HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Կոլցո օպերացիայի պատճառները և վեցօրյա պատերազմի զուգահեռը

Ռուսաֆոբիայի վերածնունդը. Արմատներ և վտանգներ (մաս 3)

Գրության առաջին և երկրորդ մասերում ներկայացվել էր Հայաստանում ռուսաֆոբիայի նոր ալիքը, հասարակությանը ահաբեկող մամուլում ռուսաֆոբիական վերնագրերը, նաև  ռուսաֆոբիայի երկու արմատները. 1-ին 1914-1915 թվերին Ցարական Ռուսաստանի դիրքը հայերի նկատմամբ, որ թյուրմացությունէ այն պատկերացումը թե Ռուսաստանը հատուկ հակահայկական կամ հայերին բնաջնջելու ծրագիր է ունեցել, և որ ցեղասպանության ժամանակ հայերին չփրկելու պատճառը զուտ նրա մարտավարական շահերն են եղել: 2-րդ   1920 թվի Թուրքբոլշևիկյան դաշինքը և դրա հետևանքով հայերի կորուստները, որ կրկին Բոլշևիկյան Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, և որ պատճառն այն էր, որ Հայաստանի դաշնակցական իշխանությունները Ռուսաստանի թշնամի Անտանտի դաշինքի հետ էր: Դաշնակցությունը կառչած է մնում Սևրի դաշնագրից և ի վերջո պարտությունների և կորուստների գնով հրաժարվում նրանից:

Կոլցո օպերացիան Մոսկվայի ռազմական գործողությունն էր, որի արդյունքում ռուսական բանակի աջակցությամբ ադրբեջանցիները Գետաշենի ենթաշրջանը գրավեցին ու հայերից դատարկեցին: Ռուսաֆոբները այն դիտում են որպես ռուսական հակահայկական ավանդական դավադրության մի օղակ:

Մեջբերում վիքիպեդիայից.

«1991 թ ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ»։

Բայց ինչո՞ւ հանկարծ Մոսկվան օգնեց Ադրբեջանին, որ Գետաշենը հայերից դատարկեն, պատճառների մասին ռուսաֆոբները լռում են:

Այն նույն պատճառով, ինչի համար 1920-ին պաշտպանում էր Ադրբեջանին, քանի որ և 1920-ի ամռանը և 1991-ի գարնանը Ադրբեջանում իշխանության էին կոմունիստները, այսինքն  նույն կուսակցությունը որը իշխում էր Սովետական Ռուսաստանում, իսկ Հայաստանում երկու դեպքում էլ իշխանության էին հակակոմունիստները , 1920-ին դաշնակացական հակակումունիստներն ու Ռուսաստանի թշնամիների դաշնակիցը, 1991-ին ՀՀՇ-ական հակակոմունիստները:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվել էին քաղաքական տարբեր իրավիճակներ: Հայաստանում իշխանության էր եկել Հայոց համազգային շարժումը, որը վարում էր Խորհրդային Միությունից անջատվելու քաղաքականություն, մինչդեռ Ադրբեջանում շարունակում էին իշխել կոմունիստները: Նման պայմաններում Կրեմլը, որքան էլ թուլացած լիներ, նրա տնտեսական և քաղաքական ազդեցությունն Անդրկովկասում, ակնհայտորեն աջակցում էր Մութալիբովի վարչակազմին:

Միխայել Գորբաչովը վերջին փորձն է անում փրկելու Խորհրդային միությունը: 1991թ. մարտի 17-ին անցկացվում է ԽՍՀՄ-ը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ է արտահայտվում խորհրդային երկրի գոյությանը: Ադրբեջանը ևս մասնակցում և կողմ է արտահայտվում, իսկ Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտում է հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել անցկացնել անկախության հանրաքվե»[1]:

Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը շահեց Արևմուտքի համակրանքը և կորցրեց Գետաշենը:

Նմանատիպ բացատրություն է տալիս լրագրող Շուշան Ղազարյանը.

«Ինչո՞ւ ընկան Գետաշենը, Մարտունաշենը, Էրքեջը ու Բուզլուխը, Հադրութը, այսիքն՝ 24 գյուղերը: Նախ, որովհետև այդ էր պահանջում քաղաքականությունը. Ադրբեջանի, Հայաստանի, Խորհրդային Միության և այն ուժերի, որոնք Գետաշենի անկման ժամանակ ղեկավարում էին իրադրությունը: Ես չսխալվեցի նաև ասելով Հայաստանի: Սա ձեռնտու էր Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների: Չեմ ուզում անուններ տալ: Եղավ մի պահ, երբ Ադրբեջանը գտնվում էր ընկածի վիճակում, հատկապես հունվարի դեպքերից հետո: Եվ հարկավոր էր նրան խփել, որպեսզի կարողանայինք պայմանավովել Մոսկվայի հետ: Մենք այլ կեցվածք որդեգրեցինք՝ ամեն ինչում մեղավորը ռուսներն են, այսինքն փորձեցինք խփողին խփել և ստացանք պատասխանը: Երկար ժամանակ հասարակության մի որոշակի մաս պահանջում էր  ղեկավարությունից մասնակցել Նովոօգարյովյան բանակցություններին(ուր մշակվում էր Միութենական նոր պայմանագիրը): Այսինքն ինչ որ ձևով չեզոքացնել Ադրբեջանի ազդեցությունը: Գետաշենի ողբերգությունը երկու փուլ ուներ, և դրանք շատ հստակորեն կապվում էին բանակցությունների այդ երկու փուլերի հետ: Առաջինը հունվարին՝ Ծաղկաձորը վառելն էր, և հարձակումը Մարտունաշենի վրա, որտեղ ջարդ կերան: Սա ճշգրիտ համապատասխանում է Նովոօգարյովյան առաջին փուլին. Հասկանցել տվին տղերքը, եկեք, տեսնենք ինչ ենք անում: Մերոնք չգնացին, փոխանակ փորձեին իրենց պահանջներն առաջարկել: Յազովն[2] ու Լուկյանովը[3] պարզորոշ ասում էին՝ քանի դուք չեք մասնակցում այդ քննարկմանն ու պայմանգրի կնքմանը, հա գլխներիդ գալու է: Եղավ երկրորդ փուլը, երբ տասն օր մեզ շունչ քաշելու ժամանակ տվին: Էլի չգնացինք և այս անգամ Հադրութը ստացանք»:

Ղազարյանը նաև մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի այժմյան աշխատակից Արմեն Քոլոյանի օրագրից. «22 մայիս, 1991թ., ԽՍՀՄ նախագահ և ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովի նախաձեռնությամբ այսօր հանդիպել են հայ և ադրբեջանցի համայնավարները: Բանակցության թեման հայ-ադրբեջանական սահմանների և ԼՂԻՄ-ի կացության շուրջ տիրող իրավիճակի քննարկումն է եղել... հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր պահանջները ադրբեջանական բանտերից վերադարձնել պատանդներին, տեղափոխել նրանց Ռուսաստան, վերջ տալ ՕՄՕՆ-ի վայրագություններին և վերադարձնել ԼՂԻՄ-ի վերջին ամիսների ստատուս քվոն, իսկ մոտ ապագայում անհրաժեշտ է հստակեցնել ԼՂԻՄ-ի կարգավիճակը, վերականգնել տեղական իշխանությունը:

Ոչ հրապարակելի. Հանդիպման ընթացքում Գորբաչովը բավական խիստ և կոպիտ է իրեն պահել հայկական պատվիրակության նկատմամբ: Նա ակնարկել է , որ Հայաստանի ղեկավարությունը «սատկելու է, բայց ստորագրելու է պայմանագիրը»: Խոսելով ԼՂԻՄ-ի մասին ասել է. «Ի՞նչ եք ուզում, ձեր կառավարությունն է խնդրել, որ մարդկանց դուրս հանենք, հիմա դուք դեպորտացիայի մասի՞ն եք խոսում: Դուք մտածո՞ւմ եք ձեր մարդկանց մասին, որ պահանջում եք վերադարձնել նրանց իրենց բնակավայրերը: Ի՞նչ է, ամեն մեկի կողքը մի զինվոր ենք դնելու»: Եվ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա կատարած այցին՝ խիստ ու կոպիտ ավելացրել է.«Նա ուզում է միջազգայնացնել ԼՂ խնդիրը, ինչ է, չգիտի՞, թե նման բաները ոնց են վերջանում»[4]:

Գետաշենի անկման օրերին` 1991թ. մայիս, Հայաստանի իշխանության վերնախավը Փարիզում. Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյան, Կարինե Ավագյան (ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանի կինը), էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան: (Հեղինակի արխիվից)

90-ականները հիշողները կվկայեն, որ Հայաստանում իշխում էին հակագորբաչովյան տրամադրություններ, 1990-ին, երբ Միխայել Գորբաչովը նոբելյան մրցանակ ստացավ Հայաստանի տարբեր շրջանակներ, նաև իշխանական, բողոքի հայտարարութուններ արեցին մրցանակի դեմ: Ի՞նչ պետք է աներ Գորբաչովը իր նկատմամբ այդ ատելության և ընդհանարապես Հայաստանի իշխանության հակամոսկովյան քաղաքականության դեմ: Մի բան հաստատ է՝ Ռուսաստանը վտանգավոր է և կոպիտ, և 1991-ին կոպտորեն պաշտպանում էին էն ուժին, որը Մոսկվայի իշխանության հետ կուսակիցներն էին և կռվում էին Հայաստանի դեմ:

Ուրեմն, այս դեպքում էլ, երևում է, որ Մոսկվան ոչ թե հակահայ, այլ հակահհշ քաղաքականություն էր տանում:

Ինչ կարող էին անել հայերը

1990 թ. Գերագույն Սովետի ընտրություններում ՀՀՇ-ն շատ տեղեր էր ստացել, բայց ոչ այնքան որ կարողանային Գերագույն Սովետի նախագահ ընտրել: Սակայն ամեն կերպ ուզում էր իշխանությանը տիրանալ: Ես հիշում եմ 1990-ի օգոստոսին Մելիք-Ադամյանի վրայի կառավարության նիստերի դահլիճում Գերագույն Սովետի նիստը,   երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զոռով ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ: Երկու թեկնածու էին՝ ՀՀՇ-ից Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոմկուսից Վլադիմիր Մովսիսյանը: Չորս անգամ նրանց թեկնածությունները դրվեց քվեարկության[5], նրանցից ոչ ոք չէր հաղթում, չորս անգամ էլ համառորեն երկու կողմն էլ այլ թեկնածու չառաջադրեց: Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը առաջին երկու քվեարկություններին ոչ մեկին չէր ընտրել, ասեց՝ սպիտակ թուղթ եմ գցել, կարծեմ երրորդին էր ընտրել Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ականները պարզում էին, թե ով ձայն չի տվել իրենց թեկնածուին, և հերթով համոզում էին: Հրանտ Մաթևոսյանը նույնպես ոչ մեկին չէր ընտրել, միայն վերջին քվեարկությանը ձայնը տվել էր Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ի ճնշման տակ հաջորդ փուլերում նաև որոշ կոմունիստներ սկսեցին քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին, և ի վերջո ՀՀՇ-ն իշխանությունը վերցրեց:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. սեպտեմբերի 17-ի հանարհավաքի ելույթում մեղադրում էր դաշնակցականներին որ 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ իշխանությունը չտվեցին բոլշևիկներին. «եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշեւիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արտահանը, Սուրմալուն ու Նախիջեւանը, եւ այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաեւ Ղարաբաղի հարցը» (թեև այդ ժամանակ դեռ թուրքերի առաջխաղացում չկար, և ոչ ոք չգիտեր թե լինելու է հայ-թուրքական նոր պատերազմ և նաև, չկան տվյալներ, որ Մոսկվան պահանջում էր իշխանությունը հանձնել բոլշևիկներին): Սակայն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, արեց այն, ինչում քննադատում է դաշնակցությանը. 1990-ին ՀՀՇ-ն վերցնելով կոմունիստներից իշխանությունը` կորցրեց Գետաշենը:

Ի՞նչ կլիներ, եթե ՀՀՇ-ն այդքան շուտ չգար իշխանության, կամ գալուց հետո չշարունակեր հակառուսական քաղաքականությունը, արդյո՞ք էլի կդատարկվեր Գետաշենը: Գոնե ոչ այդ օրերին: Նաև այդ զոհերը չէին լինի:

Կոլցոյի կրկնվելու հնարավորությունը

Ռուսաֆոբները իշխանության լրատվամիջոցների հետ միասին ակտիվացրին Կոլցո օպերացիայի հիշատակումը ապրիլյան հայ-ադրբեջանական 4 օրյա պատերազմից հետո:

Հանկարծ Հանրապետական կուսակցության հեռուստատեսությունը՝ «Արարատը» հիշեց Կոլցոն.

Այս օրերին ինտենսիվորեն Կոլցոն հիշեցնելով՝ ապրիլյան պատերազմում հայկական դիրքերի կորուստների պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրայից հանվում էր ու գցվում Ռուսաստանի վրա, սկսեցին թմբկահարել, թե պատմությունը կրկնվում է, կրկին Ռուսաստանը ծախեց հայերին, իսկ հակառուսական հերթական հանրահավաքում էլ հայտարարվեց. «քառօրյա պատերազմը ռուս-ադրբեջանական պատերազմն էր՝ ընդդեմ ՀՀ-ի»:

(Իրավիճակը նման է Ադրբեջանին, այնտեղ էլ վստահ են, որ թե 1993 թ. իրենց  պարտության պատճառը Ռուսաստանն է):

Սակայն որևէ ընդհանրություն չկա Կոլցո օպերացիայի, չորսօրյա պատերազմի և այժմյան հակամարտության ժամանակ Ռուսաստանի որդեգրած դիրքերի մեջ: Այն ժամանակ Մոսկվան անթաքույց Բաքվի իշխանություններին էր աջակցում, Սովետական բանակի անմիջական օգնությամբ էր ադրբեջանական օմոնը ներխուժում հայկական գյուղեր: Այս պատերազմում ռուսական բանակ չկար (ասում են, թե Ռուսաստանը Ադրբեջանի կողմն էր, քանի որ Ադրբեջանը ռուսական զենքով էր ռմբակոծում, բայց չեն ասում ճշմարտության մյուս կեսը, որ հայկական բանակն էլ էր ռուսական զենքով ռմբակոծում):

Մոսկվան հստակ չեզոքություն է պահպանում, զենք է վաճառում երկու կողմերին էլ և եթե Ադրբեջանը ավելի շատ զենք է առնում, պատճառն այն է, որ ավելի շատ է ծախսում:

Ռուսաֆոբները հաջողությամբ աշխատեցնում են այն մոլորությունը, թե Ռուսաստանը պետք է լիներ Հայաստանի հոգաբարձուն և զենք չվաճառեր նրա հակառակորդին, իսկ երբ վաճառում է, արդեն սկսում են աշխատեցնել մյուս մոլորությունը՝  ուրեմն դավադրություն է նախապատրաստել  Հայաստանի դեմ ու հայտարարում՝ տեսեք ինչ դավաճան դաշնակից է: Օրինակ hayeli.am-ը գրում է. «Ռուսները դրսևորում են իսկապես դավաճանական կեցվածք»:

Ռուսաստանը Հայաստանի հոգաբարձուի առաքելություն չի ստանձնել,  նա չի պարտավորվել Հայաստանի շահին նվիրվել և իր շահերը զոհելով` հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառելուց, որ հայկական իշխանություններին ազատի պարտավորություններից և նրանց հնարավորություն տա երկիրը հանգիստ թալանել ու հարստանալ և էլ պաշտպանությամբ  չզբաղվել: 

Ռուսաստանը աշխարհի երկու ամենախոշոր զենք վաճառողներից է և ինչքան իր համար է կարևոր իր արտադրությունն իրացնելն ու այն, որ Ադրբեջանը իր ազդեցության ոլորտից շատ չհեռանա, այնքան էլ Ադրբեջանի համար է կարևոր, որ նրան իր դեմ չթշնամացնի: Եվ նրանց շահերի արանքում հնարավոր չի խոթել նվիրավածության ու դավաճանության բարոյախոսությունը:

Երեք տարի առաջ այն պահին երբ հայտնի դարձավ որ Ադրբեջանը Սմերչ է առնում, Հայաստանում արդեն շահագործվող Թեղուտի հանքերի եկամուտները սպառազինությանը ուղղվելու փոխարեն, գնալու էին նրանց գրպանները ովքեր  այսօր բողոքելու էին Ռուսաստանից:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էլ մշտապես բողոքում է, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Միևնnւյն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է, և պետք է գոհ լինել, որ նա պատրաստ է Հայաստանին որպես իր դաշնակցի վաճառել նույն զենքը շատ ավելի էժան գներով (հայ բարձրաստիճան պաշտոնյան անձնական զրույցում զայրացած ասում էր, որ Ռուսաստանը մի քանի անգամ էժան նույն զենքերը առաջարկում է, սակայն իշխանությունները չեն ուզում: Նա նաև ասում էր, որ Իսրայելը իր անօդաչու սարքերը շատ վաղուց առաջարկել է Հայաստանին, սակայն հրաժարվել են գնել):

Նույնիսկ հիմա, չորսօրյա պատերազմից հետո իշխանությունները ոչինչ չարեցին ղարաբաղյան սահմանը ավելի ապահով դաձրնելու համար և հսկող սարքերը տեղադրվեցին ռուսաստանցի անհատների միջոցներով:

   Վա՞տ է որ Ռուսաստանը զինում է հակամարտող կողմերին կամ զենք վաճառում Հայաստանի հաակառակորդին: Այո, շատ վատ է, բայց սա կրոնաբարոյական կամ փիլիսոփայական հարց է, քաղաքականության ոլորտից չի: Քաղաքականությունը ոչ թե չարի դեմ է պայքարում կամ սիրո ու նվիրավածության սկզբունքներով առաջնորդվում, այլ հետապնդում է շահեր: Ցավոք, աշխարհն է այդպիսին, և  որևէ ժողովուրդ չի փրկվի, եթե դուրս գա աշխարհի այս կարգերի դեմ, նրա փրկության միակ ձևը անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելն է:

Աշխարհի մյուս խոշոր զենքի մատակարարը ԱՄՆ-ն է, որ զենք է վաճառում հակամարտող Իսրայելին և արաբական երկրներին՝ Սաուդյան Արաբիա, Կատար, Եգիպտոս, Օման, Բահրեյն  և այլն, հակամարտող Թուրքիային և Իրաքին ու քրդական դիմադրությանը: Նաև ԱՄՆ-ն և Ռուսաստանը միաժամանակ զենք են վաճառում հակամարտող Պակիստանին և Հնդկաստանին:

Նաև ԱՄՆ-ն Ադրբեջանին է վաճառել արբանյակ, որը հաստատ միայն խաղաղ նպատակներով չի պտտվում ուղեծրում: Ադրբեջանը մյուս տարի պատրաստվում է երկրորդ արբանյակը   ուղեծիր հանել, որը ամերիկա-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Վատ է անո՞ւմ ֆրանսիան, թող որոշեն հոգևորականները: Վատն այն է, որ Հայաստանը արբանյակ դեռ չունի:

Դիվանագետ Արման Նավասարդյանը «Առավոտի» տված այս հարցին պատասխանում է. «Ադրբեջանին զինելով՝ Ռուսաստանը ՀԱՊԿ–ի սահմանած որևէ նորմ չի՞ խախտում։ – Ո՛չ։ Ըստ որում՝ վաճառում է և՛ նրանց, և՛ մեզ։ Ու նրան չես կարող արգելել։ Եթե ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այդ մասին որևէ բան գրված լիներ, կարելի էր պահանջներ դնել, բայց գրված չէ։ Եվ մենք ինքներս էլ ենք համագործակցում այլ կազմակերպությունների հետ, և Ռուսաստանը կարող էր նույն կետի առկայության պարագայում մեր դեմ պահանջներ դնել, հարց բարձրացնել, թե ինչու ենք համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, ինչու ենք զենք գնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»:

Հակառուսական ալիքը գագաթնակետին հասավ ապրիլի 19-ին, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի Երևան այցի օրերին: Ռուսաֆոբ շրջանակները տարածում էին, թե Լավրովը գալիս է Ղարաբաղը ծախելու, մամուլում հրապարկվում էին նյութեր՝ «Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերում Երեւան Լավրովը», «Բացահայտվեց Ղարաբաղը հանձնելու ռուսական ծրագիրը»:

Սակայն Լավրովը Երևանում ոչ մի ծրագիր չներկայացրեց, հակառակը հայտարարեց՝ «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 1994-95 թթ. զինադադարի մասին պայմանագիրը», նաև ասաց թե «Հայաստանը կազանյան փաստաթուղթը չի մերժել» ակնարկելով, որ Ադրրբեջանն է հրաժարվում խաղաղ բանակցություններով ղարաբաղյան հարցը կարգավորել և հետևաբար ընտրում ռազմական ճանապարհը: Այսինքն, առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահող երկիրը երկու կողմին նույն հարթության վրա չդրեց:

(Նախագահ Սերժ Սարգսյանի Բլումբերգին տրված հարցազրույցում պարզվեց , որ դեռ 2011-ին Կազանում Սարգսյանն է համաձայնվել տարածքներ հանձնել առանց Ղարաբաղի ինքնորոշման ժամկետների ճշգրտման, և այն փուլային տարբերակը, որի մասին Մայիսի 16-ի Վիեննայի բանակցություններից հետո  խոսեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, ստացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը, բայց ռուսաֆոբների թիրախը ոչ թե Սարգսյանը կամ մեկ ուրիշն է, այլ Ռուսաստանը:

Օրինակ, ամերիկացի պաշտոնյաները արդեն Հայաստանից պահանջում են հանձնել ոչ թե հինգ, այլ յոթ շրջան, ինչպես ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորինինգսթարը:

Կամ երբ ռուսական որևէ թերթում մի ոչ այնքան հայանպաստ նյութ է տպվում, հակառուսական հզոր ալիք է բարձրանում(ինչպես ВПК-ում Խրամչիխինի հոդվածը Հայաստանի սպառազինության վերաբերյալ, որի դեմ բազմաթիվ հարցազրույցներում ու հեռուստաշոուներում այն ներկայացվում էր որպես ռուսաստանից հարված ու  դավաճանություն:

Բայց ոչ հայանպաստ և նույնիսկ հակահայկական հրապարակումներ լինում են այլ երկրների մամուլում, ինչպես օրինակ ամերիկյան National Interest-ում Nagorno-Karabakh Isn't Disputed Territory—It's Occupied («Ղարաբաղը վիճելի տարածք չի, օկուպացված է») կամ Chicago Tribune և The Wall Street Journal թերթերում հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդները:

Սակայն ռուսական ամեն թերթի նկատմամբ զգայուն հասարակությունը հրապարակային բուռն բողոքի ալիք չի բարձրացնում ոչ ամերիկյան պաշտոնյաների, ոչ էլ մամուլի դեմ, և Ռուսական դեսպանատան դիմաց պարբերական ցույցերով(մեկ Սավչենկոյի կամ Ուկրաինայի համար, մեկ Լավրովի ու Պուտինի դեմ) պատկեր է ստեղծվում, որ հայաստանյան հասարակությունը ոչ թե նյարդային է հայկական շահերի խնդրում, այլ ուղղակի հակառուսական է:

(Հայկական շահերի իրական անհանգստություն էր արտահայտում Ֆրանսիայի հայկական համայնքը, երբ միաժամանակ ցույցեր կազմակերպեց Ադրբեջանին զինող երեք երկրների դեմ՝ Իսրայելի, Ռուսաստանի դեսպանությունների և  Ֆրանսիայի արտգործնախարարության դիմաց)։

Նաև Լավրովը անդրադառնալով Թուրքիայի պրոադրբեջանական դիրքորոշմանը հայտարարեց. «Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»: Այսպիսով Ռուսաստանը եղավ աշխարհում միակ երկիրը որ քննադատեց Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը:

Այդ օրերին Երևանում կազմակերպվեցին երկու ցույցեր, երկուսն էլ ուղղակիորեն առնչվում էին ապրիլյան չորսօրյա պատերազմին, մեկը հակառուսական՝ Ռուսական դեսպանատան դիմաց Լավրովի այցի դեմ.

Ապրիլի 19-ի ցույցը ռուսական դեսպանատան դիմաց իշխանությունը թույլ է տալիս:

Ցույցի կոնտեքստն այն էր որ չորսօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների մեղավորը Ռուսաստանն է: Հստակ երևում էր, որ ցույցը խրախուսվում է իշխանությունների կողմից, ոչ մի խոչընդոտ չեղավ, ցուցարարները ազատորեն վանկարկեցին Լավրովի հասցեին վիրավորական խոսքեր ու պարզեցին վիրավորական պաստառներ: Հիշենք, որ երեք տարի առաջ 2013-ի դեկտեմբերին Պուտինի այցի դեմ ցույցը, որ նաև ցույց էր Հայաստանի ԵՏՄ-ի միացման,  իշխանությունները բռնությամբ ցրեցին, ցուցարարներին լցրեցին ոստիկանատներ:

Հակառուսական ցույցը վանկարկում  էր «ոչ մի թիզ հող», կարծես չորսօրյա պատերազմի ժամանակ դիրքերը հանձնել էր Լավրովը: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը  ռուսական դեսպանատանը նվեր հանձնեց արյունոտ կոշիկ և «Մոլոտովի կոկտեյլ»:

Ապրիլի 21-ին ոստիկանները ցրում են ցույցը, որն ուղղվում էր նախագահի նստավայրի դեմ

Մյուս ցույցը հենց նրա դեմ էր, ով իսկապես պատասխանատու էր «մի թիզ հող» կորցնելու համար՝ հանրապետության նախագահի դեմ, ապրիլի 21-ին ցույցը պետք է շարժվեր նախագահի նստավայր. այս ցույցի կոնտեքստն էլ այն էր, որ չորսօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, որ իշխանությունների կոռումպացվածության պատճառով անուշադրության են մատնվել պաշտպանական խնդիրները: Ցույցը բռնությամբ ցրվեց, ցուցարարներին տարան ոստիկանություն:   

Չորսօրյա պատերազմից հետո ակտիվ ռուսաֆոբներ դարձան իշխող հանրապետականները: Նրանք դրա համար երկու պատճառ ունեին. 1-ին՝ մինչև այժմ վստահ էին, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին իր դաշնակցի դեմ ագրեսիա անել, Ռուսաստանի պաշտպանության վրա հույս դրած հանգիստ վայելում էին կյանքը ու հարստանում: 2-րդ՝ երբ ամբողջ հասարակությունը զայրույթից եռում էր, որ սահմանում երիտասարդ զինվորները զոհվում են այն պատճառով, որ իշխանությունները պաշտպանության հարցերը անտեսելով բյուջեն ուտելով ու երկիրը թալանելով էին զբաղված, հանրապետականները իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար սկսեցին մեղադրել զոհերի և պարտության համար Ռուսաստանին: Հանրապետականները հերթով հարցազրույցներ էին տալիս մեղադրելով Ռուսաստանին, ինչպես օրինակ ՀՀԿ-ը խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը ուղղակի դավաճան հայտարարեց Ռուսաստանին:

Չորսօրյա պատերազմում բացահայտվեց իշխող կուսակցության անգործությունը նաև պաշտպանական ոլորտում և այն թաքցնելու համար ուրիշ տեղ մեղավորներ գտավ:

Հաջորդ գլխում կքննարկվի, թե ինչո՞վ է վտանգավոր ռուսաֆոբիան:

Գլխավոր լուսանկարը` Մաքս Սիվասլյանի:

 


[1] Թաթուլ Հակոբյան «Կանաչ և սև. Արցախյան օրագիր», 2008, Երևան, հեղինակային հրատարկություն, 108-112

[2] Դմիտրի Յազով(1924) Սովետական միության վերջին պաշտպանության նախարարը

[3] Անատոլի Լուկյանով(1930) Սովետական Միության Գերագույն սովետի վերջին նախագահը

[4] Շուշան Ղազարյան «Խաչվածին մահ չկա», երևան, 2011 հեղինակային հրատարկություն, 392-394էջեր

[5] Այս մասին տես նաև Թաթուլ Հակոբյանի «Կանաչ և սև. Արցախյան օրագիր» գրքում

 

Մեկնաբանություններ (5)

Գեւորգ Կիրակոսյան
Հեղինակը հետեւյալ կոչն է անում (Մեծն Չարենցի նման՝ սակայն ավելի գործնական!)- // Ով Հայ ժողովուրդ բացեք աչքներդ ու աշխատեցրեք ուղեղներդ: Մեր ձախողումների պատաճառը նախ ինքներս մեր մեջ պիտի փնտրենք: Մեղքն ուրիշի վրա բարդելով արդարանալը՝ տխմար ու վտանգավոր զբաղմունք է!// Հոդվածաշարը խիստ կարեւոր է այս պահին, այն լիովին ընկալելի պիտի լինի առողջ ու ազնիվ ուղեղների համար:
Վարդգես
Հոդվածաշարի վերնագիրը հեղինակին շատ հեռուն է տանում և արդեն ,, ռուսաֆոբիայի,,ուրվականին միս ու արյուն տալու նպատակով մեջտեղ է հանվում և արդարացվում նույնիսկ ,,Կոլցո,,գործողությունը;Այն տպավորությունն է իմ մոտ,որ Վահանը ծպտյալ ռուսատյաց է և մոռացկոտ հայերին ուզում է մեկ անգամ ևս հիշեցնել Ռուսաստանի տարբեր վարչակազմերի տարբեր ժամանակներում կատարած հակահայ գործողությունները և անտրամաբանական ու միակողմանի արդարացումներով սովորական ու անտեղյակ մահկանացուներիս համոզել,որ մեր դեմ կատարված բոլոր չարագործությունների մեջ մեղավոր ենք միայն մենք իսկ հանցագործներն անմեղ հրեշտակներ են;Հարգարժան Վահան ես անձամբ արհամարհում եմ ինչպես ռուսատյացներին,այնպես էլ ռուսամոլներին,որովհետև ցարին,Ստալինին ,Պուտինին ռուս ժողովրդի և նրա մեծ մշակույթի հետ նույնացնելը նույնքան անհեթեթ է ու գռեհիկ,որքան հայությունը և Հայաստանը Սերժ Սարգսյանով,Արա Աբրհամյանով կամ Հայկ Բաբուխանյանով գնահատելը;Այնպես,որ եթե կարող ես պատասխանիր վերևում քեզ տրված հարցին՝ինչ ես հասկանում ռուսաֆոբիա ասելով;
Քամ
Հակառակ նյութում զետեղված ապատեղեկատվությանը ցանկալի է որ ընթերցողը տեղյակ լինի. ՌԴ-ն որպես հրադաթարի երրորդ կողմ և Մինսկի խմբի անդամ, կողմերից մեկին ծանր զենք վաճառելով արդեն իսկ խախտում է առնվազն երկու միջազգային նորմ: Որպես ֆրանսիայում կազմակերպված ակցիայի (որի մասին նշել է հեղինակը) մասնակից և կազմակերպիչ, ևս պնդում եմ որ այս չափազանցված ինքնախարանմամն քողի ներքո ՌԴ արդարացմանն ուղղված և փաստերի կեղծմամբ լի հոդվածաշարը միտված է ծառայելու միայն և միայն կայսերական նկրտումների վերականգնմանը և խաթարելու ՀՀ քաղաքացու անկախ մտածելակերպի զարթոնքին: խոսքի ազատությունը կորցնում է իր իմաստը երբ խեղաթյուրվում է իրականությունը, իսկ ստրկամտության խրախուսումն ու հակապետական (խոսքը հակաիշխանականի մասին չէ) կարող է հանգեցնել սեփական անվտանգության նկատմամբ դմբիր` իր ամբողջ տրագիկ հետևանքներով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս հոդվածի հեղինակը ժուռնալիստական-պատմագիտական դեմագոգիայով է զբաղված: Հոդվածաշարի բոլոր 3 մասերում պատմությունը վերլուծված է (միտումնավո՞ր) սխա՛լ: Հոդվածի հեղինակի հարցերի տրամաբանությունը ես չեմ հասկանում ու չեմ հասկանում հոդվածաշարի ՆՊԱՏԱԿԸ:Հոդվածի հեղինակին նախորդ մասում ես հարց տվեցի. ի՞նչ է կոնկրետ նշանակում «ռուսաֆոբիա» իր համար: Բայց պատասխան չստացա: Ուստի՝ նոր հարցեր չեմ տալիս: Հոդվածի հեղինակը հավանաբար իր արժանապատվությունից ցածր է համարում պատասխանել ընթերցողների հարցերին:................................ Ռուսամոլ-ռոսավասալները արդեն դարե՛ր հային փորձում են մոլորեցնել,որ իբր միշտ «հայն է մեղավոր»՝ իր դժբախտությունների համար:Միայն դեմագոգ ռուսամոլը «չի հասկանում», թե ինչու Գետաշենը/Շահումյանը մաքրեցին հայերից:
nona
Դիվանագետ Արման Նավասարդյանը թիվ մեկ պրոֆեսիոնալն է: Վահան, հրաշալի միտք էր այն, որ ռուսները ոչ թե հայերին են ատում , այլ իրենց են սիրում, это всего лишь банальный политический прагматизм Спасибо автору за отрезвляющий душ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter