HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու զոհված ազատամարտիկների եղբայրը շտապ վիրահատության կարիք ունի

Էմմա Պետրոսյան

«Վաչագանս առաջինն ա զոհվել, ծառայության մեջ էր: Արմենս էլ 88 թվից գնացած ա եղել, 92 թվին էն թեժ կռիվների ժամանակ 2-ն էլ զոհվեցին, առաջ Վաչագանիս բերեցին, 4 օր պահեցինք, հա սպասում էինք, որ Արմենը կգա, կհասնի, էն էլ չեկավ: 20 օր հետո մահացած Վաչագանիս գրած նամակը մեզ հասավ բանակից, նստած կարդում էինք, մեկ էլ տեսանք ավտոներ եկան մեր հայաթում շարվեցին, Արմենիս էին բերել: Արմենս որ իմացել էր ախպոր զոհվելու մասին, ուզեցել էր ինքը վրեժը լուծի, գնացել էր: 20 օրում երկու տղաներիս էլ կորցրի»,- արցունքն աչքերին պատմում է 2 ազատամարտիկների մայր, Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Արմիկ Ավետյանը:

20 օրում երկու զավակ կորցրած կնոջ միակ մխիթարանքը նրա մյուս երկու որդիներնն ու աղջիկն են, ովքեր ծնողների հետ ապրել են իրենց եղբայրների կորստի ցավը: Զոհված ազատամարտիկների մայրն արդեն հաշտվել է այդ երկու կորուստների հետ, բայց երրորդ զավակին նույնպես կորցնելու վտանգը նրան հանգիստ չի տալիս: Վալենտինն առողջական խնդիրներ ունի, որոնք ի հայտ են եկել, երբ իմացել է եղբայրների զահվելու մասին: «Իմ երկու երեխեքը որ մահացան, իրանցից հետո մեծը Վալենտինս էր, ինքն ահագին սթրեսներ տարավ ախպերների վրա, շատ ծանր տարավ: Որից հետո ահագին բուժումների տարանք էստեղ-էնդեղ, էլի ոչինչ, լավ էր, հիմի էս ընթացքում թե ինչ կատարվեց, դեկտեմբերի վերջից սկսեց բողոքել, գնում էր գալիս` ասում էր շունչս կտրվում ա, ոտքերս ցավում ա, տենց անընդհատ բողոքներ ուներ»,- պատմում է Արմիկ Ավետյանը: Առողջական խնդիրների պատճառով Վալենտին Ավետյանը ստիպված է եղել թողնել աշխատանքն ու մնալ ծնողների խնամքին: Ամուսնացած է, երեխաներ դեռևս չունեն: Մի տանիքի տակ երկսենյականոց բնակարանում ապրում են 7 անձով, ծնողները նույնպես առողջական խնդիրներ ունեն: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում: Արմիկ Ավետյանը 6 վիրահատություն է տարել, հիմա էլ վիրահատության կարիք ունի, բայց որդու առողջությունն առաջնային է համարում: «Տարանք բժշկի Ալավերդի, Ալավերդին ուղարկեց Վանաձոր, Վանաձորն ուղարկեց Երևան, ընդեղից էլ ասեցին՝ պիտի գնաք Նորք-Մարաշ: Տարանք ընդեղ ռենտգեն արեցին, ստուգեցին բժիշկները, գտան, որ թոքի մեջ ջուր ա հավաքված, սրտի կլապաններից մեկը փակված ա, մեկն էլ վատ վիճակում ա, համարյա չի աշխատում»,- պատմում է Վալենտինի մայրը: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վալենտինին համապատասխան բուժումներ են նշանակել, որին պիտի հաջորդեր վիրահատությունը: Վիրահատությունը, սակայն, ձգձգվում է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Վալենտինի հայրը՝ Վարուժան Ավետյանը, բոլոր հնարավոր դռները ծեծել է որդուն փրկելու համար. «Պաշտպանության նախարարություն, առողջապահության նախարարություն, դիմել եմ սրտաբանականի գլխավոր բժշկին առանձին, պետպատվերով խնդրել եմ, որ անեն, ասել ա`հնարավոր չի, մենակ կարանք 200 հազար զեղչ տրամադրենք, իրավաբանին էլ եմ դիմել, դիմումը գրել ենք, ուղարկել համապատասխան տեղեր, բայց դեռ պատասխան չկա իրավաբանի գրած դիմումներին, վարչապետին ենք գրել, դեռ պատասխան չկա: Հետևում եմ, ասում են ընթացքի մեջ ա, հմի թե էդ ընթացքը մի ամիս կքաշի, երկու տարի կքաշի, ոչ մի բան չեմ կարա ասեմ»: Վարուժան Ավետյանի բազում դիմումներից ոչ մեկին գրավոր պատասխան չեն տվել, բոլոր պատասխանները բանավոր են եղել միայն և միայն մերժումներ: Երկու զոհված ազատամատիկների հայրը հույսը կտրել է պետությունից: Պաշտպանության նախարարությունից այսպիսի բանավոր պատասխան է ստացել. «Պատերազմի մեջ ենք, զոհեր շատ ունենք, չենք կարա օգնենք ու վերջ, էսքան բան»: «Էդ ինձ Պաշտպանության նախարարի տեղակալն ասավ, հմի անունը չեմ հիշում: Ես հույս չունեմ ոչ մեկից, ոչ մեկը ոչ աշխատանք ունեն, ոչ գումար ունեն, որ ինձ օգնեն, հնարավոր չի: Ինչքան բախտ կունենա, դեղերով կապրի, կապրի: Նախագահին էլ եմ դիմել, բայց չընդունեց, տենց օրենք չկա ասին, նախագահը մարդ չի ընդունում: Ես իրան բացատրում եմ, էդ կազմի ղեկավարին, ասում եմ՝ սենց ա դրությունը, նա էլ ինձ թե` ինքը մարդ չի ընդունում, չենք կարա ոչ մի բան անենք մենք»,- հուսալքված ասում է հայրը:

Իսկ մայրը դիմում է մարդկանց. «Ես իմ կորցրած տղաներին ետ չեմ բերի, ես հիմա մենակ կարամ հպարտանամ, որ երկու հերոս որդի եմ ունեցել, ուզում եմ մենակ էս մի երեխես առողջանա, մեղք ա, աչքներուն մուրազի ա, 4 տարի ա ամուսնացել են, իրար սիրում են, իրանք իրար լավ հասկանում են»: Վարուժան Ավետյանի անունով բացվել է հաշվեհամար. բոլոր նրանք, ովքեր կցանկանան աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքին և փրկել նրանց երրորդ զավակին, կարող են իրենց ֆինանսական ներդրումն ունենալ: Վալենտին Ավետյանին սրտի փականային հիվանդության վիրահատության համար անհրաժեշտ է 3մլն 400 հազար դրամ:

Բանկային տվյալներն են՝

VTB բանկի Ալավերդի մասնաճյուղ

AMD 16019032720700

USD 16019032720701

EUR 16019032720702

RUR 16019032720703

Գլխավոր լուսանկարում՝ Վալենտին (ձախից) եւ Վարուժան (աջից) Ավետյանները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter