
Քննչական կոմիտե. Լեւոն Բարսեղյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ քննիչը որոշում է կայացրել Լ. Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Մեկնաբանել