HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մենաշնորհների դեմ պայքարի ֆոնին. ՀՀ-ում ներդրումները «գահավիժել են»

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է մոտ 1,7 մլրդ դրամ։  Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Իսկ միայն ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ)՝ մոտ 15 մլրդ դրամ են կազմել:

2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում  կատարված օտարերկրյա ներդրումները «գահավիժել» են։ Մասնավորապես  զուտ հոսքերի ծավալը՝ ընդամենը ներդրումները, նվազել է ավելի քան  35 անգամ, իսկ միայն ՕՈՒՆ-ների ծավալը՝ 2,3  անգամ։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակած տվյալները։

Տնտեսության համար շարժիչ ուժ հանդիսացող ներդրումների պատկերը Հայաստանում  իսկապես տխուր է։  Նախ ընդամենը ներդրումների մասին, որոնք ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները։  Դրանց ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 12,8 մլրդ դրամով։ Իսկ երկրորդ տեղում  Կանադան՝  4,1 մլրդ դրամով։  Երկների մեծ մասի դեպքում  ներդրումների զուտ հոսքերի ծավալը բացասական մեծություն է ունեցել, ինչի արդյունքում էլ ընդամենը ներդրումների  ծավալն այդքան փոքր է։ Այն երկրների պարագայում, որոնց ներդրումների ցուցանիշը բացասական մեծություն ունի, նշանակում է, որ  ներդրումների գծով մարումներն ավելի շատ են եղել, քան ստացումները։ Այլ կերպ ասած՝ արտահոսքն ավելի մեծ եղել։

ՕՈՒՆ-ների ծավալով ևս առաջին տեղում Ռուսաստանն է, հաջորդում են Գերմանիան ու Արգենտինան։  Այստեղ ևս երկրների մեծ մասի դեպքում ներդրումների ծավալը  բացասական մեծություն ունի։ Ասվածն ավելի պարզ հասկանալու համար ներդրումների ընդհանուր պատկերը ներկայացնում ենք մեկ ինֆոգրաֆիկայի միջոցով։

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ 2015-ի առաջին եռամսյակի համեմատ ներդրումների աճով աչքի է ընկնում միայն Կանադան, այն էլ՝ ոչ մեծ ծավալով։ Մնացած գրեթե բոլոր երկրները նվազեցրել են ներդրումների ծավալները Հայաստանում։

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Համեմատության համար նշենք, որ 2015-ի հունվար-մարտի դրությամբ Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջատարներն էին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Կիպրոսն ու Սեյշելները։ Իսկ ընդամենը ներդրումների ծավալով՝ Ռուսաստանը, Նիդերլանդները, ԱՄԷ-ն, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Կիպրոսն ու Ֆրանսիան։ Իսկ հիմա հետ գանք ու նայեք այս տարվա պատկերը։ Կտեսնենք, որ նախորդ տարի առաջատարներ համարվող երկրները, բացի Ռուսաստանից, կտրուկ նվազեցրել են ներդրումների ծավալները։ Ընդ որում՝ նախորդ տարի նկատելի էր ներդրումների ավելացում օֆշորային գոտիներից, մասնավորապես՝ Կիպրոսից, Բրիտանական Վիրջինյան կղզիներից, Սեյշելներից, Լյուքսեմբուրգից, Շվեյցարիայից։

Իսկ այս տարի նշված երկրներից Հայաստանում կատարված ներդրումները նվազել են։ Հաստատուն տեսակետներ կան, որ օֆշորային գոտիներից Հայաստանում ներդրվող գումարներն իրականում պատկանում են այն հայ պաշտոնյաներին, ովքեր օֆշորային երկրներում բիզնեսներ ունեն։ Այսինքն՝ նրանք այդ երկների անունից ներդրումներ են անում Հայաստանում՝ այդպիսով Հայաստանից ոչ օրինական ճանապարհով դուրս բերված գումարների մի մասը «օրինականի տեսքով» հետ են բերում ու այն նորից ծառայեցնում իրենց բիզնեսներին։ Բայց երևում է՝ այդ պաշտոնյաները ևս անհագստացած են Հայաստանի ներդրումային միջավայրի վիճակով։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ զգույշ են և մտավախություն  ունեն, որ ներդրումային միջավայրը չի նպաստի իրենց բիզնեսին։ Ու ինչպես ցույց են տալիս այս տարվա տվյալներ, նրանց մտավախություններն ավելացել ու օֆշորից եկող գումարները պակասել են։

Ի՞նչ կապ ունեն ներդրումներն ու մենաշնորհների դեմ հայտարարված պայքարը

Շուրջ երեք շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ուշագրավ ելույթում ընդգծեց մենաշնորհների խնդիրը։ Նա ընդունեց, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն:  Եվ հանձնարարեց առավելագույնը երեք շաբաթում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը։

Եվ երեք շաբաթ անց ամփոփվեցին աշխատանքի արդյունքները։ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը հայտարարեց. «Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»: Այսիքն՝ կառավարությունը ոչ մի մենաշնորհ չի գտել այս ընթացքում։  Միայն եզարահանգել է, որ այդ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ։ Խնդրի ուսումնասիրության առարկան դարձավ կենտրոնացվածությունը, ոչ թե՝ մենաշնորհը։ Այդպիսով, ՀՀ կառավարությունը, փաստացի, ավարտեց պայքարը մենաշնորհների դեմ, որը չէր էլ սկսել, համարեց, որ երկրում մենաշնորհ չկա ու հայտարարեց պայքար կենտրոնացվածության դեմ։ Ի՞նչ արդյունքներ կտա այդ պայքարը կամ կտա՞ արդյոք արդյունքներ, թողնենք ժամանակին։  Բայց հայտարարությունը, թե Հայաստանում մենաշնորհ չկա, պարզապես հիասթափեցրեց շատերին, ովքեր հույսեր էին կապել այս գործընթացի հետ, թե երկրի տնտեսություն մեջ կարող են լուրջ դրական փոփոխություններ գրանցվել։ Հիասթափվեցին, քանի որ դրանով արդեն իսկ պարզ դարձավ, որ այս պայքար կոչվածը սխալ ուղղությամբ է գնում։ Իսկ ով չգիտի, որ շաքարվազի շուկան մենաշնորհային է Հայաստանում, որքան էլ որ այդ մասին պաշտոնապես չհայտարարվի։  Ու ինչպե՞ս կարելի է լուծում տալ մի խնդրի, որի առկայությունը չի ընդունվում։

Ինչու՞ ենք այս թեման կապում ներդրումների հետ։ Շատ է խոսվել այն մասին, որ երկիրը ներդրողների համար գրավիչ դարձնելու պարտադիր և ամենակարևոր պայմաններից մեկը մրցակցային առողջ միջավայրն է։ Իսկ ներդրումները Հայաստանում գնալով ավելի տխուր ծավալների են հասնում։ Սա նշանակում է, որ երկրի մրցակցային միջավայրում անառողջ երևույթներն իրենց սև գործն անում են։ Ու այս ֆոնին մենաշնորհների, բարձր կենտրոնացվածության դեմ պայքարի ու այդ ամենի արդյունքում մրցակցային միջավայրի բարելավման անհրաժեշտությունն ավելի է խորանում։ Ու եթե խնդրին լուծումներ տրվեն և անունը դրվի կենտրոնացվածության դեմ պայքարի արդյունք, թող այդպես կոչվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter