HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մայիսին գրանցվել է ժամկետանց վարկերի ամենաբարձր ցուցանիշը վերջին երկու տարում

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) շարունակում է ցուցանիշներ հրապարակել, թե Հայաստանի տնտեսությունն աճում է, սակայն, միևնույն ժամանակ, նույն ծառայության հրապարակած այլ ցուցանիշներ խոսում են հակառակի մասին կամ առնվազն հակասում են աճող տնտեսության մասին պատկերացումներին։ Այդ ցուցանիշներից մեկն էլ բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի ծավալն է։

Ինչպես արդեն գրել ենք, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 5,5%-ով աճել է։

Եվ այս ֆոնին առևտրային բանկերի տրամադրած վարկերի կազմում ավելացել են ժամկետանց վարկերը։ Ինչպես փոխանցում է ԱՎԾ-ն, կենտրոնական բանկից (ՀՀ ԿԲ) ստացված վերջին տվյալների համաձայն այս տարվա մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր վարկերի 2,19%-ը։ Վերջին երկու տարվա կտրվածքով՝ այս մայիսին գրանցված և ծավալով, և տեսակարար կշռով ժամկետանց վարկերն ամենաբարձրն են։

Համեմատության համար՝ նախորդ տարվա մայիսի վերջին ժամկետանց վարկերի տեսակարար կիշռն ընդհանուր վարկերի կազմում եղել է 1,95%, դեկտեմբեր վերջին՝ 1,81%, իսկ այս տարվա ապրիլի վերջին՝ 2,13%։ Իսկ եթե համեմատում ենք ծավալն, ապա նախորդ տարվա մայիսի համեմատ ժամկետանց վարկերն ավելացել են ավելի քան 7 մլրդ դրամով, դեկտեմբերի համեմատ՝ 9,3 մլրդ դրամով, իսկ ապրիլի համեմատ՝ 0,8 մլրդ դրամով։ Այսինքն՝ ավելացել են  ժամկետանց վարկերի և ծավալները, և դրանց կշիռը վարկերի ընդհանուր կազմում։

Ժամկետանց վարկերի ավելացումն ուղղակիորեն նշանակում է, որ վարկառուների շրջանում աճել է ժամանակին վարկերը մարելու անկարողությունը։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ որոշ քաղաքացիների եկամուտները պակասել են։ Իսկ սա հակասում է երկրում պաշտոնական աղբյուրի ներկայացրած տնտեսական աճի  թվերին։ Հակառակ դեպքում ստացվում է, որ երկրի տնտեսությունն աճում է, բայց ավելանում է մարդկանց թիվը, որոնց եկամուտները պակասել են ու նրանք չեն կարողանում ժամանակին կատարել իրենց մարումները։ Այսինքն՝ երկրի տնտեսական աճը նրանց չի վերաբերում։

Ընդ որում՝ նկատելի է, որ ժամկետանց վարկերի ծավալում մինչ այս տարվա մայիս ամիսը, առնվազն երկու տարում, գերակշռել են կարճաժամկետ վարկերը։ Օրինակ՝ 2014-ի դեկտեմբերի վերջին ժամկետանց վարկերի 62,6%-ը եղել են կարճաժամկետ վարկերը, այս տարվա ապրլին՝ 54,3%-ը։ Իսկ մայիսին գրեթե հավասարվել են. կարճաժամկետ վարկերը կազմել են 50,1%-ն, իսկ երկարաժամկետ վարկերը՝  49,9%-ը։

Մինչ այս տարվա մայիսը ժամկետանց վարկերի ծավալում նշված երկու տեսակի վարկերն էլ աճել են։ Միայն մայիսին կարճաժամկետ վարկերը նվազել են ավելի քան 1,5 մլրդ դրամով։ Իսկ ընդհանուր աճը գրանցվել է երկարաժամկետ վարկերի 2,3 մլրդ դրամով ավելանալու հաշվին։

 Տրանսֆերտները միայն մասամբ են «մեղավոր»

 Հայաստանում շատ ընտանիքներ ապրում են արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցների ուղարկած գումարների՝ տրանսֆերտների հույսին։ Գաղտնիք չէ, որ նրանց մեծ մասը վարկային պարտավորություններ ունի բանկերի նկատմամբ։ Ռուբլու արժեզրկման պատճառով Ռուսաստանում աշխատող հայերի ուղարկած գումարները 2014 թվականի վերջերից սկսած նվազել են։ Դա էլ իր հերթին, հնարավոր է, հանգեցրել է նրան, որ այդ փոխանցումներով ապրող և բանկերից ժամանակին վարկեր ստացած քաղաքացիների մի մասը չի կարողացել ժամանակին վճարումները կատարել։ Եվ կարծիք կա, որ Ռուսաստանից կատարվող փոխանցումները ևս ազդել են ժամկետանց վարկերի ծավալների ավելացման վրա։ Սակայն ամբողջ «մեղքը» տրանսֆերտների վրա բարդելը սխալ է, քանի որ մարդկանց եկամուտների պակասելը խոսում է երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակի վատացման մասին, որի պատճառն, իհարկե, միայն տրանսֆերտները չեն։

Հոդվածում տեղ գտած երկրորդ ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք ժամկետանց վարկերի կշռի և ծավալների դինամիկան երկու տարվա կտրվածքով՝ սկսած 2014-ի մայիսից։ Ու քանի որ տրանսֆերտները սկսել են նվազել հատկապես 2014-ի վերջերից, մեր ընտրած ժամանակաշրջանը թույլ է տալիս տեսնել իրավիճակը մինչ այդ և դրանից հետո։ Ինչպես երևում է, մինչև 2015-ի սկիզբը ժամկետանց վարկերի պարբերաբար և աճ է գրանցվել, և նվազում։ Սակայն 2015-ի հունվարից աճն ավելի կտրուկ բնույթ է ունեցել մինչև հոկտեմբեր ամիսը։ Դա համընկնում է տրանսֆերտների արագ տեմպերով նվազման հետ, որն ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում է։ Հոկտեմբերի ամսին զգալի տեմպերով նվազում է գրանցվել, որի համար ևս դժվար է կոնկրետ բացատրություն գտնելը։ Բայց փաստ է, որ նորից աճ է եղել։ Ու այն անշեղորեն շարունակվել է այս տարի։

Լուսանկարը` www.ukpaydayloanhelp.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter