HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան. «Աշոտ Պետրոսյանին այս պահին միայն մտահոգում է երկրի վիճակը»

Փաստաբան Արայիկ Պապիկյանը երեկ է տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին։ Պետրոսյանը հուլիսի 26-ից գտնվում է  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Պապիկյանը բավարար է գնահատում Պետրոսյանի ներկայիս առողջական դրությունը, թեև երկու ոտքից երեք հրազենային վնասվածք ունի։

Փաստաբանն ահազանգում է՝ Պետրոսյանը պահվում է հիվանդասենյակ-խցում, որտեղ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, կահավորանքն ու բուժսարքավորումները։ Որքան էլ բուժանձնակազմի կողմից հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում, պայմանների բացակայությունը խոչընդոտում է  նրա՝ պատշաճ բուժմում ստանալուն։

Այդ հիվանդասենյակ Պետրոսյանին տեղափոխել են վիրահատությունից ժամեր անց, այնինչ, փաստաբանը նշում է, որ այն նախատեսված չէ նման վիրավորում ունեցող անձի համար։ Պապիկյանը և Պետրոսյանի մյուս փաստաբան Հայարփի Սարգսյանը հինգ բողոք-նամակ են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին, առողջապահության նախարարին, ՀՀ քրեակատարողական վարչության պետին, ՄԻՊ-ին և ԱԱԾ-ի քննչական վարչության պետի առաջին տեղակալին (ով  սույն քրեական գործով խմբի ղեկավարն է)՝ պահանջելով Պետրոսյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն կամ այլ քաղաքացիական հիվանդանոց՝ ապահովելով պատշաճ պայմաններ։ Պետրոսյանի հետագա բուժման գործընացը դեռ հստակ չէ։

 «Աշոտ Պետրոսյանին այս պահին միայն մտահոգում է երկրի վիճակը։ Ցանկանում է իր՝ լավ Հայաստան ունենալու ձգտումներն ու գաղափարներն ի կատար ածվեն։ Ասում է՝ ուզում եմ էն գործը, որ նախաձեռնել ենք, կիսատ չմնա։ Ինձ նույնիսկ մի քանի անգամ հորդորել է՝ ինձ մոտ գալու, ինձնով զբաղվելու վրա ժամանակ մի՛ ծախսիր, այլ օգնիր որ հայրենիքը բարեփոխվի։ Նա նույնիսկ չի մտածում իր պաշտպանական իրավունքի մասին»,- նշում է փաստաբանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, որն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, առաջադրված  մեղադրանքը Պետրոսյանն առաջին իսկ րոպեներից չի ընդունում: Փաստաբանին հայտնել է՝ ես ուզում եմ իմ հայրենիքը բարվոք լինի և հայ ժողովուրդը ապրի էն երկրում, որի մասին բոլորով երազում ենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter