HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Մանրուքներ»՝ ի հավելումն տնտեսական աճի մասին վարչապետի խոսքին

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:

Վարչապետը  նշել է, որ նախորդ տարվա «բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական»: Ու որպես ապացույց ներկայացրել, որ 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 4,4% տնտեսական աճ, իսկ առաջին կիսամյակի կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4,8%-ով: «Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Մյուս ցուցանիշները, որ մեջբերել է վարչապետը, հետևյալն են. «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում: 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»։

Հայաստանի տնտեսությունից անտեղյակ մարդուն վարչապետի խոսքից հետո կարող է թվալ, թե հայաստանյան տնտեսությունը, մասնավորապես՝ արդյունաբերությունն ու արտահանումը, մեծ առաջընթացներ են գրանցել։ Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան ոգևորիչ է։

Հենց միայն պաշտոնական տվյալների հիման վրա կարելի է որոշ  մանրամասներ ավելացնել վարչապետի խոսքին, որից հետո ավելի պարզ կդառնա՝ ինչպես է գրանցվել աճը։ Բացի դա, սա առիթ է նաև ընթերցողներին ներկայացնելու արդյունաբերության ու արտաքին առևտրի վերաբերյալ առաջին կիսամյակում գրանցված ցուցանիշներին։

Այսպիսով, նախ արդյունաբերության մասին։

Արդյունաբերություն

Վարչապետը շեշտում է, որ «արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը»։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ արդյունաբերությունն այս տարվա առաջին կիսամյակում, 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 8,9%-ով աճել է՝ ընթացիկ գներով  կազմելով  659,7 մլրդ դրամ։ Հանքարդյունաբերության աճն այս ընթացքում կազմել է 18,8%, իսկ մշակող արդյունաբերությանը՝ 5,1%: Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել ենք գրելու, որ հանքարդյունաբերության աճը զգալի էր նաև 2015-ին՝ 50,4%, ինչի շնորհիվ ապահովվել էր արդյունաբերության 5,2% աճը, մինչդեռ մշակող արդյունաբերությունը 5,6%-ով անկում էր ապրել։ Իսկ այս տարի, փաստացի, մշակող արդյունաբերության մասով առաջընթաց կա։ Բայց վիճծառայությունը մշակող արդյունաբերությունը դասակարկգում է 17 ենթաոլորտով, որից միայն 5-6-ը համեմատաբար զգալի կշիռ ունեն։ Եվ այդ 5-6-ից այս ընթացքում աճ են գրանցել 4-ը։ Այսինքն՝ մշակող արդյունաբերության աճը ոչ թե հավասարաչափ ապահովել են բոլոր ճյուղերը, այլ՝ գլխավորապես 4 ճյուղ։ Այդ ճյուղերն են՝ սննդի, խմիչքի, ծխախոտի և որոշ վերապահումներով էլ՝ ոսկերչական իրերի արտադրությունը։ Մնացած ճյուղերի մասով վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ. կամ փոքր ծավալներ ունեն, կամ գրեթե զրոյական վիճակում են։

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արդյունաբերության ամբողջական պատկերը և փոփոխությունները ներկայացնում ենք ինֆոգրաֆիկաներով։

Loading...

Loading...

Արտաքին առևտուր

Մյուս ոլորտը, որն առանձնացրել է վարչապետը, արտաքին առևտուրն է։ 2015-ի տարեկան տվյալներով և Հայաստանից արտահանումն է նվազել (անկումը՝ 3,9%), և դեպի Հայաստան ներմուծումը (անկումը՝ 26,5%)։ Թեև տնտեսական բլոկի պատասխանատուները մի քանի առիթով նշել են, որ ներմուծման անկումը բացատրվում է գների նվազմամբ, միևնույն ժամանակ որոշ տնտեսագետներ կարծում են, որ պատճառը ոչ թե գնանկումն է, այլ՝  բնակչության գնողունակության անկումն ու սպառման ծավալների կրճատումը։

Այս տարվա առաջին կիսամյակում ցուցանշների որոշակի բարելավում կա։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ արտահանումն աճել է 16,7%-ով, իսկ ներմուծումը՝ 3,7%-ով նվազել։ Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանման գլխավոր խնդիրներից մեկը՝ կենտրոնացվածությունը թե ըստ երկրների, թե ըստ ապրանքների, չի լուծվել, եթե չասենք՝ ավելի է խորացել։ Թեև վարչապետի խոսքում կենտրոնացվածության մասին ակնարկ կա, սակայն դրան առանձին անդրադարձ չի կատարվում։ Կարևորությունների շարքում նա նշել է նաև «հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը և առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը»։ Հիմա առավել մանրամասն հասկանանք, թե ինչ կենտրոնացվածության մասին է խոսքը։

ԱՎԾ վերջին տվյալներով՝ Հայաստանից արտահանվող ապրանքների 5 գլխավոր շուկաներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Գերմանիան ու Իրաքը, որոնք միասին զբաղեցրել են արտահանման 55,8%-ը։ Այսինքն՝ արտահանման կեսից ավելին միայն 5 երկրների է բաժին հասել։ 2015-ի նույն ժամանակաշրջանում 5 գլխավոր շուկաները զբաղեցնում էին 51%-ը (Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Իրաքը, Կանադան)։

Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր արտահանման աճն ապահովվել է գլխավորապես դեպի Ռուսաստան (աճը՝ 87,4%), Բուլղարիա (աճը՝ 78,3%) և Վրաստան (աճը՝ 60,5%) արտահանման աճի հաշվին։ «Այլ երկրներ» տողով ներկայացված արտահանման աճը ևս նկատելի է, սակայն, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, հայտնի չէ։ Արտահանման ծավալների վրա զգալի զսպող ազդեցություն է ունեցել դեպի Չինաստան (նվազումը՝ 60,1%) արտահանումը, որոշ չափով էլ դեպի ԱՄՆ (նվազումը՝ 45,2%):

Եթե 2015-ի առաջին կիսամյակում Ռուսաստանին բաժին էր հասել Հայաստանից արտահանման 12,8%-ը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 20,6%-ը։ Ռուսաստանից հայ արտահողների ունեցած կախվածությանն ավելի վաղ անդրադարձել ենք։  

Բուլղարիայի կշիռը 6,3%-ից հասել է 9,6%-ի։ Իրաքի կշիռը 7,7%-ից հասել է 8,2%-ի, Վրաստանինը՝ 6,4%-ից  8,8%-ի։ Կանադայի կշիռը 7,6%-ից նվազել է 7%-ի, Գերմանիայինը՝ 9,7%-ից դարձել է 8,6%: Նախորդ տարվա առաջին կիսմայակում մեծ էր նաև Չինաստանի կշիռը` 13,2%, որը սակայն  նվազել է ու հասել 4,5%-ի, իսկ Իրանի կշիռը՝ 6%-ից դաձել է 4,6%:

Ու նորից անդրադառնալով ԵԱՏՄ-ին, տեսնում ենք, որ դեպի գործընկեր երկրներ միայն Ռուսաստանի հետ առևտուրն ունի զգալի կշիռ։ Իսկ Ղազախստանը Հայաստանի արտահանման կազմում զբաղեցնում է ընդամենը 0,3%-ը, Բելառուսը՝ 0,5%-ը, Ղրղզստանի հետ էլ Հայաստանի առևտուրն այնքան չնչին ծավալներ ունի, որ վիճակագրությունն այն առանձին տողով չի ներկայացնում։  

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Իսկ հիմա ապրանքների մասով։ Վարչապետն իր խոսքում նշել է, որ 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Այստեղ էլ գլխավոր խնդիրն այն է, որ չնայած յուրաքանչյուր դեպքում արտահանման աճը կարևոր է, սակայն տարիներ շարունակ Հայաստանից արտահանումը կենտրոնացված է հենց  4-6 ապրանքների շուրջ՝ ներառյալ վերը նշված ապրանքները։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 83,3%-ով, պատրաստի սննդինը՝ 35,5%-ով, մանածագործական իրերինը՝ 2 անգամ, բուսական ծագման արտադրանքինը՝ 50,5%-ով։ Մյուս գլխավոր երկու ապրանքային խմբերից մեկի՝ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը նվազել է 14,7% -ով, իսկ հանքահումքային արտադրանքինը՝ 11,1%-ով։

Այս 6 ապրանքային խմբերը 2015-ի առաջին կիսամյակում զբաղեցրել են ամբողջ արտահանման մոտ 91%-ը, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ մոտ 92%-ը։

Թեև հասկանալի է, որ արտահանման կենտրոնացվածության խնդիրը լուծելու համար երկար ժամանակ է պահանջվում, սակայն տարիներ շարունակ նույն վիճակն է, և հարցն այդպես էլ չի լուծվում։ Դա, բնականաբար, ուղիղ կապ ունի երկրում արտադրության վիճակի հետ։ Կենտրոնացվածությունը երկրների մասով ընդհանուր  առմամբ նշանակում է կախվածություն այդ երկրների տնտեսական վիճակից, ամենավառ օրինակը՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունն է։ Իսկ ապրանքների մասով՝ կախվածություն դրանց գնային տատանումներից։ Այստեղ էլ վառ օրինակը գունավոր մետաղների համաշխարհային գներն են, որոնց նվազումից Հայաստանը զգալի կորուստներ  է կրում։ Բայց երբ երկրի տնտեսական վիճակի պատասխանատուները բարձրաձայնում են  աճի ու առաջընթացի մասին, սովորաբար, չեն  անդրադառնում այս կամ նմանատիպ «մանրուքների»։ Մինչդեռ հենց դրանք են մեծ խնդիրների հիմքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter