HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Այգեշատի գյուղապետը «խաբարբզիկ» չէ, իսկ գյուղով անցնող գետն աղբի մեջ կորել է

«Հետքը» Հայաստանում աղբավայրերի մասին հոդվածների շարք է պատրաստում։ Այս անգամ անդրադարձել ենք Արմավիրի մարզին։

Հայաստանում համայնքապետարանների ճնշող մեծամասնությունը, խախտելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը, չեն հրապարակում տարեկան բյուջեն։ Դա է պատճառը, որ ստիպված ենք զանգահարել գյուղապետերին՝ ճշտելու աղբահանությանը հատկացվող գումարի չափը։

Ստորև ներկայացնում ենք Էջմիածնի տարածաշրջանի Այգեշատ գյուղի համայնքապետ Ռոբերտ Հովսեփյանի պատասխանը՝ բյուջեին և աղբահանությանը վերաբերող մեր հարցերին․

-         Որքան գումար է ձեր համայնքը հատկացնում աղբահանությանը։

-         Դա ի՞նչ կարևոր ա, ես հո խաբարբզիկ չեմ, որ խաբար տամ, տաք թերթերին։

-         Դա խաբարբզիկություն չէ, Դուք գյուղի գյուղապետն եք։ Այդ գյուղը բյուջե ունի, որը գոյանում է մարդկանց հարկերից։ Մարդիկ կարող են տեղեկանալ, թե իրենց հարկերից գոյացած բյուջեի որքան տոկոսն է հատկացվում աղբահանությանը։

-         Ամիսը՝ 120 հազար։

-         Իսկ պայմանագի՞ր եք կնքել որևէ անհատ ձեռնարկատիրոջ հետ, թե՞ գյուղապետարանն ինքն է իրականացնում աղբահանությունը։

-         Դուք այդ ամեն ինչը չեք կարողանո՞ւմ մարզպետարանից ճշտեք, գյուղապետերի՞ց եք ճշտում։

-         Այո, յուրաքանչյուր գյուղի տեղեկատվությունն իր գյուղապետից ենք ճշտում։

-         Ես էլ չեմ ասում։ 120 հազար դրամ փող եմ հատկացնում, վերջ։

-         Եթե չեք ասում, ուրեմն թափանցիկ չեք աշխատում։ Գյուղի կողքով անցնող գետ կա, ճի՞շտ եմ։

-         Այո։

-         Այդ գետի մեջ ձեր համագյուղացիներն աղբ են թափել, Դուք տեսե՞լ եք դա։

-         Էդ ե՞րբ են թափել։

-         Չգիտեմ՝ երբ են թափել, բայց աղբ կա գոյացած․․․

-         Աղբը․․․ 15 տարի առաջվա գոյացած աղբ է, հիմա տենց բան չկա։

-         Իսկ 15 տարի առաջվա աղբը չե՞ք փորձել գետի միջից հանել։

-         Անհնար ա։

-         Ինչո՞ւ։

-         Անհնար ա գետից աղբ հանել։

-         Ինչո՞վ է անհնար։

-         Ոչ մի բանով, չզանգեք էլ ինձ։

Այգեշատի համայնքապետը միջնակարգ կրթություն ունի։ Մինչ համայնքի ղեկավար ընտրվելը՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Մամուլում հայտնված մեկ այլ դեպքով՝ Ռոբերտ Հովսեփյանը հայհոյել էր մի խումբ կանանց։

Հ.Գ. Նյութի հետ տեղադրված նախորդ լուսանկարը սխալմունք էր, որի համար ներողություն ենք հայցում ընթերցողից: Լուսանկարը վերցված էր Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից, որտեղ Ռոբերտ Հովսեփյանի տվյալների կողքին տեղադրված է մեկ այլ անձի լուսանկար: Հորդորում ենք Արմավիրի մարզպետարանին ուղղել համայնքապետերի մասին տվյալները:

Լուսանկարը` Սոնա Դավթյանի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter