HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Բջջային» մրցակցություն

«Յուքոմ»-ի կողմից նախորդ տարի «Օրանժ Արմենիա» ընկերությունը ձեռք բերելուց հետո «նարնջագույն» օպերատորի բաժանորդները մեխանիկորեն դարձան «կանաչ» օպերատորի բաժանորդներ։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ այդ գործընթացից հետո արդեն Ucom հեռախոսակապի բաժանորդների թվի զգալի փոփոխություններ չեն գրանցվել։

Այդպիսով, հայաստանյան շուկայում շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորներից ամենաքիչ բաժանորդներ, վերջին տվյալներով, առայժմ Ucom-ն ունի։ Այդ թվով բացարձակ առաջատարը շարունակում է մնալ Vivacell-MTS-ը («Ղ-Տելեկոմ»)։ Իսկ Beeline-ը («ԱրմենՏել») երկրորդ տեղում  է։ Ըստ բջջային օպերատորների վերջին հաշվետվությունների (2016թ. 1-ին եռամսյակ)՝  Vivacell-MTS-ի ակտիվ բաժանորդների թիվն այս տարվա մարտի վերջի դրությամբ գերազանցում է  2 միլիոնը, Beeline-նն ունի ավելի քան 840 հազար բաժանորդ, իսկ Ucom-ը՝ ավելի քան 500 հազար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ Vivacell-MTS-ի բաժանորդների թիվը պակասել է 17 562-ով, իսկ Beeline-ինն՝ ավելացել 52 940-ով, Ucom-ինը՝ 6 012-ով։

Ընդհանուր հաշվարկով՝ երեք օպերատոների բաժանորդների թիվը միասին աճել է 41 390-ով։

«Ղ-Տելեկոմ»-ի շահույթը նկատելի կրճատվել է Շահույթի չափով ևս բջջային կապի երեք օպերատորների շարքում առաջատարը «Ղ-Տելեկոմ»- ն է։ Ընկերության շահույթը (ըստ հաշվետվությունների՝ շահույթ մինչև հարկումն) այս տարվա առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 2,3 մլրդ դրամ, որը սակայն 2015-ի նույն ժամակաշրջանի համեմատ կրճատվել է ավելի քան  2,2 մլրդ դրամով կամ 49%-ով։ Բաժանորդների թվով երկրորդ օպերատորի՝ «ԱրմենՏել»-ի շահույթը կազմել է ավելի քան 986,1 մլն դրամ։

2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 341 մլն դրամով կամ մոտ 53%-ով։ Իսկ ինչ վերաբերում է «Յուքոմ»-ին, ապա այս ընկերության շահույթը շարժական բջջային կապի ծառայություններից կազմել է 305,7 մլն դրամ։ 2015-ի առաջին եռամսյակում «Օրանժ Արմենիան» այս ծառայություններից կրել էր 387,8 մլն դրամի վնաս։ «ԱրմենՏել»-ը նվազեցրել է հարկերի չափը, «Ղ-Տելեկոմ»-ն ու «Յուքոմ»-ն՝ ավելացրել Բջջային օպերատորներից «ԱրմենՏել»-ի ու «Յուքոմ»-ի վճարած հարկերը պայմանավորված չեն միայն շարժական բջջային կապի ծառայություններով։

Այս երկու օպերատորները նաև ամրակցված կապի ծառայություններ են մատուցում։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բջջային օպերատորներից պետբյուջե ամենամեծ ծավալի հարկերը վճարել է «ԱրմենՏել»-ը։ Նշված եռամսյակում այս ընկերությունը հանրապետության 1000  ամենախոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ վճարած ավելի քան  3,4 մլրդ դրամի հարկերով։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ հարկերի չափը նվազեցրել է ավելի քան 750 մլն դրամով կամ մոտ 18%-ով։

«Ղ-Տելեկոմ»-ն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է  մոտ 1,9 մլրդ դրամ՝ հայտնվելով 12-րդ տեղում։ Հարկերի չափն ավելացրել է  ավելի քան 1 մլրդ դրամով կամ 2,3  անգամ։ Հարկերի վերաբերյալ «Ղ-Տելեկոմ»-ի տվյալները ցույց են տալիս, որ այս ընկերությունը տարվա առաջին եռամսյակում, սովորաբար, ավելի քիչ հարկ է վճարում, քան մյուս երեք եռամսյակներում։ Այդպիսով, տարեկան կտրվածքով ըստ հարկերի մեծության բջջային օպերատորների դասավորությունն այլ է լինում։

Օրինակ՝ 2015-ի տարեկան տվյալներով առաջին տեղում ոչ թե «ԱրմենՏել»-ն է, այլ՝ «Ղ-Տելեկոմ»-ը։ Տարվա ընթացքում «Ղ-Տելեկոմ»-ը վճարել է ավելի քան 18,6 մլրդ դրամի հարկ ու խոշորների ցանկում զբաղեցրել 3-րդ տեղը, «ԱրմենՏել»-ը՝ մոտ 15,5  մլրդ դրամ՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։ Իսկ «Յուքոմ»-ն այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել է 51-րդ տեղում՝ վճարելով ավելի քան 530 մլն դրամ։  Հարկերի չափն ավելացրել է մոտ 121,5 մլն դրամով կամ 30%- ով։ Իսկ նախորդ տարվա ընթացքում, տարեկան տվյալներով, վճարել է 1,6 մլրդ դրամի հարկեր ու հայտնվել 73-րդ տեղում։

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում, 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, Vivacell-MTS-ի բաժանորդների թիվն ու շահույթը կրճատվել է, վճարած հարկերն՝ ավելացել։  Beeline-ի բաժանորդներն ու շահույթն ավելացել են, հարկերը՝ կրճատվել։ Ucom-ի և բաժանորդներն են ավելացել, և շահույթը, և հարկերը։ Ենթադրվում է, որ Beeline-ի ու Ucom-ի շահույթի ավելացմանը նպաստել է բաժանորդների թվի աճը։ Իսկ Vivacell-MTS-ի դեպքում այդ թվի կրճատումն ազդել է շահույթի կրճատման վրա, սակայն ինչպես տեսանք, շահույթի նվազումը  զգալի է և հավանաբար այլ պատճառներ ևս ունի։ Թե ինչով է պայմանավորված շահույթի գրեթե կիսով չափ կրճատումը, Vivacell-MTS-ի մեկնաբանությունը կներկայացնենք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter