HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանքարդյունաբերության պատճառով Գնդեվազում մեղվաբուծությունն ու այգեգործությունը կհայտնվեն աղետալի վիճակում

Ջերմուկ քաղաքից մինչեւ Գնդեվազ համայնք 12 կմ է: Տաքսու վարորդն ընտրում է քաղաքի ներքեւի հատվածից դուրս եկող ճանապարհը՝ այդպես հնարավորություն կունենայի մոտիկից հիանալու նաեւ Կեչուտի ջրամբարի գեղեցկությամբ: Նվերը հավանաբար կլինի 25-27 տարեկան: Սկզբում հարցեր չի տալիս՝ ենթադրելով, թե սովորական հանգստացող եմ ու ջրամբարը տեսնել-լուսանկարելու ցանկություն ունեմ: Անսովորը Գնդեվազ գնալու մտադրությունս է, մանավանդ որ տաքսի նստելիս գյուղապետարանի տեղն եմ հարցնում: Հանքարդյունաբերություն եւ Ամուլսար բառերը լսելիս Նվերի լուրջ դեմքը մի փոքր մռայլվում է:

«Մեզ ասում են, թե ոչինչ չի լինի, էնպես կանենք, որ չեք թունավորվի, բայց քամուն կարո՞ղ ես բան հասկացնել, որ բերեց փոշին լցրեց քաղաքի վրա իրենց թողնել-չթողնելուն է նայելու՞,-հարցնում է Նվերն ու առանց պատասխանի սպասելու շարունակում,-էս լիճն էլ կթունավորեն, գետն էլ կթունավորվի, սաղս էլ կթունավորվենք, թե մի բան էն չլինի: Որտեղ որ ոսկին են հանելու՝ ծիրանի ծառեր են տնկել, ասում են էդ վտանգավոր փոշեհատիկը գալու է ծառերին դեմ առնի: Խի դրանք ոտով հողի վրա քայլելո՞վ են գալիս: Մեզ համոզում են՝ երեւի միամիտի տեղ են դրել, մտածում են բան չենք հասկանում»:

Նվերը ցույց է տալիս Ամուլսարը, որի բուսական ծածկույթից զուրկ գագաթն առանձնանում է շրջակա կանաչ միջավայրից: «Ամուլ՝ նշանակում է չբեր,-բացատրում է Նվերը,-վրան բան չի աճում, մարդիկ էլ էդ անունն են դրել: Հիմա ասում են ոսկու հարուստ հանք պիտի բացեն, բայց դա մեզ ի՞նչ: Ոսկին որ հանեցին, մե՞զ են տալու»:

Գնդեվազի մուտքը տպավորիչ է: Առանց փոսերի ասֆալտաշերտն արդեն իսկ դրական մտքեր է առաջացնում համայնքի ընդհանուր վիճակի մասին: Ուղեկիցս ասում է, որ գյուղամիջյան ճանապարհներն էլ են բարվոք վիճակում: Հիշում եմ Ջերմուկում լսածս կատակները գնդեվազցիների վերաբերյալ, թե գյուղի մուտքի «Բարի գալուստ Գնդեվազ» ցուցանակը հանելու են՝ փոխարենը գրեն «Համեցեք միլիոնատերերի քաղաք»:

«Ինչպես դառնալ միլիոնատեր»-ի բանաձեւը գնդեվազցիներին առաջարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Lydian International»  ընկերության «Գեոթիմ» դուստր ձեռնարկությունը: Գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա կառուցվելու է ցիանային եղանակով հանքաքարի կույտային տարալվացման հարթակն ու օժանդակ այլ կառույցներ, որի համար գնդեվազցիները «զոհել» են սեփական այգիները, խոտհարքերն ու վարելահողերը: Կազմակերպությունը գործարք է կնքել 130 տնտեսության հետ՝ գնելով 134 հա հողատարածք՝ գյուղատնտեսական տարբեր նշանակության: Վճարած գումարները եւս տարբեր են եղել՝ 12 հազար դրամից մինչեւ 100 մլն դրամ:

Գնդեվազի բնակիչ Արմեն Համբարձումյանի վարելահողերը ոսկու կորզման համար նախատեսված հարթակի տարածքում չեն: «Եթե անգամ լինեին՝ չէի վաճառելու»,- ասում է նա: Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Ջերմուկի մասնաճյուղում: Երիտասարդ տարիներին սովորել, ավարտել եւ որոշ ժամանակ աշխատել է Ռոստով քաղաքում: Պատմում է, որ մասնագիտության բերումով առնչվել է հանքարդյունաբերության ոլորտին, լսելով չէ, որ գիտի վտանգների մասին:

«Ոչ մի հասարակ բնակիչ դեռ չի շահել ոսկու արդյունահանումից, դա իր հետ բերում է փոշի, տոքսիկ նյութեր, առավել եւս հանքաքարը նատրիումի ցիանիդի եղանակով մշակելիս, առավել եւս որ դա պիտի անեն հենց մեր քթի տակ՝ ընդամենը 1000 մետր հեռավորության վրա,-մտահոգվում է Արմեն Համբարձումյանը,-դա գիտական բան է, ես ինձնից բաներ չեմ հորինում, այն հողը, որ պետք է հանքարդյունաբերության առումով օգտագործվի, էդ հողն իր հարակից տարածքներով հուր հավիտյան դառնում է անպիտան հող: Դրանց ժամկետ չկա, որ ասես 20 տարի, 100 տարի հետո կվերականգնվի, դառնում է անբերրի անապատ: Մի կողմից երեխեն գնում զոհվում է էդ հողի համար, մի կողմից կառավարությունը, որ մեդալ է կախում էդ երեխու դոշին, մյուս կողմից քանդում, ավիրում է նույն էդ հողերն ու էդ մարդկանց տեղահան անում: Ընդերքը հոշոտում են, լափում, անհամատեղելի վարքագիծ է սա՝ անըմբռնելի»:

Արմենը տխուր հեգնանքով նկատում է, որ գյուղի միակ ընդդիմադիրներն ու ակտիվիստները մնացել են ինքն ու իր հարեւան Միհրդատը: Երբ «Գեոթիմը» սկսել է ուսումնասիրություններն Ամուլսարում ու հարակից տարածքներում, ամեն ինչ շատ մշուշոտ է եղել: Սկզբնական շրջանում իրենց գյուղն անգամ ազդակիր համայնքների ցանկում չի եղել: Երբ որոշվել է ցիանիդային հարթակը կառուցել ոչ թե Սյունիքի մարզի Գորայք համայնքի հարեւանությամբ, այլ Գնդեվազի, հենց այդ պահից էլ սկսվել են իրենց ընդվզումներն ու հանրային քննարկումների բոյկոտումները:

«Եղել է դեպք, որ ժողով են արել, հարեւան գյուղերից մարդկանց բերել-նստեցրել են, գնդեվազցիներին տեղ էլ չի մնացել, մենք էլ թողել դուրս ենք եկել: Իրենք իրենց քննարկումներն արել են, կառավարությանն էլ ներկայացրել են, թե էսքան մարդ է ներկա եղել ու գնդեվազցիք համաձայն են,-պատմում է Արմենը,-մենք հիմնականում համաձայն չենք եղել ո՛չ ոսկու արդյունահանմանը, ո՛չ առավել եւս ցիանիդային հարթակի կառուցմանը գյուղի տարածքում: Հետո տեսան, որ ժողովներով բան դուրս չի գալիս, համաձայնության չենք գալիս, սկսեցին մարդկանց հողերն առնել: Նախ մեծ այգիներն առան, դե կողքի մանր հողատերերն էլ իներցիայով իրենցը ծախեցին»:

Արմենը հողագործությամբ չի զբաղվում, թեպետ վարելահող ունի: Իրենը մեղվաբուծությունն է: 80 մեղափեթակ ունի, նախկինում ավելի շատ էր: Ասում է՝ 5 անձից բաղկացած իր ընտանիքին բավարարում է մեղրի վաճառքից ստացած եկամուտը: Զրուցակիցս մտավախություն ունի, որ երբ Ամուլսարում սկսեն պայթեցումները, իսկ գյուղից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա հանքաքարից ոսկու կորզումը, հենց այդ օրվանից խաչ կքաշի մեղվաբուծության վրա:

«Մեղուն չգիտի, չէ՞, թե դա թույն է, որ չգնա նստի ցիանային լուծույթի վրա: «Գեոթիմն» ասում է՝ մենք տարածքը ցանկապատելու ենք, բայց դա անասունների համար է, թռչունների ու մեղուների համար օդային սահման ո՞նց են գծելու: Ես բազմիցս այդ հարցն ուղղել եմ «Գեոթիմի» աշխատակիցներին, սակայն միշտ ինչ-որ լղոզված պատասխան եմ ստացել: Ի սկզբանե Հայաստանում էդ ձեւի խոշոր հանք բացել, առավել եւս բաց եղանակով շահագործել՝ չէր կարելի: Դա իրեն կարող է թույլ տալ Ամերիկան, Ռուսաստանը, մեծ գերտերությունները, որ լիքը ամայի հողեր ունեն, բայց ոչ Հայաստանի նման փոքր երկիրը: Եթե հանկարծ վթար եղավ, Հայաստանի կեսը կաղտոտվի տոքսիկ նյութերով»:

Արմենի կարծիքով՝ այգեգործությունը եւս պարզապես «կմարի» իրենց համայնքում: Մի մասն արդեն իսկ իրենց այգիները վաճառել են, այնտեղ արդեն ծառահատումներ են կատարված, «Գեոթիմը» պատրաստվում է տարածքում ցիանային հարթակ կառուցել: Նրանք, ում հողատարածքները չեն գնել, հայտնվել են փակուղային իրավիճակում: Շատերի ծիրանի այգիները սահմանակից են հանքաքարի կույտային տարալվացման ցիանային հարթակին: Գնդեվազում ծիրանը հասնում է հուլիսի կեսերից մինչեւ օգոստոս: Անզուգական համային հատկանիշներով օժտված պտուղը սովորաբար բարձր գնով արտահանում են՝ ներքին սպառման շուկայում չի հայտնվում: Ամուլսարի գործարկումից հետո ծիրանի բիզնեսը եւս հարվածի տակ կլինի:

«Ես բազմիցս հարցեր եմ տվել «Գեոթիմին», թե ինչ է լինելու մեզ հետ 10 տարի անց: Չկա հստակ պատասխան: Շան գլուխը թաղված է կառավարության տակ, իսկ քանի որ կառավարությունը թքած ունի ժողովրդի վրա, ինքը տալիս է թույլտվություն մի ծրագրի, որի հետեւանքով հնարավոր է, որ, ասենք, մի ամբողջ գյուղ տեղահանվի, իրան պետք է, որ մի քիչ փող լցվի բյուջեն ու վերջ, իսկ բանից անտեղյակ գյուղացին, որ նեղն է, 1000 դոլար փող էլ տաս՝ ամեն ինչի ընդունակ է,-ասում է Արմենը,-մեր նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը համատեղում էր Ջերմուկ առողջարանի բարգավաճումը հանքարդյունաբերության հետ: Մի ամիս հետո իմանանք, որ դառել է Լեհաստանի դեսպան ու էնտեղ կայֆավատ է լինում: Հիմա մեկը պիտի կանչի ասի՝ տղա ջան, էդ ո՞նց համատեղեցիր, բա դու պիտի պատասխան տաս, դու ես սկսել էդ բանը, հարգելի մարզպետ: Իհարկե, էս գործը մենակ իրենով չէ, կլինեն էլի իշխանավորներ էս ամենի թիկունքում կանգնած, բայց մենք իրեն գիտենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter