Բացառիկ հնարավորություն եղավ`4 անգամ լքել բանտի տարածքը
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Չեմ հիշում, թե 20 տարվա ընթացքում քանի դատական նիստի եմ մասնակցել, քանի անգամ եմ բողոքարկել անօրեն դատավճիռը: Չեմ հիշում նաև դեպք, որ օգուտ ինձ որևէ հարց լուծված լինի: Միշտ մերժումներ եմ ստացել: Մերժման իմունիտետ ունեմ: Բայց բնավորությանս համաձայն, միշտ դրական եմ տրամադրված, այդ իսկ պատճառով ոչ մի դժվարություն չի կարող ստիպել ինձ`չնկատել լավն ու լուսավորը:
Դատարանի դահլիճում մայրիկս ցույց տվեց Լեռ Կամսարի «Չապրած օրեր» գիրքը և ասաց, որ հեղինակի թոռնուհին`Վանուհի Թովմասյանն է նվիրել`իր մակագրությամբ: Շատ ուրախացա, բայց չթույլատրեցին վերցնել: Երկու օրից տեսակցելու եմ հարազատներիս`անպայման կփոխանցեն, ու մեծ հաճույքով կկարդամ, նաև կզայրանամ… չապրած օրեր… Լեռ Կամսարն իր բնատուր տաղանդն օգտագործելով` ֆելիետոնների միջոցով էր պայքարում անարդարությունների դեմ: Ստեղծագործելու և ազնիվ Մարդ լինելու համար բանտարկեցին նրան, բայց Կամսարի ստեղծագործություններն ավելի քան արդիական են նաև մեր օրերում:
Հարգելի Վանուհի, անչափ շնորհակալ եմ նվերի ու մաղթանքների համար:
Բացառիկ հնարավորություն եղավ`4 անգամ լքել բանտի տարածքը`շրջագայել քաղաքով մեկ, նաև տեսնել հարազատներիս, ընկերներիս: Ինչ վերաբերում է սպասված հերթական անարդար դատարանի վճռին, ապա, չզարմանաք, բայց երկու դրական բան տեսա այնտեղ: Նախ և առաջ`դատավոր Բունիաթյանը ստեղծեց հրաշալի նախադեպ, որպեսզի ես և բազմաթիվ քաղաքացիներ, չվախենալով մեղադրվել զրպարտության և վիրավորանքի մեջ, անցնենք մինչ այս գոյություն ունեցող սահմանը: Այս առիթից անձամբ ես անհապաղ կօգտվեմ, ինչպես դատավոր Բունիաթյանն է նշել`խոսքի և կարծիքի ազատ արտահայտվելու, գնահատողական դատողություններ անելու համար:
Ընթերցողին եմ ներկայացնում զրպարտության քաղաքացիական գործով իմ հայցի մերժման պատճառաբանությունը, որպեսզի բոլորին պարզ դառնա այն, որ ՀՀ ոստիկանապետի խոհրդական Նարեկ Մալյանը և քաղաքացի Իզաբելլա Աբգարյանը, ըստ դատարանի վճռի, ամենևին էլ ինձ`Մհեր Ենոքյանիս նկատի չեն ունեցել, երբ քրեական գործի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածել: Ըստ դատարանի վճռի նրանց «գրառումներն իրենց բնույթով ընդհանրական են և չունեն կոնկրետ ուղղվածություն»: Նորից մեջբերում. «Նման տեղեկությունների, ըստ էության կոնկրետ և հստակ ուղղվածություն չունենալը զրկում են դրանց փաստացի տվյալ լինելուց, որպիսի պայմաններում արտահայտությունները չեն գնահատվում որպես զրպարտություն»:
Փաստորեն, միայն ենթադրել ու կասկածել էի (այսպես է նշված դատարանի վճռում), որ պատասխանողներն իրենց գրառումներում ինձ են նկատի ունեցել: Պարզվում է՝ նրանք ընդհանուր բնույթի դատողություններ են արել պարզապես: Դատարանը նաև միտում չի տեսել նրանում, որ իմ անունը Մալյանը փոքրատառ է գրել: Չնայած նորից ֆեյսբուքյան գրառումների փաթեթներ եմ ստանում, որտեղ տեսնում եմ՝ Մալյանը շարունակում է անուն-ազգանունս փոքրատառ գրել: Ընթերցողն է վկա, երբևէ որևէ կերպ չեմ վիրավորել, չեմ արատավորել, չեմ զրպարտել իմ հոդվածներով, անգամ նրան, ով ջանք չի խնայում այդպես անել իմ նկատմամբ: Պատճառը, կարծում եմ, վերին օղակներից ստացած հրահանգն է, քանի որ պայքարում եմ անօրեն դատավճռի բեկանման համար:
Հա, դատավոր Բունիաթյանի վճռի շնորհիվ իմացա, որ մենք ժողովրդավարական հասարակությունում ենք ապրում, որտեղ կա խոսքի ազատություն ու թքած, թե նոր Սահմանադրությամբ «խոսքի ազատություն» բառակապակցություն էլ չես գտնի: Վճռում այնքան գեղեցիկ, վեհ գաղափարների, իրավունքների մասին կարդացի, որ մի պահ մտածեցի, թե եվրոպական մի առաջադեմ երկրի դատարան է այն կայացրել: Ահա և Ձեզ երկակի ստանդարտներ: Մեր դատական պրակտիկայում բազմաթիվ գործեր կան, երբ դատարանները ճանաչել են զրպարտությունը, իհարկե, այն դեպքերում, երբ դիմողներն են պաշտոնյաներ եղել, ոչ թե պատասխանողները:
Պարզից էլ պարզ է, որ եթե դու պաշտոնյա ես, կամ ունես իշխանական կապեր ու կլորիկ գումար, կարող ես զրպարտել, թալանել, կեղեքել, վիրավորել, շանտաժ անել, բայց որևէ պատասխանատվություն չկրել: Եվ հակառակը՝ եթե զրկված ես հովանավորչությունից, կարող են «գործ սարքել» գլխիդ ու փակել բանտում մեկ ցուցմունքի վրա:
Առայժմ միայն մի երկու խոսքով 2-րդ դրական հանգամանքի մասին քաղաքացիական գործով դատավոր Բունիաթյանի վճռի վերաբերյալ: Արդեն դիմել եմ դատարան, որպեսզի նիստ հրավիրվի և ուղղում կատարվի այդ վճռում: Խոսքը այն մասին է, որ դատավորը, իմ կարծիքով, միտումնավոր, խեղաթյուրել է 1996թ. նոյեմբերի 29-ի դատավճռի մի կարևոր հատված: Սա ևս մի ցուցանիշ է, ավելին`ապացույց, որ իմ անձի, այս քրեական գործի վերաբերյալ դատարանները և դատախազությունը մշտապես դիմում են կեղծիքների և ստի միջոցով փորձում ինչ-որ «ապացույցներ» հորինել: Օրինակները բազմաթիվ են: Նշեմ ամենավառը. ինձ փորձեցին հենց դատավճռով վերագրել մի քանի անձանց սպանություն, նաև ինչ-որ պետական օբյեկտի վրա հարձակում: Մեկ տարի տևած քաշքշուկներից հետո նոր նիստ հրավիրվեց և որոշում կայացվեց, որ, իբր, պարզապես գրասխալ է եղել, չի եղել միտում: Ես պայքարում եմ 1996 թ-ի դատավճռի կեղծիքների վերացման, այսինքն՝ դատավճռի բեկանման համար, քանի որ նույն կեղծիքներն էլ 20 տարի առաջ արել է դատավոր Զինավոր Ղուկասյանը, այնինչ՝ նոր կեղծիքներ են հայտնվում տարբեր վճիռներում: 20 տարի առաջվա կեղծիքները հայտնաբերել եմ 20 տարի անց իմ իրավաբանական գիտելիքների շնորհիվ: Դրանք անպայման վիճարկվելու են դատարանում, թեպետ զրո տոկոս վստահություն ունեմ դատական համակարգի հանդեպ: Ուղղակի այլ ճանապարհ չունեմ, կլորիկ գումար՝ առավել ևս:
Հ.Գ. Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նաև դատավոր Ռ.Բունիաթյանի վճռով ինձ տրված խոսքի ազատության իրավունքից հաջորդ անգամ Ձեզ կներկայացնեմ փոքրիկ առակ-պատմվածք, որը երազի տեսքով եկավ վճռի հաջորդ օրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել