HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աճում է արտահանումը, աճում է կախվածությունը. Հայաստանին նոր շուկաներ են պետք

Այս տարվա առաջին չորս ամիսների տվյալները վկայում են, որ Հայաստանից արտահանման ծավալներն աճել են։ Այդուհանդերձ, թե՛ ըստ շուկաների (երկրների) և թե՛ ըստ ապրանքների՝  արտահանումը պահպանում է բարձր կենտրոնացվածությունը։  

 Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանն աշխարհի հետ մոտ 1 մլրդ 458 մլն դոլարի առևտուր է արել։ Դրանից մոտ 514,5 մլն դոլար կազմել է արտահանումը, 943,2 մլն դոլար՝ ներմուծումը։ 

Մեկ տարում՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատ, արտահանումը 22,2%-ով աճել է։ Հայտնի չէ, թե տարվա ընթացքում այս ծավալներն ինչպես կփոփոխվեն, բայց հունվար-ապրիլի տվյալները թույլ են տալիս որոշ հետևություններ անել, թե ինչպես է տարին սկսվել արտահանման տեսանկյունից։    

Այսպիսով, եթե հիմնական շուկաներ դիտարկենք առաջին 10 ամենախոշոր գործընկեր երկրները, ապա 8-ի մասով աճ է արձանագրվել։ Նկատենք, որ տասնյակում տեղ գտած երկրների ցուցանիշների (ՀՀ-ից դեպի այդ երկրներ արտահանման ծավալները) տարբերությունը մեծ է (տես պատկերում գտնվող քարտեզում)։ Առավելապես աճել է արտահանումը դեպի Ռուսաստան, ինչպես նաև՝ դեպի Բուլղարիա, Իրաք, Իրան և Վրաստան։ 

Արտահանման աճին զուգահեռ աճել են կենտրոնացվածությունն ու կախվածությունը

 Ռուսաստանը արտահանման առաջին շուկան է Հայաստանի համար։ Հունվար-ապրիլին դեպի այս երկիր արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր արտահանման կազմում զբաղեցրել է 18,9%:   Իսկ ընդհանրապես, Հայաստանից արտահանումն, ըստ երկրների, պահպանում է կենտրոնացվածությունը։ Այս տարվա հունվար-ապրիլի տվյալներով՝ միայն դեպի 5 խոշորագույն գործընկեր երկրներ կատարված արտահանումը զբաղեցնում է ընդհանուրի 57%-ը։ Այդ գործընկերներից, ինչպես նշեցինք, առաջինը Ռուսաստանն է, դրան հաջորդում են Իրաքը (տեսակարար կշիռը՝ 10,1%), Բուլղարիան (10%),  Գերմանիան (9,1%) ու Վրաստանը (8,8%)։ Ընդ որում՝ այս հինգ երկրների կշիռը 2015-ի նույն ամիսների համեմատ մոտ 10%-ով ավելացել է, այսինքն՝ ավելացել է կենտրոնացվածությունը։

Չինաստանի կշիռը նվազել է։ Նախորդ տարվա նույն ամիսներին դեպի այս երկիր արտահանման ծավալները հավասար էին դեպի ՌԴ արտահանման ծավալներին (կշիռը՝ 12%)։ Իսկ այս տարի թեև հնգյակում չէ, սակայն տասնյակում է (4,9%)։

Ռուսաստանի կշիռն ավելացել է՝ արտահանման ծավալների զգալի աճին զուգահեռ։ Համեմատության համար՝ 2015-ի նույն ամիսներին կշիռը կազմում էր 11,8%:  Այսինքն՝ մի կողմից աճել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները, մյուս կողմից՝ մեծացել  այս շուկայից հայ արտահանողների ունեցած կախվածությունը։ Մի շարք ապրանքախմբերի մասով, օրինակ՝ կոնյակ, պանիր, ձկնամթերք և այլն, Հայաստանին դեռևս չի հաջողվել գրավել այնպիսի շուկաներ, որոնք կփոխարինեն Ռուսաստանին։ Այդ պատճառով էլ, երբ այս երկրում տնտեսական դրությունը վատանում է, նշված ապրանքներն արտահանողները զգալի կորուստներ են ունենում, քանի որ դեպի ՌԴ արտահանումը դառնում է ոչ շահավետ կամ քիչ շահավետ ռուբլու արժեզրկման պատճառով, իսկ այդ ծավալների գնորդ երկրներ, փաստորեն, չեն գտնվում։  Սա ուղղակիորեն նշանակում է, որ քանի դեռ Հայաստանը արտահանման համար չի գտել Ռուսաստանին փոխարինող (թեկուզ՝ մասամբ) շուկաներ, հայ արտահանողին ավելի ձեռնտու է պահպանել կամ ավելացնել դեպի ռուսական շուկա արտահանման ծավալները՝ այս երկրից կախվածությունը պահպանելու հաշվին, քան հրաժարվել այդ կախվածությունից՝ ապրանքներ չարտահանելու և վնասներ կրելու հաշվին։ Այլ խոսքով՝ ՀՀ տնտեսությունը կշահի, երբ այդ կախվածությունը նվազի ոչ թե արտահանման ծավալների կրճատման հաշվին, այլ՝ նոր շուկաներ գրավելու։ Նաև հասկանալի է, որ դա հեշտ ու արագ լուծվող խնդիր չէ։

Ինչպես երևում է, այս տարի հայ արտահանողների համար ռուսական շուկայում պայմաններն ավելի բարենպաստ են եղել, քան նախորդ տարի։ Փաստացի, այս հունվար-ապրիլին դեպի Ռուսաստան արտահանման ծավալները վերականգնվել են՝ հասնելով և շուրջ 7%-ով գերազանցելով 2014-ի նույն ամիսների ծավալները։

Ընդհանուր պատկերում հատկանշական է նաև դեպի Միացյալ Նահանգներ արտահանումը։ 2015-ի հունվար-ապրիլին այս երկրի կշիռը արտահանման կազմում 6,2% էր, բայց այս տարի զգալի նվազել է ու հասել  1,8%-ի՝ 9,107 մլն դոլար արժեքով։ Նվազումը՝ 65,2%:

Իսկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներ Ղազախստանն ու Բելառուսը ՀՀ-ի համար արտահանման նշանակալի շուկաներ չեն։ Մասնավորապես, դեպի Ղազախստան արտահանումը հունվար-ապրիլին զբաղեցրել է ընդհանուրի 0,1%-ը, իսկ դեպի Բելառուս՝  0,4%-ը։ Սակայն, եթե դեպի Ղազախստան արտահանումը նվազել է 61,2%-ով և կազմել 617  հազ. դոլար, ապա դեպի Բելառուս՝ աճել է 2,7 անգամ ու կազմել 2,24 մլն դոլար։ Այսինքն՝ եթե աճի այս տեմպերը շարունակվեն, Բելառուսի տեսակարար կշիռը որոշ չափով զգալի կդառնա։

Այսպիսով, ԵԱՏՄ կազմում ՀՀ արտահանման ծավալների աճի մասին իշխանությունների խոստումները դեռևս իրականություն չեն դարձել։ Կրկին նշենք, որ Ռուսաստանի դեպքում դեռևս 2014-ի ծավալներն են վերականգնվել։ Մատնանշվում է, որ նախորդ տարի աճին խանգարել  ու ծրագրերը «խառնել է» ՌԴ տնտեսության անկումը։

Դեպի Շվեյցարիա արտահանումն աճել է 6,2 անգամ։ 2015-ին այն կազմել էր 2,11 մլն դոլար։

Թե որ երկիր ինչ է արտահանվել, պարզ կլինի, երբ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակի արտահանման տվյալները՝ ըստ երկիր-ապրանք կտրվածքի։ Իսկ մինչ այդ առաջիկայում առանձին հոդվածով կներկայացնենք, թե վերջին տարիներին գլխավորապես ինչ է արտահանում Հայաստանը դեպի արտահանման 10 խոշորագույն շուկաներ։ 

Միայն 4 ապրանքախումբ զբաղեցրել է արտահանման 80%-ից ավելին

 

 

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, որը կազմել ենք ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա, ՀՀ-ից արտահանումը շարունակում է կենտրոնացված մնալ գլխավորապես 4   ապրանքախմբի շուրջ։ Դրանք են՝ «հանքահումքային արտադրանք», «պատրաստի սննդի արտադրանք», «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբերը։ Այս չորսը միասին հունվար-ապրիլին կազմել են արտահանման ծավալի 82%-ը։ Պետք է նշենք, որ կենտրոնացվածությունը փոքր-ինչ թուլացել է։ 2015-ի նույն ամիսներին այն կազմում էր 86%: Նշված խմբերից հանքահումքի արտահանումն աճել է 2,4%-ով, պատրաստի սննդինը՝ 41,8%-ով, իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերինն ու թանկարժեք մետաղներինը՝ 76,5%-ով։ Հենց նշված երկու ապրանքներն էլ գլխավորապես ապահովել են արտահանման աճը։ Իսկ ոչ թանկարժեք մետաղների արտահանումը նվազել է 20,8%-ով։

Ընդհանուրի մեջ նկատելի է նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման 67,5%  աճն ու մանածագործական իրերի 2.3 անգամ աճը։

 Երևանն ապահովում է արտահանման կեսից ավելին

 Վիճծառայությունը նաև հրապարակում է տվյալներ, որոնք ցույց են տալիս արտահանման բաշխվածությունն ըստ ՀՀ մարզերի և Երևանի։ Տվյալները կազմվում են ըստ բեռնամաքսային հայտարարագրերի։ Ծավալների բաշխումն ըստ մարզերի իրականացվել է ըստ կազմակերպությունների գրանցման վայրի:

Այդ ցուցանիշներից պարզ է դառնում, որ այս տարվա հունվար-ապրիլին Երևանում գրանցված կազմակերպություններն ապահովել են ՀՀ-ից կատարված ամբողջ արտահանման 56%-ը։ Մեծ է նաև Սյունիքի դերը՝ 18,4%: Հաջորդը Լոռին է՝ 8%, հետո՝ Արարատը՝ 7%, Արմավիրը՝ 6,2%: Իսկ Կոտայքը զբաղեցնում  է 2,5%-ը։ Մնացած մարզերի դեպքում կշիռը 1%-ի էլ չի հասնում։ 2015-ի հունվար-ապրիլին ևս արտահանումն ապահովել են հիմնականում Երևանը և նշված մարզերը։

Չնայած չի հրապարակվում, թե որ մարզից ինչ է արտահանվում, սակայն մարզերում արտադրության ընդհանուր պատկերից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ Սյունիքից և Լոռուց արտահանվում է հիմնականում հանքահումք, իսկ Արարատից՝ ծխախոտ։

Արտահանման ծավալների այս բաշխվածությունը ցույց է տալիս նաև, որ արդյունաբերությունը կենտրոնացված է Երևանի շուրջ։ Սակայն դա չի նշանակում, որ Երևանում տնտեսության այս ճյուղը զարգացած է։ Այդ մասին ավելի վաղ գրել ենք։

Այսպիսով, տարին սկսվել է ՀՀ արտահանման ծավալների աճով, սակայն կենտրոնացվածությունը դեռ մեծ է թե՛ ապրանքախմբերի և թե՛ շուկաների առումով։ Դա նշանակում է, որ արտահանումը զգալի կախվածության մեջ է նշված ապրանքների համաշխարհային գներից ու նշված երկրների տնտեսական դրությունից։

2015-ին ՀՀ արտահանման ընդհանուր պատկերին ծանոթացեք այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter