HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերության խոշոր հարկատուների պատկերը փոխվել է

Չնայած համաշխարհային շուկայում գունավոր մետաղների ոչ նպաստավոր գներին՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում շարունակում է աճ գրանցվել ընդերքի ավելի ու ավելի արագ տեմպերով դատարկվելու հաշվին։ Դրան զուգահեռ ոլորտում գործող ընկերությունների մի մասը սկսել է ավելի շատ հարկեր վճարել պետբյուջե, մյուս մասը նվազեցրել է հարկերի չափը։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 18,8% աճ է գրանցվել։ Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները, հանքարդյունաբերության ընդհանուր ծավալն այս ընթացքում կազմել է մոտ 122,2 մլրդ դրամ։ Հայաստանի ամբողջ արդյունաբերության 18,5%-ը զբաղեցրել է այս ոլորտը։

ԱՎԾ-ի 2015-ի տարեվերջյան տվյալներով՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող ձենարկությունների թիվը 72 է։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) ներկայացրած 1000 խոշոր հարկատուների ցանկից երևում է, որ այդ 72 ընկերություններից ոչ բոլորն են խոշոր հարկատուներ։

Եթե տարիներ շարունակ վճարած հարկերի չափով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն (ԶՊՄԿ) էր, ապա այս տարվա տվյալներով ընկերությունը նահանջել է և առաջատարի տեղը զիջել «Թեղուտ»-ին։

Ավելին, ոլորտում գործող ևս մեկ ընկերություն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, նույնպես առաջ է անցել ԶՊՄԿ-ից։

Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների առաջին 20-յակում հանքարդյունաբերության ոլորտից երեք ընկերություն կա՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, որը շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ ունի Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները, իսկ երրորդ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (Քաջարան)։

«Թեղուտը» խոշորների ցանկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը՝ 15-րդ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 17-րդ հորիզոնականը։ Ընդ որում, եթե առաջին երկու ընկերությունների դեպքում հարկերի զգալի աճ կա, ապա ԶՊՄԿ-ի անկումն ակնառու է։ Արդեն գրել ենք, որ այս անկումը և ընդհանրապես վիճակի վատթարացումը որ ընկերության ներկայացուցիչները բացատրում են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկմամբ։

Հանրապետության խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում հանքարդյունաբերության ոլորտից հանդիպում ենք «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ի (36-րդ տեղ, նախկինում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան»), «Մաքուր երկաթի գործարան»-ի (72-րդ տեղ), «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (76-րդ տեղ) և «Արմենիան  Մայնինգ  Քոնթրաքթոր»-ի (96-րդ տեղ) անունները։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հարկերը գրեթե կիսով չափ նվազել են։ «Մաքուր երկաթի գործարան»-ի  դեպքում ևս որոշակի նվազում կա, իսկ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ի  դեպքում՝ որոշակի աճ։

Ինչ վերաբերում է «Արմենիան  Մայնինգ  Քոնթրաքթոր»-ին, ապա այն միայն այս տարվանից է խոշոր հարկատուների ցանկում։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ այն գրանցվել է նախորդ տարվա կեսերին։ Ըստ տեղեկությունների՝ այս ընկերությունը փոխկապակցված է ԶՊՄԿ-ի հետ։ Հարկատուների ցանկում ինչպես վերջինի, այնպես էլ «Արմենիան  Մայնինգ  Քոնթրաքթոր»-ի որպես հարկ վճարողի գտնվելու վայր նշված է Քաջարանը։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը, ըստ պոշտոնական տեղեկատվության, պատկանում են «Քրոնիմետ» ընկերությունների խմբին, որը հանդիսանում է նաև «Մաքուր երկաթի գործարան»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը։

Այսինքն՝ այս ընկերությունները փոխկապակցված են։ Նրանց են փոխկապակցված նաև «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը, որը ևս խոշոր հարկատու է (119-րդ տեղ) և «Արմենիան տիտանիում փրոդաքշն»-ը (128-րդ տեղ):

 


Create bar charts

 

Ինչպես տեսնում ենք, հանքարդյունաբերության ոլորտից խոշոր հարկատուների ցանկում են նաև «Վալլեքս» խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը (341-րդ տեղ) և «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը (191-րդ տեղ)։ Հիշեցնենք՝ այս խմբին է պատկանում նաև «Թեղուտ»-ը։

Իսկ «Մեղրաձոր գոլդ»-ն այս անգամ 415-րդ տեղում է, «Սագամար»-ը՝  595-րդ, «Լեռ- Էքս»-ը՝ 710-րդ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի վճարած հարկերի չափը ը նկատելի նվազել է՝ այն զբաղեցնում է 896-րդ հորիզոնականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter