
Լեհերի հետ պայմանագիրը չի երկարացվել. կենսաչափական անձնագիր ստանալու պարտադիր պայմանը մի քանի տարով հանվել է
Կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության եւ Հայաստանի կառավարական մարմինների բանակցություններն արդյունք չեն տվել: Ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը չի երկարացվի: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում սպառվել է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խմբաքանակը: Նոր անձնագրեր ստացող կամ արտասահաման մեկնող քաղաքացիներին տրվում է հին նմուշ անձնագիր: Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ նոր պայմանագիր կնքելու եւ կենսաչափական անձնագրի նոր խմբաքանակ պատվիրելու համար սպասում են լեհ գործընկերների այցին։
![]() |
Հունիսի 15-ին դեսպան Է. Ղազարյանը «PWPW S.A.» ընկերությունում ծանոթացել էր հայկական անձնագրերի տպագրության գործընթացին |
«PWPW S.A.» ընկերությունն իր հերթին, իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 24-ին պատվիրակներ կժամանեն Հայաստան, ովքեր հանդիպումներ կունենան ոստիկանության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: Լավատեսության հիմք էր տալիս «PWPW S.A.» կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանն այցելել է ընկերություն, ծանոթացել հայկական անձնագրերի տպագրության գործընթացին:
Հունիսի 24-ից հետո, սակայն, այս թեմայով քար լռություն էր բոլոր գերատեսչություններում: Հունիսի 27-29-ի դրությամբ որեւէ կառույցից անհնար եղավ ճշտել, թե ինչ եղան բանակցությունների արդյունքները: Ոստիկանությունում ասում էին, որ իրենց հետ հանդիպումներ չեն եղել, նույնը լսեցինք նաեւ ԿԲ-ից ու վարչապետի աշխատակազմից:
Երեկ պարզել ենք, որ հանդիպում տեղի է ունեցել, բայց «PWPW S.A.» ընկերության հետ նոր պայմանագիր չի կնքվելու, չնայած որ գործող պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ համագործակցությունը հնարավոր էր շարունակել առանց նոր մրցույթ հայտարարելու, եթե դրա անհրաժեշտությունը լիներ:
Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պայմանագրի ժամկետը չերկարացնելը հայկական կողմի դիրքորոշումն է: Բիչախչյանն այդ որոշումը մեկնաբանեց նրանով, որ ցանկանում են նոր՝ ավելի որակյալ կենսաչափական անձնագրեր պատվիրել, որը 2011թ. մրցույթի արդյունքում լեհական ընկերության հետ կնքած պայմանագրի պայմաններից դուրս է:
«Մենք մտադիր ենք բարելավել կենսաչափական անձնագրերի որակը, որպեսզի համընթաց քայլենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Չենք ասում, թե մերը վատն է, բայց աշխարհում տարեցտարի փոփոխություններ են տեղի ունենում: Մենք ուզում ենք, որ կենսաչափական անձնագրի լուսանկարով էջը լինի պոլիկարբոնատ, որն ավելի դիմացկուն է, սահմանային կետերում ստուգելիս բազմակի օգտագործման դեպքերում չի փչանում: Աշխարհի մեծ քանակությամբ երկրներում անցում են կատարել դրան, ինչը նշանակում է, որ լեհական ընկերության հետ ունեցած գործող պայմանագրից շեղվում ենք: Հետեւաբար, պետք է նոր մրցույթ հայտարարել, հստակեցնել նոր պայմաններ եւ գործել ըստ դրա»,-ասում է Մնացական Բիչախչյանը:
Լեհերը դժգոհ չե՞ն
Մինչեւ Հայաստանի ոստիկանությունից պարզաբանում ստանալը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ լեհական կողմից տեղեկություն ստանալու փորձեր էինք արել: Լեհերը հետեւողականորեն լռում են: Ընկերության քարտուղարությունից դեռեւս հունիսի 28-ին մեզ հայտնել էին, որ երեւանյան հանդիպումը կայացել է, սակայն մանրամասների վերաբերյալ մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել:
Առայժմ գրավոր հարցմանը պատասխան չի եկել նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից:
![]() |
Մնացական Բիչախչյան, լուսանկարը՝ police.am-ից |
Մնացական Բիչախչյանն ասում է, որ լեհերը դժգոհ չեն, վիրավորված չեն հայկական կողմից: «Մենք իրենց էլ ենք ասել: Նոր մրցույթին կարող են մասնակցել, ու միգուցե հենց իրենք էլ հաղթեն: Եթե լեհերը կշահեն, մենք վատ տրամադրվածություն չունենք»,-ասում է ոստիկանության փոխգնդապետը:
«PWPW S.A.» ընկերության հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2017 թվականի հունվարի 1-ին, բայց, ինչպես արդեն հայտնել ենք, ընկերությունն իր պարտավորութունները կատարել է՝ ավելի քան 300 հազար կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը Հայաստանին մատակարարելով:
Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները լեհ գործընկերներին խնդրել են մի փոքր խմբաքանակն էլ տպագրել: Առայժմ որոշված չէ, թե ինչ թվի մասին է խոսքը: Մնացական Բիչախչյանի խոսքով՝ լեհերը չեն մերժել:
Նոր որակի կենսաչափական անձնագրերի գնման մրցույթը, ըստ ոստիկանության պաշտոնյայի, կհայտարարվի ընթացիկ տարում: Ավելի հստակ ժամկետ հայտնի չէ:
Կենսաչափականը՝ ոչ պարտադիր
Այս օրերին եթե որեւէ մեկը ցանկանում է նոր անձնագիր ձեռք բերել, պարտադրված է դիմում գրել ԱՎՎ պետի անունով, որպեսզի կենսաչափական անձնագրի փոխարեն ստանա հին նմուշի անձնագիր:
Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերմամբ ընդունել է «Քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2019թ. հունվար, ինչը նշանակում է, որ փոփոխությունների ուժի մտնելուց հետո պարտադիր չի լինի 25 հազար դրամ պետտուրք վճարելն ու կենսաչափական անձնագիր ստանալը:
Հիշեցնենք, որ 25 հազար դրամ պետտուրքով կենսաչափական անձնագիր ստանալը, եթե քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է, պարտադիր էր դարձել 2014 թվականի հունվարի 1-ից:
Եթե այս օրերին նոր անձնագիր ստանալ կամեցող յուրաքանչյուր քաղաքացի առանձին-առանձին դիմում է գրում ԱՎՎ պետին, որպեսզի ստանա հին նմուշի անձնագիր, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրա կարիքը չի լինի:
Փոփոխությունը, ըստ Մնացական Բիչախչյանի, արվել է մի քանի պատճառներով, որոնցից, թերեւս, ամենակարեւորը արտացոլված է Սահմանադրական դատարանի որոշումներից մեկում:
ՍԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննել է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի եւ «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի որոշ հոդվածների անհամապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Հայցի էությունն այն է, որ կրոնական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ հրաժարվում են կենսաչափական անձնագիր կան նույնականացման քարտ ստանալ, իսկ օրենքը նման դեպքերի համար ոչինչ չի սահմանում:
Սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման համաձայն՝ նշված հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը: Սակայն դատարանը նաեւ նշել է, որ կա իրավակարգավորման հարց, որին պետք է ուշադրություն դարձնեն Ազգային ժողովը եւ կառավարությունը:
Եվ ահա գոնե մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանա կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալ, 1000 դրամ պետտուրք վճարելով՝ կստանան հին նմուշի անձնագիր:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել