HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԵԱՏՄ. առևտուրը՝ ներսում

2013 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Դրանից հետո Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուները տարբեր առիթներով հայտարարեցին, թե նշված միությանն անդամակցելու որոշման գլխավոր հիմնավորումներից մեկը դեպի այդ միության երկրներ արտահանման նոր հնարավորություններն են Հայաստանի համար։ Այդ ժամանակ միության կազմում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Այդ երկրների բնակչության ընդհանուր թիվ շուրջ 170 միլիոն էր։ Հենց 170 միլիոնանոց շուկան էլ պետք է ապահովեր նոր հեռանկարներ Հայաստանի համար։ 2015-ի հունվարից Հայաստանն արդեն պաշտոնապես միացավ ԵԱՏՄ-ին։

Կառույցին միացավ նաև Ղրղզստանը, և շուկան դարձավ շուրջ 180 միլիոնանոց։ Եվ ի՞նչ վիճակ է ներկայում, ի՞նչ ծավալի առևտուր են անում ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց և երրորդ երկրների հետ ու ամենագլխավորը՝ արդյոք արդարացան արտահանման հետ կապված Հայաստանի հույսերը։ Պաշտոնական տեղեկատվության հիման վրա կարելի է գտնել այս հարցերի պատասխանները։ Այսպիսով, նախ տեսնենք, թե ինչ վիճակ է այս տարի։ Ամենաթարմ տվյալներն այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածինն են։ ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր փոխադարձ առևտրաշրջանառությունը նշված ամիսներին անկում է ապրել։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Մասնավորապես, այս տարվա հունվար-ապրիլին այն կազմել է 11,9 մլրդ դոլար։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը 18,4%-ով նվազել է։ Սակայն, երբ միայն Հայաստանի ցուցանիշներն ենք դիտարկում, ապա՝ 2015 թվականի անկումից հետո այս տարի որոշակի առաջընթաց կա։ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ հունվար-ապրիլին կազմել է 100,4 մլն ԱՄՆ դոլար, որը 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե կրկնապատկվել է։

Նույն ընթացքում մնացած երկրներն անկում են գրանցել։ Մասնավորապես, Ռուսաստանը՝ 20,8% անկում, Բելառուսը՝ 8,3%, Ղազախստանը՝ 28,7%, իսկ Ղրղզստանը՝ 14,3%: Հայաստանից արտահանման աճը պայմանավորված է գլխավորապես դեպի ՌԴ արտահանման աճով։ Թեև հանձնաժողովի հրապարակումներում չգտանք ցուցանիշներ, թե որքան է կազմել ՀՀ-ից միայն ՌԴ արտահանումը հունվար-ապրիլին, սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ ) տրամադրում է այդ ցուցանիշները, ըստ որոնց այն կազմել է 97,4 մլն դոլար՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 95,8%-ով։

Այդուամենայնիվ, Հայաստանն, ըստ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի, զիջում է չորս գործընկերներին։ ԵԱՏՄ ներսում առևտրի առյուծի բաժինը զբաղեցնում է Ռուսաստան-Բելառուս առևտուրը։ Զգալի է նաև Ղազախստան-Ռուսաստան առևտուրը։ Առհասարակ, ԵԱՏՄ կազմում նկատելի կշիռ ունեն միայն Ռուսաստանի հետ առևտրի ցուցանիշները, իսկ միության կազմում գտնվող մյուս երկրները միամյանց հետ նման զգալի ու ակտիվ առևտրաշրջանառություն չունեն։ ԵԱՏՄ փոխադարձ առևտուրն առավել մանրամասն ներկայացնում ենք ստորև։ Ինտերակտիվ քարտեզում ըստ երկրների կարող եք տեսնել, թե նշված երկիրը ինչ ծավալի առևտուր է կատարել գործընկերների հետ։

Loading...

Loading...

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության ծավալի հաշվարկման համար հիմք են ընդունվում անդամ երկրների արտահանման ցուցանիշները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ ԱՎԾ-ի տվյալներում որոշակի տարբերություններ կան։ ՀՀ ԱՎԾ-ից տեղեկացանք, որ պատճառը հաշվարկների մեթոդաբանության տարբերությունն է՝ կապված ներմուծման ցուցանիշների հետ։ Հոդվածում հիմք ենք ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ցուցանիշները։

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությանը երրորդ երկրների հետ, ապա այս տարվա հունվար-ապրիլին ընդհանուր հաշվարկով հինգ երկրներն աշխարհի հետ 146,5 մլրդ դոլարի առևտուր են արել (արտահանումը` 90,3 մլրդ դոլար, ներմուծումը՝ 56,2 մլրդ դոլար), որը 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 25,6%-ով նվազել է, մասնավորապես՝ արտահանումը կրճատվել է 31,6%-ով, ներմուծումը՝ 13,2%-ով։ Այսինքն՝ նվազել է ոչ միայն ԵԱՏՄ երկրների՝ միության կազմում, այլև՝ մնացած երկրների հետ կատարվող առևտրաշրջանառությունը։ Այստեղ էլ Հայաստանի մասով որոշակի առաջընթաց կա՝ ներմուծումը կրճատվել է, իսկ արտահանումն՝ աճել։ Թե որքանով կպահպանվեն այս տեմպերը մինչև տարվա վերջ, դժվար է ասել։ Իրավիճակի վրա ազդող գլխավոր գործոններից մեկը Ռուսաստանի տնտեսական վիճակն է, ինչին հոդվածում կանդրադառնանք։


Create column charts

2015 թվականին ԵԱՏՄ երկրների և՛ փոխադարձ և՛ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Ինչպես տեսանք, այս տարի Հայաստանի առևտրի ցուցանիշներում որոշակի դրական միտումներ կան։ Սակայն 2015 թվականն այս առումով անհաջող էր Հայաստանի համար։ Այդ տարի արտահանումը նվազել է 3,9%-ով, ներմուծումը՝ 26,5%-ով։ Բայց մի շարք տնտեսագետներ ենթադրում են, որ ներմուծումը նվազել է ոչ թե տեղական արտադրության աճի հաշվին, այլ՝ սպառման ծավալների նվազման ու գնողունակության անկման, քանի որ նույն տարում Հայաստանում աճել է միայն հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը 5,6% անկում է գրանցել։ Իսկ հիմա Եվրասիական տնտեսական միության տվյալների հիմա վրա տեսնենք, թե կոնկրետ ԵԱՏՄ երկրների հետ առևտրում ինչ զարգացումներ են գրանցվել 2015-ին։ Հանձնաժողովի տարեկան տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարի Հայաստանը ընդհանուր առմամբ մոտ 237 մլն դոլարի ապրանք է արտահանել ԵԱՏՄ երկրներ, մեծ մասը՝ Ռուսաստան։ 2014-ի համեմատ արտահանումը կրճատվել է 27%-ով։ Դրան զուգահեռ կրճատվել է նաև ներմուծումը նշված երկրներից, սակայն ոչ այն տեմպերով, ինչպես արտահանումը։

Փաստորեն, կառույցին ինտերգրման առաջին տարում Հայաստանի գրանցած ցուցանիշները ոգևորիչ չեն։ Մասնավորապես, արտահանման վերաբերյալ հույսերը դեռևս չեն արդարացել, քանի որ նախորդ տարվա անկումից հետո դեռևս հարցական է՝ այս տարի նախ կվերականգնվե՞ն ծավալները և արդյոք զգալի առաջընթաց կգրանցվի։ ԵԱՏՄ ներսում կատարվող առևտրում Հայաստանի դիրքերն այս պահին թույլ են։ 2015-ին կառույցի ներսում ընդհանուր արտահանման միայն 0,5%-ն է զբաղեցրել Հայաստանը, իսկ ներմուծման՝ 2,2%-ը։ Երկու ցուցանիշներով էլ զիջում է չորս գործընկերներին։ Ընդհանուր առմամբ, ոգևորիչ չեն նաև մյուս երկրների ցուցանիշները, քանի որ 2015-ին և՛ միության ներսում կատարված ընդհանուր առևտուրն է նվազել և՛ անդամ երկրների արտաքին առևտուրը՝ երրորդ երկրների հետ։

Այսպես, 2015 թվականին ԵԱՏՄ երկրները միմյանց հետ 45,4 մլրդ դոլարի առևտուր են արել, որը 2014-ի համեմատ մոտ 26%-ով նվազել է։ Իսկ երրորդ երկրների հետ առևտուրը կազմել է 579,5 մլրդ դոլար, անկումը՝ 33,6%։ Ստորև մեկտեղել ենք ԵԱՏՄ երկրների առևտրի ցուցանիշները։ Նաև կարող եք տեսնել, թե ԵԱՏՄ-ի հետ առևտուրն ինչ կշիռ ունի անդամ երկրների՝ աշխարհի հետ կատարված առևտրի ընդհանուր կազմում։

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության նվազման գլխավոր պատճառը Ռուսաստանի տնտեսական անկում է, քանի որ ինչպես տեսանք, առևտրի ցուցանիշներով այս երկիրը միության կազմում գլխավոր խաղացողն է։ 2014 թվականից նավթի գների կտրուկ անկման և Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը զգալի կորուստներ կրեց։ Սա ցույց է տալի այս կառույցի ներսում կատարվող առևտրի մեծ կախվածությունը ռուսական շուկայից։

Ամեն դեպքում, փաստ է, որ այս կառույցից Հայաստանը տնտեսական լուրջ օգուտներ, որպես այդպիսին, առայժմ չի ստացել։ Եվ ամեն ինչ մնում է կախված ռուսական տնտեսության վիճակից։ Իսկ Ռուսաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ ոչ մի որոշակի կանխատեսում չկա։

Ընդհանրապես, Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի տնտեսությանից մեծ է։ Նախ գլխավոր պատճառներից մեկն այն է, որ հայկական արտադրության մի շարք ապրանքների համար արտահանման եթե ոչ միակ, ապա գլխավոր շուկան Ռուսաստանն է։ Այդ ապրանքների շարքում են պանիրը, կոնյակը, ձկնամթերքը, սպիրտը, միրգը, բանջարեղենը, հանքային ջուրը և այլն։ Եվ երբ այս երկրում տնտեսական խնդիրներ են առաջանում, ու ռուբլին արժեզրկվում է, հայ արտահանողների համար արժեզրկված ռուբլի ստանալը հաճախ վնասաբեր է դարձնում դեպի Ռուսաստան արտահանումը։

Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2015-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 225,9 մլն դոլար՝ մեկ տարում կրճատվելով 26,7%-ով։ Եվ այս ֆոնին տրամաբանական է, որ Հայաստանի համար կարևոր է արտահանման այնպիսի շուկաներ գրավելը, որոնք հարկ եղած դեպքում կարողանան փոխարինել ռուսական շուկային։

Մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանը, կարծեք, ավելի հակված էր Եվրամիության հետ ասոցացմանը, ինչը վերը նշվածի վերաբերյալ որոշակի հույսեր էր ներշնչում։ Բայց ԵԱՏՄ-ին միանալով՝ ԵՄ շուկաներում «տեղ ամրապնդելու» խնդիրն ավելի բարդացավ, քանի որ գտնվելով տնտեսական մի միության կազմում, սովորաբար, այլ միության երկրների հետ առևտրային հարաբերություններում նշված երկիրը չի կարողանում օգտվել այլ միության արտոնություններից ու առավելություններից։ Բացի այդ, Հայաստանում մի շարք ընտանիքներ ապրում են Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցների ուղարկած գումարներով: Այս երկրում տնտեսության թուլացումը ևս զգալի վնաս է հասցնում այդ ընտանիքներին։ Եվ պատահական չէ, որ այս տարեսկզբին հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում Համաշխարհային բանկի մասնագետները հաշվարկել էին, որ երբ Ռուսաստանի տնտեսությունը 1%-ով անկում է գրանցում, զուգահեռաբար Հայաստանի տնտեսական աճը 0,6%-ային կետով նվազում է։ Իսկ Ղազախստանի դեպքում, օրինակ, նվազում է 0,3%-ային կետով:

Այսպիսով, եթե հակիճ ամփոփենք, ապա՝ նախորդ տարի Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ անդամակցությունից չի շահել։ Իսկ այս տարվա սկզբում որոշակի առաջընթաց կա։ Ի՞նչ արդյունքներով կավարտվի տարին, դժվար է ասել։ Եվ գլխավոր հարցերից մեկը մնում այն, թե արտաքին առևտրի ի՞նչ վիճակ կգրանցվեր նախորդ տարի, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Միանշանակ պատասխան այս հարցին չի տրվել։ ՀՀ իշխանություններն այս առիթով հայտարարում են, որ վիճակն ավելի վատ կլիներ, եթե չանդամակցեր։ Մասնավորապես, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պատվիրել էր ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին պատկանող «Ավագ Սոլյուշնս» ՍՊԸ-ին վերլուծել, թե ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Կազմվեց զեկույց նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալների հիման վրա, որտեղ արտահանման մասով նշվում է. «Ռեգրեսիոն վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներն ուղղակիորեն ազդում են Հայաստանից, Մոլդովայից և Վրաստանից արտահանման ծավալների վրա: Ընդ որում, այդ ազդեցությունները բավականին մոտ են իրար, անկախ նրանից որ, օրինակ, Վրաստանի պարագայում դեպի ՌԴ արտահանման կշիռն այդքան էլ մեծ չէ:

Վերադառնալով փաստացի գրանցված արդյունքներին՝ կարելի է կրկին անգամ փաստել, որ Հայաստանը դիտարկվող երկրների շարքում ունեցել է արտահանման առավել դրական դինամիկա՝ այդ թվում դեպի ՌԴ արտահանման առավել փոքր կրճատումը: Ուստի ԵԱՏՄ անդամակցությունն այս տեսանկյունից կարող է լինել առավել բացասական զարգացումներից խուսափելու կարևոր գործոն»։

Ի՞նչ է գնում ու վաճառում Հայաստանը ԵԱՏՄ երկրներին

ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տվյալների հիման վրա կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչ է վաճառում Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին և ինչ է գնում նրանցից։ Բացի Ռուսաստանից, Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ ակտիվ առևտրաշրջանառություն չունի։ Իսկ Ռուսաստանի հետ առևտրում գլխավորապես ներմուծողի դերում է։ Այս երկիր Հայաստանն արտահանում է ոչ մեծ քանակի ապրանքներ։ Ի հակառակ արտահանման՝ ներմուծումը բավականին դիվերսիֆիկացված է։ Ռուսաստանից Հայաստանը ներմուծում է գրեթե ամեն ինչ՝ ավելի քան 1100 անուն ապրանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter