HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արմեն Գեւորգյանի ընտանիքը Չեխիայում անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում

Վահե Սարուխանյան, Պավլա Հոլցովա

ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի ընտանիքը խոր արմատներ է գցել Չեխիայում, որտեղ զբաղված է անշարժ գույք վարձով տալով:

Նախ հիշենք Արմեն Գեւորգյան պաշտոնյայի գործունեությունը: 1997-1998 թթ. նա ՀՀ վարչապետի օգնական էր, իսկ 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի օգնական, 2000-ից՝ առաջին օգնական, 2006-ից՝ նախագահի աշխատակազմի ղեկավար: Միաժամանակ՝ 2007-ի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլ Գեւորգյանը նաեւ ԱԱԽ քարտուղարն էր:

2008-ի ապրիլին Սերժ Սարգսյանը նրան ազատել է աշխատակազմի ղեկավարի եւ ԱԱԽ քարտուղարի պաշտոններից՝ նշանակելով տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ: 2012, 2013 եւ 2014 թթ. վերանշանակվել է նախարարի ու փոխվարչապետի պաշտոններում, սակայն 2014-ի հոկտեմբերին, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է աշխատանքից: Այս տարվա հունիսի 6-ին կրկին նշանակվել է ԱԱԽ քարտուղար:  

Արմեն Գեւորգյանը, չնայած Քոչարյանի ու հետո էլ Սարգսյանի ղեկավարման տարիներին իշխանական շրջանակներում ունեցած լուրջ ազդեցությանը, բավական զգուշավոր անձնավորություն է: Գաղտնիք չէ, որ նրա ընկեր Սամվել Մայրապետյանն է կառավարության միջոցով Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահի» տարածք ճանաչված հողակտորների գլխավոր կառուցապատողներից մեկը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ժամանակին անդրադարձել է այս երկյակի գործունեությանը, մասնավորապես, շինարարության ոլորտում, եւ թե ինչպես են պաշտոնյաները հրահանգավորված տներ ձեռք բերում Մայրապետյանի կառուցած շենքերում (տես «Ինչո՞վ էր զբաղված ՀՀ փոխվարչապետը»):

Հերքելով իր մասնակցությունն այդ գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը «Մեդիամաքսի» հետ զրույցում նշել է, որ գործարարն իր լավ ընկերն է. «Շատ են գրում բիզնես-ոլորտում իմ հնարավորությունների, շինարարության ոլորտի հետ իմ առնչությունների մասին: Իմ լավ ընկեր Սամվել Մայրապետյանը, ով զբաղվում է շինարարական բիզնեսով, սկսել է բիզնեսով զբաղվել դեռ այն տարիներին, երբ ես Հայաստանում չէի: Նա իր բոլոր հնարավորությունները ինքնուրույն է ստեղծել, ու ես երբեւէ իր ծրագրերի համար չեմ միջնորդել: Ավելին, հաշվի առնելով մեր ընկերական հարաբերությունները, նա միշտ այնպես է գործել, որ ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն մրցակցային պայմանների խախտման համար»: Իսկ ո՞ր պաշտոնյան կասեր, թե գիտեք՝ ես եմ միջնորդում ընկերոջս համար, կամ գիտեք՝ ես մասնակցություն ունեմ այդ բիզնեսում: Առնվազն միամտություն է նման բան մտքով անցկացնելը:

Ընդ որում՝ Արմեն Գեւորգյանն ապրում է Երեւանի Տերյան 66 հասցեի էլիտար շենքում, որը նույնպես Մայրապետյանն է կառուցել: 

Մայրապետյանի ընկերություններում Գեւորգյանի անունը, բնականաբար, չկա, սակայն նրա հետաքրքրությունն անշարժ գույքի ոլորտում ունի հստակ ապացույցներ: Եվ դրանք գտնվում են Չեխիայում:

Ընկերություններ՝ գերդաստանի անդամների անուններով

«OFTOMA»

2008 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Ռուբենի Գեւորգյանը, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գրանցել է «OFTOMA» ՍՊԸ-ն:

Թամարա Գեւորգյանին մտերիմները, նաեւ ամուսինը Տոմա են կոչում, այստեղից էլ հավանաբար ծագել է ընկերության «OFTOMA» անունը: ՍՊԸ-ն գրանցելու հարցում Թ. Գեւորգյանը լիազորել է Չեխիայի քաղաքացի Վլաստ Շնեյդերովին (Vlast Schneiderov), ով էլ իր հայեցողությամբ Պրահայում հասցե է ընտրել դրա համար: Ընկերության գործունեության տեսակներն են՝ բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, առեւտրի եւ ծառայությունների մատուցման բնագավառում միջնորդ գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործողությունները, լիազորված անձի հայեցողությամբ այլ գործունեություն: «OFTOMA»-ի կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչը նվազագույն շեմ է Չեխիայում: Մինչեւ 2009 թ. ընկերության 100 տոկոսի փայատերն ու միակ տնօրենը եղել է Թամարա Գեւորգյանը:

Վերջինս մասնագիտությամբ ակնաբույժ է, ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, որի ակնաբուժական կլինիկայում հետագայում աշխատելով՝ սկսել է զբաղվել նաեւ թեկնածուական թեզի պատրաստմամբ:

2009-ի հունվարին «OFTOMA»-ի 15-ական տոկոսի փայատեր են դարձել Ժաննա Արսենի Գեւորգյանն ու Կարմեն Թելմանի Սահակյանը: Առաջինը Արմեն Գեւորգյանի մայրն է, ով ներկայում հաշվառված է Երեւանի էլիտար շենքերից մեկում՝ Հյուսիսային պողոտա 3 հասցեում: Սակայն չեխական ընկերության փայատեր դառնալիս 54-ամյա տիկին Ժաննան Աջափնյակի Առաքելյան փողոցի բնակիչ էր: Կարմեն Թելմանի Սահակյանը Թամարայի մայրն է: Նա Երեւանի բժշկական համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի վարիչն է, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Նոր փայատերերի մուտքից հետո 70 տոկոսի սեփականատեր է մնացել Թամարա Գեւորգյանը: Միաժամանակ փոխվել է «OFTOMA»-ի հասցեն. այն Պրահայի կենտրոնից տեղափոխվել է մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող Եսենիցե քաղաքի Օսնիցե թաղամասի Իբիշկովա 439 տուն (Jesenice, Osnice, Ibišková 439):

Պարզվում է՝ այս տունը պատկանում է ընկերությանը: Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ «OFTOMA» ընկերության անշարժ գույքի ցանկում (LV- List vlastnictví) երեք գույք կա՝ 639 թվագրված տարածքը (223 քմ), որը հենց առանձնատան հողն է, 130/32-ը՝ տանը կից հողամասը (1097 քմ), եւ 130/22-ը՝ հողամաս տնից քիչ հեռու (2929 քմ), ընդհանուր՝ 4249 քմ: Ստորեւ ներկայացվող նկարում այս հողամասերը նշված են կարմիրով:

Ինչպես երեւում է եռաչափ պատկերից, հողամասը բավականին հարմար է առանձանատուն կառուցելու համար: Անցյալ տարի այդ տարածքում ժամանակավոր տնակ էր տեղադրվել, եւ այն, կարծես, խոտհարք էր ծառայում: Այս հողամասի դիմացի մայթի տունը ներկայում վաճառվում է: Ընդհանուր տարածքը 2000 քմ է, որի վրա կառուցված երկհարկանի տան մակերեսը 297 քմ է: Գույքի գինը 22,5 մլն կրոն է (շուրջ 920 հազար դոլար): Եսենիցեի Օսնիցե թաղամասի մեկ այլ հատվածում 9,5 մլն կրոնով (մոտ 390 հազար դոլար) վաճառվում է «OFTOMA»-ի անշարժ գույքին չափերով ավելի մոտ մի առանձնատուն (129 քմ) եւ կից հողամաս (1244 քմ), ընդհանուր՝ 1373 քմ, այսինքն՝ Իբիշկովա 439 հասցեի գույքից (1320 քմ) մի քիչ մեծ: Համացանցում ուսումնասիրելով Եսենիցե քաղաքի առանձնատների վաճառքի ներկա գները՝ գալիս ենք այն հետեւության, որ Արմեն Գեւորգյանի հարազատների առանձնատունը շուկայում արժե մոտ 10 մլն կրոն (շուրջ 409 հազար դոլար):

«RUBENDYAN INVEST»

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010-ի դեկտեմբերի 27-ին: Հիմնադիրը երեւանցի Ռուբեն Սերգեյի Հախվերդյանն է, ով գրանցված է Կոմիտասի 36Բ շենքում: Վերջինս Թամարա Գեւորգյանի հայրն է: Ընկերության փաստաթղթերում, բացի երեւանյան հասցեից, նշվում է նաեւ Ռ. Հախվերդյանի՝ Չեխիայում ժամանակավոր կացության հասցեն՝ Պրահայի Ստոդուլկի թաղամաս (Praha 5, Stodůlky, K Fialce 1013/55): ՍՊԸ-ի ստեղծման ժամանակ միակ փայատեր է գրանցվել Ռ. Հախվերդյանը, իսկ տնօրենները երկուսն էին՝ նա եւ տեղացի Ռադիմ Սնոզան (Radim Snoza, ապրում է Եսենիցեի Օսնիցե թաղամասում): «RUBENDYAN INVEST»-ը նրանք գրանցել են «OFTOMA»-ի հասցեում (Իբիշկովա 439): ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է:

Սրա գործունեությունն էլ նույնն է, ինչ որ «OFTOMA»-ինը. թիրախը անշարժ գույքի վարձակալությունն է: 2011-ի հունվարին մասնակիցների լրացում է կատարվել. երկու տնօրեններին ավելացել են Թամարա Գեւորգյանը եւ Մարցելա Սնոզովան (Marcela Snozová): Վերջինս Ռադիմի կինն է կամ քույրը (տարիքային տարբերությունը 10 տարի է), ապրում են միասին: Ռուբենը, Թամարան, Ռադիմն ու Մարցելան փոփոխությունից հետո դարձել են «RUBENDYAN INVEST»-ի 25-ական տոկոսի տերեր:

Այս ընկերությունը սեփականություն ունի Եսենիցեի Նակուպնի (Nákupní) փողոցի 1127 շենքում (բնակարան եւ ոչ բնակելի 2 տարածք):

«RUBENDYAN CONSULT» 

«RUBENDYAN INVEST»-ի գրանցումից շատ չանցած՝ 2011-ի փետրվարի 17-ին, Ռադիմ Սնոզան եւ Մարցելա Սնոզովան հիմնադրել են Ռուբեն Հախվերդյանի անվամբ հերթական ընկերությունը՝ «RUBENDYAN CONSULT»-ը: Նրանք ընկերության տնօրեններն են եւ 50-ական տոկոսի տերերը: Բնականաբար, այս ՍՊԸ-ն էլ կապ ունի հայ պաշտոնյայի գերդաստանի մյուս ընկերությունների հետ, այլապես դժվար է պատկերացնել, թե ինչու պիտի սա էլ Ռուբեն Հախվերդյանի անունը կրեր: «RUBENDYAN CONSULT»-ի ֆինանսական փաստաթղթերում առաջին տարվա գործունեությունը ներկայացված է իբրեւ «ադմինիստրատիվ, գրասենյակային եւ այլ ծառայությունների մատուցում բիզնեսի համար», իսկ 2012-ից նշվում է «դեղագործական ապրանքների մանրածախ վաճառք»: Սրա կանոնադրական կապիտալն էլ 200.000 կրոն է:

Ընկերության հասցեն է՝ Եսենիցե, Իբիշկովա 545: Այս տունը Իբիշկովա 439-ի անմիջական հարեւանն է:

Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ տան (225 քմ) եւ կից հողամասի (1172 քմ) սեփականատերը «KVEBITA INVEST» ՍՊԸ-ն է (հիմնադրվել է 2009-ի ապրիլի 24-ին), որը հավասարաչափ կիսում են նույն Ռադիմն ու Մարցելան: Նրանք են նաեւ «KVEBITA INVEST»-ի տնօրենները: Ընկերության կանոնադրական կապիտալը 9 մլն կրոն է (մոտ 180 մլն դրամ): Այն նույնպես զբաղվում է բնակելի ու ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ: Չեխիայի իրավաբանական անձանց հանրային ռեգիստրի տվյալներով՝ Ռադիմի ու Մարցելայի մասնաբաժինները (4,5-ական մլն կրոն) 2009-ի հունիսին գրավադրվել են Պրահայի «Raiffeisenbank»-ում: Ու չնայած Իբիշկովա 545-ի սեփականատերը «KVEBITA INVEST»-ն է, ընկերությունն այստեղ գրանցված չէ. դրա հասցեն Ռադիմի եւ Մարցելայի տունն է, որը գտնվում է քիչ հեռու՝ նույն քաղաքի նույն թաղամասում:

Փոխարենը Իբիշկովա 545-ում «RUBENDYAN CONSULT»-ից բացի գրանցվել է նաեւ «RUBENDYAN CITY»-ն:

«RUBENDYAN CITY»

Անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011-ի օգոստոսի 26-ին Ռադիմի ու Մարցելայի կողմից 200.000 կրոն կապիտալով: Արդեն սեպտեմբերին նրանք իրենց 50-ական տոկոս բաժնեմասերը փոխանցել են Անդրանիկ եւ Ժաննա Գեւորգյաններին: Անդրանիկ Գեւորգյանը (ծնվ. 1946 թ.) Արմեն Գեւորգյանի հայրն է, հաշվառված է Երեւանի Կիեւյան 2 շենքում: «RUBENDYAN CITY»-ի փաստաթղթերի համաձայն՝ Ժաննա Գեւորգյանն էլ գրանցված է եղել նույն հասցեում (փաստորեն, տիկին Ժաննայի հասցեն մի քանի անգամ փոխվել է. ինչպես վերը ասվեց, նա հիմա գրանցված է Հյուսիսային պողոտայում): Չնայած Գեւորգյանները դարձել են փայատերեր, չեխերը դուրս չեն եկել ընկերությունից, նրանք շարունակել են մնալ տնօրեններ, ինչպիսիք նաեւ Գեւորգյաններն են:

Այդուհանդերձ, 2013-ի հունիսի 21-ին Անդրանիկն ու Ժաննան իրենց բաժնեմասերը փոխանցել են «RUBENDYAN HOLDING» բաժնետիրական ընկերությանը, իսկ արդեն 2014-ի փետրվարին «RUBENDYAN CITY»-ի ունեցվածքը գրավադրվել է գերմանական «LBBW» բանկի չեխական դուստր ընկերությունում (գերմանացիները 2014-ի հունվարին չեխական մասնաճյուղը վաճառել էին ռուսական «Expobank»-ին):

«RUBENDYAN CITY»-ի ունեցվածքը հսկայական է: Ընկերությանն են պատկանում Եսենիցեի Ցեդրովա (Cedrová) փողոցի 3 հատ քառահարկ, բազմաբնակարան շենքեր եւ դրանց կից հողատարածքներ (տես ստորեւ նկարում՝ կարմիր սահմանագծով): Այս փոքրիկ թաղամասի ընդհանուր մակերեսը 6942 քմ է, եւ այն ամբողջությամբ գրավադրված է:

Այս շենքերի բնակարանները տրվում են վարձով: Օրինակ շենքերից մեկի առաջին հարկում գտնվող 79 քմ ընդհանուր մակերեսով երեքսենյականոց բնակարանի ամսական վարձը 12.775 կրոն է (250.000 դրամ) + անշարժ գույքի գործակալի միջնորդավճար + երեք հոգուց բաղկացած ընտանիքի սպասարկում՝ 3.000 կրոն (60.000 դրամ) + ինտերնետ՝ 390 կրոն (8.000 դրամ): Ստորգետնյա ավտոտնակի ամսական վարձը 600 կրոն է (12.000 դրամ): Բացի խոհանոցից՝ մյուս սենյակները կահավորված չեն, լամինատե հատակը տաքացվող է:

Մի հետաքրքիր դրվագ «RUBENDYAN CONSULT»-ի եւ «RUBENDYAN CITY»-ի վերաբերյալ: 2014 թվականին այս ընկերությունները հայց են ներկայացրել չեխական «NOVERA GROUP» ՍՊԸ-ի դեմ՝ դատարանին խնդրելով սնանկ ճանաչել վերջինիս: Նշված ընկերությունը, որը, կարելի է ասել, «CITY»-ի գործընկերն էր, զբաղվում էր շինարարությամբ, նախագծմամբ, միջնորդական եւ անշարժ գույքի հետ կապված գործունեությամբ եւ կառուցապատում էր իրականացնում «RUBENDYAN CITY»-ի շենքերի հարեւանությամբ իրեն պատկանող 14713 քմ մակերեսով տարածքում (վերեւի նկարում՝ կանաչ եզրագծերով, սրանք էլ գրավադրված են): Բացի դրանից՝ համասեփականության կարգով երկու ընկերություններին է պատկանել 12014 քմ տարածքով փողոցը (վերեւի նկարում՝ կապույտ գծերով), որի հանդեպ այլոք ունեն սերվիտուտի իրավունք: Այս տարածքը նույնպես գրավի առարկա է:

Աջից՝ «RUBENDYAN CITY» անունով փոքրիկ թաղամասը, ձախից՝ «NOVERA GROUP»-ի անավարտ շինարարությունը

Ինչպես տեղեկանում ենք դատական փաստաթղթերից, «NOVERA»-ն «CITY»-ի երեք շենքերում բնակարաններ էր վարձել եւ իր հերթին վարձով տվել այլոց՝ շուրջ 90 հոգու: «NOVERA»-ն իբրեւ երաշխիք այս մարդկանցից հավաքել էր ընդհանուր մոտ 950.000 կրոն, որը պիտի վերադարձներ վարձակալության պայմանագրերի ավարտին, ինչը չէր արել: Մյուս կողմից՝ ընկերությունը 4 մլն կրոնի հարկային պարտավորություն ուներ, ինչպես նաեւ ավելի քան 3 մլն կրոնի (մոտ 130 հազար դոլար) վարձակալության պարտք «CITY»-ին: Բացի դրանից՝ իր տարածքում իրականացվող շինարարության թերությունները վերացնելու համար «NOVERA»-ն գումար էր վերցրել եւ արդյունքում ավելի քան 16 մլն կրոն (շուրջ 658 հազար դոլար) պարտք մնացել «CITY»-ին: Դատարանը 2015-ին պարտապանին սնանկ է ճանաչել, ինչից հետո սկսվել է ընկերության լուծարման գործընթաց:

«RUBENDYAN HOLDING»

Այս ընկերությունը, որը նույնպես զբաղվում է բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ, յուրահատուկ է նրանով, որ դրանում հավաքվել են այս հոդվածի գրեթե բոլոր հերոսները՝ բացառությամբ, իհարկե, Արմեն Գեւորգյանի: Բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2012-ի դեկտեմբերի 21-ին: Տնօրենների խորհրդի նախագահը Ռադիմ Սնոզան է, անդամները՝ Մարցելա Սնոզովան, Անդրանիկ Գեւորգյանը, Ռուբեն Հախվերդյանը, Թամարա Գեւորգյանը: Դիտորդական խորհրդի նախագահը Ժաննա Գեւորգյանն է, անդամները՝ Կարմեն Սահակյանը եւ Մարեկ Սնոզան (Marek Snoza, ծնվ. 1994 թ.), ով, հավանաբար, Ռադիմի եւ Մարցելայի կամ նրանցից մեկի որդին է, ապրում է նրանց հետ:

Հիմնադրման պահին ընկերության բաժնետերերը, փաստորեն, զույգեր էին՝ Անդրանիկ եւ Ժաննա Գեւորգյաններ, Ռուբեն Հախվերդյան եւ Կարմեն Սահակյան, Ռադիմ Սնոզա եւ Մարցելա Սնոզովա: Կանոնադրական կապիտալը կազմում էր 2.100.000 կրոն (շուրջ 42.000.000 դրամ) կամ 210 բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 10.000-ական կրոն արժեքով: Բաժնետերերից ամեն մեկն ուներ 35 բաժնետոմս՝ 350.000 կրոն ընդհանուր արժեքով: Սակայն հետագայում, բացի Գեւորգյանների բաժնետոմսերից, մյուսներն անցել են Ռադիմ Սնոզային, որն արդեն ուներ 140 բաժնետոմս (1.400.000 կրոն արժեքով):

2013-ին ընկերության կապիտալն ավելացել է: Ինչպես վերը նշեցինք, 200.000 կրոն կապիտալով «RUBENDYAN CITY»-ն անցել է ԲԸ-ին, ինչը դիտվել է իբրեւ «CITY»-ի նախկին տերեր Անդրանիկ ու Ժաննա Գեւորգյանների կողմից ներդրում «HOLDING»-ում: Որոշվել է ըստ այդմ 200.000 կրոնով ավելացնել «RUBENDYAN HOLDING»-ի կապիտալը՝ թողարկելով 10.000-ական կրոն արժեքով 20 հատ նոր բաժնետոմս:

Ընկերությունը գրանցված է Նակուպնի 1127 հասցեում, որտեղ, ինչպես նշեցինք վերեւում, սեփականություն ունի «RUBENDYAN INVEST»-ը: Այս հասցեն «RUBENDYAN CITY» թաղամասից երկու խաչմերուկ է հեռու:

Ինֆոգրաֆիկայով ներկայացնենք Արմեն Գեւորգյանի գերդաստանի չեխական ընկերությունների սխեման:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իբրեւ պաշտոնյային փոխկապակցված անձ Թամարա Գեւորգյանը ներկայացրել է 2011-2013 թթ. իր դրամական միջոցներն ու եկամուտները: Աղյուսակում ցուցադրված են տվյալ տարվա վերջում տիկին Գեւորգյանի գումարները: Դեռ 2011-ի սկզբին նա ունեցել է 215.000 դոլար, որը տարվա ընթացքում դարձել է 210.000 դոլար, ապա 2012-ին նվիրատվության շնորհիվ հասել 250.000-ի: Արմեն Գեւորգյանի կինը նաեւ փոխառություններ է տալիս, ինչից տոկոսներ է ստանում: Մինչեւ 2012 թ. նա 210.000 դոլար փոխառություն էր տվել, իսկ այդ տարի տվել է եւս 40.000: Տիկնոջ տոկոսները փոխառություններից տարեկան կազմում են մի քանի միլիոն դրամ:

Թամարա Գեւորգյան
Create bar charts

 

Իր հայտարարագրերն է ներկայացրել նաեւ Արմեն Գեւորգյանը: Ի տարբերություն կնոջ՝ նա իբրեւ դրամական միջոց ունեցել է թե դրամ, թե դոլար, իսկ աշխատավարձից բացի՝ մյուս եկամուտները կազմել են վարձակալության դիմաց ստացած վճարները:

Արմեն Գեւորգյան
Create bar charts

2012 եւ 2014 թթ., երբ Ա. Գեւորգյանը վերանշանակվել էր նախարարի ու փոխվարչապետի պաշտոններում, հայտարարագրի համաձայն, ունեցել է 2 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, իսկ այս տարի ԱԱԽ քարտուղարի պաշտոն ստանձնելիս՝ 1 բնակարան եւ 2 հողամաս: Եթե նախկինում հայ պաշտոնյայի եկամուտն աշխատավարձն ու վարձակալության գումարն էր, ապա այս տարի՝ մինչեւ նոր պաշտոն ստանալը (հունիսի 6), նա ստացել է աշխատավարձ (5 մլն դրամից մի փոքր ավելի) եւ փոխառության տոկոս (շուրջ 5,9 մլն դրամ):

Արմեն Գեւորգյանը՝ իր ընտանիքի չեխական բիզնեսի մասին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանումը ստանալու համար գրավոր հարցեր ուղարկեցինք նրան: Ներկայացնում ենք հարցուպատասխանը ստորեւ:

-Ձեր գերդաստանը ներդրումներ է անում Չեխիայում անշարժ գույքի ոլորտում: Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը: Ինչո՞վ է այդ երկիրը գրավել Ձեր հարազատներին:

-Չեխիայում ծրագրեր իրականացնելու հարազատներիս որոշումն առաջին հերթին պայմանավորված էր մեր ընտանիքի բարեկամական հարաբերություններով տեղի գործարարներից մեկի հետ (թերեւս, նկատի ունի Ռադիմ Սնոզային): Նա բավականին հետաքրքիր գաղափարներ եւ հնարավորություններ էր առաջարկել՝ համաձայնելով իր վրա վերցնել աշխատանքների եւ ծրագրերի ընթացիկ կառավարումը:

Ծրագիրը ենթադրում է սոցիալական կոնդոմինիումի ստեղծում՝ նախատեսված բնակչության ոչ այնքան ապահով խավի՝ կենսաթոշակառուների, երիտասարդ ընտանիքների համար, ովքեր ավելի մատչելի վարձակալությամբ բնակարանների կարիք ունեն: Բացի այդ, կոնդոմինիումը ներառում է նաեւ բժշկական եւ սոցիալական կենտրոն՝ նրանց սպասարկման համար: Ռեզիդենտների մեծ մասը կենսաթոշակառուներ են, ովքեր իրենց սեփական բնակարանները տալիս են վարձակալության եւ այդ միջոցներով վարձակալում են ավելի մատչելի բնակարան կոնդոմինիումում՝ ստանալով որոշակի եկամուտ:

Մինչեւ այս նախագիծն սկսելը քննարկվել է այն Հայաստանում իրականացնելու հնարավորությունը, սակայն համարվել է ոչ իրատեսական՝ հաշվի առնելով վճարունակ պահանջարկի բացակայության հանգամանքը: Մարքեթինգային ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նման ծառայությունների պահանջարկ ավելի շատ առկա է Գերմանիայի բնակիչների մոտ, ովքեր ցանկանում են կենսաթոշակի անցնելուց հետո ապրել ոչ թանկ, բայց հարմարավետ ու բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Չեխիան է:

Այդ նախագծերի իրականացման համար ներգրավված են միջոցներ ինչպես տեղական բանկերից, այնպես էլ երրորդ անձինց՝ երկարաժամկետ վարկերի եւ փոխառությունների տեսքով: Մասնակի ներգրավված են նաեւ հիմնադիրների եւ նրանց ազգականների միջոցները: Նախագծի հիմնական մասը գտնվում է իրականացման փուլում եւ ավարտված չէ՝ պայմանավորված որոշակի տնտեսական եւ իրավական խնդիրներով:

Պետական համակարգից հեռանալուց հետո՝ վերջին 1-1,5 տարվա ընթացքում, ինքս նույնպես մասնակցություն եմ ունեցել ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավման աշխատանքներին, հատկապես խոսքը վերաբերում է միջազգային կազմակերպությունների համապատասխան հիմնադրամներին եւ կառավարման տեղական մարմիններին՝ հաշվի առնելով նախագծի սոցիալական ուղղվածությունը:

Պետական համակարգ վերադարձը սահմանափակում է այդ աշխատանքները շարունակելու իմ հնարավորությունը, բայց ձեւավորված թիմը կարող է համապատասխան մակարդակի հասցնել նախագիծը, որը կարող է հետաքրքիր մոդել դառնալ հետագայում նաեւ այլ վայրերում, ինչու չէ՝ նաեւ Հայաստանում իրականացնելու համար:

-Ձեր կինը եւ Դուք երբեք չեք հայտարարագրել վերոնշյալ գույքը (հայտարարագրերի պաշտոնական ռեեստրում (ethics.am), համենայնդեպս, նման բան չկա): Ինչու՞ :

-Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, ապա ինքս անձամբ այդ նախագծերում ոչ գույքի սեփականատեր եմ, ոչ էլ որեւէ կազմակերպության հիմնադիր եւ երբեք չեմ մասնակցել այդ նախագծերի կառավարմանը, այդ իսկ պատճառով այդ մասին տեղեկատվություն առկա չէ ոչ իմ պաշտոնից հեռանալու, ոչ էլ պետական համակարգ վերադարձի ժամանակ ներկայացված հայտարարագրերում:

Կինս՝ Թամարա Գեւորգյանը, եղել է իրավաբանական անձ հանդիսացող երկու կազմակերպությունների (որոնց էլ պատկանում է համապատասխան գույքը) հիմնադիրներից (նկատի ունի «OFTOMA» եւ «RUBENDYAN INVEST» ՍՊԸ-ները): Կազմակերպությունների հիմնադրմանն ունեցած իր մասնակցության մասին նա տեղեկատվություն ներկայացրել է 2008 եւ 2011 թվականների հայտարարագրերում, որոնք հարկային մարմիններ են ներկայացվել սահմանված կարգով եւ ժամկետներում:

Վերջին՝ 2013 թվականի արդյունքներով ներկայացված հայտարարագրից հետո կատարված փոփոխությունները (հիմնադիրների կազմից դուրս գալու եւ նոր ընկերություններում ներգրավվելու, գույքի կազմի փոփոխության եւ այլնի մասին), համաձայն օրենսդրության, նրա կողմից՝ որպես փոխկապակցված անձի, կնշվեն 2016 թվականի արդյունքներով ներկայացվելիք հայտարարագրում, որը կներկայացվի օրենքով սահմանված ժամկետներում:

Հարկ եմ համարում նշել, որ ոչ ես, ոչ իմ հարազատները որեւէ կերպ չեն խախտել եւ չեն խախտում օրենսդրությունը, գործել եւ գործում են իրենց սեփական հնարավորություններին համապատասխան, օգտվում են ֆինանսական հասանելի միջոցներից՝ հիմնականում ներգրավելով վարկեր եւ փոխառություններ, եւ երբեք չեն էլ փորձել թաքցնել կամ քողարկել իրենց մասնակցությունը: Ընկերությունների հիմնադիրների տվյալները, որոնք տեղադրված են տվյալ երկրի՝ գրանցում իրականացնող համապատասխան մարմինների կայքում, միշտ բաց են եղել եւ հասանելի բոլորի համար:

Պատասխաններին կից Արմեն Գեւորգյանը ներկայացրել է կնոջ 2008 եւ 2011 թթ. այն հայտարարագրերը, որոնց մասին նշել է պատասխանում: 2008-ի հոկտեմբերին Թամարա Գեւորգյանը հիմնադրել էր «OFTOMA» ընկերությունը: Ըստ այդ տարվա հայտարարագրի (այս փաստաթուղթը առկա չէ ethics.am-ում. կայքում պաշտոնյաների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացված են միայն 2011-ից)՝ նա կատարել է 10.800 դոլարի ներդրում, ինչը, փաստորեն, «OFTOMA»-ի հիմնադրման համար ծախսված միջոցներն են: Բայց հիշենք նաեւ, որ ընկերությունը 2009-ից առանձնատուն եւ հողամաս ունի, որոնք նույնպես ներդրում են, սակայն այդ մասին Արմեն Գեւորգյանը չի խոսել: 2011-ին Թամարա Գեւորգյանը դարձել է «RUBENDYAN INVEST»-ի 25 տոկոսի փայատեր: Ըստ 2011 թ. հայտարարագրի, որը մեզ տրամադրել է Ա. Գեւորգյանը, այդ 25 տոկոսը կազմել է 2.900 դոլար: Ethics.am-ում այդ նույն տարվա հայտարարագրում Թամարա Գեւորգյանի ունեցվածքի «ձեռքբերած եւ օտարած արժեթղթեր եւ այլ ներդրումներ» տողը լրացված է իբրեւ «պաշտպանված», այսինքն՝ գաղտնի է պահվել, իսկ 2012 եւ 2013 թթ. նշված է «տվյաներ չկան»:

Մեկնաբանություններ (2)

Սիրանուշ
Ս.Ս. –ի ասած …. Այ թե ինչն է իրականում զզվելի, պարոն նախագահ: Գյուղերում մարդիկ կան երեխեն կոնֆետ չի տեսել կյանքում…. Այս կարգի բևեռացում երևի աֆրիկյան հետամնաց երկրներում է միայն: ես դեմ չեմ, թող բիզնես անեն ու ունենան, բայց պետությունը նման մարդկանց շատ պիտի հարկի ու վերաբաշխի, որ աղքատներն էլ ծայրահեղ վիճակում չհայտնվեն
lusik
Որ մի հայաստանյան նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաի տակ փորե՞ս, որ գոնե այդքան բան չգտնես՝ համակարգը պարտադրում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter