
Ասպրամ Մանուկյան. «Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի դուստրը` Ասպրամ Մանուկյանը, քիչ առաջ տեղեկացրեց, որ հոր և եղբոր` Արամ Մանուկյանի կյանքին վտանգ չի սպառնում:
«Արդեն կարողանում են խոսել, բայց հիմնականում ցավազրկողների պատճառով քնած են լինում»,- մեզ հետ զրույցում նշեց Ասպրամը:
Գնդի տարածքում վիրավորված Արամ Մանուկյանը, ինչպես մեզ ավելի վաղ տեղեկացրել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, վիրահատությունից հետո շնչում է ինքնուրույն, մինչդեռ Պավել Մանուկյանը` արհեստական շնչառական ապարատի օգնությամբ: Շ. Հունանյանը խոստացավ մանրամասներ հաղորդել Պավել Մանուկյանի առողջական վիճակի մասին, սակայն մինչ այժմ տեղեկատվություն չունենք:
Հիշեցնենք, որ Պավել և Արամ Մանուկյանները վիրավորվել են այս գիշեր: «Սասնա Ծռեր» խումբը հայտարարել էր, որ ոստիկանությունը հարձակում է գործել, ինչին ոստիկանությունը պատասխանեց, թե Մանուկյանները վիրավորվել են փոխհրաձգության հետևանքով:
Մեկնաբանել