու ոչ մեկի հետ չխոսեմ: Ես Ձեզ միայն մի բան կասեմ՝ իմ եղբայրը անմեղ է: Մեր պադեզդի մոտ հարձակվել են եղբորս վրա և ուզեցել են սպանել: Եղբայրս էլ հարձակվողների զենքով իրենց է սպանել»,- հայտնեց Կամո Փիրուզյանը: Վարդան Փիրուզյանը փախուստի մեջ է:

Զորավար Անդրանիկի 22 շենքում վախի մթնոլորտ էր: Բնակիչներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, դժգոհեց. «Եկել են Վարդան Փիրուզյանին իր տան դռան սպանելու՝ ահ ու սարսափի մեջ են գցել ամբողջ բնակիչներիս»: «Ես առաջին հարկում եմ ապրում, պատկերացնո՞ւմ եք, գիշերը վախենում եմ տանս քնել»,-դժգոհեց մեկ այլ հարևան: Ոստիկանության Թումանյանի բաժինը շենքի բակում հսկողություն էր սահմանել: Հսկողության տակ էր նաև 2015թ. հունիսի 7-ի ընտրությունների Ալավերդու քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի հայրական տունը: Վերջինս վկայում էր, որ իրավապահները սպանությունները կանխավ որակել են հետընտրական «ռազբորկայի» հետևանք:

Դեպքի համար շենքի բնակիչները մեղադրում էին սպանվածներին: Բնակիչները խնդրում էին չհրապարակել իրենց անունները: Պատմեցին, որ Վարդան Փիրուզյանի հետևից միայն 2 սպանվածները չեն եկել: Էլի մարդիկ են եղել, ուզեցել են Վարդանին դնել իրենց ավտոմեքենայի բեռնախցիկում և տանել: Կրակոցներից հետո մյուսները փախել են: Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը: Արթուր Աբգարյանը Ալավերդիում գրանցված «Լալվարի» քարհանքի սեփականատեր Կամո Աբգարյանի որդին է: Կամո և Տարոն Աբգարյանները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մերձավոր շրջապատից են: Սակայն, դատելով մարզպետի հեռուստաելույթներից նախընտրական շրջանում, Արթուր Աբգարյանի թեկնածության առաջադրումը մարզպետի սրտով չի եղել: Հունիսի 7-ի ընտրությունից հետո թեկնածու Արթուր Աբգարյանի ընտանիքը ենթարկվել է ճնշումների: «Ընտրությունից մեկ ամիս անց անջատեցին մեր քարի արտադրամասի էներգիան: Երկու ամիս մենք չէինք կարողանում աշխատել, արտադրամասի 60-ից ավելի աշխատողներ պարապուրդի մեջ էին: Միայն վերևների միջամտությամբ միացրին մեր արտադրամասի էներգիան: Իմ որդիները թոռներիս հետ ընտրությունից մեկ ամիս հետո հեռացել են Ալավերդուց: Մեղավորները դրա համար պատասխան են տալու»,- ասում է Կամո Աբգարյանը:

Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել է ալավերդցի Վահագ Աբգարյանը: Մայիսի 19-ին Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում Վարդան Փիրուզյանի կրակոցներից սպանված Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը Ալավերդիում հայտնի են որպես Վահագ Աբգարյանի թիկնապահներ: Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Անտոնյանը նույնպես աշխատել է Արթուր Աբգարյանի թիմում: Նա 2015թ.-ի հոկտեմբերի 11-ին ժամը 20:10-ի սահմաններում Ալավերդի-Թբիլիսի ճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածում` Ախթալա քաղաքի կամջրի վրա, ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող Վահագ Աբգարյանի զրահապատ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի և նրան ուղեկցող «Նիսան Տեանա 280 JK» մակնիշի ավտոմեքենայի վրա: Վ. Անտոնյանը ընկերական հասրաբերությունների մեջ է եղել Վարդան Փիրուզյանի հետ: «Վարդանը եթե ուզենար Վահագ Աբգարյանին սպանել, նրա վրա կկրակեր մի թաքուն տեղից: 2015թ. հոկտեմբերի հրազենային կրակոցներից առաջ Վահագը Վարդանենց պադեզդում դաժանորեն ծեծել է Վարդանին, խփել է գլխին, շենքի բակում իր ավտոմեքենան քշել է նրա վրա: Վարդանն էլ Վահագից վրեժ լուծելու համար հոկտեմբերի 11-ին կրակել է նրա զրահապատ «Համերի» և թիկնապահ ավտոմեքենայի վրա»,- պատմեց Վ. Անտոնյանի հարզատներից մեկը: Վերջինիս ասելով՝ Վ. Անտոնյանի շենքի բնակիչները վախից հրաժարվում են խոսել Վահագի կողմից իր ավտոմեքնան Վարդանի վրա քշելու և նրան ծեծելու մասին: «Կան մարդիկ, ովքեր Ալավերդիում դիտավորյալ շրջանառում են, որ Վարդան Անտոնյանին զենքը մենք ենք տվել: Դա նրանց կողմից նպատակ է հետապնդում մեզ զրպարտել»,-ասում է Կամո Աբգարյանը: Վահագ Աբգարյանին հանդիպել մեզ չհաջողվեց:

Հետընտրակա՞ն, թե՞ քրեական ռազբորկանների հետևանք են մայիսի 19-ի Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում տեղի ունեցած կրակոցները: Այս մասին Ալավերդիում խուսափում են բարձրաձայն խոսել: Հայտնի է մի բան՝ գործարար Կամո Աբգարյանի որդու՝ Արթուր Աբգարյանի 2015թ. հունիսի 7-ի քաղաքապետի ընտրություններում ստացած 3500 քվեները քրեական հանցագործությունների պատճառ են դարձել: 

Մեկնաբանություններ (6)

Alaverdci
նախ փարեմուզյանը պետքա զգույշ լինի սենց հոդված գրելուց: վահագը ետ ընտրություններով իրա գոյության խնդիրն էր լուծում քծնելով իշխանությանը, թէ չե օրը ցերռկով ավտոմատով օվ կտողար նա ման գա: Տարոնին ել ասա ետքան փողը ունես իչիդ էր պետք քաղաքապետը:
Գևոր
Տիկին Փարեմուզյան, եթե քու հոդվածնին մենակ կամոյի կնգա ասածներով ա , ուրեմն մինչև հմի զուր ենք հավանել քեզ: Ուրեմն էդ կամո տարոն արթուրները թենց սրբեր են հա՞ ոնց չենք գիդացել. Բա որ ցեխի հոսանքն անջատել էին, էդ խի չես էլեկտրացանցին հարցում արել թե ինչի են անջատել, թե հարցրել ես ասել են 20 մլն պարտք են ունեցել չվճարված, դրա համար, իսկ դա քեզ ձեռք չի տվել գրել թաքցրել ես, որ միակողմանի գրածդ իրա գորձն անի. Ուրեմն անտեղյակ ես հա, անմեղ տեսքով. ամբողջ քաղաքում խոսում են, որ էդ զոհվածները հաց են կերել մեկը մեկի տանը , առաջին զոհվածը իրա տնից դուրսա եկել ճանապարհ դնելու երկրորդին ու էդ վախտ վեց հոգով հարձակվել են նրանց վրա. Բա մի հատ էլ կգնաիր էդ զոհվածների հարազատներին կխոսացնեիր, կտենայիր ինչ են ասում: Լավ կարայիր չհավատաիր էդ տարբերակին, կարաիր չէ, որպես տարբերակ գրիր, որ քաղաքում էս էլ են ասում: Բայց հատուկ քեզ պետք էր էլի սրբացնեիր դրանց, որնց որ ընտրությունների վախտն էիր անում, հա միակողմանի, գրի ամենավատ բաները գրի, բայց բոլոր կողմերին էլ խոսացրում. Չէ, տիկին փարեմուզյան, էդ ընտրությոնների օրերին սկսեցիր ամեն օր ելումուտ անել Աբգարյանների շտաբ, դառար ալաբուլա:Ինչա էլել խի ես էդքան անհանգիստ: Ինչքան գեշնա վահագը, էրկու էդքան էդ սպանողներն են գեշ, կարաս հաշվես թե քանի մարդա խփվել, կամ կրակվել էդ կրակողների ախպերության կողմից, իսկ վահագը մարդ սպանած կա՞ խի ես թուր ու թվանքով պաշտպանում դրանց
Լարիսա Փարեմուզյան
Ես եղել եմ սպանության վայրում: Դեպքի վայրում լսել եմ մարդկանց: Կամո Աբգարյանի հետ հանդիպել եմ, որովհետև նրա տունը նույնպես ոստիկանության հսկողության տակ էր: Ես հասկանալի պատճառներով հետաձգել եմ իմ հանդիպումը սպանվածների հարազատների հետ : Եթե նրանք այս պահին պատրաստ են և ցանկություն ունեն ինձ հետ խոսելու, ես կհանդիպեմ նրանց: Ես միայն չեմ հասկանում , Գևորգ կոչեցյալ, որքան պետք է դուք ալավերդցիներին զզվացնեք ու սարսափեցնեք Ձեր կրակոցներով, բանդաներով , սպանություններով ու այլանդակ հարաբերություններով: Ընտրություն էր, վերջացավ , գնաց: Էլ ինչ եք ուզում իրարից:Մոռացել եք, 2007թ.-ի Աժ ընտրությունից հետո ինչպես էիք իմ տանը կեսգիշերին փորձում վառել ինձ: Սա նույն ձեռագիրն է: Կանգ առեք:
Օգնեք Լարիսային!
Կեցցե Լարիսան համարձակության համար: Ինձ թվում է ինքը լրիվ անկողմնակալ է այս հարցում: Նույնը չի կարելի ասել ոստիկանության մասին, այլապես չարիքը վերացված կլիներ արմատից: Ալավերդին մի պստիկ ու խեղճ քաղաք է եւ բոլորը հրաշալի գիտեն ով ով է: Արդեն չարորակ ուռուցք է առաջացել, որն սպառնում է շատ զոհեր տանել: Թափանցիկ ու բազմակողմանի լրատվությունն այստեղ կարող է շատ օգտակար լինել: Օգնեք Լարիսային, մի քանի հեղինակավոր լրագրողներ պետք է մեկնեն այնտեղ: Դրությունը լուրջ է:
Tigran
Իսկ թե ում պատճառով քանի հոգի է վարի գնացել,գրելուց առաջ հիշեք քանիսն են փրկվել ու այսօր ապրում են պարզ երկնքի տակ,սովորություն եք սարքել միակողմանի քննարկումը առանց մտածելու:մեկնաբանությունների մեջ ուշադիր եղեֆ հեղինակության անուններին,Լարիսա կաշառքի ու շահի ներքո մի բղավի ու գոռա չեղած բաների մասիմ,իսկ եթե տան վերանորոգումից հետո սկսել ես անիմաստ վկայություններ տալ,ասեմ վոր համարի չստացված,եթե քո մասին գրվի են բաները ինչ իրականում կա,երեվի մնաս քարի ցեխի հավաքարարի կամ դռնապանի շտատի հույսին:
tigran
բոլորն էլ գիտեն որ Վահագի խաթեր էս քաղաքում ետքան մարդ վարի գնաց. ինքն էլ ԿԳԲ-ի հովանավորչությամբ ու միլիցէքի հետ աշխատելով գոյատեւումա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter