HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետը խախտումով է հարկերից ազատել իր մերձավորներին. Գումարները վերադարձվել են համայնքային բյուջե

«Հետքն» ուսումնասիրում է Արմավիրի մարզի համայնքների ավագանու և համայնքապետերի որոշումները հատկապես սոցիալական օգնությունների հատկացման մասով: Մեր հրապարակումների հիման վրա Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ձևավորել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է սոցիալական օգնությունների մասով հատկացումները: Ոսկեհատ համայնքում խախտում է հայտնաբերվել և գումարները վերադարձվել են համայնքային բյուջե:

Մարզի Արաքս և Ոսկեհատ համայնքների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքային բյուջեից հատկացվող սոցիալական օգնությունների զգալի մասը տրամադրվում է ավագանու անդամներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքապետի մերձավորներին: Ընդ որում, իրենց իսկ օգտին կայացված որոշումներին ավագանու անդամները կողմ են քվեարկել:

Գործող օրենսդրությամբ համայնքներում շահերի բախումը, այսինքն՝ սեփական կամ մերձավորի շահով պայմանավորված որոշումների կայացմանը մասնակցություն ունենալն արգելող մեխանիզմներ չկան, ինչից էլ սահուն օգտվում են ավագանու անդամներն ու համայնքի ղեկավարները:

Ամենևին զարմանալի չէ, բայց մարզպետարանի հանձնաժողովը պարզել է, որ Արաքս և Ոսկեհատ համայնքների ավագանու բոլոր անդամները, ում ֆինանսական օգնություն է հատկացվել, եղել են կարիքավոր: Սա այն դեպքում, երբ, օրինակ՝ Արաքս համայնքի ավագանու անդամ Մինաս Խանոյանը հստակ նշում է, որ մի քանի ավագանու անդամի օգնություն հատկացրել են այլ նպատակներով: Վերջիններս ֆինանսապես անապահով չեն: Օրինակ իրեն 100 հազար դրամ էին հատկացրել ջորմոցի համար պոլիէթիլեն գնելու նպատակով:

Նրանցից մեկը՝ ավագանու անդամ Արմեն Այդինյանը և նրա եղբայր Աշոտը գյուղում խոշոր ջերմոցներ ունեն: Ավելին, սոցօգնություն ստացած Արմեն Այդինյանը 2014թ-ին աճուրդով գյուղում գնել է 8562 քմ հողակտոր, իսկ 1176 քմ հողակտոր գնել է 2015թ-ին: Աճուրդով 539 քմ հողամաս գնել է նաև ավագանու մեկ այլ անդամ Գևորգ Գրիգորյանը, ով նույն տարում ստացել էր 100 հազար դրամ օգնություն: Նա նաև գյուղի դպրոցի ենթակայության տակ գործող սպորտային խմբակի մարզիչն է: Նրանք պարբերաբար ստացել են սոցիալական օգնություն և մարզպետարանի ուսումնասիրություններով «կարիքավոր» են:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը տեղեկացրեց, որ «Հետքի» հրապարակումներից հետո մարզպետարանում որոշել են վերահսկելի դարձնել սոցիալական օգնություններ հատկացնելու գործընթացը: Մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Կամավոր լիազորությունների մեջ է մտնում նաև սոցիալական աջակցության տրամադրումը:

Յուրի Մանվելյանի խոսքերով՝ որպեսզի այդ մեխանիզմն ինչ-որ ձևով վերահսկելի և պատասխանատվություն առաջացնող հանգամանք լինի, մարզպետարանը որոշել է մշակել կամավոր լիազորությունների կարգ: Ըստ դրա՝ համայնքապետի որոշմամբ համայնքներում պետք է ձևավորվեն հանձնաժողովներ, որոնք պետք է տան եզրակացություններ, թե անձը, ում ներկայացվել է օգնություն տալու նպատակով, իրոք կարիքավո՞ր է:

Յուրի Մանվելյանն ասաց, որ հանձնաժողովն է տալու եզրակացություն, հանձնաժողովն էլ կրելու է իրավական պատասխանատվություն իր տրամադրած եզրակացության համար:

Մարզպետի ձևավորած հանձնաժողովը Ոսկեհատ համայնքում հայտնաբերել է, որ խախտումով են տրամադրվել գույքահարկի գծով արտոնությունները: Հիշեցնենք, որ Ոսկեհատի ավագանին վերջին տարիներին մի քանի անգամ գույքահարկի արտոնություն է տվել համայնքի բնակիչներին: Մասնավորապես՝ 2013թ. զիջել է ավտոմեքենաների գույքահարկը, որից բացառապես օգտվել են ավագանու անդամ Արմեն Գյոզալյանը՝ 17,000 դրամի չափով, որդին՝ Աբրահամ Գյոզալյանը՝ 30,000 դրամ, համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Ավագյանը՝ 96,000 դրամ, վերջինիս որդին՝ Արտավազդ Ավագյանը՝ 11,000 դրամ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սիլվա Առաքելյանը՝ 20,000 դրամ, ավագանու անդամ Նիկոլայ Տեր-Խաչատրյանը, նրա եղբայրը՝ Կարապետ Տեր-Խաչատրյանը՝ 50,000 դրամ, համայնքապետարանի պահակ, ավագանու անդամի եղբայր Մուրադ Դիշլանյանը՝ 90,000 դրամ և համայնքապետի կրտսեր որդին՝ Կորյուն Ներսիսյանը՝ 68,000 դրամ: Այս ցուցակում «պատահական» մարդ եղել է միայն Պետրոս Ջանոյանը, ով օգտվել է արտոնությունից՝ համայնքային բյուջե չվճարեով 10,000 դրամ:

2015թ. 400,000 դրամի հարկային ևս մեկ արտոնություն է տրվել «կարիքավորներին»: Այս անգամ ավտոմեքենայի 34,000 դրամ գույքահարկը չվճարելու արտոնություն են ստացել անձամբ համայնքապետ Գևորգ Ներսիսյանը և նրա երկու որդիները: Համբարձում Ներսիսյանը արտոնություն է ստացել միայն 48,000 դրամ շինության գույքահարկը չվճարելու, իսկ մյուս որդին՝ Կորյուն Ներսիսյանը՝ 68,000 դրամ ավտոմեքենայի և 40,000 դրամ շինության գծով: Ցուցակի մյուս հատվածը գրեթե անփոփոխ է:

«Գույքահարկի զիջման հանգամանքը ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվել և պարզվել է, որ կառավարության որոշման խախտումներով է ընդունվել: Հենց ուսումնասիրությունների ժամանակ գումարները վերադարձվել են համայնքային բյուջե»,- ասում է Յուրի Մանվելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter